Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը վաճառքի է հանելու կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության 27 մեքենաներ: Երեկ այս հարցը ներառված էր կառավարության նիստի օրակարգում: Բոլոր մեքենաներն էլ ռուսական արտադրության են՝ ՎԱԶ, ԳԱԶ, ՈւԱԶ, ԿԱՄԱԶ, ԿԱՎԶ, ՄԱԶ: Մեքենաները գնահատվել են 300 հազարից մինչեւ 1.4 մլն դրամի սահմաններում: Շարժական այս գույքի մեծամասնությունը 1999-2001թթ. արտադրության է: Եթե աճուրդի ընթացքում մեքենան չվաճառվի, նրա գինը յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ կնվազեցվի 20%-ով:
Սրի երկու ծայրը –
Մեկը լինի՝ ԿԳԲ-ի «թեւերը» բացահայտի
Հայաստանի ԱՄՆ դեսպանատան՝ «Հայացք» օրաթերթի աղբյուրի տեղեկություններով՝ բացի Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններից, «սաղ գալիս հերթով աշխատավարձ են ստանում»: Որոշ հանրահայտ իրավապաշտպաններից մինչեւ դարավոր կուսակցությունների կարկառուն դեմքեր, կուսակցական խմբավորման ամենատարբեր «թեւերի» հետաքրքիր այրեր հերթով գալիս-անց են կենում դեսպանատնով»: «Հետո էլ դժգոհում ենք, թե աշխատատեղեր չկան: Որտեղի՞ց լինեն, երբ մարդկանց պորտաբույծ կյանքի են սովորեցնում»,- գրում է թերթը:
Եթե ԱՄՆ դեսպանատան աղբյուրը չհաղորդեր էլ, կռահելը դժվար չէր: Օրինակ, մեր հանրային իրավապաշտպանները փանջունիական ոճով են աշխատում: Հիշու՞մ եք, հեղափոխություն անելու հիմք չկար, որովհետեւ չկային, պարզունակ ասած, հարուստ եւ աղքատ դասակարգեր: Բայց քանի որ պետք էր հեղափոխություն, ուրեմն եւ՝ հարկ էր դասակարգեր ստեղծել: Ստեղծեցին, արեցին ու քանդեցին գյուղը:
Հիմա՝ մեր իրավապաշտպաններին որ թողնես, բոլոր հայ տղամարդիկ ամբողջ օրը սեփական կանանց ծեծելով սատկացնում են, բոլոր երիտասարդները բռնաբարում են բոլոր տատիկներին, իսկ հայրերը՝ սեփական երեխաներին, բոլոր աղջիկները սիրո հողի վրա իրենց կամրջից ցած են նետում, բանակում բոլորը միմյանց սպանում են, մի խոսքով՝ հայերով իրար ատում են մորթել ցանկանալու չափ: Դե, իսկ կուսակցություններն էլ պետք է խոսեն այս ամենի մասին, իսկ քանի որ խոսելն էլ աշխատանք է, ուստի դրա դիմաց պետք է վարձատրվեն:
Կարո՞ղ ենք իմանալ, ովքե՞ր են վարձատրվողները, այն է՝ ծախուները: Իհարկե՝ ոչ: ԱՄՆ դեսպանատունը հո գիժ չի, որ արդեն սեփական լրտեսներին մատնի: Կամ՝ արդյո՞ք վերը ասվածը նշանակում է, որ չկան այնպիսի ՀՀԿ-ականներ կամ ԲՀԿ-ականներ, որոնք մի քանի տիրոջ են ծառայում:
Գիտի՞ արդյոք այդ ծախուներին մեր «ազգային» անվտանգությունը: Թեպետ ի՜նչ անիմաստ հարց եմ տալիս, երբ ազգային բառը չակերտներում եմ գրում: Ինչի՞ պիտի իմանա, այդ ծախուները հո հանրային որեւէ ոլորտի տեսուչ չեն, որ ԿԳԲ-ն 10 կամ 20 հազար դրամի համար բռնի, լրտես են է՜հ, լրտես: Կամ‘ինչի՜ պիտի բռնեն, մեկը լինի «ազգային» անվտանգությունում, հենց իրենց մեջ աշխատող ամերիկյան թեւը բացահայտի: Այնպես որ, գրքին երկու երեսն ալ կարդալու է……
Աստղինե Քարամյան
Ա՛ռ 60 րոպեդ ու սասդ կտրի
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է մայիսի 18-ի միջադեպից տուժած Beeline բջջային ցանցի բաժանորդներին փոխհատուցման տրամադրման մեկնարկի մասին:
Հատուցումը՝ անվճար 60 ներցանցային րոպե եւ 10 ՄԲ շարժական ինտերնետ, կտրամադրվի ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց:
Անվճար րոպեներն ու մեգաբայթերը կարելի է օգտագործել մայիսի 25-ից 10 օրվա ընթացքում ուղարկելով *444# անվճար USSD հրահանգ եւ ստանալով բոնուսները հաշվին մուտքագրելու վերաբերյալ պատասխան SMS-հաղորդագրություն:
Ի դեպ, պատասխան SMS ստանալու պահից բաժանորդը սկսում է օգտագործել անվճար րոպեներն ու մեգաբայթերը, որոնց սպառվելուց հետո տարիֆիկացումը կիրականացվի համաձայն սակագնային պլանի:
Բաժանորդները կարող են օգտագործել բոնուսային րոպեները՝ միայն գտնվելով Հայաստանի Beeline ցանցում:
Թե խափանման օրը ու դրան հաջորդող մի քանի օրերին քանիսը զրկվեցին կարեւոր զանգերից ու հանդիպումներից, գիտեն բացառապես միայն այդ ցանցից օգտվողները: Ես ինքս էլ կտուժեի, եթե նաեւ «Վիվասել»-ի բաժանորդ չլինեի: Հետո էլ ասում են՝ չտես ենք ու մի քանի հեռախոս ենք պահում: Չտես չե՛նք, պարզապես գլխներիս գալիքը գիտենք ու ճարն է՛ն գլխից ենք արել:
Անի Մարության
Նվեր ձիու ակռեքը մի՛ հաշվի
Կառավարությունը երեկ չէ, այլ դրան նախորդող նիստում որոշեց «Որոտան» ջրօգտագործողների ընկերությանն օգտագործման իրավունքով հանձնված՝ 812.423 դրամ հաշվեկշռային արժեքով «Ջիլի լճի ջրամբար» ոռոգման համակարգը հետ վերցնել եւ նվիրաբերել Սյունիքի մարզի Վերիշենի գյուղական համայնքին՝ պայմանով, որ ջրարբիացման համակարգն իր նպատակային նշանակությանը համապատասխան կօգտագործվի:
Բանն այն է, որ ջրարբիացման համակարգը կառուցվել է Գորիսի տարածաշրջանի հեռագնաց արոտավայրերը ոռոգելու նպատակով, որը գործել է մինչեւ 1990թ.: Նշված համակարգը ավելի քան 20 տարի չշահագործվելու պատճառով հայտնվել է անմխիթար վիճակում եւ առանց լուրջ ներդրումներ իրականացնելու հնարավոր չէ այն շահագործել: Վերիշեն, Խոզնավար, Վաղատուր, Խնածախ, Խնձորեսկ համայնքներն էլ թող անեն այդ ներդրումները (համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրով): Կկարողանան, թե ոչ, ժամանակը ցույց կտա: Եթե այո, ապա ջրարբիացման այս ցանցի կառուցմամբ կոռոգվեն ավելի քան 8 հազ հա արոտավայրեր: Իսկ եթե չկարողանան, ապա կլինի այնպես, ինչպես վերնագրում:
Սեփ. լրատվություն
Փաստ՝ առանց մեկնաբանության –
Թանկարժեք ստուգումներ
Գործադիրը երեկվա նիստում հավանության արժանացրեց մեր երկրում թանկարժեք մետաղների բնագավառի կարգավորման հայեցակարգը: Որ կարգավորման անհրաժեշտություն կա, համոզված է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Որովհետեւ…
2008թ. ֆինանսների նախարարությունը 143 ստուգում արեց մասնագիտացված մանրածախ առեւտրի կետերում, լիցենզավորված անձանց մոտ եւ պետական հիմնարկներում: Պարզվեց, որ ստուգված շուրջ 9800 իրերից 3759-ը սխալ հարգով են եղել հարգադրոշմված կամ հարգադրոշմված չեն եղել (38%): Արձանագրված խախտումների հետեւանքով պետբյուջե գանձվեց 8.4 մլն. դրամ: Նույն տարում իրականացվեց նաեւ 734 իրերի, 34570 հատ թանկարժեք քարերի եւ 178.79 կարատ ադամանդների փորձաքննություն: 2009թ. 1-ին կիսամյակում իրականացվել է 124 ստուգում: Պարզվեց, որ շուրջ 9800 իրերից 2465-ը սխալ հարգով են եղել հարգադրոշմված կամ հարգադրոշմված չեն եղել (25%): Խախտումները պետական բյուջեին 4.1 մլն. դրամ օգուտ տվեցին: 2009թ. կեսից, առաջնորդվելով ՓՄՁ-ներում ստուգումներ չիրականացնելու մասին վարչապետի որոշմամբ, մանրածախ առեւտրի կետերում եւ լիցենզավորված անձանց մոտ չի իրականացվել որեւէ ստուգում: Ի դեպ, 2009թ. ֆինանսների նախարարության մետաղափորձական վերահսկողության տեսչությունը իրականացրեց 4526 պատմամշակույթային իրերի, 9508 հատ թանկարժեք քարերի եւ 50.24 կարատ ադամանդների փորձաքննություն:
Մեր երկրում գործող ՏԻՄ-երի մասին օրենքի համաձայն, տեղական ինքնակառավարման մարմինները տրամադրում են թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվություն: Բայց համայնքների ղեկավարները թույլտվությունը տրամադրելուց հետո 5-օրյա ժամկետում այդ մասին պետք է տեղեկացնեն լիազոր մարմնին՝ վերահսկողական գործառույթն իրականացնելու համար: Միայն 2007թ. համայնքների ղեկավարները ֆիննախ են ներկայացվել 112 (Երեւանում՝ 20, մարզերում՝ 92), 2008թ.՝ 96 (մարզերում՝ 96), 2009թ.՝ 220 (Երեւանում՝ 13, մարզերում՝ 207), իսկ 2010թ. փետրվարի 15-ի դրությամբ՝ 15 (մարզերում՝ 15) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առեւտրի թույլտվություններ ստացած անձանց մասին տեղեկատվություն (թույլտվությունների գործունեության ժամկետը հիմնականում սահմանվում է մինչեւ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ը): Համայնքների ղեկավարները այս նախարար
ություն են ներկայացրել բազմաթիվ գրություններ այն մասին, որ ոսկու բազմաթիվ տոնավաճառներ հրաժարվում են ստանալ թույլտվություն:
Այնուամենայնիվ, ֆիննախի մետաղափորձական վերահսկողության տեսչությունը որոշակի դրական տեղաշարժ է գրանցվել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման ոլորտում: 2007թ. հարգորոշվել եւ հարգադրոշմվել է 31 331 հատ իր (177 528 գրամ ընդհանուր քաշով), 2008թ. այն կազմել է 131 258 հատ (802 201 գրամ ընդհանուր քաշով)՝ մոտ 100 000 հատով (624 673 գրամ քաշով) ավելի, քան նախորդ տարում, իսկ 2009թ. 10 ամիսներին հարգորոշվել եւ հարգադրոշմվել է 74 826 հատ իր (473 346 գրամ քաշով): Ինչպես երեւում է ներկայացված տվյալներից՝ 2009թ. զգալի կրճատվել է հարգորոշվող իրերի քանակը եւ քաշը: «Ավելին, հարգորոշված եւ հարգադրոշմված իրերի նվազումը էլ ավելի արտահայտիչ է 2009թ. հունիս-նոյեմբեր ամիսներին (ընդամենը 28 909 հատ իր՝ 206431 գրամ քաշով): Նվազումը պայմանավորված է «Ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» կառավարության որոշմամբ, համաձայն որի՝ կասեցվել են թանկարժեք մետաղների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց մոտ տեսչական ստուգումները:
Փոքրաքաշ քիմիաներուժ
Կառավարության երեկվա նիստում զարգացման մեկ այլ ծրագրի էլ հավանություն տրվեց. խոսքը փոքր եւ միջին քիմիայի ոլորտին է վերաբերում՝ ընթացիկ եւ հաջորդ տարվա կտրվածքով:
Ծրագրի իրագործման արդյունքում ակնկալվում է, որ կստեղծվեն ներմուծման փոխարինմանն ու արտահանմանն ուղղված արտադրություններ, ինչպես նաեւ նոր աշխատատեղեր հետեւյալ ոլորտներում՝ քիմիական ռեակտիվներ, շինարարական քիմիա (նոր տեսակի ներկերի, լուծույթների, հատուկ հատկություններով պլաստմասսաների… արտադրություն), կենցաղային քիմիա (ժանգի ձեւափոխիչների, լվացող, օսլայող, մաքրող, սպիտակեցնող միջոցների արտադրություն), գյուղատնտեսական քիմիա (միկրոպարարտանյութերի, թունանյութերի, բույսերի պաշտպանության միջոցների արտադրություն), բժշկություն, անասնաբուժություն եւ սննդի արդյունաբերություն (ախտահանիչ միջոցների, վիտամինների, դեղահումքի, ճառագայթա-ջերմային այրվածքների բուժման պոլիմերային նյութերի արտադրություն), հատուկ նշանակության նյութերի արտադրություն (մոնոբյուրեղների, այդ թվում՝ սապֆիրի բյուրեղների, լազերային՝ ակտիվ եւ պասիվ ապակիների, տրանսպորտի հատուկ միջոցների անբեկոր ապակեպատման համար սոսնձող թաղանթների արտադրություն):
Գոնե մոմաչափ օգուտ
Մեր երկրում կստեղծվի «Քենդլ» (անգլերենից թարգմանաբար՝ մոմ) սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամ, որի գործունեության հիմնական առարկան կլինի էլեկտրոնային եւ ֆոտոնային փնջերի ֆիզիկայի, արագացուցչային տեխնիկայի բնագավառներում, իսկ գիտատեխնիկական գործունեության հիմնական ուղղությունները հետեւյալն են՝ արագացուցչային ֆիզիկա եւ տեխնիկա, ռենտգենյան օպտիկա, կենսաֆիզիկա, ՏՏ, հարակից բնական գիտություններում արագացուցչային ֆիզիկայի եւ տեխնոլոգիաների կիրառում:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 19 (240), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



