ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Կովկասյան տարածաշրջան նոր վերլուծությունների առիթ է դարձել: Ի՞նչ հիմնական ընդհանրություններ եւ հակասություններ կան Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, որոնք առաջնային կդիտվեն այս ընթացքում: Եվ արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղարի այցը ընդհանրությունները միավորելու եւ հակասությունները կարգավորելու միտում ունի, թե՞ մի գերտերության կողմից ստույգ ճշտումներ են կատարվում՝ տարածաշրջանի վրա հետագայում նորովի ներազդելու համար:
Բայց մինչ այս հիմնահարցերին անդրադառնալը, արձանագրենք նաեւ մեր տեսակետը Հիլարի Քլինթոնի այցի առնչությամբ: Կարծում ենք՝ Իրանի միջուկային ծրագրի, հայ-թուրքական հարաբերությունների, Արցախի հիմնախնդրի արծարծումները բխեցվելու են մեկ այլ հիմնական առաջնային խնդրից, այն է՝ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դիրքերի ամրապնդումը: Առանց այս գործոնի ամրապնդման՝ Արեւմուտքը չի կարող հաջողել Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում, հատկապես՝ ռազմական ծրագրեր իրականացնելու առումով:
Վերջերս Չիկագոյում անցկացվեց ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որը նաեւ վերոնշյալ խնդիրներին է անդրադարձել, եւ ԱՄՆ պետքարտուղարի այցը պետք է պարզաբանումներ տա, թե որ երկիրն ինչ որոշում է կայացրել մի շարք հարցերի շուրջ: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ն Չեխիայում եւ Թուրքիայում եվրոՀՊՊ-ներ է տեղակայել, ինչը կտրուկ ազդեցություն է ունեցել տարածաշրջանային բեւեռների հարաբերությունների վրա.- ՆԱՏՕ-ն եւ ՀԱՊԿ-ն, անզիջում գտնվելու դեպքում, զարկ կտան սպառազինության նոր մրցավազքի, ինչը միանշանակ կվտանգի առանց այն էլ վտանգված մեր տարածաշրջանը:
Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՊՊ համակարգը վստահաբար կգործի նաեւ Հայաստանի դեմ, եւ Երեւանն ու Մոսկվան էլ բանակցում են ՀՀ-ում ԱՊՀ ՀԱՊԿ շրջանակներում ՀՊՊ համակարգ տեղակայելու շուրջ: Անգամ չի բացառվում, որ նման համակարգը Ադրբեջանի Գաբալայից տեղափոխվի Հայաստան: Եթե Գաբալայում այն վերահսկում է Իրանն ու Մերձավոր Արեւելքի տարածաշրջանը, ապա Հայաստանից այն կվերահսկի Թուրքիան եւ Իսրայելը:
Եվ ուրեմն՝ ի՞նչ կարող է խոստանալ ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին եւ Թուրքիային ու ինչպե՞ս է հավասարակշռելու իրարամերժ խոստումները:
Հիլարի Քլինթոնը այցը սկսեց Հայաստանից, քանզի մեր երկիրը ԱՊՀ միակն անդամն է տարածաշրջանում եւ ՀԱՊԿ պայմանագրի շրջանակներում կարող է նաեւ ՆԱՏՕ-ին միակ հակազդող երկիրը լինել: Իհարկե, հակազդեցությունը կլինի ՆԱՏՕ-ՀԱՊԿ մակարդակում: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան վերջերս հայտարարեց, թե ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները կսատարեն Երեւանին եւ միմյանց, եթե որեւէ դաշնակցի շահերի պաշտպանության հարց առաջանա: Այս խոսքն ուղղված էր Ադրբեջանին, որը պարբերաբար սադրանքներ է նախաձեռնում Հայաստանի եւ Արցախի սահմաններին: Սակայն, շատ վերլուծաբաններ նշել են, որ Ադրբեջանին շեշտելով՝ Մոսկվան Անկարային էր հասկացնում՝ ՆԱՏՕ-ական ծավալումները կանխելու նպատակով:
Այն, որ հայ-ռուսական ռազմական պայմանագիր կա նաեւ, դա եւս հասկանում են Վաշինգտոնում: Իհարկե, ԱՊՀ շրջանակներում եւս ռուսաստանյան զինուժի աջակցությունն է հիմնական համարվում, սակայն ՆԱՏՕ-ական վերջին ծավալումները նաեւ ԱՊՀ այլ երկրների են մտահոգել: Օրերս Երեւանում էր նաեւ Ղազախստանի ՊՆ Ադիլբեկ Ջակսիբեկովը, ով Հայաստանի ՊՆ Սեյրան Օհանյանի եւ ՀՀ ԶՈւ ղե
կավար կազմի հետ քննարկել է մի շարք հարցեր, ստորագրվել է նաեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր: Ղազախ նախարարը հանդիպել է նաեւ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին:
Հայաստանը ՀԱՊԿ գործուն անդամ լինելուց զատ, նաեւ ՆԱՏՕ-ի լավագույն գործընկերներից է, ինչը բազմիցս հավաստվել է հայկական զինուժի գործընկերային հարաբերություններով: Եվ ԱՄՆ պետքարտուղարին պետք է անպատճառ հետաքրքրեր, թե պաշտոնական Երեւանն ինչ վերաբերմունք կդրսեւորի ՆԱՏՕ-ՀԱՊԿ հարաբերություններում:
Ահա այս առումով էլ, ըստ Երեւանի դիրքորոշման, Սպիտակ տունը կարող է հայկական կողմին որոշ խոստումներ տալ Արցախի խնդրի խաղաղ կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների ձեւավորման, Վրաստանի ոչ հաստատուն ու անվստահելի կեցվածքի չափավորման եւ Իրանին առնչվող միջազգային հարցերում Հայաստանի չեզոքության պահպանման աջակցության մասով: Վստահ ենք՝ Վաշինգտոնը պնդում է պատասխանները, բայց նաեւ հասկանում է, որ այս որոշումները պետք է համադրելի լինեն նաեւ Երեւան-Մոսկվա հարաբերությունների հետ: Կամ էլ՝ ցույց է տալիս, թե հասկանում է:
Հայաստանից Վրաստան գնալը գուցե հենց տեղավորվում է հայ-վրացական եւ ռուս-վրացական հարաբերությունների համապատկերում: Վրաստանը ցանկանում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ՝ գտնվելով ԱՊՀ-ական Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ: Այստեղ կա նաեւ իրանական խնդիրը, քանզի Հայաստանը հստակ ապացուցել է, որ Վրաստանը վստահելի գործընկեր չէ եւ Իրանի հետ մեր հարաբերությունները վտանգելով, հանուն ինչ-ինչ միջազգային ծրագրերի, մենք կարող ենք հայտնվել իրական շրջափակման մեջ, որովհետեւ Վրաստանն իր ամբողջ պատմության ընթացքում նենգ հարեւանի պես միայն օգտվել եւ չարաշահել է իր աշխարհագրական դիրքը, հատկապես երբ Հայաստանի վիճակը ծանր է եղել:
Չնայած Արեւմուտքի պարտադրմամբ վերջերս փոքր-ինչ լավացել են հայ-վրացական հարաբերությունները եւ փորձում են Երեւանին համոզել, թե Հայաստանի առջեւ ճանապարհները չեն փակվի, վրաց-թյուրքական հակահայ խաղեր չեն տրվի, եւ Վրաստանը այլեւս լավ հարեւան է:
Հայ-թուրքական արձանագրությունների վերարծարծումը խիստ անհրաժեշտ է ԱՄՆ-ին, սակայն Քլինթոնը հասկացրել է, որ Հայաստանին մեղադրելու հարց չկա, քանի որ «գնդակը դեռ Թուրքիայի դաշտում է, Հայաստանն իր գործն արել է: Ես ուրախ եմ տեսնելու, որ թե՛ Թուրքիայում եւ թե՛ Հայաստանում հասարակության մեջ շատ են քննարկումները, ինչը կարեւոր է երկու կողմերին էլ առաջ շարժվելու համար»:
ՀՀ նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են նաեւ ԼՂ հարցը, լուծմանը նպաստող տարբերակները, իսկ հայ-ադրբեջանական հակամարտության մասին պետքարտուղարը հնչեցրել է արդեն զզվեցնող արեւմտյան հիվանդագին ձեւակերպումները. «Մենք մտահոգված ենք այդ միջադեպի կապակցությամբ եւ բոլոր կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից՝ այս խնդիրը ռազմական լուծում չունի: Այս հիմնախնդիրը պետք է լուծել միայն սեղանի շուրջ՝ բանակցությունների միջոցով»: Եվ ուրեմն՝ արդարացված են հայկական կողմի պատասխան գործողությունները, որից մի նոր սադրանքի ելած ադրբեջանական զինուժի բաշիբոզուկներին սատկացրել են հայկական բանակի զինվորները:
Միանշանակ է, որ Միացյալ Նահանգների համար Հայաստանը Կովկասյան տարածաշրջանի միակ երկիրն է, որ միանշանակ չի պատրաստվում կատարել բոլոր հրահանգները կամ խնդրանքները: Վրաստանն ու Ադրբեջանը արդեն Արեւմուտքի եւ Իսրայելի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածություններ ունեն եւ հստակ գործելու են Իրանի դեմ, այսինքն՝ իրենց տարածքները տրամադրելու են անգամ ռազմական գործողությունների համար: Թուրքիան եւս այդ համաձայնությունը տվել է, նաեւ պարտավորված է դա անելու որպես ՆԱՏՕ-ի անդամ:
Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը հիմնականում խնդիրներ չունեն միմյանց հետ, իհարկե մասնակի հակասություններ կան, որոնք ազդեցիկ չեն, եւ այս երեք երկրները պարբերաբար եղբայրական հարաբերություններից են խոսում:
ԱՄՆ-ի համար մնում է Հայաստանը: Բայց Երեւանը իրապես լավ արտաքին քաղաքական գիծ է վարում, որը հնարավորություն չ
ի տալիս Արեւմուտքին մեղադրել Հայաստանին՝ հակաարեւմտյան քաղաքականության մեջ: Միաժամանակ, Ռուսաստանն ու Իրանը Հայաստանին դիտարկում են որպես միակ վստահելի գործընկերը տարածաշրջանում: Եվ հենց սա է պատճառը, որ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան եւ Թուրքիա այցերը բոլոր ուղղություններով ակամա շաղկապվում են հայկական գործոնի հետ՝ հայ-վրացական, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական, նաեւ հայ-ռուսական եւ հայ-իրանական ուղղություններով:
Իհարկե, խոսքը դեռ շատ հզոր հայկական գործոնի մասին չէ, որը կարող է առանձին շահեր հետապնդել Վաշինգտոնի հետ, բայց Մոսկվայի ու Թեհրանի վերաբերմունքը առավել հաստատուն է դարձնում Երեւանի դիրքերը: Իսկ ճիշտ եւ նպատակային գործելու դեպքում հեռու չէ այն օրը, երբ Հայաստանը «Նոր Մերձավոր Արեւելք» կամ նման մի այլ ծրագրում կդառնա հիմնական խաղացող օղակ եւ կվերատիրի ինչպես Արեւմտյան Հայաստանին, այնպես էլ Նախիջեւանին, Ջավախքին եւ այլ հայապատկան, բայց բռնազավթված տարածքների:
Հայկ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 21 (242), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



