Հունիսի 15-ին Երեւանում կանցկացվի քայլերթ՝ ՀՀ պետական դրոշի եւ ՀՀ պետական խորհրդանշանների տոների կապակցությամբ: Միջոցառմանը կմասնակցեն բազմաթիվ երեխաներ ու երիտասարդներ, պարային ու երաժշտական խմբեր: «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը հայտնել է, որ նախորդ տոնին ոգեւորությամբ են մասնակցել ուսանողներն ու դպրոցականները, ուստի այս տարի տոնական քայլերթը կիրականացվի ավելի մեծ ծավալներով: ՀՀ պետական խորհրդանշաների օրը բոլորիս տոնն է՝ անկախ մասնագիտությունից, սոցիալական դիրքից, ապրելու վայրից եւ քաղաքական կողմորոշումից, այն համազգային տոն է, որը պետք է համախմբի բոլորիս մեր պետական խորհրդանշանների շուրջ:
Օրերս նշվեց նաեւ ընկերների միջազգային օրը, ինչը շատ հայեր, որպես միջազգային տոն, առաջին անգամ նշեցին: Մեզանում ընկերասիրությունը ամենագնահատվող նշաձողերից մեկն է կյանքում, այն ամենօրյա նվիրվածություն է պահանջում, եւ ընկեր բառի հոմանիշը հայի համար եղբայրն է, որով ամեն բան ասված է: Իսկ որպես միջազգային տոն՝ այն ծնվել է ԱՄՆ-ում 1935թ., երբ Կոնգրեսը օգոստոսի առաջին կիրակին հռչակել է Ընկերության ազգային օր, ինչը նշվում է ամեն տարի, բայց ոչ պաշտոնապես: Այս տոնը նշվում է բազմաթիվ երկրներում:
Նշեցինք, որ հայի համար ընկերն արյունակից եղբոր համարժեք նշանակությունն ունի, իսկ ահա հանրահայտ Ժան–Ժակ Ռուսոն ընկերության մասին այսպես է ասել. «Եթե ընկերությունը մի օր ավարտվում է, ուրեմն այն չէր էլ սկսվել»: Եվ մարդիկ դեռ դժվարանում են զատել ընկերոջն ու ծանոթին, ինչպես հաճախ շփոթում են հանճարին եւ տաղանդավորին…
Մենք հաճախ նաեւ ավելորդ ընկերասիրություն ենք ցուցաբերել եւ ցուցաբերում օտարների, անգամ թշնամիների նկատմամբ, եւ իզուր չէ, որ Երեւանում կազմակերպված հայկական եւ թուրքական մի համատեղ նախագծի թուրքական կողմի համակարգող Օվգյու Գյոկչեն հայերի ու թուրքերի մասին խոսելիս ասել է. «Հայերն ընկերասեր, ընկերաբար տրամադրված ժողովուրդ են»…
Սեփ. լրատվություն
Հայաստանում լավ էլ ազգային հանդուրժողականություն կա
Երեւանում մեկնարկած Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի 3-րդ շրջանի ստուգողական սեմինարի շրջանակներում Եվրոպայի խորհրդի խորհրդատվական կոմիտեի ներկայացուցիչ Գժերչ Սինանին, ով ներկայացնում է Ալբանիան, զեկույցում ասել է. «Հայաստանը արդյունավետ քայլեր է ձեռնարկել ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի իրականացման ուղղությամբ եւ դրսեւորել կառավարական մոտեցում»:
Բայց նաեւ նշվել է, որ ՀՀ իշխանությունների ստանձնած որոշ պարտավորություններ չեն իրականացվել տնտեսական ճգնաժամի պատճառով:
Այնուամենայնիվ ընդգծվել է, որ Հայաստանում հանդուրժողականության բարձր մթնոլորտ է տիրում. «Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները երբեք չեն նշել անհանդուրժող վերաբերմունքի մասին: Հակառակ տնտեսական ճգնաժամով պայմանավորված սուղ հնարավորություններին՝ ՀՀ իշխանությունները փորձում էին ռեսուրսներ հատկացնել ոչ միայն կրթության, այլ նաեւ‘ավանդույթների եւ մշակույթի պահպանման ու զարգացման համար: Բայց նման մթնոլորտում առկա է լարվածություն հայաստանաբնակ եզդիների եւ քրդերի միջեւ, թեեւ իշխանությունները հնարավորինս փորձում են լավ հարաբերություններ ստեղծել այդ երկու համայնքների միջեւ»:
Սինանին հայտնել է, որ իրենք տեսել են հակասեմիտական հայտարարություններ մի քանի հեռուստաալիքներում, մասնավորապես՝ ԱԼՄ-ում (այս հեռուստաալիքն այլեւս չի գործում – Գ.Վ.), եւ դրան բավարար արձագանք չի եղել երկրի ղեկավարության կողմից: ՀՀ իշխանություններին կոչ է արվել՝ միջոցներ ձեռնարկել նման վարքագիծ դրսեւորած մեդիաներին պատժելու ուղությամբ:
Զեկույցը զեկույց, բայց կարեւորն այն է, որ մեր իշխանությունները կոչը իբրեւ պարտադրանք չընդունեն՝ հենց նույն եվրոպաներին հիշեցնելով իրենց իսկ եվրաստանդարտները խոսքի ու մամուլի ազատության, բազմակարծության գոյության իրավունքի մասին:
Հետաքրքիր բան է ստացվում՝ ամբողջ աշխարհում կարելի է քլնգել բոլորին, բացի հրեաներից: Ու չնայած միայն հրեաները չէ, որ սեմիտներ են, բայց նրանք հասել են այն բանին, որ հակասեմականություն ասվածը ենթադրում է միայն հակահրեականություն:
«Մալադե՜ց», լավ էլ աշխատել են…
Գոհար Վանեսյան
Չախալյանը՝ ընդդեմ Վրաստանի
2012թ. հունիսի 14-ին մարդու իրավունքների գծով միջազգային փորձագետ, դոկտոր Ֆերնան դը Վարենը Երեւանում ներկայացրել է իր պատրաստած «Ազգային փոքրամասնություն լինելու վտանգները. Մարդու իրավունքները եւ Չախալյանն ընդդեմ Վրաստանի» զեկույցը, որը նվիրված է ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի ձերբակալության ու դատավարության քաղաքական-իրավական ասպեկտներին:
Զեկույցին հաջորդել է քննարկում, որը վարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Քննարկմանը մասնակցել են նաեւ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը եւ Ռազմավարական մշակումների կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Սեփ. լրատվություն
Պատերազմին պատրաստվենք, որ խաղաղ ապրենք
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ Էյմոն Գիլմորին:
Այցի նպատակը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելն է:
Հանդիպմանը անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին: Կարեւորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությունը՝ որպես բանակցային գործընթացի գործուն եւ միակ ձեւաչափ: ԱԺ նախագահը մտահոգություն է հայտնել վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների եւ ոտնձգությունների համար, դատապարտել է դրանք՝ նշելով, որ միջազգային հանրությունը պետք է արժանի գնահատական տա Ադրբեջանի պահվածքին: «Եվրոպան կարեւորում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով՝ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա».- հայտնել է Գիլմորը՝ շեշտելով, որ իրենք «ուժի գործադրում չեն ընդունում, եւ հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել: Իրավիճակի որեւէ սրում անթույլատրելի է: Պետք է շարժվել առաջ՝ դեպի խաղաղ կարգավորում»:
Այս սովորական տեքստերը պետք է ասվեն ադրբեջանական կողմին, որովհետեւ թուրքի կողքին ոչ ոք ու երբեք խաղաղ չի ապրել ու չի ապրի: Իսկ մեզ, անշուշտ, խաղաղություն պետք է: Ուրեմն՝ հարկ է պատրաստվել պատերազմի:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 22 (243), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



