Հակամարտություն (1-ին մաս)
Արեւապաշտական գաղափարախոսության օրինական ու կեղծ ժառանգորդները
Փոքր Ասիայի աշխարհահայացքի փիլիսոփայության հիմքը բոլոր ժամանակներում ամենակարող եւ ամենակատարյալ ուժի՝ արեւի, հրի կրակի, գաղտնագրված ճակատագրի գաղափարն է եղել: Համոզված եմ, մեր տարածաշրջանին վերաբերվող յուրաքանչյուր դիտարկում արեւապաշտական գաղափարախոսության ենթատեքստից դուրս թերի է եւ առանց որի անհնարին է անհրաժեշտ խորությամբ հասկանալ տարբեր ուժերի կառավարման իրավունքը Փոքր Ասիայի տարածքներում՝ ինչպես անցյալում եւ ներկայում, այնպես էլ ապագայում:
Մ.թ.ա. 1300-ին, արեւապաշտության գաղափարախոսության ժառանգորդ հայոց էթնոսի իրավունքները երկրորդ անգամ վիճարկվեցին Կիլիկիայում, Տրոյական պատերազմի ժամանակ, որը տեւեց տաս տարի եւ ավարտվեց հելլենական աշխարհի նահանջով: Տրոյական պատերազմում Հորոյի որդի Զարմայրը ներկայացրեց եւ պաշտպանեց հայոց ժառանգական իրավունքը, արեւապաշտական դիցական գաղափարախոսությունը եւ դրանից բխող հայ էթնոսի թագակիր իրավունքը: Զարմայրը մասնակցում էր աստվածների կռվին եւ կրում էր իր վրա Հայկ Նահապետի ավանդական կոչումը, տիտղոսը՝ (Հ)սկայ:
Տրոյական պատերազմի ավարտից հետո Արարատյան թագավորությունը վերահաստատեց իր ժառանգական իրավունքը եւ ձեւավորվեց հայկական մի նոր կայսրություն, որը հիմնված էր արեւապաշտական գաղափարախոսության վրա: Օտարները նոր միավորումը կոչեցին Ուրարտու, որը կենաց պայքարի մեջ էր լուսնապաշտական Ասորիքի հետ: Մ.թ.ա. 612թ. արդեն իրեն սպառած Ասորիք (Աշշուր) կայսրությունը կործանվեց Մարաց արքա Կիաքսարի, Բաբելոնի արքա Նաբուպալասարի եւ Հայոց գահակալ Պարույրի կողմից:
Մ.թ.ա. 595-585-ն ժամանակահատվածում, այսինքն՝ Ռուսա-4-րդի թագավորության տարիներին Ուրարտուն լուծարվեց, եւ իշխանությունը փոխանցվեց Հայքի գահակալ Պարույրին: Մ.թ.ա. մոտ 570-560թթ. Հայքի գահակալ Պարույրի օժանդակությամբ Հայոց գահին նստեց Որոնտես Երվանդ 1-ը, որին ընդունված է անվանել Սակավակյաց: Իշխանությունը եւ գլխավոր գաղափարախոսի իրավունքներն անցան վիշապասանձ Երվանդունիներին (Երվանդունիների ամենահայտնի վիշապասանձը Տիգրան Երվանդյանն էր), որոնք անմիջապես ձեւավորեցին Արմինա գահակալությունը: Հայոց դիցարանը վերաձեւավորեց՝ համաձայն նորաստղծ Հայ-Արիք համադաշնության «Ավեստա»-ի գաղափարախոսության:
Ուրարտուի լուծարումից հետո հունա-հելլենական աշխարհը անմիջապես սկսեց Հայքի արեւապաշտական գաղափարախոսության դեմ կռվի դուրս գալու հնարավորություններ փնտրել: Այդ խնդիրը լուծելու համար կործանված Ասորիքից հելլենական աշխարհ տեղափոխված Հոմերոսը, Ուրարտուի լուծարման փաստը օգտագործելով, Տրոյական պատերազմի ավանդազրույցների հիման վրա կազմեց հելլենական աշխարհի գլխավոր պատումը՝ Իլիականը՝ ապահովելով հելլենական աշխարհի ապագա պատերազմների համար գաղափարական հիմք:
Ասորիք կայսրության անկումից հետո արեւապաշտական գաղափարախոսության եւ հայոց թագակիր իրավունքի դեմ Փոքր Ասիայում հիմնական պայքարողը մ.թ.ա 590թ. դարձավ հունա-հելլենական աշխարհը Լիդիայի առաջնորդությամբ:
Մ.թ.ա. 590թ. մարաց արքա Ուվախտաշար-Կիաքսարը, ելնելով իր շահերից, նաեւ արեւապաշտական եւ հայոց իրավունքները պաշտպանելու նպատակներից, բանակով շարժվեց Փոքր Ասիայի արեւմուտք, դեպի Լիդիական թագավորություն: Մ.թ.ա. 585թ. Գալիս գետի մոտ, ճակատամարտի ժամանակ տեղի ունեցավ արեւի խավարում, հակամարտողները խավարումը ընդունեցին որպես հավասար զգուշացում երկու կոմերին՝ աստվածների կողմից: Նրանք գիտեին, որ այս կռվից հաղթանակած դուրս եկածը հայոց կողմից կպահանջի ճանաչում: Խավարումից վախեցած կողմերը կնքեցին հաշտության պայմանագիր, որը ամրագրվեց երկու գահակալների զավակների ամուսնությամբ: Այսպիսով, Լիդայի եւ ապագա արեւապաշտական համադաշնության պայմանական սահմանը մ.թ.ա 585թ. անցնում էր Գալիս գետով ակունքով: Մ.թ.ա 562-547-ն ընկած ժամանակահատվածում Լիդիան Կրեզի թագավորության տարիներին հասավ իր ծաղկման գագաթնակետին, Կրեզը կարողացավ նվաճել Փոքր Ասիայի լավագույն քաղաքները՝ դարձնելով իրեն հարկատու:
Մ.թ.ա. 550թ. Մարական թագավորության ներսում ձեւավորվում է նոր իրավիճակ, Մարաց թագավոր Իշտուվահու-Աստիահայի դեմ դուրս է գալիս Կամբիսի զավակ եւ Իշտուվահու-Աստիահայի թոռ Կուրուշը կամ Կիրուշը: Մ.թ.ա. 553-ին Կուրուշը գահընկեց արեց իր պապ Մարաց արքա Իշտուվահու-Աստիագաին եւ դարձավ երկու երկրների գահակալ…
Մ.թ.ա. 546թ. Կուրուշը, օգտվելով Տիգրան Երվանդյանի եւ Բաբելոնի արքա Նաբունաիդի անհամաձայնություններից, արեւմուտքում նվաճեց Լիդիան, գերեւարեց Կրեզին եւ մահապատժի ենթարկեց խարույկի վրա, ապա 539թ. արեւելքում գրավեց Բաբելոնը՝ հայտարարելով իրեն երկրների եւ Բաբելոնի
արքա:
Հեռատես Կուրուշը մ.թ.ա. 538-ին թույլ տվեց հրեաներին վերադառնալ Պաղեստին բաբելոնական գերությունից եւ վերականգնել Երուսաղեմի տաճարը, որից հետո եւ ճանաչվեց արդեն Արքայից Արքա: Լիդիայի անկումից հետո արեւապաշտության գաղափարախոսության ժառանգորդ հայոց էթնոսի ժառանգական թագակիր իրավուքները, ըստ էության, վերջնականապես վիճարկվեցին Կուրուշի կողմից:
Աքեմենյան թագավորական տան ժառանգորդ Կուրուշի վարած քաղաքականությունը եւ իրեն Արքայից Արքա հայտարարելու փաստը կրակապաշտական հունա-հելլենական աշխարհին հանգիստ չէր տալիս, քանի որ նրանք նույնպես ձգտում էին կրել Արքայից Արքա տիտղոսը եւ ճանաչվել հայոց կողմից: Վճռական գործողությունների անցնելու համար հունա-հելլենական աշխարհից պահաջվեց 200 տարի, առաջացած գերխնդիրը փորձեցին լուծել Ալեքսանդր Մակեդոնացու հրամանատարությամբ եւ Արիստոտելի գաղափարական առաջնորդությամբ՝ այս անգամ Մակեդոնիայից: Մենք չգիտենք, թե հանուն ինչի Արիստոտելը գնաց կեղծման ճանապարհով, սակայն փաստ է, որ Արիստոտելի միջոցով համայն աշխարհը տեղեկացավ այն մասին, որ Ալեքսանդրը համարվում է արեւապաշտական գաղափարախոսության միակ ժառանգորդը: Հունա-հելլենական կրակապաշտական աշխարհը օգտագործելով Արիստոտելի գիտելիքները եւ Ալեքսանդրի զինվորական տաղանդը՝ պատրաստվում էր ուժով եւ խորամանկությամբ կեղծ ժառանգական իրավունքով աշխարհակալ դառնալու: Այս ծրագիրը Արիստոտելի եւ Ալեքսանդրի համար ողբերգական ավարտ ունեցավ:
Ալեքսանդր Մակեդոնացու անցած ճանապարհը բազում վերլուծություններ ունի, սակայն Ալեքսանդրի մարտավարությունը երբեք չի դիտարկվել դավանաբանական տեսանկյունից, ինչն էլ մենք կիրականացնենք այս քննախուզության մեջ:
Արեւմուտքի համոզմամբ՝ Արիստոտելը խորությամբ գիտեր արեւապաշտական գաղափարախոսությունը, ամբողջությամբ տիրապետում էր արեւապաշտական համադաշնության ներքին կառուցվածքին, հստակ գիտեր՝ ով է արեւի պատմական գաղափարակիրը եւ ով է այն կրում ժամանակավոր: Ըստ այդմ՝ նոր կենտրոնին նաեւ հարկավոր էր գիտակ, ով տիրապետում էր արեւապաշտական հավատամքի գիտելիքներին: Այդ անձը հռչակավոր Արիստոտելն էր, Արիստոտելի հոգեւոր սանը դարձավ Մակեդոնական թագավոր Ֆիլիպ (Փիլիպոս) 2-րդի յոթամյա որդի Ալեքսանդրը: Նշենք նաեւ, որ մակեդոնական թագավոր Ֆիլիպ 2-րդի որդու, ապագա աշխարհակալի դաստիարակությամբ զբաղվում էր Միրտալան-Օլիմպիադայի ազգական Լեոնիդը:
Համաձայն ավանդապատումների՝ Ալեքսանդր Մակեդոնացու հայրը՝ Ֆիլիպ (Փիլիպոս) 2-րդը սերում էր Կարանից, որ Հերակլեսի 16-րդ սերունդն էր, Հերակլեսը Ալկեմոնի որդին էր՝ սերված Զեւսից: Ալեքսանդրի մայրը՝ Միրտալա-Օլիմպիադան սերում էր Էակիդների տիրակալներից, ովքեր էլ իրենց hերթին սերվում էին Տրոյական պատերազմի հերոս Աքիլլեսից: Աքիլլեսի հայր Պելեյան համարվում էր ծովերի աստվածուհի Ֆետիդայի որդին, իսկ աստվածուհի Ֆետիդայի հայրը ծովային ծերունի Ներեյն էր: Այսպիսով, Արիստոտելը Ալեքսանդրի ծագումնաբանությունը հայրական եւ մայրական կողմից բերում եւ հասցնում է հրապաշտական աշխարհի «ջուր եւ հուր» խորհրդանշաններին: Ըստ ծագումնաբանության, Ալեքսանդրը հայրական կողմից սերում է աստվածների հայր Զեւսից, այսինքն՝ «հուր»-ից է, իսկ մայրական կողմից՝ Ներեյից, այսինքն՝ «ջրից»:
Անդրադառնանաք Դարեհի ծագումնաբանությանը: Նրա հայրն էր Արսամը՝ որդին Օստանի, Օստանի հայրն էր Դարեհ II-ը: Մինչեւ Հայ-Արիքի համադաշնության գահակալ դառնալը, Դարեհը կրում էր Կոդոման կամ Կոդոմաննա անունը: Հոր՝ Արսամի մահից հետո մ.թ.ա 344թ. Արտաքսերես II-ի կողմից նշանակվեց Հայաստանի գահակալ, մ.թ.ա. 338-ին պալատական կավատ Բագոյը թունավորեց Արտաքսերես II-ին, իսկ մ.թ.ա. 336-ին ոչնչացրեց ապագա գահակալ Արզեսին եւ Կոդմոնին առաջարկեց Հայ-Արիքի գահակալությունը: 45 տարեկան հասակում Կոդմոնը ձեռնադրվեց Հայ-Արիք համադաշնության Արքայից Արքա եւ ստացավ Դարեհ III-անունը՝ ի պատիվ Դարեհ I-ի: Իր հերթին Դարեհ III-ը ոչնչացրեց Բագոյին: Աքեմենյան թագավորական տան 13-րդ գահակալը արեւապաշտական համադաշնության գահին բազմեց 336-330 թթ.:
Ինչպես երեւում է, Կոդմոն-Դարեհը չունի աստվածային ծագումնաբանություն եւ, հետեւաբար, նա արդեն զիջում է Ալեքսանդրին: Ըստ Արիստոտելի, Դարեհը չունի աստվածային սկիզբ, այդ իսկ պատճառով Ալեքսանդրի համար արժանի հակառակորդ չէր: Եվս մեկ անգամ շեշտենք, ապագա հակամարտության բոլոր կողմերի համար էլ հասկանալի էր, որ տարածաշրջանի արեւապաշտական գաղափարախոսությունը եւ նրանից բխող գահակալելու 3000 տարվա իրավունքը մշտապես պատկանել է հայկական էթնոսին եւ, բնականաբար, կողմերը հնարավորինս չեզոք վերաբերմունք էին ցույց տալիս հայոց արքունիքին, քանի որ տարածաշրջանում հաղթանակած ցանկացած կողմ անմիջապես իր գահակալելու իրավունքը հաստատում էր հայկական կողմի միջոցով:
Շուրջ 200 տարի, այսինքն՝ Ուրարտուի լուծարումից հետո հունա-հելլենական աշխարհը չէր կարողանում գտնել հայոց արեւապաշտական գաղափարախոսության դեմ պայքարի ձեւ: Արեւապաշտական աշխարհի դեմ դուրս գալու համար պատեհ առիթ եղավ Երվադունիների անհեռանկար որոշումը: Երվանդունիների համաձայնությամբ մ.թ. ա. 500թ.-ից սկսած համայն արեւապաշտական գլխավոր կենտրոն համարվող Հայաստանը իր թագակիր լինելու իրավունքը կիսեց մարերի հետ, որոնցից այդ իրավունքը նվաճեցին պարթեւները: Ըստ էության, հարկավոր է շեշտել, որ նորաստեղծ համադաշնության միջուկը կազմված էր արեւապաշտական գաղափարախոսությունը ներկայացնող հայերից, մարերից, պարթեւներից, որոնց միջեւ մշտապես կոշտ պայքար էր գնում Հայ-Արիքի համադաշնության մեջ: Իշխանությունը բաժանվում էր 3 էթնոսների: Ըստ արքունիքի զբաղեցրած դիրքի, համադաշնության մեջ կողմերը ներկայանում էին հետեւյալ դիցաբանական եւ կրոնական իրավունքներով՝
1. մարական կողմը ներկայացնում էր ԶերՎանին՝ անսկիզբ եւ անվերջ ժամանակին եւ կրում էր քրմապետական իրավունքը,…
2.պարթեւական կողմը ներկայացնում էր Ահուրամազդային, նրան, ով աստծո հուրն է տալիս, եւ կրում էր Արքայից Արքա տիտղոսը,
3. հայկական կողմը ներկայացնում էր Միհրին, նրան, ով ապահովում է հավասարությունը, եւ կրում էր արդարավճիռ դատավորի տիտղոսը,
4. համադաշնության կառավարումը իրականացվում էր տվյալ պահին արեւապաշտական աշխարհի կողմից ճանաչված ամենահզոր գահակալի կողմից, որը կրում էր Արքայից Արքա տիտղոսը եւ համարվում էր համադաշնության տիրակալը եւ գլուխը, գահակալի իրավունքը ճանաչում էր նաեւ կրակապաշտական աշխարհի կողմից:
Համադաշնությունը բաժանվեց 20 սատրապությունների, այսօրվա ընկալումներով՝ պետական սուբյեկտների, որոնք կենտրոնին վճարում էին հարկեր եւ տալիս էին զինուժ: Հայ-Արիք համադաշնության մեջ Հայքը ներկայացվում էր երեք սուբյեկտներով՝ Մեծ Հայք, Փոքր Հայք եւ Ծոփք:
Ալեքսանդրի արշավանքը նախապատրաստող ռազմավարները հստակ տեղյակ էին, որ պարթեւները արեւապաշտական աշխարհի գլուխ էին դարձել ոչ թե իրավունքով, այլ բռնի ուժով՝ խլելով այն մարերից: Մարերը երբեք չեն հաշտվել այս մտքի հետ, որ գլխավոր տիտղոսը կրելու իրավունքը խլվել է իրենից, եւ այն հետ ստանալու համար հզոր ապստամբություններ են կատարել ընդհուպ մինչեւ մ.թ.ա. 410թ.-ն:
Հունա-հելլենական աշխարհը ընդունել է արեւապաշտական գաղափարախոսության գլխավոր առանձնահատկությունը, որը ճանաչում է հայկական էթնոսի գահակալ լինելու ժառանգական իրավունքը: Սակայն, մեծ հավատը Արիստոտելի գիտելիքների նկատմամբ հույս էր ներշնչել հելլենական աշխարհին, որ աստվածները կընդունեն Ալեքսանդրին որպես Արեւորդի: Հունա-մակեդոնական աշխարհը եւ երիտասարդ Ալեքսանդրը, հենվելով Արիստոտելի դիցաբանական գիտելիքներին, համոզված էին, որ ռազմի դաշտում աստվածածին Ալեքսանդրը պարտության կմատներ եւ կոչնչացներ մահկանացու Դարեհին, Աքեմենյան տոհմի ներկայացուցչից արդարաբար հետ կվերցներ արեւապաշտական գերագույն խորհրդանշանները եւ Արքայից Արքա տիտղոսը: Իսկ հայոց արքունիքը, որպես ժառանգական արեւապաշտ եւ Արեւապաշտական համադաշնության արդարավճիռ դատավոր եւ թագադիր, կհաստատեր Ալեքսանդր Արեւորդու ժառանգական իրավունքը: Երկու գաղափարական աշխարհներում բացարձակ հեղինակություն ունեցող Արիստոտելը, շնորհիվ իր հզորագույն գիտելիքների, այս աշխարհակալական կռվում Ալեքսանդր-Դարեհ հակամարտության մեջ Հայ-Արիքի համադաշնության դեմ դուրս էր եկել մի ծրագրով, որի հիմքը կազմում էր արեւապաշտական դավանաբանության եւ գաղափարախոսության ժառանգորդ լինելու Ալեքսանդրի կեղծ իրավունքը: Հունա-մակեդոնական աշխարհում Արեւորդի ճանաչված Ալեքսանդրը պարտավոր էր արշավանքի դուրս գալ արեւելք՝ վերցնելու «արեւ՝ արծվի թեւերով», «մեծ լույս կամ արեւ», «արքայից արքա» գլխավոր արեւապաշտական տիտղոսները, որ, ըստ Արիստոտելի, պատկանում էր Ալեքսանդրին «ժառանգական իրավունքով»:
Շարունակելի
Արամ Մկրտչյան, Գերմանիա
«Լուսանցք» թիվ 22 (243), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



