Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Բերդավան գյուղերի պաշտպանական հենակետերի ուղղությամբ թշնամին արդեն քանի անգամ փորձում է անկայունության մթնոլորտ ձեւավորել, ինչը նրան չի հաջողվում: Առաջին դիվերսիայի՝ վնասարարության հետեւանքով եղան զոհեր եւ վիրավորներ, ինչն ամեն դեպքում մտահոգիչ է: Նշանակում է՝ մեր պաշտպանական համակարգում կան որոշակի բացեր, որը պետք է արագ վերացնել:
Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմի հերթական կոպիտ խախտումը արդեն այլ ելք ունեցավ, եւ շփման գծում 5 ադրբեջանցի զինծառայող ոչնչացվեց: Հայկական ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են իրականացրել, եւ ադրբեջանական կրկին դիվերսիոն գործողությունը կասեցվել է, ինչի արդյունքում բացի դրանց զոհերից, կան նաեւ բազմաթիվ վիրավորներ: Ադրբեջանցիները փախուստի են դիմել՝ իրենց հետ տանելով բաշիբոզուկների դիակները: Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան:
Նախորդ սադրանքի ժամանակ զոհված եւ վիրավորված մեր տղաների վրեժը լուծված է նաեւ այս անգամ:
Բայց ՀՀ իշխանությունները եւ հատկապես ՊՆ ղեկավարությունը պետք է առավել մեծ ուշադրություն դարձնեն սահմանային գոտիների ինչպես պաշտպանական դիրքերին, այնպես էլ բնակչությանը, որ, կամա թե ակամա, դարձել է սահմանապահ:
Այս սադրանքները եղան հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանել էր Երեւան: Սա մի ցուցադրական ադրբեջանական մոլուցք էր՝ իբր իրենք ահա անգամ այս օրերին չեն կարողանում զսպել իրենց զինվորներին… Եվ ճիշտ է, որ մենք դրանց հասկացնում ենք, թե եթե չեք կարողանում, ապա հենց ինքներս էլ ձեզ կսատկացնենք մեր տան շեմին: Այնպես, որ դիակները մի կերպ կարողանաք փախցնել:
ԱՄՆ պետքարտուղարը անիմաստ մի հայտարարություն արեց՝ իհարկե մտահոգություն հայտնելով. «Բաքվում լուրջ հարցեր ունեմ տալու Ադրբեջանի ղեկավարին: Ես եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավատացած ենք, որ ԼՂ հարցի լուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով եւ այդ ուղղությամբ ուղի պետք է գտնվի… Ուժի կիրառումը չի կարող լուծել Ղարաբաղյան հակամարտության խնդիրը, ուժը պետք է բացառվի»: Եվ էլի երկկողմանի խրատական դասեր… ինչն արդեն ձանձրալի է լսել՝ անգամ գրել-կրկնելով:
«Ուժի կիրառման վերջին դրսեւորումը, երիտասարդ զինվորների անմիտ, անիմաստ մահը, ուժի ցանկացած կիրառում չի կարող նպաստել Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը»,- սա արդեն ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում: ՀՀ արտգործնախարարը նաեւ հավելել է. «Փաստորեն, չբավարարվելով նրանով, որ ամեն օր խախտումներ են կատարում ադրբեջացիները Ղարաբաղի հետ շփման գծում, նրանք փորձում են տեղափոխել լարվածությունը, սրել իրավիճակը նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանում, որը բավական վտանգում է բանակցային գործընթացը, եւ ոչ միայն. վտանգում է նաեւ տարածաշրջանային անվտանգությունը: Բոլոր հնարավոր հետեւանքների պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիայի հետեւանքով 3 հայ զինվորի սպանության կապակցությամբ նամակ է հղել Հիլարի Քլինթոնին, որ ավելի հստակ դատապարտվի ադրբեջանական դիվերսիան եւ դա պաշտոնապես ասվի Ադրբեջանի նախագահին:
Հիշյալ հարձակումից մի քանի ժամ անց առանձին հայտարարությամբ ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները եւս կոչ են արել ԱՄՆ պետքարտուղարին՝ աներկբա քննա
դատության ենթարկել ադրբեջանական ագրեսիան, մտահոգություն են հայտնել օրեցօր ավելի բռնի դարձող Իլհամ Ալիեւի ռեժիմին ամերիկյան զենքի վաճառքի վերաբերյալ: Կոնգրեսական Բերմանը, ով ամերիկահայերի վաղեմի դաշնակիցն է, անցած շաբաթ առաջինն էր տագնապի նշան բարձրացրել՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին զինամթերք վաճառելու հետ կապված, մասնավորապես նշել է, որ «խորապես անհանգստացած է մամուլի հաղորդումների կապակցությամբ, ըստ որոնց Ադրբեջանի կողմից սահմանային լկտի, ապօրինի խախտման հետեւանքով 3 հայ զինվոր ողբերգական ձեւով զոհվել է ու 5 զինվոր վիրավորվել»:
Անի Մարության
Հ.Գ. – ՀՀ սահմաններին անհաջողության մատնվելով, ադրբեջանցի լամուկները հունիսի 6-ին փորձեցին արցախա-ադրբեջանական հակամարտ գոտում սադրանքների դիմել:
Զորքերի շփման գծի հարավային հատվածում (Հորադիզի ուղղությամբ) հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի կողմից ձեռնարկվեց ԼՂՀ ՊԲ-ի մարտական դիրքերից մեկը ներթափանցելու փորձ:
ԼՂՀ ուժերի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով դարանակալ հակառակորդի նախահարձակ գործողությունը, պաշտպանական մարտով թշնամուն հետ շպրտեցին:
Մարտերի ընթացքում սպանվել ու վիրավորվել են ադրբեջանցի զինվորականներ, կորուստներ է ունեցել նաեւ հայկական կողմը:
ԼՂՀ ՊԲ-ն հայտնել է, որ շարունակվող սադրանքները կարող են բերել Ադրբեջանի համար անկանխատեսելի հետեւանքների, որի պատասխանատուն կլինի միայն պաշտոնական Բաքուն:
Ոմանց քունը խանգարել է պետք…
Երեկ երեկոյան, հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում՝ Ճամբարակ բնակավայրի մերձակայքում, ադրբեջանական կողմը, այնուամենայնիվ, հերթական դիվերսիոն գործողության փորձ է ձեռնարկել Հայաստանի ԶՈւ առաջապահ դիրքերից մեկի ուղղությամբ: Հայ դիրքապահների աչալրջության եւ զգոնության շնորհիվ ադրբեջանական հերթական արկածախնդրությունը ձախողվել է եւ, ըստ նախնական տվյալների, կրելով կորուստներ, հակառակորդը նահանջել է: Հայկական կողմից զոհեր կամ վիրավորներ չկան:
Նույն օրը թշնամին նաեւ կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Ոսկեպարի գյուղի ուղղությամբ եւ գնդակոծել է Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհը:
Իսկ «միջազգային հանրություն» կոչվածը լռում է: Բայց եթե հանկարծ հայկական կողմը սկսի պատժիչ գործողություններ իրականացնել եւ բառի բուն իմաստով ազատագրել հայկական բռնազավթված տարածքները, որտեղից էլ ադրբեջանցիները ստորաբար ոտնձգութհյուններ են կատարում «միջազգային հանրությունը» հանկարծ կարթնանա խորը քնից ու թուրքերի հետ թուրքերի ձեւով կոռնա…
Վահագն Նանյան
Անօգուտ դիտարկումներ
Բացի արցախա-ադրբեջանական սահմանային սադրանքներից, պարբերաբար խախտումներ են գրանցվում Հայաստան-Ադրբեջան սահմանահատվածներին՝ կրկին ադրբեջանական սադրանքների պատճառով:
Հայ-ադրբեջանական սահմանագոտում՝ Տավուշի մարզի Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի միակողմանի արտահերթ դիտարկում: Դրան մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Անտալ Խերդիչը:
ՊՆ տեղեկատվության համաձայն, դիտարկման ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել է հունիսի 1-ին սահմանագծում արձանագրված միջադեպը, որի հետեւանքով հրազենային վիրավորում էր ստացել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչը: Միջադեպն արձանագրվել էր մայիսի 31-ին Տավուշի մարզի Այգեպար բնակավայրի մերձակայքում՝ ԵԱՀԿ հերթական դիտարկումից ընդամենը ժամեր անց:
ԵԱՀԿ պաշտոնյաները հանդիպել են Այգեպար, Մովսես եւ Ներքին Կարմիրաղբյուր համայնքների ղեկավարներին ու բնակիչներին, լուսանկարահանման եւ տեսագրման միջոցով արձանագրել գնդակոծությունների հետքերը: Անջեյ
Կասպրշիկին են փոխանցվել ադրբեջանական հերթական սադրանքն ապացուցող փաստեր, լուսանկարներ:
«Հաշվի առնելով հարեւան նկատվող ակտիվ քաղաքական զարգացումները՝ Ադրբեջանը հերթական անգամ սադրիչ քայլերի է գնում»,- մեկնաբանելով Տավուշի հատվածում ադրբեջանցի զինծառայողի արձակած գնդակից խաղաղ բնակչի վիրավորման փաստը՝ ասել է ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը: Ըստ նրա, Ադրբեջանում մեկ այլ կարեւոր խնդիր էլ կա. բանակում անկառավարելի վիճակ է, եւ շատ հաճախ կորպուսների ու զորամասերի հրամանատարներին չի հետաքրքրում, թե իրենց գործողությունների վերաբերյալ ինչ մոտեցումներ, պայմանավորվածություններ ունեն իշխանությունները:
Ստացվում է՝ սահմանային հատվածում անցկացվող մոնիտորինգն էլ անօգուտ է լինում: «Գիտեք, եթե շարունակ մարդկային զոհեր են գրանցվում, ապա նշյալ մոնիտորինգը անարդյունավետ է, պետք է դրա անցկացման մեխանիզմները փոխվեն, նոր մոտեցումներ մտցվեն: Պետք է կողմերի հետ ավելի շատ աշխատեն, այլապես նման միջադեպերը շարունակվելու են»,- նշել է ռազմական փորձագետը:
Իսկ միջադեպերն իրոք շարունակվում են եւ մարդկանց ճակատագրերին են առնչվում, ինչը չի կարող չհուզել մեզ:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 21 (242), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



