ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այս օրերին հանդիպումներ է ունենում ՀՀ տարբեր պաշտոնատար անձանց հետ, եւ առավել սերտացման են գնում Հայաստան-Արցախ հարաբերությունները գրեթե բոլոր ոլորտներում:
Իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Փարիզում Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի ու Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկել են Արցախյան հակամարտության կարգավորման ուղիները: Հանդիպմանը մասնակցել են Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (ՌԴ), ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Չնայած ադրբեջանական սահմանամերձ սադրանքներին, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները վճռականություն են հայտնել շարունակել ջանքերը՝ միջնորդների հետ խաղաղ կարգավորմանը հասնելու ուղղությամբ եւ հաստատել են պատրաստակամությունը փոխվստահության միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ: Բայց միջնորդները խորը մտահոգություն են հայտնել շփման գծում վերջին միջադեպերի կապակցությամբ եւ ընդգծել են 1994թ. երկու երկրների միջեւ կնքված հրադադարի համաձայնագրին հետեւելու անհրաժեշտությունը:
Արցախի ԱԳՆ-ն էլ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.«Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն խախտել կրակի դադարեցման ռեժիմը ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ամբողջ երկայնքով: Այս անգամ սպանվել է ԼՂՀ ՊԲ՝ զինվորական ծառայության զորակոչված զինծառայող 1993թ. ծնված Արամ Սիմոնի Գյուլնազարյանը: Ադրբեջանի հերթական սադրանքը բացահայտ մարտահրավեր է ԵԱՀԿ-ին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին, այն նախկինում ընդունված պարտավորությունների եւ պայմանավորվածությունների բոյկոտ է: Տվյալ հարցի շուրջ ԼՂՀ իշխանությունների պաշտոնական տեսակետն արտացոլող համապատասխան նոտան ուղարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ: Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ եւ հանցավոր գործողությունները եւ հայտարարում ենք, որ լարվածության հետագա սաստկացման պատասխանատվությունն ընկած է ադրբեջանական կողմի վրա»:
Հայկական կողմը կարծում է, որ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) պետք է Ադրբեջանի անհասցե հայտարարություններից անցնի խիստ գնահատականների եւ պատժամիջոցների՝ զինյալ-ուժային քաղաքականության, խաղաղ կարգավորմանը խոչընդոտելու, թշնամանք հրահրելու եւ տարածաշրջանում նոր պատերազմ սանձազերծելու համար: Սակայն ինչպես տեսնում ենք, Փարիզում եւս բարոյա-խրատական կոչեր են հնչել երկու կողմերին ուղղված: Ստեփանակերտը կրկին հավաստում է իր դիրքորոշումը՝ մնալ հավատարիմ ադրբեջանա-արցախյան հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով կարգավորմանը եւ լինել պատրաստակամ կատարելու կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման՝ կողմերի գործող պարտավորությունները, որոնք ամրագրվել են ԼՂՀ, ՀՀ եւ ԱՀ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված 1995թ. փետրվարի 5-ի համաձայնագրում:
«Պատերազմի վերսկսման հնարավորության վերաբերյալ ենթադրություններ կատարելիս, այն կարեւորագույն գործոնը, որի վրա պետք է հիմնվենք, հետեւյալն է՝ չէ՞ որ պատերազմի վերսկսման համար առաջին եւ հիմնական գործոնը ուժերի հավասարակշռության փոփոխությունն ու մեր հանդեպ Ադրբեջանի՝ շեշտակի ռազմական գերազանցություն ձեռք բերելն է: Այս պահի դրությամբ այդպիսի բան չկա, եւ հեռանկարում էլ Ադրբեջանը չի ունենա այդ գերազանցությունը»,- անդրադառնալով 2014թ. ղարաբաղյան պատերազմի հնարավոր վերսկսման մասին լուրերին՝ ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Իսկ տեղեկատվության տարածման նպատակը առավելապես քարոզչական է, եւ Բաքուն փորձում է դրանով շեղել իր ներքին եւ արտաքին բազում խնդիրները: Բայց ադրբեջանցիներին պետք է հասկացնել, որ կունենան բազում զոհեր սահմանին, եթե շարունակեն դիմել արկածախնդրության:
Եվ համարժեք պատասխանները սադրիչ գործողություններին դրա լավագույն ապացույցն են: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը, թե ՀՀ եւ ԼՂՀ դեմ ուղղված որեւէ գործողություն անպատասխան չի մնալու, արդեն կիրառվում է գործնականում: «Յուրաքանչյուր հայ զինվորի կորուստը՝ մեր ողջ ժողովրդի կորուստն է: Զոհվածների ընտանիքների հետ միասին սգում ենք մենք բոլորս: Հակառակորդին տրվող պատասխանի առումով չկա համաչափության այնպիսի աստիճան, որը կարող է սփոփել մեր վիշտը»,- արձագանքելով սահմանային միջադեպերին՝ ասել է մեր երկրի նախագահը եւ հավելել. «Ես մշտապես ասել եմ, որ շփման գծում սադրանքները չափազանց վտանգավոր են: Նաեւ ասել եմ, որ դրանք ստանալու են կոշտ պատասխան: Վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերը եւս դրա վկայությունն են»: Վերջերս Արցախի նախագահին հանդիպել է նաեւՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Հանդիպմանը ներկա է եղել ԼՂՀ ՊՆ Մովսես Հակոբյանը եւս, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում 2 հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը նույնպես խոսել է Արցախի հակամարտության մասին եւ նշել է, որ պատերազմի հավանականությունը քիչ է. «Այնուամենայնիվ, ռիսկեր կան: Քանի Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններն իրենց հասարակություններին չեն պատրաստում փոխզիջումների, ես մոտ ժամանակներս, դեռեւս խնդրի լուծման հեռանկարներ չեմ տեսնում»: Անդրադառնալով հիմնախնդրի կարգավորման գործընթացում ԵԱՀԿ ՄԽ դերակատարությանը՝ վերջինս չի համաձայնվել այն տեսակետին, թե ՄԽ-ի աշխատանքը տապալվել է, ըստ նրա, ՄԽ գործունեությունից դեռ օգուտներ կքաղեն:
Իսկ Բաքուն, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի քննարկման ժամանակ, նախ Փարիզին մեղադրեց հայամետության մեջ եւ փորձեց Թուրքիային ներգրավել եռանախագահության կազմում, ապա՝ Վլադիմիր Պուտինի ՌԴ նախագահ ընտրվելուց հետո, սկսեց հայամետության մեջ մեղադրել Մոսկվային:
Բաքվում մի շարք վերլուծաբանները կարծում են, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջան այցի ժամանակ հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպերը պատահականություն չեն, այլ «մեսիջ Վաշինգտոնին», որ ԼՂ հակամարտությունը սառեցված հակամարտություն չէ եւ պետք է, որ ԱՄՆ-ն ավելի շատ ուշադրություն դարձնի այս խնդրին: Այդ վերլուծաբանները նաեւ շեշտում են, թե մի շարք հանգամանքեր կան հավատալու, որ ՌԴ նախագահ Պուտինի դիրքորոշումը այս հարցում միանշանակ հայամետ է, այդ իսկ պատճառով Բաքուն ցանկանում է, որ ԱՄՆ-ն ավելի շատ ներգրավված լինի այս հարցում: Ադրբեջանական զլմ-ներն անգամ նշել են, թե «Ռուսաստանը փորձում է ցույց տալ Ադրբեջանին, որ եթե Լեռնային Ղարաբաղում վերսկսվի պատերազմը, Հայաստանը միայնակ չէ»:
Ակտիվ էին նաեւ հայ դիվանագետները: Նյու Յորքում եւ Վիեննայում ՀՀ դիվանագիտական առաքելությունների ղեկավարները համապատասխանաբար ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ անդամ երկրներին են տեղեկացրել Հայաստանի հետ սահմանին ու Արցախի հետ շփման գծում ադրբեջանական կողմի ոտնձգությունների ու սանձազերծած դիվերսիոն գործողությունների մասին: Դեսպաններն իրենց հայտարարությունների մեջ, մասնավորապես, նշել են. «Հատկանշական է, որ անցյալ տարվա դեկտեմբերին ԵԱՀԿ մշտական խորհրդի կողմից 2012թ. Միավորված բյուջեի քննարկումների ժամանակ Ադրբեջանը մերժել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի‘ բյուջեի ավելացման վերաբերյալ առաջարկը, ինչը կարող էր գործնական հարթակի տեղափոխել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ 2011թ. մարտի Սոչիի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ստեղծելու շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննման մեխանիզմ: Իր հայտարարության մեջ հայկական կողմը շեշտել է, որ մերժելով հետաքննման մեխանիզմի իրականացումը՝ Ադրբեջանն իր վրա է վերցնում հետագա հրադադարի խախտման եւ դա հետեւանքով եղած զոհերի պատասխանատվությունը:
Դժբախտաբար, ադրբեջանական կողմը շարունակում է մերժել վստահության ամրապնդման միջոցների կիրառումը, մասնավորապես, ԵԱՀԿ նախագահության եւ ՄԽ համանախագահների առաջարկները՝ հրադադարի ամրապնդումը, դիպուկահարների հետ քաշումը եւ վերոհիշյալ հետաքննման մեխանիզմը»:
Իսկ Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատար Անտոնիո Գուտյերեսի հետ, քննարկվել են Բարձրագույն հանձնակատարի գրասենյակի եւ Հայաստանի միջեւ համագործակցության ուղղությունները եւ ծրագրերը:
Դեսպան Ազնավուրը կարեւորել է Ադրբեջանից բռնագաղթված փախստականների բնակարանային պայմանների խնդրի լուծման նպատակով 2011թ. Երեւանում կազմակերպված դոնորների համաժողովին հանձնակատարի մասնակցությունը: Դեսպանն ընդգծել է նաեւ այդ նախաձեռնությունը շարունակելուն ուղղված Հայաստանի հետագա ջանքերին աջակցելու անհրաժեշտությունը: Հանձնակատար Գուտյերեսն էլ նշել է իր եւ գրասենյակի մշտական ուշադրությունն ամբողջ աշխարհում եւ, մասնավորապես, Հայաստանում փախստականների ու ներքին տեղահանված անձանց խնդիրների լուծման հարցում ու հաստատել է գրասենյակի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին փախստականների հարցը վերջնականապես լուծելուն ուղղված նախաձեռնություններում:
Թուրքական զլմ-ներն էլ հայտնել են, որ Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հայրի Քըվրըքօղլուն ադրբեջանական այցից հետո, Բաքու է ժամանել Ժանդարմերիայի հրամանատար, բանակի գեներալ Բեքիր Քալյոնջուն:
Թուրքիայի զինված ուժերի այս 2 բարձրաստիճան ներկայացուցիչների՝ միմյանց հաջորդող այցերը Երեւանին Անկարայի հասցեագրած ռազմական ուղերձ են՝ կապված վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում գրանցված վերջին բախումների հետ, որոնց հետեւանքով երկու կողմից էլ զոհեր են եղել:
Ոչ վաղ անցյալում, մեկնաբանելով թուրք զորահրամանատարների ադրբեջանական այցերը, զլմ-ները դրանք որակել էին որպես Իրանին Թուրքիայի հասցեագրած հաղորդագրություն՝ նկատի ունենալով վերջին շրջանում իրանա-ադրբեջանական լարված հարաբերությունները, սկայն վստահ են՝ դրանք եւ՛ Հայաստանին եւ՛ Իրանին ուղղված «մեսիջներ» էին:
Արցախյան խնդիրը քննարկվել է նաեւ Երեւանում՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարար Իմոն Գիլմորի հետ հանդիպմանը:
Բարձր գնահատելով ԵԱՀԿ ջանքերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում՝ Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետք է վերականգնել ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովում հաստատված բանակցային ձեւաչափը՝ նշելով, որ առանց ԼՂՀ անմիջական մասնակցության անհնար է հասնել հակամարտության համապարփակ կարգավորման:
Նա կրկին հաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ ԵԱՀԿ գործող նախագահին հրավիրել է Արցախ՝ տեղում երկրին եւ խնդիրներին ծանոթանալու նկատառումով:
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 23 (244), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



