Լուսանկարում շվեդ քաղաքական այն գործիչն է, ով սնվելով ադրբեջանական ռեժիմի ֆինանսական աղբյուրներից, ապացուցում է, որ «եվրոպական ժողովրդավարություն» կոչվածի ստանդարտները ոչ թե երկակի, այլ ավելին՝ բազմակի են:
Բանն այն է, որ, ինչպես տեղեկացնում է tert.am-ը, շվեդական Expressen-ը բացահայտել է շվեդ քաղաքական գործիչ եւ լոբբիստ Գորան Լինդբլադի եւ ադրբեջանական իշխանությունների համագործակցության ոչ այնքան հայտնի կողմերը: Պարբերականը, մասնավորապես, անդրադառնում է Լինդբլադի եւ Եվրոպայի ադրբեջանական միության համագործակցությանը, իսկ սա այն միությունն է, որ «Ադրբեջանի ռեժիմի հետ սերտորեն կապված կառույցի» համարում ունի: Կազմակերպության փողերը Լինդբլադը ատամնաբուժական գործունեության վրա է ծախսում (նա ատամնաբույժ է) եւ, բացի այդ, ավելի քան 0.5 մլն կրոն էլ ստանում է Շվեդիայի խորհրդարանից՝ երաշխավորված եկամտով:
Շվեդական Expressen-ը գրում է. «2010-ի խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ անց նրա (Լինդբլադի) հետ կապվել էին Եվրոպայի ադրբեջանական միությունից, որն աշխատում է ի շահ Եվրոպայի ադրբեջանցիների»: Expressen-ը նաեւ ընդգծում է, որ հիշյալ՝ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի հետ կապված միության նախագահը Տալե Հեյդարովն է՝ Քամալադդին Հեյդարովի՝ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարի որդին («Լուսանցք»-ը մի առիթով անդրադարձել է այս նախարարի գործունեությանը):
Հեյդարով ընտանիքը Ադրբեջանի քաղաքական եւ տնտեսական «էլիտայից» է, հեյդարովյան միությունն էլ՝ ադրբեջանական ռեժիմի խոսափողը Եվրոպայում:
Amnesty International-ի Շվեդիայի մասնաճյուղի մամլո քարտուղար Էլիզաբեթ Լոֆգրենը, խոսելով «Եվրատեսիլ»-ի պատճառով ադրբեջանական դեպքերին, նկատել է, որ այդ երկիրը աչքի ընկավ հատկապես մարդու իրավունքների հարցում իր մոտեցումներով, ուստի ադրբեջանական կազմակերպության լոբբիստ աշխատելով՝ Լինդբլադը կարող է նպաստել մարդու իրավունքների ոտնահարմանը:
Հասկանալի է, որ (դարձյալ ըստ Expressen-ի տվյալների) Լինդբլադը իր վճարման մասին հրաժարվում է խոսել՝ ասելով, որ «հաճախորդի հետ ունեցած պայմանագրի համաձայն, ինքը չի կարող ասել դա»:
Այս անձի աջակցությունը Եվրոպայի ադրբեջանական միությանը շատ է քննադատվում:
Նույնիսկ Շվեդիայի կառավարությունում ԵՄ գործերով նախարար Բրիգիտա Օլսոնը հայտնել է, թե «Ադրբեջանը բռնապետություն է, որտեղ այլախոհ բլոգերները, անկախ լրագրողները հալածվում եւ բանտարկվում են: Այն փաստը, որ Շվեդիայի խորհրդարանի նախկին անդամը ռեժիմի հետ կապ ունի, քննադատության արժանի երեւույթ է»:
Լինդբլադին քննադատել է նաեւ նրա իսկ կուսակցությունը՝ ընդգծելով. «Եթե նա աշխատում է ադրբեջանական ռեժիմի համար, ապա դա հակասում է մեր հիմնարար արժեքներին» (Լինդբլադի կուսակից Աննա Քինբերգ Բաթրայի խոսքերն են):
Իսկ մենք պետք է զգոն լինենք, քանզի Լինդբլադը եզակի չէ, ով ադրբեջանական փողերով վեր-վեր թռչելով, հակահայկական քարոզչություն կարող է անել: Նա պարզապես բացահայտվածներից է: Իսկ թաքունները շատ են, ովքեր եվրաարժեքներով շղարշված կխոսեն մարդու իրավունքներից (սրանք «ազգի իրավունք» ասելու համար դեռ չեն հասունացել)՝ իրականում ստորաբար ոտնահարելով հենց նույն մարդու իրավունքները:
Գոհար Վանեսյան
Եվրոպական սուբյեկտիվիզմ. առանց կարդալու փաստաթուղթ են ստորագրում
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ ներկայացվեց ՀՀ ԱԺ ընտրությունների ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը՝ առաքելության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքըլսոնի
գլխավորությամբ: 13 էջանոց զեկույցը, որ պարունակում է քաղաքական, իրավական գնահատականներ ընտրությունների կազմակերպման վերաբերյալ՝ թեկնածուների գրանցումից մինչեւ մամուլի ազատության միջավայր, հարուցել է ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի զարմանքն ու տարակուսանքը: Մասնավորապես, արձագանքելով զեկույցում արձանագրված «ընտրացուցակների վերաբերյալ անճշտությունների» մասին պնդումներին, Դ. Հարությունյանը ընդգծել է. «Հայաստանն ընտրողների ճշգրիտ ցուցակներ կազմելու գործում նշանակալի հաջողություններ է արձանագրել՝ հետեւելով Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին: Զեկույցի բոլոր մեղադրանքները մակերեսային են եւ անտեսում են հայաստանյան իշխանությունների ցանկացած ողջամիտ բացատրություն»:
«Զեկույցը լի է մանիպուլյացիաներով»,- ասել է ՀՀ պատվիրակության ղեկավարը՝ բերելով մի քանի օրինակներ, ինչպես նաեւ համեմատելով ներկայացված զեկույցը մեկ այլ եվրոպական գնահատականի՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի հետ: «ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը պետք է ուսումնասիրի եւ զեկույց հրապարակի ինքնուրույնաբար: Այն պետք է հիմնված լինի միայն իրական, ուղղակի ուսումնասիրությունների վրա, այլ ոչ թե՝ խոսք ու զրույցի»:
Իսկ «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ Կարեն Բեքարյանը նշել է, թե մենք ԵԽԽՎ-ի հետ բարիկադի տարբեր կողմերում չենք. «Եվ այդ սուբյեկտիվ տարբերությունը կարող է ունենալ երկու բաղադրիչ, առաջինը՝ զեկույց պատրաստող անձը՝ իր կողմնակալ պահվածքով, անցած ճանապարհով եւ այլն, ու պետք է փորձել հասկանալ, թե ինչը կարող էր դրդել ԵԽԽՎ պատվիրակությունը գլխավորող բարոնուհուն՝ պատրաստել նման աղավաղված փաստաթուղթ, որին, ի դեպ, ըստ տարբեր տվյալների, նորմալ չեն ծանոթացել առաքելության կամ հանձնաժողովի մյուս անդամները»: Սա հարց է, որ կստանա իր պատասխանը, եւ շատ կարճ ժամանակահատվածում իրական պատճառը հասկանալի կդառնա:
Երկրորդ գործոնն այդ կառույցն է՝ իր մոտեցումներով եւ ընթացակարգերով: Վերջին ժամանակներում ստեղծվում է տպավորություն, որ ԵԽԽՎ-ն իր իսկ վարկանիշի, գործելաոճի խնդիրները հետ է մղել երկրորդ պլան, եւ «այստեղ, մենք անելիք ունենք, Հայաստանը ԵԽ-ի լիիրավ անդամ է, եւ եթե կառույցում առկա են խնդիրներ, ապա դրանք նաեւ մեր խնդիրներն են»:
Պաշտոնական Երեւանը պիտի առավելագույնս աշխատի ինչպես ԵԽԽՎ կառույցներում, այնպես էլ ԵվրԱզԷՍ-ի, որի միջպետական խորհրդի վերջին նիստին նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների ղեկավարների հետ:
Այլապես ԵԱՀԿ կառույցներում մեկ այլ գնահատականներ են տրվում Հայաստանին, ԵԽԽՎ-ի եւ ԵվրԱզԷՍ-ի կառույցներում՝ մեկ այլ: ՀՀ արտաքին քաղաքական գիծը թերեւս կարողացել է որոշակիորեն հավասարակշռել Արեւմուտք-Ռուսաստան, Արեւմուտք-Արեւելք առանցքները հայկական շահերի տեսանկյունից, ուստի պետք է դա կիրառել նաեւ ԵԱՀԿ, ԵԽԽՎ, ԵվրԱզԷՍ եւ ԱՊՀ կառույցներում եւս, ինչպեսեւ՝ ՆԱՏՕ ու ՀԱՊԿ հարաբերություններում:
Արտակ Հայոցյան
* * *
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում մասնակցեց ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, քննարկեց հայ-թուրքմենական երկկողմ հարցեր:
Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Բանգկոկում (Թաիլանդ) մասնակցել է ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական ու սոցիալական հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին:
Նա խոսել է համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման, աղքատության դեմ պայքարի, գյուղական շրջանների զարգացնելու կառավարության քայլերի, միջուկային էներգետիկայի զարգացման, ՀՀ-ի համար ռազմավարական Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի եւ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման խնդիրներից:
«Լուսանցք» թիվ 20 (241), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF
տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



