«Լուսանցք»-ը պարբերաբար անդրադառնում է հայ քաղաքական բնագավառին եւ այնտեղ առկա ուղղություններին: Հստակ է, որ այն չի կարող տարբերվել համաշխարհային քաղաքական անցուդարձից, ուստի նմանություն ունի նաեւ աշխարհի տարբեր երկրներում առկա քաղաքական ոլորտների հետ:
Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն անդրադառնալով մայիսի 6-ի ընտրությունների արդյունքներին՝ ասել է, թե ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ը եւ ՀՅԴ-ն ամբողջապես լրացնում են Հայաստանի քաղաքական ոլորտը. «Նոր խորհրդարանը կլինի գրեթե նման զարգացած պառլամենտարիզմ ունեցող երկրների խորհրդարաններին: Այստեղ ներկայացված է քաղաքական դաշտի ողջ սպեկտրը, թեեւ բազմիցս եմ ասել, որ Հայաստանում քաղաքական դաշտը փոշիացված է, քանի որ կուսակցությունները հանդես են գալիս ոչ թե գաղափարախոսություններով, այլ՝ կենացներով… Նոր խորհրդարանը քաղաքականապես ակտիվ է լինելու, դառնալու է իսկական քաղաքական տրիբունա, այլ ոչ թե կոճակ սեղմելու վայր»:
Չցանկանալով համաձայնել կամ չհամաձայնել «զարգացած պառլամենտարիզմ ունեցող երկրների խորհրդարանների» եւ «իսկական քաղաքական տրիբունա, այլ ոչ թե կոճակ սեղմելու վայր» թեմաներին (գուցե հետագայում անդրադառնանք), միայն նշենք, որ «քաղաքական դաշտի ողջ սպեկտրը» չի սահմանափակվում վերոնշյալ կազմակերպություններով:
Նախ՝ այդ կազմակերպություններն անկախ իշխանական կամ ընդդիմադիր լինելուն, գրեթե նույն գաղափարախոսություններն են դավանում՝ իհարկե մասնակի տարբերակումներով: Այսպես.
1. ՀՀԿ-ն համարվում է եվրոպական չափանիշներին համապատասխան պահպանողական եւ ազատական կուսակցություն: Վերջերս դարձել է նաեւ Եվրոպական ժողովրդավարական կուսակցության անդամ: Չնայած ՀՀԿ-ն իր գաղափարախոսությունում ներառում է Նժդեհի ցեղակրոն ուսմունքը, բայց նախընտրում է եվրապահպանողականի կոչումը:
2. ԲՀԿ-ն ժողովրդավարական եւ ազատական հայացքների տեր կուսակցություն է եւ ձգտում է դառնալ Եվրոպական ժողովրդավարական կուսակցության անդամ:
3. ՕԵԿ-ը եւս ժողովրդավարական եւ ազատական գաղափարների դավանող կազմակերպություն է եւ նույնպես Եվրոպական ժողովրդավարական կուսակցության անդամ է:
4. ՀՅԴ-ն ազգային՝ թերեւս միայն հայդատական գաղափարախոսության կրող, ընկերվարական (սոցիալիստական) կազմակերպություն է եւ Միջազգային սոցինտեռնի անդամ է:
5. «Ժառանգություն»-ը ժողովրդավարական եւ ազատական ամերիկյան ոճի կազմակերպություն է, բայց Եվրոպական ժողովրդավարական կուսակցության անդամ է:
6. ՀԱԿ-ը ժողովրդավարական եւ ազատական գաղափարների կրող քաղաքական ուժերի դաշինք է, առավել եւս վարկաբեկված ՀՀՇ կառույցի ժառանգորդ:
Այստեղ, զերծ մնալով գնահատականներ տալուց, նշենք, որ տեսնում ենք միայն երկու տեսակի քաղաքական բեւեռների, որոնք վստահաբար չեն ամբողջացնում «քաղաքական դաշտի ողջ սպեկտրը»:
1. ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն շատ սահմանափակ ներկայացնում են ազգային քաղաքական բնագավառը: Առաջինը ցեղակրոն ուսմունքը ստորադասում է եվրապահպանողականությանը, իսկ երկրորդը հայ տեսակի բնախոսական նպատակներից հեռու է դավանում Հայ դատի պահանջատիրական գաղափարները: Ավելին՝ սոցիալիստական թեքում ունենալով՝ նախկինում ավելի շատ աջակից են եղել կապիտալիստական տնտեսության զարգացմանը:
2. ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն»-ը նույն եվրաժողովրդավարական ու ազատական հայացքներն են դավանում, եւ իշխանամետ ու ընդդիմադիր լինելը կուսակցականակենտրոն իրողություն է բացառապես: Բոլորն էլ կապիտալիստական հասարակարգի կողմնակիցներ են:
Եվ ակնհայտ է, որ նոր ԱԺ-ի «քաղաքական դաշտի ողջ սպեկտր»-ից իսպառ բացակայում են ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում ընդունված եւ գործող ազգայնա
կան, ռազմա-հայրենասիրական ու կոմունիստական (նաեւ զուտ սոցիալիստական) ուղղությունները, եթե ավելին չասենք:
Բացի քաղաքական ու տնտեսական զանազանումներից, պետք է նշենք, որ հատկապես ազգայնական ուժերում կան նաեւ հավատով մնացյալ բոլորից տարբերվող ուժեր, այսինքն, եթե մնացյալը քրիստոնյա են (կոմունիստները՝ անհավատ), ապա մեր քաղաքական դաշտում առկա է ուժ, որ հետեւորդն է արիադավանության-հեթանոսության, ինչը եւ կտրուկ տարբերակում է:
Արամ Ավետյան
«Գնա մեռի՝ արի սիրեմ»-ը՝ քաղաքական կատեգորիա՞
«Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ»-ն իրենց հաջողությունը օրինաչափ են համարում: «Ազատ դեմոկրատներ»-ն անգամ հայտնել են, թե իրենք իրենց իրական ընտրաձայներով են ընտրվել: Իհարկե, համարձակ հայտարարություն է, գուցե նաեւ ինքնավստահության փորձ, բայց «Ժառանգության» ընտրացուցակում հանգրվանած նախկին ՀՀՇ-ՀԱԿ-ական կադրերին չգիտես ինչու թվում է, թե «Լեւոնենց թիմին» չեն սիրում, բայց իրենց թիմին սիրում են: Այսինքն՝ ով ՀԱԿ-ից հեռանա՝ սիրելի կդառնա: Վատ չի հնչում: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ է հեռացել ՀԱԿ-ից եւ կարծիք կա, որ կմիանա «Ժառանգության»-ը, չնայած զրույցներ են տարածվել, թե նա կդառնա «նոր ընդդիմության լիդեր»:…
Իսկ «Ժառանգություն»-ից խորհրդարան կգնան Րաֆֆի Հովհանիսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Ռուբիկ Հակոբյանը, սակայն ինքնաբացարկները չեն բացառվում:
«Ժառանգության» նախկին պատգամավորները եւ հին անդամները հասցրել են արդեն իրենց դժգոհությունը հայտնել եւ չի բացառվում, որ դա կերեւակվի նաեւ առաջիկա օրերի համագումարում:
Իսկ ահա ՀԱԿ-ում «գնա մեռին…» չեն հասկացել, եւ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզին եւ քննարկել մայիսի 6-ի ընտրությունները եւ դրանց արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակը: Ինչպես ՀԱԿ-ից են ասում՝ դեսպանին է ներկայացվել «ընտրությունների ընթացքում կատարված՝ պետականորեն կազմակերպված ընտրակեղծարարության ամբողջ պատկերը»: Նշվել է Սահմանադրական Դատարան բողոքարկվելիք հայցի մասին, ինչպես նաեւ ներկայացվել են ՀԱԿ-ի հետագա անելիքները: Եվ այսպես, ՀԱԿ-ից վերստին հայտարարել են, թե միակ ընդդիմությունը իրենք են, եւ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ»-ի մասին, ինչպեսեւ՝ ՀՅԴ-ի առումով խոսք չկա:
Իսկ ԲՀԿ-ի մասին արդեն բոլորովի՜ն խոսք չկա:
ՀԱԿ-ի սիրախաղը կարծես ավարտվեց, եթե իրապես սիրախաղ էր, այլ ոչ թե՝ սին խաղ: Իսկ ավարտվեց, քանի որ ԲՀԿ-ի վիճակը հիմա է՜ն վիճակը չէ… Հեռանում են նորընտիր պատգամավորները:
Իսկ ընդհանուր վիճակը եւս պարզ չէ, մեկ էլ տեսար կոալիցիայի մի մասը դարձավ ընդդիմություն, իսկ ընդդիմության մի մասը՝ կոալիցիա…
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 18 (239), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



