5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներն իրենց մանդատները ստացան մայիսի 29-ին: Հիշեցնենք, որ 2012թ. մայիսի 6-ին կայացած ընտրություններով խորհրդարան են անցել 5 կուսակցություն եւ 1 դաշինք: ԿԸՀ–ի արձանագրած տոկոսների համաձայն՝ ԱԺ–ում ՀՀԿ-ն կունենա 40 մանդատ, ԲՀԿ-ն՝ 28, ՀԱԿ-ը՝ 7,«Ժառանգություն»-ը՝ 5, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը եւս՝ 5:
ԲՀԿ-ի այս քայլը տարակուսանք առաջացրեց նաեւ կուսակցականների շրջանում, քանի որ, ըստ ոմանց պնդումների (կառավարության ԲՀԿ-ական անդամներն անգամ մեկ շաբաթ առաջ կառավարության նիստից հետո լրագրողներից տեղեկացան, որ իրենց «կուսակցությունը» (հասկանալ՝ Գ. Ծառուկյանը) նման որոշում է ընդունել), կուսակցության ղեկավարը կոալիցիայից հրաժարվել է առանց խորհրդակցելու եւ իր հայտարարությունից հետո մեկնել է երկրից: Իսկ վերադառնալուց հետո էլ ասել է, թե ցանկացողները կարող են հեռանալ…
Եվ օրերս վերադարձած Գագիկ Ծառուկյանը այդպես էլ նոր պարզաբանումներ չտվեց: Հետաքրքիր է, որ նա Բելառուսից Հայաստան վերադարձավ այն օրը, երբ Հայաստան եկավ նաեւ Ռոբերտ Քոչարյանը՝ Ռուսաստանից: Անգամ զրույցներ եղան, թե չի բացառվում, որ նրանք հանդիպել են Բելառուսում՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ:
Եթե սա իրականություն է, ապա կարող է նաեւ Մոսկվայի հերթական քայլը լինել՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հավասարակշռված քայլող Սերժ Սարգսյանին դեպի Ռուսաստան ուղղորդելու համար: ԱՊՀ անդամ Հայաստանը հասկանալով, որ չի կարող միաբեւեռ քաղաքականություն վարել այս խառը իրավիճակում, փորձում է խաղալ Եվրոպական ու Եվրասիական քաղաքական առանցքների հետ համահավասար:
Եթե ՀՀ 2-րդ նախագահը եւ ԲՀԿ ղեկավարը փորձում են Պուտին-Լուկաշենկո զույգին պարզապես սկուտեղի վրա մատուցել «հայկական գործոնը», ապա ՀՀ նախագահին այլ ելք չի մնալու, քան՝ ընդհուպ քաղաքական հայտարարություններով դա մեկնաբանելն ու բացահայտելը:
Իսկ եթե Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան զույգը իր հերթական քաղաքական խաղ-տարերքի մեջ է, ապա մոտ ժամանակներում դա եւս կբացահայտվի:
Ամեն դեպքում ՀՀ 2-րդ նախագահի ավագ որդու՝ Սեդրակի կնոջ հայրը՝ անկուսակցական պատգամավոր Վոլոդյա Բադալյանը ԱԺ է գնում ՀՀԿ ցուցակով:
Իսկ կոալիցիայի մաս չկազմելու մասին ԲՀԿ-ի հայտարարությունը ՀՀՇ փոխնախագահ Սամվել Աբրահամյանի համար անակնկալ չէր. «ԲՀԿ-ի գործողությունը ոչ թե մեկ ակտ էր, այլ մի ամբողջ շարք գործողությունների, որոնք սկսվել էին դեռեւս անցած տավա նոյեմբերից»: Նա հիշեցրեց նախընտրական շրջանում եւ հենց ընտրությունների օրը ԲՀԿ-ի կեցվածքը, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ միասնական շտաբի ստեղծումը: Բայց մի քիչ դեռ պետք է սպասել: Միաժամանակ ՀՀՇ փոխնախագահը չի կիսում այն տեսակետը, թե ԲՀԿ-ն այսօր ճանապարհ է հարթում Ռոբերտ Քոչարյանի համար 2013թ. նախագահի ընտրություններում: «Այս պահի դրությամբ ես չեմ տեսնում որեւէ հիմք, որը նպաստավոր կլիներ Քոչարյանի վերադարձի համար: Վերջին 4 տարիների գործընթացները բոլորովին այլ բանի մասին են վկայում, որ Քոչարյանն այս պահին քաղաքական հեռանկար չունի»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, ապա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ ՀՀԿ-ն հարգում է իր գործընկերների որոշումը. «Համոզված ենք, որ մեր համագործակցությունը շարունակվելու է»: Ի դեպ, Գյումրիում վարչապետը լրագրողներին ասել էր. «Իսկ ո՜վ է ասում, թե ԲՀԿ-ն ընդդիմություն է լինելու»: Որպես արձագանք՝ վարչապետի հետեւում կանգնած ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը, ով քաղաքաշինության նա
խարարն է, քահ-քահ ծիծաղել էր: Իսկ երեկ վերջինս, գործադիրի նիստի ավարտին, հաշվի առնելով, որ կառավարությունը հրաժարական է տվել եւ ԲՀԿ-ն էլ կոալիցիոն գործընկեր չէ, շնորհակալություն հայտնեց բոլորին համատեղ աշխատանքի համար: Լրագրողներին, համենայնդեպս, նրա այս պահվածքը դուր եկավ:
Ինչեւէ, զույգերը, որ փորձում են դերակատար դառնալ մեր երկրում, մի քանիսն են, դիցուկ սույն հոդվածում երկուսն են՝ Սարգսյան-Քոչարյան հայտնի զույգը եւ Քոչարյան-Ծառուկյան ստվերային զույգը, որոնց հետ այս դեպքում առնչվում է Պուտին-Լուկաշենկո կասկածելի զույգը… Իսկ փաստացի՝ մեր երկիրը կղեկավարի Սարգսյան-Բաղդասարյան «կոալիցիոն» զույգը…
Արման Դավթյան
Թիվ 2-ը դեռ փնտրու՞մ է
ԲՀԿ-ն դեռ չի կողմնորոշվում ընդդիմության ասպարեզում եւ գուցե շուտով հարմարվի իր հին տեղում: Չնայած հին տեղը հաստատ նույն չափերով չէ այլեւս:
Ընդդիմադիր կազմակերպությունները մինչ այժմ լռում էին, քանի որ կարծում էին, թե ԲՀԿ-ին կգործածեն ընդդիմադիր դաշտում, բայց քանի որ այս կուսակցության դիրքերը թուլացել են, ապա այլեւս լռելու կարիք չկա: Ավելին՝ քարկոծելու մղում կա: ՀԱԿ ներկայացուցիչ Գայանե Առուստամյանը մի բացահայտում էլ արեց վերջերս, ասելով՝ թե ինչ գործարք են առաջարկել իրեն ընտրություններից առաջ ու ինչ է ստացվել, երբ ինքը չի համաձայնել գնալ այդ գործարքին: Պարզվել է՝ չնայած միասնական շտաբին, ընտրությունների ընթացքում ԲՀԿ-ն գործել է ՀԱԿ ներկայացուցչին հակառակ ու համագործակցել «Ժառանգության» հետ:
Իսկ «Ժառանգություն»-ն էն գլխից ԲՀԿ-ին ընդդիմություն չի ընկալել եւ ՀՀ նախագահի հերթական խաղի մասնակից է դիտարկել: ՀՅԴ-ն նույնպես, որպես լիարժեք ընդդիմություն, չի ընկալում ԲՀԿ-ին:
Միայն ՀԱԿ-ն է դեռեւս ակնկալում ստանալ ԲՀԿ աջակցությունը, բայց սպասում է առավել ընդդիմադիր կեցվածքի:
Ըստ ամենայնի, Գագիկ Ծառուկյանը արդեն հասկացել է, որ ինչպես Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի դեպքում, այնպես էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի պարագայում ինքը մնալու է թիվ 2-ը եւ իշխանության ու ընդդիմության մեջտեղում դեռ տվայտում է:
Կարեն Բալյան
* * *
ԲՀԿ պատգամավորական խմբակցության առաջին նիստը տեղի է ունեցել ոչ թե ԱԺ-ում, այլ Գագիկ Ծառուկյանին պատկանող գինու ու կոնյակի գործարանում: Մասնակցել են նախկին եւ նորընտիր պատգամավորները: Քննարկվել է ԲՀԿ առաջիկա խորհրդարանական աշխատանքը: ԲՀԿ խմբակցության ղեկավար է լինելու Գագիկ Ծառուկյանը, քարտուղար՝ Նաիրա Զոհրաբյանը: Ոչ վաղ անցյալում նշվել էր, թե խմբակցության ղեկավարը հնարավոր է լինի Վարդան Օսկանյանը, սակայն այդ տեղը նրան չի զիջվել, եւ Օսկանյանը թերեւս կղեկավարի ԱԺ հանձնաժողովներից մեկը: Իսկ պատգամավոր Օսկանյանը, ով պարբերաբար իր խոսքն է ասում ԲՀԿ ղեկավար Ծառուկյանից առանձին, նշել է, որ ԱԺ-ում «լավին լավ է ասելու, վատին՝ վատ», այսինքն՝ ինքն է որոշելու լավն ու վատը: Նա նաեւ վստահ է, թե «օրը կգա, կունենան իշխանական լծակներ եւ կկարողանան իրականացնել կոնկրետ իրենց ծրագրերը», իսկ հիմա ՀՀԿ-ի հետ «ընդհանուր լեզու չգտան»…
«Լուսանցք» թիվ 20 (241), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



