Վերջերս ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո էլ պարզ չդարձավ քաղաքական դաշինքի ձեւավորման հարցը, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ «կադրային որեւէ փոփոխություն, որեւէ անուն-ազգանուն, ԱԺ նախագահի ու վարչապետի փոփոխության հարց նիստում չի քննարկվել»: Նշեց, թե իրենց համար կոալիցիա կազմելն ինքնապատակ չէ. «Կոալիցիայի մասին կխոսենք հաջորդ դասին»: Պարզ է եղել միայն, թե ՀՀԿ համամասնական ցուցակից ովքեր են ինքնաբացարկ հայտնել: Այդ թիվը մոտ 70-ի է հասել՝ նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ, փոխմարզպետեր եւ այլք: Իսկ Սերժ Սարգսյանի-Գագիկ Ծառուկյանի առաջին հանդիպումը՝ Հովիկ Աբրահամյանի միջնորդությամբ կայացած, արդյունավետ չէր եղել:
Մինչ այդ՝ մայիսյան տոներին, Արցախում կայացել է Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հանդիպումը՝ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի միջնորդությամբ: Ըստ տեղեկատվության, նրանց ունեցած տրամադրությունից կարելի է ասել, որ անբաժան զույգը որոշել է լինել միասնական: Նրանք պայմանավորվել են չխանգարել միմյանց, իսկ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձի մասով որեւէ հստակ պայմանավորվածություն չի ձեռքբերվել:
Եթե ՕԵԿ-ն ի սկզբանե կողմ է արտահայտվել քաղաքական կոալիցիայի վերաստեղծմանը, ապա ԲՀԿ-ը մինչեւ երեկ ձգձգում էր որոշում կայացնելը: Նախագահական նստավայրում կայացած Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հերթական հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Սկզբում լուրեր էին պտտվում, թե ՀՀԿ-ԲՀԿ ղեկավարները վերջին սրբագրումներն են արել կոալիցիոն փաստաթղթում՝ հստակեցնելով, թե քանի նախարարական եւ մարզպետական պորտֆելներ են հանձնվելու ԲՀԿ-ին: Անգամ նշվում էր, որ վարչապետի հարցը արդեն փակված է, քանի որ Մոսկվայում դեռ չի կայացել Վլադիմիր Պուտին-Ռոբերտ Քոչարյան հանդիպումը եւ, հետեւաբար, ԲՀԿ-ն վերջնականապես համոզվել է, որ պետք է բավարարվի ՀՀԿ-ի բարեհոգությամբ:
Ըստ այլ լուրերի էլ, Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է, թե ԲՀԿ-ին նախարարական հավելյալ պաշտոններ տալու փոխարեն, ինքը շատ ավելի բավարարված կլինի, որ ԱԺ նախագահի պաշտոնում կրկին վերադառնա իր խնամի Հովիկ Աբրահամյանը: ՀՀ նախագահն էլ իբր պայման է դրել, որ ԱԺ նախկին նախագահը ԲՀԿ-ի հետագա քայլերի պատասխանատվությունն անձամբ իր վրա վերցնի եւ թույլ չտա, որպեսզի ԲՀԿ-ն իր թիկունքում փորձի այլ խաղեր խաղալ: Ըստ նույն աղբյուրի, նախագահ Սարգսյանը ԲՀԿ ղեկավարին հիշեցրել է ԲՀԿ ցուցակում հայտնված իր համար անցանկալի մարդկանց մանդատից զրկելու հարցը՝ Հմայակ Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան եւ այլք: Անգամ հստակ կարծիք կար, որ երեկ ՀՀԿ ԳՄ նիստին Սերժ Սարգսյանը թերեւս կետ առ կետ պետք է հրապարակեր, թե կոալիցիոն փաստաթուղթն ինչպիսի տեսք կունենա:
Բայց երեկ ԲՀԿ ղեկավարը ներկայացրեց մի հայտարարություն, ըստ որի՝ կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն
կառավարության ձեւավորմանը: Մասնավորապես նշվում է. «ԲՀԿ-ն ժողովրդի դատին էր ներկայացրել համապարփակ ծրագիր: Ես իմ բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել եմ, որ մտնելով քաղաքականություն՝ չեմ հետապնդում որեւէ անձնական շահ: Ավելին, ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ունենալ կորուստներ, սակայն ժողովրդի վստահությունը սրբորեն պահպանելու եմ»: ԲՀԿ-ն ստացել է մոտ կես միլիոն ձայն, ովքեր, ըստ Գագիկ Ծառուկյանի, վստահելով իրենց՝ պահանջել են երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական, տեսանելի փոփոխություններ կատարել: Ընտրությունների արդյունքներով՝ ԲՀԿ-ն չունի կառավարություն ձեւավորելու եւ «իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն», ուստի կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը:
ԲՀԿ-ում համոզված են, որ շարունակելու են ունենալ ծանրակշիռ դերակատարում երկրի հասարակական-քաղաքական կյանքում, իսկ ԱԺ-ում ունենալու են «շատ ակտիվ եւ գործունյա խմբակցություն»: Վերջում ԲՀԿ նախագահը «անկեղծորեն հաջողություն եւ արդյունավետ աշխատանք» է մաղթել նոր ձեւավորվելիք կառավարությանը՝ ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի:
Բայց «չար լեզուներն» ասում են, որ Գագիկ Ծառուկյանն իր կեցվածքով վտանգել է ոչ միայն շատ կուսակիցների, այլեւ «միջնորդ ու խնամի» Հովիկ Աբրահամյանի գործերը, քանզի ԲՀԿ-ի «գորշ կարդինալ» դարձած Վարդան Օսկանյանը իր թագավոր-ղեկավարին համոզել է, որ նա կարող է դառնալ ընդդիմության միասնական առաջնորդ, ձեւավորել կառավարություն եւ պատրաստվել գալիք նախագահական ընտրությանը…
Իսկ ՕԵԿ-ը վերակազմավորման գործընթաց է սկսել՝ լուծարելով տարածքային ու մարզային բոլոր կառույցները: Այստեղ ընտրությունների ընթացքում համոզվեցին, որ չունեն անգամ այնքան ներուժ, եւ առանց կոալիցիոն գործընկերների աջակցության, խորհրդարանում հայտնվելը մեծ հարցականի տակ կլիներ:
Ինչեւէ, ՀՀԿ-ն կարող է նաեւ միայնակ ձեւավորել կառավարություն, ինչը այս պահին գուցեեւ ամենահարմար տարբերակն է, եթե գործող նախագահը անսպասելի տարբերակներ չգտնի: ԲՀԿ-ն կարծես համագործակցության կողմնակից է, բայց ոչ կոալիցիոն պարտավորություններով, ինչը անհասկանալի է… Իսկ ՕԵԿ-ը կողմ է թե մեկին, թե մյուսին, որը որ կորոշի ՀՀԿ-ն:
Հայկ Թորգոմյան
Ընդդիմություն՝ առանց ամոթի՞
Քաղաքական կոալիցիան բուն իշխանական եւ ընդդիմադիր խաղերից ու հակախաղերից ճաքեր տվեց, եւ խարխլվեց իշխանական բուրգը:
Նույնն է նաեւ ընդդիմադիր դաշտում: Խորհրդարանական ընդդիմադիր ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն»-ը աչքով աչք չունեն իրար նայելու, ավելի շուտ կհամագործակցեն իշխանական ուժերի, քան՝ միմյան հետ:
Իսկ ՀԱԿ-ում ներքին պառակտումներ եղան, ոչ միայն տարածքային կառույցներ լուծարվեցին, այլեւ ՀԱԿ-ի անդամ «Հանրապետություն» եւ «Հայաստանի լիբերալ» կուսակցությունները հայտարարությամբ դուրս եկան դաշինքից: Խոսք կար, որ «Հայաստանի ժողովրդական» կուսակցությունը եւս կհրաժարվի դաշինքից, բայց ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ կմնա ՀԱԿ-ում ու կգնա ԱԺ:
Նա չի կիսում ՀԱԿ-ը լքած կուսակցությունների ղեկավարներ Արամ Սարգսյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի տեսակետը, թե մանդատներ վերցնելը սխալ էր: Նախկին իշխանական զինդատախազ եւ ներկայիս ընդդիմադիր Գագիկ Ջհանգիրյանը եւս համամիտ է ԱԺ մտնելու հետ եւ անգամ հայտարարել է, թե հեղափոխությունն ուժի մեջ է: «Ժողովուրդն իրավասու է անել ամեն ինչ իր իշխանությունը հաստատելու համար… Ժողովրդի ցանկացած գործողություն սահմանադրական է»,- ասել է այս ընդդիմադիրը՝ մոռանալով, որ այդ ժողովուրդը անգամ հնարավորություն չուներ նախկին զինդատախազին հանդիպելու կամ վրդովմունք հայտնելու բանակում կատարված սպանությունների ու այլ դեպքերի համար…
Բայց «թարմ» ընդդիմադիրը չի ընկրկում. «ժողովուրդը իշխանության միակ աղբյուրն է», եւ դա տալիս է հնարավորություն՝ հեղափոխություն անելու համար…
Վահագն Նանյան
«Լուսանցք» թիվ 19 (240), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



