«Արմենպրես» գործակալության հաղորդմամբ՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը, մեկնաբանելով ԱԱԾ-ում հարուցված գործի շուրջ աղմուկը, որի շրջանակներում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն անցնում է որպես վկա, հայտարարել է. «Կարծում եմ, որ այս ամբողջ աղմուկը հրահրելով՝ Վարդան Օսկանյանը հանրության ուշադրությունը փորձում է շեղել գործի հիմնական հարցերից եւ ներկայանալ որպես «քաղաքական հալածյալ»:
ԱԱԾ տնօրենն ասել է. «Հարցաքննության առաջին իսկ օրը Վարդան Օսկանյանը շտապեց հայտարարել, որ հարուցված քրեական գործի հետեւում քաղաքական պատվեր կա: Հմուտ դիվանագետը, քաղաքական փորձառություն ունեցող գործիչը, ստեղծված իրավիճակում այլ ելք չգտնելով, շտապեց նման հայտարարություն անել եւ շեղել հանրության ուշադրությունը՝ փորձելով քաղաքականացնել քրեական գործը, ստեղծել քաղաքական հետապնդումների «անմեղ զոհի» կերպար:
Իմ երկարամյա փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ նման քայլի, որպես կանոն, գնում են բացահայտման վտանգի հնարավոր հետեւանքները զգացող մարդիկ: Կարելի է բազում օրինակներ հիշել, երբ կայացած ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում քաղաքական տարբեր մակարդակի գործիչներ հայտնվում են նման վիճակում՝ կամ որպես մեղադրյալներ, կամ որպես վկաներ, բայց նրանցից որեւէ մեկի մտքով անգամ չի անցնում հրաժարվել քննությանն աջակցելուց, ցուցմունք տալուց եւ այս կերպ խուսափել պատասխանատվությունից»:
Իսկ Վարդան Օսկանյանի մարտավարության հնարավոր դրդապատճառներին անդրադառնալով՝ ԱԱԾ տնօրենը մեկնաբանել է. «Կարծում եմ, որ այս ամբողջ աղմուկը հրահրելով՝ Վարդան Օսկանյանը հանրության ուշադրությունը փորձում է շեղել գործի հիմնական հարցերից եւ ներկայանալ որպես
«քաղաքական հալածյալ»:
Այլ կերպ հանրության ուշադրությունը կկենտրոնանար այն փաստի վրա, որ որեւէ հայաստանյան հիմնադրամ կամ քաղաքական գործիչ ամերիկյան ու եվրոպական մի շարք երկրների կառավարությունների, դեսպանատների եւ այլ կազմակերպությունների կողմից չի ունեցել այսպիսի առատ ֆինանսավորում, ինչպիսին ունի «Սիվիլիթաս»-ը: Մեր անկատար օրենսդրական դաշտը չի բացառում նման ֆինանսավորում: Ուշադրության կարժանանար այն փաստը, որ Հայաստանի շահերը երկար տարիներ արտասահմանում ներկայացնող դիվանագետը այսօր Հայաստանում քաղաքական գործունեություն է ծավալում, թերթ է հրապարակում՝ ֆինանսավորվելով դրսից: Պարոն Օսկանյանը փաստերի հետ խոսելու այլ ճանապարհ է ընտրել՝ խուսափել դրանցից, քողարկվել այլ հանգամանքներով, բայց գործում առկա հարցերը անպատասխան չեն կարող մնալ՝ անկախ որեւէ մեկի ցանկությունից»:
* * *
Որ ուղղությամբ կգնա «կիսահղի ԲՀԿ-ն»
Կոալիցիա չկազմելու ԲՀԿ-ի որոշումը, շատերի կարծիքով, ակնհայտ ակնարկ է՝ ՀՀ նախագահի առաջիկա ընտրությանը Սերժ Սարգսյանին չսատարելու առումով: Բայց թե ում թեկնածությունը կառաջադրի ԲՀԿ-ն, դեռ կռահել հնարավոր չէ: Առայժմ առնվազն 3 թեկնածու են երեւակվում: Եթե ամենահավանական թեկնածու Ռոբերտ Քոչարյանը գործող նա
խագահի հետ համաձայնության գա, ապա կմնան Գագիկ Ծառուկյանի եւ Վարդան Օսկանյանի թեկնածությունները: Նախկին ԱԳ նախարարի հարցը եւս կարող է դուրս գալ քննարկումից՝ կապված «Սիվիլիթաս»-ի առկա խնդիրների հետ, հատկապես եթե ԱԱԾ-ն մեղադրական ապացույցներ ներկայացնի: Կմնա ԲՀԿ նախագահը: Բայց նա էլ կարող է խնդիրներ ունենալ:
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ-ցեմենտ» գործարանը դադարեցրել է աշխատանքները, չնայած նշվել է, որ գործարանը շարունակելու է աշխատանքը եւ որեւէ աշխատող գործազուրկ չի մնա: «Քաղաքական ենթատեքստ պետք չէ այստեղ փնտրել»,- ասել է ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Արարատ-ցեմենտ» գործարանը 2003թ.-ից պատկանում է ԲՀԿ ղեկավարի սեփականությունը հանդիսացող «Մուլտի գրուպ» ընկերությանը: Գործարանում աշխատում է 1000-ից ավելի մարդ: Իսկ որքան ժամանակով եւ ինչու է դադարեցրել աշխատանքը գործարանը, հստակ պատասխան չի տրվում:
Հիշեցնենք, որ «Արարատ-ցեմենտ»-ը Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք պատկանում էր վերջինիս ընտանիքին եւ, ըստ շրջանառվող լուրերի, հնարավոր է Սարգսյանները տեր կանգնեն գործարանի իրենց մասնաբաժնին, անգամ Արմեն Սարգսյանն էլ նշանակվի գործարանի գործադիր տնօրեն:
Այս ամենին զուգահեռ կուսակցական գործերը եւս հարթ չեն ընթանում: ԲՀԿ-ական վերնախավը Սերժ Սարգսյանին ակնարկել է, թե պատրաստ է դուրս գալ կուսակցությունից, եթե նախագահի կողմից հրահանգ լինի: Սակայն, գործող նախագահը նրանց թույլ չի տվել հեռանալ կուսակցությունից՝ խոստանալով, որ նրանց բիզնեսների նկատմամբ ոտնձգություններ չեն լինի: Նշվում է, որ ԲՀԿ-ական նախկին նախարարներին, գործարար պատգամավորներին հրահանգվել է մնալ ԲՀԿ-ում եւ սպասել մինչեւ նախագահական ընտրություններ:
Գագիկ Ծառուկյանին այնքան էլ հեշտ չի հաջողվել ստանալ մարզպետերի եւ այլ պաշտոնյաների հրաժարականները: Վայքի մարզպետ Սերգեյ Բագրատյանի հարցը նաեւ քննարկման թեմա դարձավ:
Իսկ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, ով անցած ընտրություններում ընդգրկված էր «Ժառանգության» համամասնական ցուցակում, ասել է. «ԲՀԿ-ն կիսահղի վիճակում է ու թեեւ հայտարարում է, որ ընդդիմություն է, այնուհանդերձ, նախարարական պորտֆել ունի, որքան էլ բացատրություններ հնչեն, թե սպորտը քաղաքականության հետ կապ չունի, ԲՀԿ-ն նաեւ 4 խորհրդարանական հանձնաժողովներում ունի նախագահներ, փոխնախարարներ, մարզպետներ»:
ԲՀԿ-ին հասկացողներ էլ կան, ՀՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկված ՀՔԴՄ կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը հայտնել է, որ ԲՀԿ-ն ընտրել է ամենաողջամիտ ձեւը: Թեեւ համաձայն է, որ իշխանության այլընտրանքը ընդդիմությունն է, այլ ինստիտուտ չկա, բայց մյուս կողմից էլ ընդգծում է, որ մեր իրականության մեջ ընդդիմությունը ոչ թե իշխանության այլընտրանքն է, այլ քաղաքական հակառակորդը: Ոստի, իրեն իշխանության այլընտրանք եւ ոչ ընդդիմություն կոչած ԲՀԿ-ն, ըստ քրիստոնյա-դեմոկրատ ղեկավարի, ընտրել է ամենաողջամիտ ձեւը:
Իսկ թե ԲՀԿ-ն կմնա կառուցողական ընդդիմություն, թե կիսատ-պռատ իշխանություն, շուտով կպարզվի: ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն երկուստեք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից երաշխիքներ են պահանջել: Առաջինը՝ ԲՀԿ-ի կարգավիճակը հստակեցնելու համար, երկրորդը՝ Աբրահամյան-Ծառուկյան ազգակցական-խնամիական կապը չչարաշահելու համար: Բոլոր դեպքերում կարելի է ասել, որ մինչ այժմ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները ավելի շատ համագործակցության, քան մրցակցության են նման: Բայց ըստ մեր աղբյուրների, նախագահ Սարգսյանը սահմանափակ ժամանակ է տվել ԲՀԿ նախագահին՝ արդեն վերջնականապես կողմնորոշվելու համար:
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 23 (244), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



