Հ ա կ ա մ ա ր տ ու թ յ ու ն
Ինչպես հայկական զորաբանակը
խափանեց աշխարհակալ Մակեդոնացու ծրագրերը
Սկիզբը՝ թիվ 22-ում
Ըստ էության, հունա-հելլենական աշխարհը արեւելքում պատրաստվում էր հայկական կողմին ապացուցել իր գերակայությունը, հետո ճանաչվել հայկական կողմից որպես աշխարհակալ, նաեւ՝ որպես արեւապաշտական խորհրդանշանների կրող, եւ նրա ներքո միանձնյա հանդես գալ որպես իր բացառիկ իրավունքի տեր:
Արեւելյան արշավանքը սկսելուց առաջ Ալեքսանդրը Տրոյայի ավերակներում աստվածներին նվերներ մատուցեց եւ շարժվեց առաջ: Ալեքսանդրի բանակը իր արեւելյան արշավանքը սկսեց՝ զինված արեւապաշտական գաղափարախոսությանը հայտնի բոլոր ատրիբուտներով: Նա, որպես գլխավոր արեւապաշտ, հունա-մակեդոնական արշավանքների ժամանակ նույնիսկ կրկնեց «Արեւի երկրպագման» գաղափարախոսների՝ հուրրիների երբեմնի անցած ճանապարհը:
Արեւի խորհրդանիշեր
Մակեդոնական վահանների խորհրդանշան
Նկար-1
Մակեդոնացու դեմ Արեւապաշտական Համադաշնությունը դուրս էր բերել իր ողջ զինուժը՝ կազմված 312 հազ մարդուց, որտեղ պարթեւները առաջինն էին, մարերը՝ երկրորդը, հայերը՝ երրորդը: Անպատճառ կարելի է համոզված ասել, որ Ալեքսանդրի արշավանքի հաջող ընթացքը կապված էր մարաց եւ հայոց զորագնդերի, նրանց արքունիքի վարած մարտավարության հետ: Արեւապաշտական Համադաշնության բանակի զինվորները, որպես բարձրագույն խորհուրդ, իրենց աջ ուսին կրում էին խաչի նշանը:
Դարեհը կռահում էր, որ Ալեքսանդրը իր դեմ օգտագործելու է մարերին: Այդ մասին Դարեհը խոսում է Իսոսի ճակատամարտի նախօրյակին, սրան զուգահեռ Պլուտարքոսը ասում է, որ Դարեհին «հավաստիացրել» են առաջիկա ճակատամարտի հաջողության մեջ նրա երազը մեկնած մոգերը, որոնք միայն մարեր էին: Գավգամելայի ճակատամարտից առաջ արտասանած իր ճառում Դարեհը նորից նշում է մարերի անհուսալիության մասին:
Ճակատամարտի նախօրերին մակեդոնացիների կողմից շրջանառության մեջ էր դրվել այն տեղեկությունը, որ Ալեքսանդրը պատրաստվում է մարտի ժամանակ անձամբ սպանել Դարեհին: Դարեհը իր բանակի ընդհանուր մարտավարությունը կազմել էր նաեւ եղած տեղեկությունների հիման վրա:
Այսպիսին էր Գավգամելայի ճակատամարտի ընթացքը եւ զարգացումը՝
1-ին մաս – Ալեքսանդրը հարձակվում է Դարեհի ուղղությամբ եւ հասնում է ճնշող առավելության:
2-րդ մաս – Դարեհից ձախ գտնվող Մազեուսի եւ Փոքր Հայքի հայոց թագավոր Միթրավստեսի հրամանատարության տակ գտնվող մարական զորագունդը անհասկանալի պատճառով նահանջում է:
3-րդ մաս – Դարեհից աջ գտնվող Մեծ Հայքի թագավոր Որոնտես Երվանդ 2-ի զորագունդը, ըստ հունա-մակեդոնական ռազմավարագետների, պետք է անմիջապես նախաձեռներ Արքայից արքային փրկելու միջոցառում եւ անցներ հարձակման, այսինքն՝ հակամարտության գոտում անմիջապես հայտնվում են Արեւապաշտական Համադաշնության գրեթե բոլոր գլխավոր ուժերը, իսկ Ալեքսանդրի կողմից առճակատման մեջ է միայն մակեդոնական ուժերի կեսից ավելին:
4-րդ մաս – Ալեքսանդրի թելադրանքով, անմիջապես ճակատամարտին պետք է միանային մակեդոնական բանակի պահեստային ուժերը եւ ոչնչացնեին Համադաշնության բանակը՝ հարձակվելով թիկունքից:
Այս էր մակեդոնական բանակի ամբողջ մարտավարության տրամաբանությունը, որը հաղթանակ պետք է բերեր Ալեքսանդրին եւ կրակապաշտական աշխարհին:
Այս ճակատամարտի մասին բավականին տեղեկություններ կան պահպանված, սակայն հայկական կողմի մարտավարության մասին գրեթե ոչինչ չի ասված: Մեր կարծիքով՝ նման մոտեցման բուն պատճառը հայոց արքունիքն էր, որին առաջին հերթին ճանաչում էին որպես արդարավճիռ դատավորի եւ թագադիր գահակալի: Փորձենք լրացնել այն բացը, որն առնչվում է մեր թեմային:
Ինչպես ցույց է տալիս Գավգամելայի ճակատամարտի վերլուծության մեր տեսանկյունը, Ալեքսանդրը այդ ճակատամարտի ժամանակ վերջնականապես պարզաբանեց մի շատ կարեւոր խնդիր. Դարեհին օրհասական պահին կօժանդակի հայկական կողմը: Հունա-մակեդոնական ռազմավարագետների ծրագրի 1-ին եւ 2-րդ մասը իրագործվեց անխափան, իսկ 3-րդ, 4-րդ մասերը ընդհանրապես չգործեցին, մակեդոնացիները ստիպված եղան իրենց հույսը դնել միայն Ալեքսանդրի կարողությունների վրա: Գավգամելայի ճակատամարտում խափանվեց Ալեքսանդրի դոկտրինը, ու խափանման հիմնական պատճառը դարձավ հայկական կողմի զորաշարժը:
Դարեհը հնարավորինս կորդինացրել էր համադաշնության 3 զորամիավորումների մարտավարությունը, ըստ կարգի՝ կենտրոնում Դարեհն էր, աջ կողմու՝մ Մեծ Հայքի Որոնտես Երվանդ 2-րդի զորաբանակը, ձախ կողմում՝ մարերը, որոնց Դարեհը չէր վստահում, եւ նաեւ հենց այդ պատճառով է, որ Փոքր Հայքի զորաբանակը Միթրավեստեսի հրամանատարությամբ դիրքավորվել էր ձախ թեւում՝ Մազուսի հետ միասին:
Ըստ մեր ուսումնասիրությունների՝ ներկայացնենք հայկական կողմի մարտավարությունը.
1-ին մաս – Որոնտես Երվանդ 2-ը կռահել էր մակեդոնական բանակի քայլերի հերթականությունը, այդ իսկ պատճառով հարվածում է ոչ այն տեղին, որտեղ սպասում էր Ալեքսանդրը, այլ այն թեւին, որի կորուստը ձախողում էր Ալեքսանդրի ամբողջ ծրագիրը:
2-րդ մաս – Ալեքսանդրը, տեղեկանալով հայկական զորագնդի նախահարձակ լինելու մասին, անմիջապես առանց վարանելու թողնում է Դարեհին եւ շտապում օգնության իր բանակին:
Նման զորաշարժի միջոցով Որոնտես Երվանդ 2-րդը իր զորագնդով ապահովեց Արեւապաշտական Համադաշնության արքայից արքա Դարեհի անվտանգությունը: Հայկական զորաբանակը կռվի մեջ մնաց այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտ եղավ Դարեհին: Որոնտես Երվանդ 2-րդի զորաբանակը Ալեքսանդր-Դարեհ հակամարտության մեջ պաշտպանեց ոչ միայն Համադաշնության շահերը, այլեւ պաշտպանեց Արեւապաշտական գերագույն խորհրդանիշը կրելու իր ժառանգական իրավունքը:
3-րդ մաս – Գավգամելայի ճակատամարտում տեղի ունեցավ այն, ինչ ենթադրում էին հունա-մակեդոնական ռազմավարագետները. մարաց կողմը առավելագույն պասիվ էր ճակատամարտում, հայոց կողմը ցուցադրեց բացարձակ սառնասրտություն եւ անցավ հարձակման: Ի ապացույց իր լուրջ ծրագրի, Որոնտես Երվանդ 2-րդի զորագունդը սպասում է այնքան, մինչեւ Ալեքսանդրի գլխավորած ուժերը հնարավորություն են ստանում անմիջապես բախվելու զորագնդի հետ, սակայն բախումը տեղի չի ունենում:
Արդեն ասացինք, որ Որոնտես Երվանդ 2-ի զորագնդի հարվածը ուղղված էր ոչ թե Ալեքսանդրին, ինչը նախատեսել էին հունա-մակեդոնական ռազմավարագետները, այլ Ալեքսանդրի բանակի ձախ թեւին՝ ստիպելով հրամանատար Պարմենիոնին օգնություն խնդրել Ալեքսանդրից, որի հետեւանքով Ալեքսանդրը ստիպված էր դադարեցնել Դարեհի հետապնդումը եւ շտապ անցնել օգնության հիմնական ուժերին:
Ալեքսանդրի այս մարտավարությունից երեւում է, որ Դարեհին սպանելու նրա որոշումը մարտավարական խնդիր էր: Դարեհին շուրջկալի մեջ առնելու նպատակն էր դեպի Դարեհը ներգրավել Արեւապաշտական Համադաշնության ամբողջ բանակին, դրանից հետո թիկունքից հիմնական զորքով հարձակման անցնելով, մեկ հարվածով ոչնչացնել Համադաշնության բանակին, այդ թվում նաեւ՝ գահակալութայն ժառանգորդ հանդիսացող հայկական արքունիքին:
Այն, ինչ ծրագրավորված էր Ալեքսանդրի կողմից, խափանվեց, ու խափանման բուն պատճառը Հայկական զորաբանակն էր, որի հրամանատար Որոնտես Երվանդ 2-րդը ճիշտ էր կռահել Ալեքսանդրի մարտավարությունը: Հայոց զորաբանակը սպասեց այնքան, մինչեւ Ալեքսանդրի գլխավորած ուժերը հարձակվեցին Դարեհի ուղղությամբ, միայն դրանից հետո Որոնտես Երվանդ 2-րդը հարվածեց Ալեքսանդրի թիկունքին: Ալեքսանդրը ստիպված էր մարտնչել Որոնտես Երվանդ 2-րդի կողմից իրեն պարտադրված ծրագրով: Ալեքսանդրի ռազմավարագետները չէին կանխատեսել դեպքերի նման զարգացում, հարվածի տակ հայտնված զորքի կորուստը Ալեքսանդրի համար խայտառակ պարտություն կլիներ, այդ պատճառով նա անմիջապես օգնության հասավ լուրջ վտանգի տակ հայտնված իր ուժերին առանց հարձակման անցնելու ծրագրի: Ալեքսանդրը նույնիսկ փորձ չկատարեց հետապնդել հեռացող հայկական զորաբանակին, մեծ զորավարը ի վիճակի չէր ոչինչ անելու: Որոնտես Երվանդ 2-րդի առաջնորդած զորագունդը կռվից հեռացավ միայն այն ժամանակ, երբ Համադաշնության արքայից-արքայի բացարձակ անվտանգությունն ապահովված էր:
Գավգամելայի ճակատամարտերից հետո Ալեքսանդրը ստիպված էր ըստ պատշաճի գնահատել Արիստոտելի գիտելիքների իսկությունը, նա հնարավորություն ունեցավ տեսնելու այն, ինչից վախենում էր Արիստոտելը եւ փորձում էր զերծ պահել Ալեքսանդրին: Այս ճակատամարտում հունա-մակեդոնական ռազմավարագետները իրենց համար պարզեցին մի շատ կարեւոր հանգամանք, որը վճռական նշանակություն էր ունենալու հետագա բոլոր պատերազմական գործողությունների ընթացքում,- Ալեքսանդրը խուսափելու է հայկական կողմի հետ առճակատումից:
Հայկական կողմը Գավգամելայի ճակատամարտում իր դիրքորոշմամբ հաստատեց այն փաստը, որ ինքն է այն կենտրոնը, ով պետք է կրի Արքայից Արքա արեւապաշտական գերագույն խորհրդանիշը: Չսպասելով Ալեքսանդրի եւ Դարեհի հակամարտության ավարտին,Հայոց արքունիքը վերադարձավ հայրենիք, Որոնտեսը եւ Միթրավստեսը հռչակեցին Մեծ Հայքն ու Փոքր Հայքը անկախ ու ինքնուրույն թագավորություններ: Մեծ Հայքի եւ Փոքր Հայքի անկախ գոյության գլխավոր գրավականը այդ ժամանակաշրջանում պետք է համարել այն, որ հայկական արքունիքը եւ բանակը միանպատակ էին եւ ունեին անքակտելի հեղինակություն, աշխարհը ճանաչում էր արեւապաշտական գաղափարախոսության գլխավոր ժառանգորդի՝ հայկական էթնոսի իրավունքները: Ալեքսանդրին հաջողվեց նվաճել ամբողջ աշխարհը, բայց այն, ինչի համար նա մտավ համադաշնություն, չկարողացավ ստանալ. – արեւապաշտական գերագույն խորհրդանշանները, ինչպես նաեւ Արքայից Արքա բարձրագույն տիտղոսը մնաց պատմական տերերի՝ Հայկական արքունիքի ձեռքերում: Ի դեպ, որեւէ ցանկություն չկա թերագնահատելու Ալեքսանդրի զինվորական նվաճումները, բայց ակնհայտ է մի բան, որ Ալեքսանդրը չի նվաճել Հայաստան աշխարհը: Ալեքսանդրի նվաճած երկրների ցուցակում բացակայում է Հայաստան աշխարհը: Ոչ մի հեղինակ նրա հաղթական նվաճումների երթուղում չի նշում Մեծ Հայքը: Սխալ է այն կարծիքը, թե Ալեքսանդրը Հայաստանը չնվաճեց փախած Դարեհին հետապնդելու եւ նրա դեմ պատերազմը շարունակելու համար:
Այսպիսին է դեպքերի հետագա ընթացքը: Ինչպես հայտնի է պատմությունից, Ալեքսանդրը սպանվեց 33 տարեկանում: Համառորեն լուրեր էին պտտվում, որ Ալեքսանդրին թունավորել է Անտիպատորի որդի Իոլլան: Ալեքսանդրի ուսուցիչ եւ հոգեւոր հայր Արիստոտելը մեղադրվեց դատարանում աստվածների դեմ ըմբոստանալու համար, դատարանը որոշում կայացրեց մահապատժի ենթարկել Արիստոտելին, ինչից հետո Արիստոտելն ինքնասպան եղավ՝ թույն ընդունելով բանտում: Օլիմպիադայի խնամակալության տակ մնացին Ալեքսանդրի կին Ռոքսանան, հինգ տարեկան թագաժառանգի հետ: Որոշ ժամանակ անց Օլիմպիադան մահապատժի ենթարկվեց: Ալեքսանդրի մահից յոթ տարի հետո գաղտնի մահապատժի ենթարկվեցին նաեւ Ալեքսանդրի կինը եւ 12-ամյա զավակը: Հելլենական կրակապաշտական աշխարհի եւ Փոքր Ասիայի արեւապաշտական աշխարհ ների միջեւ աշխարհակալական պայքարը Ալեքսանդրի պարտության հետեւանքով ներկայացվել է որպես Ալեքսանդր Մակեդոնացու եւ Դարեհի հակամարտություն:
Ալեքսանդրի մահվանից անմիջապես հետո Պերդիկկասը (Ք.ա 323-321) խնդիր դրեց գրավել Ալեքսանդրի կողմից աննվաճ մնացած երկրները: Պերդիկկասը ջախջախելով Կապադովկիայի 45.000-անոց բանակը՝ նվաճեց երկիրը: Կապադովկիայում մակեդոնացիների դեմ կռվի դուրս եկավ հայոց բանակը, Հայկական ուժերը մակեդոնացիներին դուրս վտարեցին Կապադովկիայից, նրա հետնորդներին նույնպես չհաջողվեց գրավել Մեծ Հայքը:
Սակայն հունամակեդոնական աշխարհը Ալեքսանդրի եւ նրան հաջորդած գործիչների միջոցով կարողացավ հաստատվել Փոքր Ասիայում՝ որպես գլխավոր կառավարիչներ, բայց ոչ տիտղոսակիր: Այս երեւույթը հետագայում պատմության մեջ կհաստատվի որպես կեսար տիտղոսով, որը ուղղակիորեն նշանակում է ոչ ամբողջական:
Ալեքսանդր Մակեդոնացու կայսրություն
Նկար-2
Շարունակելի
Նկարները նայել թերթի 23-244 PDFտարբերակում
Արամ Մկրտչյան, Գերմանիա
«Լուսանցք» թիվ 23 (244), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



