…(«ԱՐԱՐԻՉ-ը ՄԱՐԴ-ուն հոգու հավերժությունից բացի նաեւ հոգե-մարմնական բերկրանքի երկրային կյանք է տվել, ապրելու, գործելու եւ ստեղծելու համար եւ դա արհամարհելը արհամարհանք է բուն արարչականության նկատմամբ…» (Հայ Արիական Միաբանություն – խմբ.)
…«Հիսուսը համեստների ու ճնշվածների, մոլորյալների ու հիվանդների «երկնային արքայության» կրոն ստեղծեց… իսկ Բուդդան՝ ծույլերի ու պահանջներ չունեցողների, աշխատանքից փոխչողների «երկնային արքայության»…(Հայ Արիական Միաբանություն – խմբ.)
Ուստի՝ մերօրյա հայ իրականության մեջ այդ հարցադրումը հույժ կարեւոր է դառնում:
Որպես նախաբան նկատենք նաեւ, որ խոսքը կրոնների առաջացման եւ ոչ թե ծագումի մասին է. քանզի ծագումը ենթադրում է արարող բնական օրինաչափության իրականացում, իսկ կրոնը այդպիսին չէ, այն բնական օրինաչափության խախտումն է եւ, այդպիսին լինելով, ամեն մի արարողականության թշնամին է:
Վաղ ժամանակներում՝ ընդհուպ մինչեւ եկեղեցու կողմից թոնդրակյան՝ ազգային, հակակրոնական շարժման վերացումը՝ հայության մեծամասնությունը շատ էլ լավ հասկացել է, թե ինչպես են առաջացել կրոնները եւ ինչ նպատակ են հետապնդում: Դեռ 5-րդ դ. պատմիչներն են վկայում, որ ընդհուպ մինչեւ իրենց ապրած ժամանակները հայության մեծամասնության համար քրիստոնեությունը եղել է ոչ այլ ինչ, քան սեմածին Հիսուսի («մարդու որդու») ստեղծած ու սեմական միջավայրից ծնված, մարդկային սովորույթների թելադրանքով ստեղծված՝ բուն հայ արարչա-աստվածապաշտական հավատքի հետ ոչ մի կապ չունեցող ուսմունք:
Թոնդրակեցիական շարժումը ու նրա գլուխ Նարեկացին ամփոփումը եղավ միջնադարյան հայության մեծամասնության՝ քրիստոնեության նկատմամբ այդ սթափ ու ողջախոհ ընկալումի: Հայի այդ ընկալումը, որպես դասական ընկալում, հիմք եղավ միջնադարյան՝ եվրոպական ու արեւելյան շատ մտածողների ու աստվածաբանների համար՝ կրոնների նկատմամբ իրենց վերաբերմունքը մշակելու հարցում: Թոնդրակեցիական շարժման եղերական ճնշումից հետո հայության փոքրամասնությունը, ի դեմս արեւորդիների, միայն կարողացավ պահպանել հայի՝ կրոնի նկատմամբ ճիշտ ավանդական ընկալումը: Դրանից, սակայն, քիչ բան է պահպանվել:
Կրոնի՝ ինչ պտուղ լինելը պարզելու համար հետո մենք պարտական ենք եվրոպական մտածողներին, նրանցից հատկապես Նիցշեին, ով լավագույնս է ներկայացրել կրոնի ախտաբանությունը ու ով բարերար ազդեցություն է թողել 19-20-րդ դարերում՝ կրոնների ինչ լինելուն անդրադարձող հայ մտածողների ու գրողների վրա:
Կրոնների առաջացման հարցին անդրադառնանք հենց Նիցշեի՝ մի դիպուկ խոսքով. «Կրոններ հիմնադրողների բուն գյուտն է՝ նախ որոշակի մի կենսակերպ եւ առօրեական վարքուբարք սահմանել… ապա՝ հենց այս կյանքին տալ մի մեկնաբանություն, որի շնորհիվ այն պարուրված է թվում գերագույն արժեքի լույսով, այնպես որ հետայդու մի բարիք է դառնում, ինչի համար պայքարում են եւ, հարկ եղած դեպքում, կյանքը դնում… Կրոն հիմնադրողի նշանակությունը, ինքնատիպությունը սովորաբար ի հայտ է գալիս նրանով, որ նա տեսնում է այդ կենսակերպը, որ նա այն ընտրում է, որ նա առաջին անգամ կռահում է, թե այն ինչի համար կարող է օգտագործվել, ինչպես կարող է մեկնաբանվել:
Հիսուսը, օրինակ, հայտնաբերեց փոքր մարդկանց կյանքը հռոմեական գավառում, համեստ,…, ճնշված մի կյանք. նա մեկնաբանեց այն, նա դրա մեջ ներդրեց գերագույն իմաստն ու արժեքը – եւ դրանով՝ ցանկացած այլ կենսակերպ արհամարհելու քաջությունը, մոլեռանդությունը…, որը աճեց ու աճեց եւ, ի վերջո, պատրաստ էր «աշխարհը հաղթել» (այսինքն՝ Հռոմն ու առավել բարձր դասերը ողջ կայսրությունում):
Նույնկերպ Բուդդան հայտնաբերեց մարդկանց այդ տեսակը եւ այն էլ՝ իր ժողովրդի բոլոր խավերում ու հասարակական աստիճաններում ցրված, ովքեր ծուլությունից բարի եւ բարեհաճ էին (առաջին հերթին՝ անչար), ովքեր, նույնպես ծուլությունից, ապրում էին ժուժկալ, գրեթե առանց պահանջների. նա հասկացավ, թե այդ տեսակի մարդիկ անխուսափելիորեն…ինչպես պիտի ներգլորվեն մի հավատի մեջ, որը խոստանում է կանխել երկրային չարչարանքի (այսինքն՝ աշխատանքի, ընդհանրապես գործունեության) վերադարձը,- այս «հասկանալն» էլ նրա հանճարն էր:
Կրոնի հիմնադրին հատկանշական է հոգիների մի որոշակի միջին տեսակի մասին գիտելիքի հոգեբանական անսխալականություն»:
Շարունակելի
Քուրմ Մանուկ, Հայ Արիական Միաբանություն
«Լուսանցք» թիվ 24 (245), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



