2 օր առաջ քաղաքական նորաստեղծ կոալիցիան հանդիպել է: Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի, ՀՀԿ խորհրդի եւ ՕԵԿ քաղխորհրդի ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության ծրագրի հիմնադրույթները, որոնք մշակվել են կոալիցիոն քաղաքական ուժերի՝ ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերի հիման վրա՝ համաձայն 2012թ. մայիսի 30-ին կնքված կոալիցիոն հուշագրի: Արծարծվել են աշխատատեղերի ստեղծման, արտահանման խթանման, սոցիալական պաշտպանության, առողջապահության, գյուղատնտեսության, կոմունալ տնտեսության, կրթության զարգացման խնդիրները: Հստակեցվել են մի շարք այլ ոլորտներում համակարգային բարեփոխումների իրականացման հիմնական ուղղություններն ու մեխանիզմները:
Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ՀՀՇ կենտրոնական գրասենյակում փակ հանդիպում են կազմակերպել ՀԱԿ-ի երիտասարդական թեւի եւ իրենց համակիրների հետ: Քննարկման թեման մայիսի 6-ի խորհրդարանի ընտրություններն ու դրանց հաջորդած զարգացումներն էին, հանդիպումը փակ էր, եւ մինչ քննարկումը նորընտիր պատգամավորները լրատվամիջոցների համար հայտարարություն արեցին. «Եթե լինեին արդար ընտրություններ, ապա մենք ջախջախիչ հաղթանակ էինք տանելու: Ես ինձ համարում եմ ոչ միայն համամասնականով ընտրված պատգամավոր, այլեւ 9-րդ ընտրատեղամասում մեծամասնականով ընտրված պատգամավոր»,- ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը: Դե իհարկե, հիմա կարելի է ամեն բան հայտարարել, իսկ երբ մինչեւ ընտրության վերջին ժամերը ՀԱԿ-ը չէր մոտեցել 7%-ի սահմանագծին, եւ միայն «հրաշքը» օգնեց… արդեն չեն ուզում հիշել:
«Ժառանգություն»-ն էլ համագումար արեց, ընտրեց նոր վարչություն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հարազատ իր ոճին մի հերթական հրաժարական տվեց, թե չի ուզում գնալ ԱԺ եւ տեղը կզիջի ավելի երիտասարդի… Այս ամենին անգամ դիտորդի կարգավիճակով չմասնակցեցին ժառանգականների հետ դաշինք կազմած «Ազատ դեմոկրատներ»-ը, ինչն ավելի քան տարօրինակ է:
ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ԱԺ 1-ին նիստին չգնալը դեռ ի՜նչ ընդդիմության դրսեւորում է, դեռ նեղանա՜լ ու այլ բաներ էլ են լինելու՜, ինչը գուցե թե մի կերպ հավաստի նրանց ընդդիմադիր լինելը…
ԲՀԿ-ն էլ նստել է մի «մութ անկյունում»… ու արդեն ինչպես հայտնի ոտանավորում է:
Արամ Ավետյան
Բանակը ազգային պաշտպանակա՛ն կառույց է, ոչ թե՝ եվրակառույց
Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանը կառավարության նիստում հայտարարել է, թե «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության բազմաթիվ անդամներ Եվրադատարանում Հայաստանի դեմ հայցեր են ներկայացրել: Կառավարությանը, անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանին սկսել է հուզել, թե շա՞տ են արդյոք Եվրադատարանում մեր երկրի դեմ հարուցված գործերը:
Վաղուց է, ինչ «Եհովայի վկաներ»-ը հրաժարվում են ծառայել բանակում, ինչի հետեւանքով ենթարկվում են քրեական պատասխանատվության, եւ ըստ նախարարի պաշտոնակատար Թովմասյանի, քրեակատարողական հիմնարկներում «Եհովայի վկաներ» կան, որոնց մի մասը Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում վիճարկում է իրեն կալանքի ենթարկելու որոշումները: Ի դեպ, ԵԴ-ում գործ է շահել անգամ խարդախության համար ձերբակալվածը, ինչը երեւի արդեն եվրաարժեք է դարձել… Գուցե զարմանալու բան էլ չկա՝ եվրա«գրանտակերները» ի՞նչ վատ կաշառակերներ են որ: Իսկ եվրակաշառատուների մասին չենք խոսում, սրանք չքմեղանալու տեղ ունեն՝ բարեգործությու՜ն են անում չէ՞… Ու միշտ ինչ-որ մոլուցքապատ փոքրամասնությունների ու սրանց աջակցող հ/կ-ների:
Ու հիմա Հայաստանը միայն 3 գործով ստիպված է վճարել 30 հազ. եվրո: Այդ 3 գործերն էլ վերաբերում են նրանց, ովքեր հրաժարվել են զինվորական ծառայության անցնել, քանի որ Եհովա աստծո «վկաներ» են (Եվրադատարանում մի հարցնող լինի՝ այդ ե՞րբ են այդ եւ այլ «վկաները» տեսել Եհովային ու «վկայում» են այդ մասին…):
Իսկ մեր սահմաններում անհանգիստ է, ու թշնամին մեր քաջ տղաների ահից է, որ առաջ չի շարժվում: Բայց մտքում հաստատ Ալլահին է դիմում, որ Եհովայի միջոցով «վկաներ» շատ պարգեւի Հայաստանին ու հատկապես Եվրադատարանի օժանդակությամբ… Իսկ նախարարի պաշտնակատարի խոսքերով, նրանք, ովքեր այսօր ազատազրկման են դատապարտված, մեծ մասը նաեւ 1-2 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայության, բայց այսօր դրանից էլ են հրաժարվում. «Իսկ եթե այլընտրանքային ծառայությունից էլ են հրաժարվում, ապա նրանց մինչեւ 3-5 տարի ազատազրկում է նախատեսվում»: Հիմա մեր օրենքներն են սխա՞լ, թե՞ Եվրադատարանը թքած ունի մեր օրենքների վրա…
Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 21 (242), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



