Ադրբեջանի նավթային շահերը այլեւս առաջվա քաղաքական ուժը չունեն: Արդեն ավելի բացահայտ է խոսվում, որ նավթային պաշարներն էլ այնքան շատ չեն, որ ռազմա-քաղաքական գերակայություն ձեռք բերեն: Իհարկե, որոշակի պաշարներ կան այնուամենայնիվ, ինչն էլ դեռ շահարկման տեղիք է տալիս:
Հատկապես Մեծ Բրիտանիան է դեռ շահարկում այդ խնդիրը, չնայած «Բրիթիշ փեթրոլիում»-ը կամաց-կամաց ճամպրուկը հավաքում է Ադրբեջանից: Իսկ ՆԱԲՈւԿՕ ծրագրի պարտությունը անգամ Արեւմուտքում ադրբեջանական նավթի հարցը ապաքաղաքականացրեց:
Կոսովոն կարելի է զատել Սերբիայից, որի պատմական տարածքն է հանդիսանում, բայց Արցախը չի՞ կարելի զատել Ադրբեջանից, որ արհեստական պետություն է ու զավթել է այդ բուն հայկական տարածքը: Սա ոչ թե երկակի ստանդարտների քաղաքականություն է, այլ՝ ստոր քաղաքականություն՝ ստոր նպատակների համար…
Հիմա, երբ Լոնդոնը խոսում է ինքնորոշման իրավունքի կարեւորության մասին, առավել ակնհայտ է երեւում, որ նման հայտարարություններն արվում են միայն իրենց համար ցանկալի ժամանակահատվածներում: Մեծ Բրիտանիան երբեք նման հայտարարություն չի արել ԼՂ-ի հակամարտության մասին, եւ այստեղ առաջնորդվել է ստոր քաղաքականության նավթային շահերով:
Իսկ ՄԱԿ-ի կանոնադրությամբ, ինքնորոշման իրավունքն ի տարբերություն տարածքային ամբողջականության, ոչ միայն սկզբունք է, այլեւ նպատակ, ու ԼՂՀ հարցին անդրադառնալիս պետք է հիշել սա, որ Արցախի ժողովուրդը եւս իրավունքներ ունի:
Արեւմուտքը, այնուամենայնիվ, հասկացել է, որ Կովկասում ադրբեջանական նավթը չի կարող եղանակ փոխել եւ գուցե մտածելակերպի փոփոխություն եւս լինի:
Կարծես Ռուսաստանում եւս սա սկսել են հասկանալ: Վերջերս անգամ ռուսները Կասպից ծովում զորավարժություններ անցկացրեցին, որը բոլորը համարեցին Ադրբեջանին ուղղված նախազգուշացում: Մոսկվան Կասպից ծովում ցուցադրեց իր ռազմական հզորությունը, որը Կասպյան ավազանի երկրներին ուղղված «մեսիջն» էր, բայց՝ առավելապես Ադրբեջանին ուղղված.- ասել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:
Այսպես Արեւմուտքին ու Ռուսաստանին կարող է հետեւել մի երկիր, որը համաթուրքական շրջապատից է՝ Թուրքմենստանը: Այս երկիրը կարծես բացահայտ պատրաստվում է Ադրբեջանի դեմ պատերազմի՝ Կասպից ծովում գտնվող նավթի պաշարներով հարուստ Քյափազ հանքավայրի պատճառով: «Համապատասխան միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ երկու կողմերի հայտարարությունները թույլ են տալիս վերջիններիս պաշտոնապես պատերազմ սկսել: Հավանաբար, պատերազմը, որը խաչ կքաշի Տրանսկասպյան
գազամուղի եվրոպական ծրագրի իրականացման վրա, տեղի չի ունենա, եւ կողմերը միայն կակտիվացնեն Կասպից ծովի հատակի սահմանազատման վերաբերյալ բանակցությունները: Թուրքմենստանի առավելությունն այդ «տեսական պատերազմում» այն է, որ նրա մայրաքաղաքը գտնվում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար անհասանելի վայրում, այն դեպքում, երբ Կասպից ծովի ափին Բաքուն կարող է դառնալ սահմանամերձ քաղաք, եթե ոչ շփման գիծ»,- նշել են ադրբեջանական զլմ-ները:
«Չպետք է բացառել, որ Աշքաբադի շուրջ տեղի ունեցող «խաղերի» սրումը «Եվրոպայի հետ առերեսման» յուրահատուկ տարր է: Կասպից ծովի վերաբերյալ հետագա զարգացումները ցույց կտան, թե որքան իրական են եվրոպական ծրագրի հնարավորությունները նման բարդ տարածաշրջանում: Հատկապես եթե ԵՄ-ն հետագայում նորից փորձի հեռանալ քաղաքական բարդ խնդիրներից, որոնք առկա են այստեղ»,- նշել է «Վեստնիկ Կավկազ»-ի եվրոպական գրասենյակի տնօրեն Օրհան Սատարովը:
«Ադրբեջան-Թուրքմենստան տարաձայնությունները ակտիվացել են Ռուսաստանի ռազմական զորավարժություններին զուգահեռ: Հիմա աշխարհաքաղաքական եւ իմպերալիստական քաղաքականությունը թաքնվում է հակաահաբեկչական եւ հակադիվերսիոն քաղաքականության հետեւում: Մոսկվան ռազմական օգնություն է ցուցաբերում Կասպից ծովում, եւ սա ուղերձ է ավազանի բոլոր պետություններին: Բոլոր պետություններն այն գնահատում են իրական ուժեղ պետության կողմից որպես հաղորդագրություն: Իսկ Ադրբեջանի համար դա լուրջ նախազգուշացում է»,- գրում են ադրբեջանցի վերլուծաբանները:
Հիշեցնենք, որ Թուրքմենստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել Ադրբեջանին՝ Կասպից ծովում «սահմանապահ զորքերի կողմից անօրինական գործողություններ» իրականացնելու վերաբերյալ:
Այս ամենին զուգահեռ խորանում է ադրբեջանա-իրանական հակամարտությունը, որը երկկողմանի տարածքային պահանջատիրության է վերածում ու պատերազմի հեռանկար ունի:
Սա էլ համաթուրքական պառակտմանը կարող է ավելացնել համաիսլամական պառակտումը, եթե իրանական կողմը ակտիվանա «Իսլամական կոնֆերանս»-ում:
Վրաստանի հետ եւս մանր-մունր տարաձայնություններ կան, որ քաղաքական առումով կարող են ծավալվել:
Իսկ հայ-ադրբեջանական հարաբերությունները վաղուց անհանգստացնում են շատերին, տարածաշրջանում շահեր հետապնդող երկրներին: Վերջին շաբաթներին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական լարվածությունը մեծացել է, ինչի առնչությամբ Արեւմուտքն ու Ռուսաստանը արդեն արտահայտվել են:
Անգամ Եվրոպական խորհրդարանի Բրիտանիան ներկայացնող պատգամավոր Չարլզ Թոննոքն է կոչ է արել ԵՄ-ին՝ քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ. «Արտաքին քաղաքականության գծով կոմիտեի կողմից գրեթե աննկատ մնացին վերջին 2 ամսում տեղի ունեցած՝ ադրբեջանա-հայկական սահմանում դիպուկահարների հետ կապված միջադեպերը»:
Արման Դավթյան
* * *
Փախստականները եւ միջազգային իրավունքը
Հունիսի 20-ին՝ Փախստականի միջազգային օրը, «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը հայտարարել է, որ աշխարհի տարբեր երկրների կառավարություններն ու միջազգային կազմակերպությունները խոսում են այն մասին, թե «որքան է ավելացել փախստականների թիվն աշխարհում եւ ով՝ որքան եւ ինչ որակի օգնություն է տրամադրել ու տրամադրելու իրենց հայրենի օջախները ստիպողաբար լքած թշվառականներին»: Նույնը կլինի նաեւ այս տարի եւ չի բացառվում, որ ՀՀ իշխանությունները, ՀՀ-ում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի գրասենյակը հանդես կգան հաշվետու հայտարարություններով ու կպատմեն, թե որքան շատ բան է արվում ՀՀ-ում ապաստանած փախստականների համար: Չհավատաք այդ տոնական զեկույցներին, հրեշտակի թեւեր առած, բայց փախստականների բարոյական, նյութական ու քաղաքական կործանման դուռը բաց պահող այդ մարդկանց: Իրականությունն այն է, որ 1988-1992թթ. Ադրբեջանում հայության հանդեպ նախաձեռնած էթնիկ զտումների եւ ցեղասպանության գործողությունների հետեւանքով փախստական դարձած ավելի քան 0.5 մլն մեր հայրենակիցների ճակատագիրը տնօրինող տեղական եւ միջազգային տարատեսակ չինովնիկները փորձում են ադրբեջանահայ փախստականների խնդիրը լուծված ներկայացնել, փորձում են ցույց տալ, թե ինչպիսի արդյունավետությամբ է ընթանում նրանց «ինտեգրման» գործընթացը ՀՀ-ում:
«Լուսանցք» թիվ 23 (244), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



