Սկիզբը՝ թիվ 19-ում
Արարիչը՝ Աստվածների ու Աստվածամարդկանց հայրը՝ է Աստվածամոր՝ ծնող զորության կենակցությամբ արարել բնությունը, բնական բացարձակ զորություններին՝ Աստվածներին ու Աստվածամարդկանց, օրինաչափություններ հաստատել բնության մեջ: Եվ նրա արարչական կամքն են համայն տիեզերքում, երկնքում ու երկրում, մարդաշխարհում իրագործում Աստվածներն ու Աստվածամարդիկ՝ արարչական որակները մարմնավորող բնական բացարձակ զորությունները: Տիեզերքն ու երկիր մոլորակը լեցուն են բնական, բնական օրինաչափություններով լույս աշխարհ եկած ու ապրող, միմյանց հետ կենաց հարաբերությունների մեջ գտնվող օրգանիզմներով: Ոչի՜նչ բնությունից դուրս ու անկախ չի առաջանում ու ապրում. բնության ու բնականի ժխտումի մասին բարբաջանքները զառանցանք են:
Հավատքը, հետեւաբար, ազգի բնածին որակն է, որը նա անընդհատ մշակում-նորոգում է: Հավատքը լինում է միայն ազգային, նա ու նրա ողջ կենսափորձն է հավատքի աղբյուրը: Ազգից դուրս հավատք չկա:
Ուստի, կրոնները՝ անհատների ստեղծած այդ գաղափարախոսությունները, հավատք չեն: Մյուս կողմից՝ հավատքն է ազգի համար միակ բնական հոգեւոր որակը: Քանի որ միայն դա է բնության ու բնականի վերապրումը: Հավատքի բոլոր խորհուրդները (Արարիչ, Աստվածամայր, Աստվածներ, Ցեղ, Ազգ, Բնօրրան…) բնական խորհուրդներ են:
Ազգային՝ բնույթով ավելի շատ զգացական՝ հավատքը ազգային բանականությամբ իմաստավորվելով ու ամրապնդվելով՝ վերաճում է ազգային իմաստության: Ազգային իմաստության հիմքը, հետեւաբար, ազգային հավատքն է:
Հավատքը, որպես բնության ու բնականի վերապրում, բոլոր հավատքների համար ընդհանուր այս սկզբունքը ինքնին հասկանալի է դարձնում, որ մեր ազգի հավատքը մեր ծագումից, մեր հեթանոս նախնիներից եկող հավատքն է: Քանզի այդ հավատքում ենք մենք տեսնում բնությունն ու բնականը, բնական իրական կյանքն ու զորությունները, դրանք արտացոլող խորհուրդները:
Հայի համար բնակա՛ն հավատքը հենց այդ հավատքն է, քանզի դրանում կա հայ՝ կյանքը, հոգին, արյունը, նախնիք, ընտանիքը, Արարիչը, Աստվածները, սրբերը…, հայի իրական բնական բացարձակ խորհուրդները: Մեծամասնական՝ իր բնական ազգային որակները բթացրած հայը որքան էլ իրեն քրիստոնյա համարի, միեւնույնն է, նա այդպիսին չէ. «հրեածին բույսը» (Նիցշե) նրա համար հավատք չէ, «հայ քրիստոնյա»-ն գոյություն չունի:
– Հավատք չէ, անհավատություն է հետեւաբար ամեն մի կրոն (զրադաշտականությունը, հուդդայականությունը, քրիստոնեությունը, բուդդայականությունը…), քանզի դրանցում չկա Բնություն բացարձակությունն իր զորություններով, քանզի այդ կրոններում մերժված է այն ամենը, ինչը բնական ու իրական է:
Ահա թե ինչպես է բացատրում այդ առումով հավատքի հակոտնյա կրոնի ծագումնաբանությունը Նիցշեն. «Միայն այն բանից հետո, երբ «բնություն» հասկացությունը հակադրվեց «Աստված» հասկացությանը, «բնական», «իրական» բառերը պետք է որ հոմանիշ դառնային «անպետք»-ին: Բստրանքների այդ ամբողջ աշխարհի հիմքը բնականի (իրականությա՜ն), նկատմամբ ատելությունն է. այդ աշխարհը իրականի նկատմամբ խորը նողկանքի արտահայտություն է… Եվ դրանով է ամեն ինչ բացատրվում: Ու՞մ մեջ է հիմք առաջանում իրականությունից փախչել, այն զրպարտելով. նրանում, ով նրանից տառապում է: Բայց տառապելը իրականությունից՝ դա նշանակում է ինքը լինել անհաջող իրականություն… Տհաճության զգացողության գերակայությունը հաճույքի զգացողության նկատմամբ,-դա է այդ կեղծ բարոյականության ու կրոնի պատճառը»:
Շարունակելի
Քուրմ Մանուկ
«Լուսանցք» թիվ 21 (242), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



