Խախտումներ ու տուգանքներ. վարորդների գրպանից դրանք մինչեւ 450 հազար կկորզեն
Հունիսի 2-ից. զգուշացի՛ր տուգանվելուց
Ընթացիկ տարվա փետրվարի 7-ին ընդունվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը: Այդպիսով, զգալի փոփոխություններ կատարվեցին ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներում, ինչպես նաեւ այդ իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի ընթացակարգերը սահմանող հոդվածներում, որոնք ուժի մեջ են մտնել հունիսի 2-ից: Սակայն, չգիտես ինչու, այդ փոփոխություններից հիմնականում խոսվում է այն մասին, որ վարորդները կտուգանվեն վարելու ժամանակ բջջային հեռախոսով խոսելիս կամ ծխելիս: Բայց կան այլ բնույթի խախտումներ էլ, որոնք վարորդների գրպանից մեծ փողեր կկորզեն: Այս ընթացքում «Լուսանցք»-ին դիմեցին բազմաթիվ ընթերցողներ՝ խնդրելով ներկայացնել խախտումներն ու դրանց դիմաց տուգանքի չափերը:
Այսպիսով, տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների կամ պայմանների առկայությամբ տրանսպորտային միջոցները վարելը կարժենա 5 հազ դրամ, առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելը՝ 20 հազ դրամ, ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու եւ ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթեւեկության կանոնները վարորդների կողմից խախտելը՝ 40 հազ դրամ: Ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելու դիմաց տուգանքը 50 հազ դրամ է, տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը (բացառությամբ հակաառեւանգման ազդանշանային համակարգի եւ հավաքների կամ հանրային միջոցառումների դեպքում՝ բարձրախոսների) կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելը 10 հազ դրամ է, բացի այդ՝ կբռնագրավվեն լուսային եւ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումները: Առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր եւ (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը, ինչպեսեւ՝ օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված գունագծապատկերներն օգտագործելը (հասկանալ՝ նմանեցնելը) 100 հազ դրամ է, եւ այս դեպքում էլ կբռնագրավվեն փարոսիկների եւ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումները:
Ոստիկանությունը հատուկ ընդգծում է, որ օրենքով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցների անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած վիճակում կամ առանց սաղավարտի տրանսպորտային միջոցներ վարելը, ինչպես նաեւ անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած կամ առանց սաղավարտի ուղեւոր փոխադրելը 5 հազ դրամ տուգանք է արժենալու (նկատի ունենանք՝ մայրաքաղաքում օրեցօր ավելանում են մոտոցիկլետները):
20 հազ դրամ կարժենա չհաշվառված (չվերահաշվառված) տրանսպորտային միջոց վարելը, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցը երկիր ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում դրա նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելը: Եվս 20 հազ կարժենա ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի՝ օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելը: Ուժի մեջ գտնվող հաշվառման կտրոնը տրանսպորտային միջոցի՝ օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելը 5 հազ դրամ է, անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը՝ 10 հազ, տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցնելը՝ 5 հազ: 20 հազ դրամ կլինի տուգանքի չափը ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցը այդ համարանիշերով վարելու դեպքում:
100 հազ դրամ կարժենա առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը: Նույնքան կարժենա տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը: 100 հազ դրամ տուգանք կլինի նաեւ այն դեպքում, եթե դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշը այլ տրանսպորտային միջոցի վրա տեղադրվի:
Իհարկե ոչ 100 հազարի, բայց տուգանքի «արժանի» է նաեւ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը: Այս դեպքում տուգանքի չափը 5 հազ դրամ է: Կրկնակի՝ 10 հազ դրամ է տրանսպորտային միջոցների երթեւեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող, ինչպես նաեւ լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի կամ առանց կանգառ կատարելու երթեւեկությունն արգելող ճանապարհային նշանի առկայության դեպքում վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշումների կամ նշանների պահանջները չկատարելը: 5 հազ դրամ է տուգանքի չափը երթեւեկության առավելություն ունեցող մասնակցին ճանապարհը չզիջելու դեպքում:
Վարորդը կտուգանվի 20 հազ դրամ, եթե կարմիր եւ (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած եւ միաժամանակ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցին ճանապարհը չզիջի: Եվս 5 հազ դրամ՝ եթե խաչմերուկների անցման կանոնները խախտի ու նույնքան էլ՝ եթե հետիոտնային անցումների հատման կանոնները խախտի: Փոխարենը մի փոքր ավելի քիչ՝ 3 հազ դրամ, եթե վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի անցման կանոնները խախտվեն: Վազանցի կանոնները խախտելը վարորդների գրպանից կխլի 5 հազ դրամ: Եվս 5 հազ դրամ կկորցնեն վարորդները հետընթաց վարման կանոնները խախտելու համար:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մարդկանց փոխադրման կանոնները խախտելը կարժենա 5 հազ դրամ: Քաղաքացիներս հուսով ենք, որ գոնե հիմա կկարգավորվի, ասենք, երթուղային տաքսիների խնդիրը, եւ այլեւս ստիպված չենք լինի միմյանց շալակի երթեւեկել: 10 հազ դրամ տուգանք է ճանապարհային երթեւեկության կանոններով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հեռահար լույսը մոտակայի չփոխարկելը կամ արգելված դեպքերում հեռահար լույսերով տրանսպորտային միջոցը վարելը: 20 հազ դրամ է տրանսպորտային միջոցը միակողմանի երթեւեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում՝ հետընթաց) վարելը: 5 հազ դրամ է տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցը դռները բաց վիճակում վարելը, ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթեւեկության մյուս մասնակիցներին: 5 հազ դրամ կպատժվեն նաեւ այն «մաքրասեր» վարորդները, ովքեր տրանսպորտային միջոցից իրեր եւ առարկաներ կնետեն: 20 հազ դրամով կպատժվեն ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում հատելու ժամանակ՝ ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով:
30 հազ դրամ տուգանք է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, եւ եթե առանց հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը, 10 հազ դրամ է տրանսպորտային միջոցների կայանումը, եթե դրա հետեւանքով այլ տրանսպորտային միջոցների վարորդները ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթեւեկության ուղղությունը, եւ եթե կայանելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղեւորի առողջական վիճակի հետ: 80 հազ դրամ է տուգանքի չափը վարորդների կողմից կանգառի եւ (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղեւորի առողջական վիճակի հետ, եւ եթե դրա պատճառով տրանսպորտային միջոցը տարհանվել է պահպանվող հատուկ տարածք: Տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը, եթե դրա անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղեւորի առողջական վիճակի հետ, 20 հազ դրամ կարժենա: Մայթերին կայանելը կամ մայթերով երթեւեկելը, բացառությամբ ճանապարհային նշաններով թույլատրված դեպքերի, ինչպես նաեւ ստորգետնյա կամ վերգետնյա հետիոտնային անցումներով երթեւեկելը եւս 20 հազ դրամ տուգանք է:
Տասնապատիկ ավելի՝ 200 հազ դրամ տուգանք է ավտոմեքենան կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի՝ օրենքով սահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից դիտավորյալ չկատարելը: Այս արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը նշանակում է զրկում 1 տարով, իսկ վարելու իրավունք չունեցող կամ այդ իրավունքից զրկված անձանց նկատմամբ‘300 հազ դրամ տուգանք կնշանակվի:
Տուգանքներ են սահմանված նաեւ արագության գերազանցման դեպքում: Ըստ այդմ, երթեւեկության սահմանված արագությունը 11-20 կմ/ժ-ով գերազանցելը 10 հազ դրամ է, 21-40 կմ/ժ-ով գերազանցելը՝ 30 հազ, իսկ 41-60 կմ/ժ-ով գերազանցելը՝ 50 հազ դրամ: 61 կմ/ժ-ով եւ ավելի գերազանցելը 70 հազ դրամ է:
Ավտոմեքենան ոչ սթափ վիճակում վարողներն էլ զերծ չեն մնա գրպանը դատարկելուց: Եթե վարորդը միայն ոգելիցի ազդեցության տակ է, տուգանքի չափը 100 հազ դրամ է: Եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը, ապա տուգանքի չափը 150 հազ դրամ է: Եթե վարորդի ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ՝ զրկվում է իրավունքից 1 տարով: Ի դեպ, սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը 150 հազար կարժենա: Ընդգծենք, որ նշված 150 հազարները 200 հազ են դառնում, եթե վարորդը վարելու իրավունք չունի: Նաեւ՝ տուգանքի չափը դառնում է 450 հազար դրամ, եթե այս արարքները կատարվում են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից:
Ինչ վերաբերում է ԱՊՊԱ կտրոնների մասով խախտումներին: Առանց ԱՊՊԱ կտրոնը սահմանված տեղում փակցնելու՝ ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոց վարելը 10 հազ դրամ, կեղծված, չգործող կամ այլ տրանսպորտային միջոցի համար տրված ԱՊՊԱ կտրոնով ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոց վարելը՝ 150 հազ, իսկ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի կողմից ԱՊՊԱ կտրոնը այլ անձի հանձնելը՝ 100 հազ դրամ կարժենա: Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելը 50 հազ դրամ տուգանք «կվաստակի»: Իսկ առանց գործող ԱՊՊԱ կտրոն ներկայացնելու տրանսպորտային միջոցը հաշվառելը կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելը կամ ԱՊՊԱ կտրոն չունեցող տրանսպորտային միջոցը վարելու միջոցով ՀՀ տարածք ներմուծումը թույլատրելը (եթե ԱՊՊԱ կտրոնի ներկայացումը (ԱՊՊԱ կտրոն ունենալը տրանսպորտային միջոցի հաշվառման (դրա նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման, տրանսպորտային միջոցը վարելու միջոցով ՀՀ տարածք ներմուծումը թույլատրելու) օրենսդրությամբ նախատեսված պարտադիր պայման է) պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 500 հազ դրամ է պատժի չափը:
Ոստիկանությունից «Լուսանցք»-ին հայտնեցին, որ խախտումների համար կպատժվեն ոչ միայն վարորդները, այլեւ հետիոտները: Վերջիններիս կողմից ճանապարհով (այդ թվում՝ մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ կողնակներով) շարժվելու կարգը խախտելը 5 հազ դրամ է, ճանապարհի երթեւեկելի մասը հատելու կարգը խախտելը նույնպես 5 հազ դրամ է:
Ճանապարհային երթեւեկությունը կկարգավորվի, եթե արդեն վարորդի գրպանն են մտնում: Բայց վերջնականապես խնդիրը կլուծվի միայն մի դեպքում, եթե 1. հետեւողական լինեն ոստիկանները եւ 2. կարգապահ՝ վարորդներն ու ուղեւորները:
«Լուսանցք»
«Լուսանցք» թիվ 21 (242), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



