Որ կառավարության նոր կազմը առանց մեծ փոփոխությունների եղավ, հասկանալի է. ամիսներ անց նախագահական ընտրություններ են, առայժմ մեծ շարժերի կարիք չկա: Որ փոփոխություններն էլ պայմանավորված էին ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալով, սա էլ պարզ էր: Որ այս դուրս եկածներին էլ պետք է փոխարիներին ՕԵԿ-ականները, տրամաբանական էր: Բայց անհասկանալի մի պաշտոնանկություն եղավ եւ նույնքան անհասկանալի մի նշանակում:
Մինչ հաջորդ մտքիս անցնելը, իմ փոխարեն ձայնը տամ վարչապետ Տիգրան Սարգսյանին. «Տրանսպորտի եւ կապի նախարարությունն այս տարիների ընթացքում ներքաշվել է բավականին լուրջ գործառույթների մեջ:
Առաջինը՝ Հյուսիս–հարավ ճանապարհի շինարարությունն է, որն իրականացնում ենք Ասիական բանկի վարկային միջոցների հաշվին: Այս տարի մեկնարկելու են մեծածավալ շինաշխատանքները, եւ այն մրցույթները, որոնք անցկացվել են, ի հայտ են բերել խոշոր եվրոպական կազմակերպությունների, որոնք Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կառուցելու են եվրոպական լավագույն չափանիշներին համապատասխանող ճանապարհ: Երկրորդ կարեւորագույն գործառույթը համագործակցությունն է Համաշխարհային բանկի հետ, որտեղից մենք ստանում ենք մեծածավալ վարկային միջոցներ՝ նպատակ ունենալով ՀՀ-ում էապես բարելավել ինչպես հանրապետական նշանակության, այնպես էլ միջհամայնքային ճանապարհների վիճակը:
Հաջորդ ուղղությունը հեռահաղորդակցության ոլորտում թվայնացման նոր ծրագիրն է: Հեռահաղորդակցության ոլորտում պետք է կարողանանք իրականացնել եվրոպական նոր պահանջներին համապատասխան թվայնացում, առանց որի հնարավոր չի լինելու ապահովել որակյալ հեռարձակում:
Կարելի է թվարկել մնացած ծրագրերը եւս, սակայն ես սահմանափակվում եմ այս ծրագրերով, որովհետեւ սրանք այն խոշոր ծրագրերն են, որոնք ՀՀ-ի մասշտաբով ունենալու են էական ազդեցություն մեր բոլոր ցուցանիշների վրա: Այդ առումով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մանուկ Վարդանյանին կատարած աշխատանքի համար: Այս պատասխանատվությունը, որ նա վերցրել էր իր վրա, արժանապատիվ կերպով մեզ հետ միասին կարողացել է կրել: Տեսնում ենք, որ նախարարությունում ձեւավորվել է բավականին լուրջ ներուժ՝ բոլոր ծրագրերն ի կատար ածելու համար»: Ու քանի որ վարչապետն ասում է, որ ինքն իր արժեհամակարգով քրիստոնյա է, հիշեցնեմ աստվածաշնչյան «դու ասացիր»-ը:
Հիմա՝ գամ խոստացածս մտքին. վարչապետի ասածից կարո՞ղ եմ ենթադրել, որ նա Մանուկ Վարդանյանին ասում է՝ ախպեր ջան (վարչապետը կառավարության նիստերի ժամանակ ընդհանրապես հենց մի հարցի շուրջ բարկանում է, իր խոսքն «ախպեր ջան»-ով է «համեմում», թե ախպեր ջան, էսպես ու էսպես, վատ է կամ սխալ է), գոհ ու շնորհակալ ենք, ամեն ինչ լավ ես արել, բայց ուրիշ հարցեր էլ կան՝ եկել է Գագիկ Բեգլարյանի ժամանակը:
Ի դեպ, ասեմ, որ լուսնից ընկած չեմ, ու սա էլ եմ հասկանում. կան կուսակցական ու ընկերական որոշակի պարտավորություններ: Ավելի ճիշտ, փորձում եմ հասկանալ, որովհետեւ իմ խորին համոզմամ
բ, պետության կառավարման գործերում զուտ այդ կարգի պարտավորություններով առաջնորդվելը ճիշտ չէ: Շա՜տ մեղմ ասած՝ ճիշտ չէ:
Ու նաեւ՝ տրամաբանական չէ: Հիմա ես ասեմ.- էհ, ախպերներ ջան, որ պիտի գայիք Գագիկ Բեգլարյանի հետ կապված պարտավորությանը, նրան ա՛յդ ձեւով Երեւանի քաղաքապետի աթոռից չվանեիք: Դե, մի քիչ նուրբ վանեիք, թե չէ այդ օրերին ով տեղից վեր կացավ, քննադատեց Բեգլարյանի (ի դեպ, նրա հետ չեմ աշխատել եւ ունակություններին ծանոթ չեմ, բայց փաստերը համադրելը իմ՝ լրագրողիս գործն է) պահվածքն ու գովեց երկրի նախագահի այն մոտեցումը, որ չի հանդուրժվելու բռունցքներով հարցեր լուծելու ձեւը:
Թեեւ եթե հիշենք, թե տարիներ առաջ այժմյան ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին ինչպես մեղադրեցին պետական ստորագույն դավաճանության մեջ ու հետո մոռացան այդ մասին, ապա Բեգլարյանի արածն ի՜նչ է որ՝ քաղցր մի պատառ, որ կուլ տալու դժվարություն էլ չունի: Ասել է թե՝ երբ գալիս է «ախպեր ջան»-ի ժամանակը, երբեմնի անընդունելի պահվածքը մղվում է հետին շարքեր՝ վնասելով թե՛ այդ պահվածքի մասին «մոռացողի» եւ թե՛ «մոռանալով» նշանակողի վարկանիշներին:
Ինձ մնում է ավելացնել՝ լավ էլի, «ախպերներ ջան»…
Արմենուհի Մելքոնյան
«Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
«Լուսանցք» թիվ 23 (244), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում
* * *
«Բելաջիոյի Գրիշի» համակարգը սխա՞լ է աշխատել
ԱԺ-ն երեկ 75 կողմ, 47 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության գործունեության 5-ամյա ծրագիրը (2012-2017թթ.), որը քննարկվեց 2 օրում: Երբ գրում էինք, թե ծրագրին կողմ է կառավարությունը, դեմ՝ գրեթե բոլորը, այդ «գրեթե»-ում նկատի ունեինք հնարավոր այն մի քանի ձեռնպահներին, ովքեր գուցե ծրագրին ամբողջությամբ դեմ չեն, բայց չեն կարող կողմ լինել, որովհետեւ կուսակցակա՛ն որոշման համաձայն պետք է դեմ լինեն: Այսինքն՝ սպասելի էր, որ ծրագրին կողմ է հենց միայն ՀՀԿ-ն (ՕԵԿ-ին ինչքան էլ ջանում ենք, ՀՀԿ-ից առանձին չենք կարողանում դիտարկել), եւ հնարավոր է, որ մի քանի ոչ ՀՀԿ-ական գործարարներ ձեռնպահ քվեարկեն՝ իրենց ապահովագրելու համար: Այս անգամ մեր կանխատեսումում մասամբ սխալվեցինք: Մասամբ, որովհետեւ ձեռնպահ եղավ ընդամենը 1-ը՝ ԲՀԿ-ական Գրիգորի Մարգարյանը, ով հայտնի է իբրեւ «Բելաջիոյի Գրիշ»:
Ի դեպ, կառավարության ծրագրին դեմ են քվեարկել «Բարգավաճ Հայաստան»-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը եւ ՀԱԿ-ը: Այսքանից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Ինձ համար այսօր ավելի քան հստակ է, որ մենք կարողանալու ենք արդյունավետ աշխատանք կազմակերպել եւ որ մենք ունենք լավ խորհրդարան»՝ ի միջի այլոց՝ միաժամանակ հավելելով, թե ամեն ինչ չէ, որ իրեն դուր է եկել, բայց քննարկումն իրականում «հանուն» քննարկում էր:
Գալով ծրագրին, ասենք, որ այո, ծրագիրն ունի թերություններ, ոչինչ չասող ընդհանուր դրույթներ՝ առանց մեխանիզմների, բայց ինչու՜ է ընդդիմությունն իրեն այդքան դրանից վատ զգում: Այդ ոչինչ չասող ընդհանրությունները մենք՝ նույն կառավարությունը, նույն ընդդիմությունը…, իրենց իսկ սիրած եվրոպաներից ենք սովորել՝ խոսել ժամերով ու ոչինչ չասել:
Այնպես որ, հարգելի ընդդիմություն, ամբոխահաճությամբ (եվրոպական դասեր սերտածների համար հասկանալի լեզվով ասած՝ պոպուլիզմով) միայն ձեր ատելի իշխանությու՛նը չի զբաղվում: Ավելին՝ սա այն դաշտն է, որտեղ դուք հաստատ գերազանցում եք իշխանությանը: Իսկ ինչ վերաբերում է ծրագրերին, դրանք լավ ու վատ չեն լինում, լինում են իրագործելի ու անիրականանալի: Ծրագիր ասացի, միտս եկան ԱԺ ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցությունների ծրագրերը՝ ընդհանուր շտամպով դաջված, ոչինչ չասող, տեղ-տեղ էլ՝ հայատառ, բայց ոչ հայերեն:
Ինչեւէ, գանք «Բելաջիոյի Գրիշին»: Հետաքրքիր էր նրա քվեարկությունը, եթե հաշվի առնենք այն, որ ԲՀԿ-ն հայտարարել էր, թե միաձայն է դեմ քվեարկելու գործադիրի ծրագրին: Բանն այն է, որ նախորդ գումարման ԱԺ-ում Գ. Մարգարյանը ՀՀԿ խմբակցության անդամ է եղել, ասել է թե՝ ձեռնպահ քվեարկելու պատճառը կարող է լինել ՀՀԿ-ին սիրաշահելու փորձը:
Լրագրողների աչքից սա չի վրիպել: Մարգ
արյանը, սակայն, փորձել է ջրից չոր դուրս գալ՝ ասելով, թե ինքը դեմ է եղել ծրագրին, սակայն համակարգն է սխալ գրանցել, այդ պատճառով էլ ձեռնպահ է հաշվել: Բայց քանի որ պատգամավորները 2 անգամ են քվեարկել, ստացվում է… համակարգը 2 անգամ էլ սխա՞լ է հաշվել: Դե իհարկե ոչ, պարզապես… ջրից չոր դուրս չե՛ն գալիս:
Անբնակա՛ն է:
Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 23 (244), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



