Երեկ նախատեսված Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը հետաձգվել է:
Այն կկայանա այսօր՝ հունիսի 15-ի երեկոյան:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հավաստմամբ՝ «ոչ մի լուրջ պատճառ չկա, զուտ տեխնիկական խնդիրների պատճառով»:
Եթե հաշվի առնենք այն, որ այօր ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվելու է կառավարության կազմը, ապա տեխնիկական խնդիրը հենց դա էր, այն է՝ նոր կազմի նշանակման հետ կապված դեռ որոշակի անհայտներ են եղել:
Կանխատեսումներ չանենք, թե ովքեր են լինելու կառավարության նոր կազմում: Մեր աղբյուրները վստահեցնում են՝ դա լինելու է հին նոր կազմ կամ՝ գլխավորապես հին նոր կազմ, եւ արմատական փոփոխություններ չեն արվի՝ հաշվի առնելով առաջիկա նախագահական ընտրությունները:
Կազմի մասին այսօր կտեղեկանանք, բայց կարեւորենք մի բան: Այն է՝ փոփոխությունները եթե անգամ արմատական են, բայց ինքնանպատակ, ապա արդարացված չեն: Որովհետեւ ինքնանպատակ փոփոխությունից միշտ տուժում են հատկապես այն ոլորտները, որոնցում հաջողվել է որոշակի ծրագրեր գցել «գնացքի գծերին»՝ զուտ տվյալ ոլորտի առաջին դեմքով պայմանավորված: Ու այդ առաջին դեմքի փոփոխությունը հանգեցնում է «գծերից դուրս» վիճակին: Եվ տվյալ ոլորտում սկսված բարեփոխումները մնում են առկախ. կամ հաջորդ ղեկավարը սկսում է նոր բարեփոխումներ՝ իբր «հնի ինադու», ու …մեջ անում արդեն գրանցված հաջողությունները…Մի խոսքով, կազմը թող որոշվի իսկապես 7 անգամ չափելուց ու 1 անգամ կտրելուց հետո միայն:
Խորհրդարանը չի՞ ծնի այլընտրանք
Խորհրդարանը մտնում է աշխատանքային ռիթմի մեջ, իսկ այլընտրանքային ընտրությունների միջոցով իշխանափոխության «ճանապարհային քարտեզները» շարունակվում են մերթ ընդ մերթ հայտնվել հանրային քննարկումներում: Ազգային Ժողովի ընտրություններից առաջ եւ հետո էլ խոսք եղավ այլընտրանքային խորհրդարանի ձեւավորման մասին, որը պետք է կազմվեր արտախորհրդարանական քաղաքական ուժերից: Բայց շարունակություն չեն ստանում առաջարկները եւ հազիվ թե ներկայումս դա ստեղծելու հնարավոր տարբերակ լինի, քանի որ քաղաքական ուժերը զբաղված են իշխանական եւ ընդդիմադիր ուժերի հետ բանակցություններով:
«Լուսանցք»-ի էլհասցեով մի նամակ ստացանք, որը հիշեցնում էր, թե ինչպես էր 1989թ. հայկական խորհրդարանը կոմունիստներից ազատելու համար ստեղծել նախախորհրդարան եւ անգամ ժամանակավոր կառավարություն էր կազմվել… Դա այն ժամանակներն էր, երբ ձերբակալվել էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, եւ այլընտրանքային քաղաքական շարժումներ էին սկսվել Հայաստանում՝ անկախական եւ ռազմա-քաղաքական:
2006թ. գործող խորհրդարանին զուգահեռ հայ ազգայնականները եւս փորձեցին այլընտրանքային խորհրդարան ձեւավորել եւ ավելի քան 20 կազմակերպություններ (ազգայնական, ժողովրդավարական, համայնավարական եւ այլ քաղաքական ուղղվածությամբ) Հայ Արիական միաբանության նախաձեռնությամբ ստեղծեցին Ազգային համաձայնության խորհրդարանը, որը որոշ ժամանակ գործելուց հետո շարունակություն չունեցավ: Թե այժմ այլընտրանքային խորհրդարան ասողներն ինչ նկատի ունեն եւ ինչպես են դա պատկերացնում, դեռեւս հստակ չէ, բայց չի բացառվում, որ կարող է մի պահի, որոշակի քաղաքական պայմաններում դրա ստեղծումը իրատեսական լինի:
Հատկապես ընդդիմադիր դաշտից հնչում են հայտարարություններ, թե ընտրություններից հետո ոչինչ չի փոխվել եւ, անդրադառնալով դրան, իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ իրականում փոփոխություններն ակնհայտ են: Անգամ զլմ-ներ եղան, որ խորհրդարանական ընտրություններից հետո նկատեցին «օլիգարխիան քաղաքականությունից առանձնացնելու» հետեւողականություն: Նշվեց, թե «օլիգոպոլիայի վառ ներկայացուցիչ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը առանձնացվեց իշխող կոալիցիայից», եւ դա առաջին մեծ քայլն էր օլիգարխիան քաղաքականությունից առանձնացնելու համար: Այս տեսության հետեւորդները վստահ են, որ դժվար թե Արեւմուտքը հասկանար սեփական կուսակցությունը՝ ՀՀԿ-ն ձեռնարկատերերից մաքրելու նախագահ Սերժ Սարգսյանի քայլերը, «եթե վերջինս կոալիցիա կազմեր ՀՀ թիվ մեկ օլիգարխի կուսակցության հետ»: Կարծիք կա, որ եթե ՀՀԿ-ում անցյալ խորհրդարանի համեմատ զգալիորեն կրճատվել է գործարարների թիվը, ապա ԲՀԿ-ում հակառակ գործընթացն է, իսկ ըստ այս տեսակետն արտահայտողների, «օլիգարխները չպետք է եւ չեն կարող իրենց կամքը թելադրել ՀՀ նախագահին»:
Չնայած վերոնշյալ տեսակետների առկայությանը եւ ԲՀԿ-ի կողմից հայտարարված «խիստ կառուցողական ընդդիմադիր կեցվածքին»՝ մի շարք մեկնաբաններ նշել են, որ նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ն կվերադառնա իշխանական կոալիցիա: Իսկ նախագահական ընտրությունները հեռու չեն եւ գործող նախագահի անվան կողքին տրվում են նաեւ ՀՀ 1-ին եւ 2-րդ նախագահների անունները: Եթե Լ. Տեր-Պետրոսյանի հարցում կասկածներ գրեթե չկան, որ կառաջադրվի, ապա՝ «կառաջադրվի՞ արդյոք Ռ. Քոչարյանը» հարցը հնչում է պարբերաբար: 2013թ ՀՀ նախագահի ընտրություններից առաջ պնդումները, թե Սարգսյան-Քոչարյան զույգը ըստ անհրաժեշտության կմիավորի ուժերը, ավելի հավանական են համարվում:
Անգամ տեսակետ կա, որ 2-րդ անգամ ՀՀ նախագահ ընտրվելուց հետո գործող նախագահը վարչապետ կնշանակի Քոչարյանին, քանզի սա մեկ նախագահի թեկնածու ունենալու լավ պայման է:
Հատկապես Արցախի խնդրի կարգավորման հարցում այս զույգը միշտ համախմբում է ուժերը: Իսկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կովկասյան շրջայցը ուշադրություն հրավիրեց մի քանի պատճառներով, այդ թվում՝ արցախյան խնդրի լուծման առումով:
Եվ չնայած ԲՀԿ-ն լքեց կառավարող կոալիցիան եւ բացառված չէ, որ ՀՀ 2-րդ նախագահի հետ դեռ քննարկի 2013թ. նախագահական ընտրություններին մասնակցելու հարցը, բայց, ըստ մեր այլ տեղեկությունների, Ռոբերտ Քոչարյանին զայրացրել է Գագիկ Ծառուկյանի եւ Վարդան Օսկանյանի անունների (որպես նախագահի հնարավոր թեկնածուներ) արծարծումը հաջորդ նախագահակյան ընտրություններից առաջ:
ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի ստորագրած կոալիցիոն հուշագիրը բաց է եւ այլ քաղաքական ուժեր էլ կարող են միանալ, ինչը եւս չի բացառում նոր քաղաքական ծավալումների հնարավորությունը ՀՀ նախագահի ընտրության օրերին:
Հայկ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 22 (243), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



