Սկիզբը՝ թիվ 22, 23-ում
Մեր տարածաշրջանի դավանաբանական եւ գաղափարական անցումների խոսուն վկան է արեւմուտք-արեւելքի սահմանային քաղաք համարվող Դուրա-Եվրոպոսը (Dura-Europos): «Դուրա» տերմինը արամեերեն բացատրվում է որպես ամրոց, սակայն այն ունի ավելի հասկանալի պարզ բացատրություն՝ «դուռ»: Dura-Europos քաղաքում արեւապաշտական, լուսնապաշտական, կրակապաշտական տաճարները կողք կողքի էին, այստեղ արեւապաշտական գաղափարները ստանում էին սխալ որակներ, ասվածի լավագույն դրսեւորումն էր հելլենական ձեւով Միհրին ներկայացնելը: Մեր տարածաշրջանում հելլենական կրակապաշտական գաղափարախոսության ճնշումների ներքո արեւապաշտությունը ներկայացնող Ահուրամազդայի ուսմունքը անկում ապրեց:
Անտիոք-Հռոմ-Հայք. այս 3 կողմերի համար հանգուցալուծում եղավ մ.թ.ա. 190թ. Մագնեսիայի ճակատամարտը, Հռոմը հաղթեց Անտիոքին եւ վերջնականապես դարձավ Միջերկրական ծովի հզորագույն տերությունը եւ հնարավորություն ստացավ Փոքր Ասիա մտնել՝ անմիջապես հաղթահարելով միայն Դարդանելի նեղուցը: Սելեւկյանների պարտությունը հնարավորություն տվեց հայոց կողմին մ.թ.ա. 189թ. կրկին Հայքի մեծ մասի վրա վերականգնել հայոց իրավունքը, հայոց գահակալ եւ օրինական տեր հանդես եկավ Երվանդունիների տոհմից սերված Զարեհի որդի Արտաշեսը: Նա պատմության մեջ հաստատվեց որպես Արտաշես I-ին:
Մեր պատմության մեջ բավականին խեղաթյուրված են ներկայացված Երվանդ Վերջինի եւ Արտաշես I-ինի փոխհարաբերությունները: Այն, ինչ մենք գիտենք, ներկայացված է որպես կողմերի միջեւ ծավալված գահակալականպայքար, ինչը սխալ է հիմնովին, անտեսված են գահակալի եւ գահի թեկնածուի իրավունքները, որոնք պայմանավորված էին արեւապաշտական գաղափարախոսությամբ, այսինքն, գահը եւ կառավարելու իրավունքը անհրաժեշտության դեպքում փոխանցվում էր ինքնակամ, որով եւ պետք է առաջնորդվեին կողմերը: Սակայն, ընդունված է ներկայացնել, որ Արտաշես I-ինը խլել է գահը Երվանդ Վերջինից: Դա այդպես չէ, քանի որ ուղղակիորեն հակասում է արեւապաշտական գաղափարախոսության առանցքային դրույթին, այն է՝ թագը փոխանցվում է կամովին՝ առանց ճնշման: Մեր պատմության մեջ անհասկանալիորեն սղվել է Արտաշեսի պատկանելությունը թագակիր եւ վիշապասանձ Երվանդունիների տոհմին, պատկանելության վերականգնումը խիստ կարեւոր է, քանի որ այդ պատկանելությամբ է հիմնավորվում նրա թագակիր լինելու իրավունքը, որը նաեւ հարկավոր էր պաշտպանել, ինչն էլ փայլուն իրականացրեց Արտաշեսը: Իսկ Արգամի խնդիրը հարկավոր է դիտարկել միայն դիցաբանության ենթատեքստում, որը նշանակում է. Վիշապ Արգամը սանձված է Վիշապասանձ Արտաշեսի կողմից, եւ Վիշապ Արգամը պետք է ծառայի եւ կատարի իր դիցական պարտավորությունը հայոց գահի նկատմամբ:
Հունական պատմագրությունը Արտաշես I-ինի գլխավորած Հայքը համարում է Աստվածաշնչի Դանիելի մարգարեությունում հիշատակված երեք «եղջյուր»-թագավորություններից մեկը, այսինքն՝ Արեւապաշտական Համադաշնության լուծարումից հետո հայոց կողմը նորից հանդես է գալիս որպես թագակիր:
Ընդունված է այն տեսակետը, որ Արտաշեսը I-ինը հելլենական մշակույթի կրող է, հիմնավորվում է սույն փաստը հունական հեղինակների թատերական ստեղծագործությունների կատարմամբ Արտաշատում: Մեզ հասած Արտաշես I-ինի թողած ժառանգությունից դավանաբանական եւ իրավունքի տեսակետից բավականին հետաքրքիր են սահմանաքարերը: Պատմագրության մեջ ընդունված է տեսակետ, որ այն գրված է արամեական լեզվով: Կատարենք ճշտում.- արձանագրությունը հայերեն է, բայց գրված է արամեական գրով: Սահմանաքարերի փաստը բավականին խոսուն է եւ թույլ է տալիս մեզ հասկանալ իրավունքի եւ մշակույթի փոխհարաբերությունները Արտաշես I-ինի մոտ:
Արտաշեսը I-ինը իր թագակրի իրավունքը ներկայացնում է տարածաշրջանի հնագույն գրային համակագերից մեկի միջոցով, որը այսօր ընդունված է անվանել «արամեական կամ սարացանի»: Սա հաստատում է, որ Արտաշես I-ինը արտաքին աշխարհի համար իր սահմանները ներկայացնում է մի գրային համակարգի միջոցով, որի օգտագործումը արդեն գերակա իրավունք էր, որը եւ բացահայտում է Արտաշես I-ինի վերաբերմունքը հելլենական քաղաքական մշակույթի նկատմամբ: Արտաշես I-ինի գերակա իրավունքի հաջորդ դրսեւորումն էր Հաննիբալի անցումը Հայք, պարտված Անտիոքից: Հաննիբալի խորհրդով Երասխ եւ Մեծամոր գետերի ջրկիցում Արտաշեսը I-ինը կառուցում է մի նոր մայրաքաղաք՝ կոչելով այն Արտաշատ, որին ժամանակին հունա-հռոմեական աշխարհում անվանում էին «Հայոց Կարթագեն»: Մեր պատմության մեջ ընդունված է կարծել, որ այս տերմինով ներկայացվել է Արտաշատի անառիկությունը: Հայոց մայրաքաղաք Արտաշատի նկատմամբ Հռոմի վերաբերմունքը այնպեսին էր, ինչպիսին էր իրական Կարթագենի նկատմամբ, այսինքն՝ Արտաշատը կամ Հայոց Կարթագենը նույնպես պետք է կործանվեր, այդ պատճառով է, որ Արտաշատը կոչվել է Հայոց Կարթագեն:
Մ.թ.ա. 100թ. Հայոց աշխարհում սկսվեց հզոր դավանաբանական եւ գաղափարական պայքար՝ Հռոմի, Երուսաղեմի՝ մի կողմից, մյուս կողմից՝ Պարթեւի եւ Հայքի միջեւ: Մ.թ.ա. 92թ. Պարթեւի Միհրդատ 2-րդը փորձեց Հռոմ-Արիք փոխհարաբերություններին տալ նոր որակ՝ տեղափոխելով այն բանակցային դաշտ, սակայն այս գործնթացը չէր լուծում հիմնական խնդիրը, Հռոմը ձգտում էր արեւելք եւ ցանկանում էր դառնալ տիտղոսակիր:
Հռոմը կարողացավ «Հայոց Կարթագեն» դրույթը կիրառել հայոց գահի դեմ, որի արձագանքները պահպանվեցին Արտավազդին նվիրված ավանդազրույցում, նա փակվեց Մասիսի վիհերից մեկում: Ի պատասխան այս քայլի, հայոց հոգեւոր բարձր դասի կողմից արեւմուտքի կառավարիչներին Փոքր Ասիայում հաստատեցին նվաստացուցիչ «կես ար, այսինքն՝ ոչ ամբողջական ար» ձեւով: Արեւմուտքից պատասխանը չուշացավ, Հռոմին հաջողվեց կրակապաշտական գաղափարախոսության շրջանակներում արեւելքում
իրականացնել այնպիսի քաղաքականություն, որի հիմքը ամեն ինչից վեր եսը եւ նյութականն էր:
Կարճ ժամանակ անց եսի եւ նյութականի ճնշման ներքո հայոց բարձրագույն դասի մեկ մասի անհեռատես մոտեցմամբ «կես ար, այսինքն՝ ոչ ամբողջական ար» կոչումը արժեւորվեց եւ հնչեց որպես «Չէ, Զար է», այսինքն՝ «չէ, արդեն զար է»: «Չէ, Զար է» տերմինը ամրացավ հռոմեական մշակույթում. այսօր Չեզարե-ն իտալացիների շրջանում հատուկ անուն է:
Արեւապաշտական աշխարհի այս խառնաշփոթ իրավիճակում հայոց բարձրագույն դասի մեկ այլ մասի վարած ավանդական քաղաքականության արդյունքում Երվանդունի-Արտաշեսյանների ճյուղի ժառանգորդ ապագա գահակալ Տիգրանը, ըստ ընդունված տեսակետի, հայտնվում է Արիքում՝ որպես պատանդ: Մեր պատմագիտության մեջ Տիգրան Մեծի երեւույթը բավականին մեկնաբանված է, սակայն այդ մեկնաբանությունների հիմնական մասի հետ մենք չենք կարող համաձայնել, քանի որ դրանք արված են արեւապաշտական ենթատեքստից դուրս, ինչի արդյունքում շատ հարցեր չունեն իրենց տրամաբանական պատասխանները, օրինակ.
– եթե Տիգրանը գտնվում էր գերության մեջ, ապա ինչու՞ պարթեւաց արքունիքը 45-ամյա Տիգրանին ազատություն ընծայեց:
– Ինչու՞ Պարթեւը Տիգրանին հավատաց:
– Այդ ինչպե՞ս ամեն ինչից, նաեւ համապատասխան գիտելիքներից զրկված անձը կարողացավ կատարել անհնարինը:
Այս հոդվածի շրջանակներում ասենք միայն. Տիգրանը Արիքում պատանդ չի՛ եղել, այս պատանդի պատմությունը կեղծիք է: Ըստ մեր պրպտումների, Տիգրանը Արիքում ստացել է իր իրավունքին համապատասխան գիտելիքներ, այդ թվում՝ դավանաբանական, ռազմական եւ տերունական: Տիգրանը Արիքում մնացել է այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտ է եղել արեւապաշտական գաղափարախոսության իրավական ժառանգորդի համար, որն էր Տիգրանը: Հայք վերադառնալուց հետո, իրեն վերապահված իրավունքով, Տիգրան Մեծը դարձավ արեւապաշտական աշխարհի գլուխը, նորից Հայոց կողմը վերստացավ «արքայից արքա» տիտղոսը եւ կրեց Արտաշեսի թագը՝ ժառանգված Տիգրան Երվանդյանից: Այս թագի վրա նշված աստղի հետ կապված նույն պես ավանդապատում կա, ըստ որի աստղը հայտնվել է երկնքում, Տիգրան Մեծի հաղթանակների ժամանակ: Իհարկե կարող է նաեւ այդպես լինել, սակայն Տիգրան Մեծը ժառանգել էր մի թագ, որն արդեն ուներ դարերի պատմություն, իսկ այդ թագի գլխավոր խորհրդանիշը աստղն էր, որը շումերական մշակույթում կոչվում էր Դինգիր, որ նաեւ հոմանիշն էր աստծո: Տիգրան Մեծի օրոք թագի վրա պատկերված խորհրդանշանները, որոնցից մեկը աստղն է, ունեին 3000 տարվա պատմություն:
Ելնելով իր ժառանգական իրավունքից եւ, ըստ կարգի, Տիգրան Մեծը համարում է, որ Հռոմը նույնպես պետք է իրեն դիմի Արքայից Արքա տիտղոսով: Պատմության մեջ համարվում է, որ Տիգրան Մեծը պարտվել է Հռոմին եւ ընդունել է Հռոմի գերակայությունը: Այս մոտեցումը նույնպես վերանայման կարիք ունի, քանի որ Հայքը Տիգրան Մեծի օրոք հարկատու չի եղել Հռոմին: Մենք վստահ ենք՝ Տիգրան Մեծին Արքայից Արքա տիտղոսով ճանաչել են իր ժամանակի ամենահզոր գահակալները, որոնք են.
– Պոնտոսի թագավոր Միհրդատ Եվպատորը,
– Հռոմը՝ ի դեմս ներկայացուցիչ Լուկուլլոսի,
– Արիք կամ Պարթեւք՝ ի դեմս Հրահատի:
Այդպիսով, կեղծ ժառանգորդ Ալեքսանդր Մակեդոնացուց հետո, մոտ 250 տարի հայ-հելլենական պայքարը ի վերջո ավարտվում է արեւապաշտական գաղափարախոսության օրինական ժառանգորդ Երվանդունի-Արտաշեսյաններից սերած Տիգրանի գլխավորած Հայքի հաղթանակով: Հայկական Կարթագեն սինդրոմից Տիգրան Մեծը կարողացավ ձերբազատել Հայոց Աշխարհին՝ որպես ժառանգական Արեւապաշտական գաղափարախոսության առաջնորդ:
Ալեքսանդրի, Անտիոքի բախտին արժանացավ նաեւ Հռոմը, Հռոմին էլ չհաջողվեց Հայոց թագավորից ստանալ «արքայից արքա» տիտղոսը, Հռոմը շարունակում էր «արքայից արքա» տիրղոսով ճանաչել հայոց թագավորներին: Արեւապաշտական աշխարհակարգի համաձայն՝ արքայից արքա տիտղոսը անցավ Արիքի գահակալ Հրահատ 3-րդին՝ մ.թ.ա. 70-57-ին: Այսպիսով, Տիգրան Մեծի կողմից Արեւապաշտական աշխարհակարգի թագակիր ժառանգորդ ճանաչվեց Արշակունի տոհմից սերված Հրահատ 3-րդը, նա պաշտոնապես կրում էր «արքայից արքա» տիտղոսը, որը չէր ճանաչում Հռոմը:
Հռոմը չէր կարող հանդուրժել նման ձախողումը, եւ եռապետության համահիմնադիր Մարկոս Կրասոս Լիկինիոսի բանակը մ.թ.ա. 53-ին անցավ Հայ-Արիքի սահմանը՝ նպատակ ունենալով նվաճել «արքայից արքա» տիրղոսը… Մ.թ.ա. 53-ի գարնանը Կրասոսը 42 հազար զորքով անցավ Եփրատը եւ Հարանի (Կիլիկիայի տարածք) մոտ Հայ-Արիքի կողմից ջախջախվեց: Զորավար Սուրենը Հռոմի եռապետության համահիմնադիր Մարկոս Կրասոս Լիկինիոսի գլուխը ուղարկում է Որոդես II-ին, որը այդ ժամանակ Արտաշատում էր, այսինքն՝ Հայքի թագավոր Արտավազդի հյուրն էր: Հայ-Արիքի արեւապաշտական աշխարհը տիրացավ հռոմեական կրակապաշտական աշխարհի բոլոր զինանշաններին, սա մի խայտառակ պարտություն էր Հռոմի համար, այս ճակատամարտում Հռոմը կորցրեց 20 հազար զինվոր:
Հայ-Արիքի տիրապետության տակ հայտնվեց ամբողջ Սիրիան, մ.թ.ա. 40թ. արեւապաշտական բանակը նորից հասավ մինչեւ Երուսաղեմ: Անմիջապես Հռոմի հովանավորությամբ Երուսաղեմում թագավոր դարձավ Հեվրոդոս 1-ին Մեծը, որի խնդիրն էր պաշտպանել Հռոմի իրավունքը տարածաշրջանում: Մ.թ.ա. 36-ին Մարկոս Ամտոնիոսը փորձեց հասնել հաջողության ընդդեմ Հայ-Արիքի, սակայն ապարդյուն: Մ.թ.ա. 27-ին Gaius Iulius Caesar Octavianus-ը կարճ ժամանակահատվածում իր ձեռքերում կենտրոնացրեց Հռոմի կայսերության ամբողջ իշխանությունը՝ հաստատելով միապետություն եւ նպատակ ունենալով լուծել Արեւելքի խնդիրը:
Արեւելքում նույնպես լուրջ փոփոխություններ էին տեղի ունենում: Արշակունիները վերակազմավորեցին Արեւապաշտական Համադաշնությունը, վերստին վերահաստատեցին պատմական արեւապաշտական գաղափարախոսության գերակայությունը: Այս անգամ արեւապաշտական գաղափարախոսությունից բխած իրավունքները վերաբաժանվեցին եռյակի միջեւ: Վերադաս եւ ստորադաս աստիճանակարգի համաձայն՝ Մարաց ու Հայքի գահերին հայտնվեցին Արշակունյաց արքայատոհմի ներկայացուցիչները: Համադաշնության պատմական տարածքների մեծ մասում (առանց Հռոմի կողմից նվաճված Փոքր Ասիայի, Արեւելյան Միջերկրականի ու Եգիպտոսի) վերականգնվեց Արեւապաշտական աշխարհակարգը:
Ժամանակաշրջանը, որն ընդգրկում է մ.թ.ա. 20-ից մինչեւ մեր թվարկության 70թ.-ն, շատ վճռական դեր ունեցավ աշխարհակալ պետությունների եւ նրանց գաղափարախոսությունների համար, որոնք, ըստ էության, բաժանված էին 2 մասի՝ կրակապաշտական՝ Հռոմեական եւ արեւապաշտական՝ Հայք-Արիք: Այդ ժամանակաշրջանում, արեւմտյան աշխարհի համար դավանաբանական գաղափարախոսության կենտրոնը հաստատվել էր Ալեքսանդրիայում, հաջորդ կենտրոնը Երուսաղեմն էր: Այստեղ ավանդական հրեական, հռոմեական արեւապաշտական գաղափարախոսության մեջ բազմաշերտ եւ խորը պայքար էր ընթանում գաղափարական դաշտում, սկսվեց հանդես գալ նոր ուսմունք, որը 400 տարի հետո պաշտոնապես պետք է կոչվեր քրիստոնեություն:
Մ.թ.ա. 20թ. Հռոմի որոշմամբ Tiberius Claudius Nero-ն արշավանք կատարեց դեպի Հայք, որը հող նախապատրաստեց Gaius Iulius կամ Caesar Octavianus-ի համար: Կրակապաշտական Հռոմի հետ բարի դրացիական հարաբերություններ հաստատելու նպատակով մ.թ.ա. 20թ. արեւապաշտական աշխարհը Հրահատ 4-րդի առաջնորդությամբ ճակատագրական սխալ կատարեց: Նույն թվականին Գայոս Լուլիուսը կամ Caesar Octavianus-ը դիվանագիտական եւ գաղափարական մեծ հաղթանակ տարավ, նրա միջոցով Հռոմին վերադարձվեցին Կրասոսի եւ Անտոնիոսի բանակներից նվաճած կրակապաշտական աշխարհի շտանդարտներն ու զինանշանները: Սա կրակապաշտական գաղափարախոսության փայլուն հաղթանակն էր, որը անմիջապես ամրապնդեց Հռոմի աշխարհակալ հավակնությունները:
Մ.թ.ա. 17-ին Gaius Iulius Caesar Octavianus-ը դարձավ «յոթ էպուլոնի կոլեգիայի» անդամ (քրմապետական պաշտոն), որից հետո մ.թ.ա. 12-ին նա հռչակվեց որպես բարձրագույն քուրմ-Pontifex maximus, իսկ մ.թ.ա. 2-ին ստացավ հայրենիքի հայր-Pater patriae տիտղոսը, այսինքն, ամրապնդվեց Չեզարե տերմինը: Այս բոլոր կոչումները նախապատրաստում էին հռոմեական կողմի համար ամուր պատվար արեւելքում՝ պայքարի մեջ մտնելու Արքայրց Արքա տիտղոսի համար:
Ելնելով գերխնդրից՝ Հռոմը անմիջապես Տիգրան 3-րդին նստեցրեց հայկական գահին, նա մահացավ մ.թ. 6թ.: Գահն անցավ Տիգրան 4-րդին եւ նրա քրոջը, Հռոմը չճանաչեց նրանց գահակալական իրավունքը: 1թ. Տիգրան 4-րդը զոհվեց, իսկ քույրը հրաժարվեց գահից, որից հետո հայկական գահի կառավարումը իրականացվում էր Հռոմում նշանակված տարբեր գահակալների կողմից: 12-18թթ. Հայոց գահին էր նստած պարթեւական արքունիքի ներկայացուցիչը:
Հռոմի հաջորդ միապետը դարձավ Tiberius Claudius Nero-ն: 18թ. Տիբերիոսի կողմից հայկական գահին բարձրացվեց Պոնտոսի թագավորի որդին՝ Զենոնը, որը գահակալեց 16 տարի՝ Արտաշես 3-րդ անունով: 34թ. հայկական գահին բարձրացավ Արտաբան 3-րդի որդի Արշակ 1-ինը, իսկ 35թ. Հայաստանի գահակալ նշանակվեց Միտրդատը: Որոշ ժամանակ անց Միտրդատին կանչեցին Հռոմ եւ կալանավորեցին, սակայն 41թ. Կլավդիոս Կայսրը ազատ արձակեց նրան՝ հնարավորություն տալով նորից նստել հայկական գահին:
51թ. Ֆարսման 1-ինի եւ Միտրդատի միջեւ թշնամանք առաջացավ: Ֆարսմանը իր որդուն՝ Ռադամիստին ուղարկեց Հայք՝ Միտրդատի մոտ՝ կեղծ պատմությամբ, իբր թե Ռադամիստը գժտվել էի իր հոր հետ, այդ պատճառով նա եկել է հորեղբոր մոտ: Միտրդատը ընդունեց եղբոր որդուն, որոշ ժամանակ անց Ռադամիստը վերադարձավ հոր մոտ եւ հարձակվեց Միտրդատի վրա: Ռադամիստը օգտվելով Հռոմի դանդաղկոտությունից՝ բանակցությունների պատրվակով իր մոտ հրավիրեց Միտրդատին եւ սպանեց: 54թ. հայկական վերնախավի կողմից Ռադամիստը վտարվեց Հայքից: Հայոց գահին բարձրացավ Տրդատ 1-ինը, որը համարվում էր պարթեւական Վոլոգեզ 1-ի եղբայրը: 54թ. հռոմեական հաջորդ կայսրն էր Ներոն Կլավդիոս Դրուզ Գերմանիկ Կեսարը: 58թ. Ներոնը զորք ուղարկեց Հայք: Կորբուլոնի գլխավորությամբ նրան հաջողվեց ժամանակավորապես հայոց գահին նստեցնել Տիգրան 4-րդին, ով, ըստ Տացիտի, համարվում էր հրեաների երկրի թագավոր Հեվրոդոս 1-ի ժառանգներից, սակայն շուտով գահը վերադարձվեց Տրդատ I-ին:
63թ. Ռանդեի՝ Հայ-Արիք-Հռոմ ճակատամարտում, ըստ էության, վերջնականապես «դե ֆակտո» լուծվեց մի քանի հազարամյա արեւապաշտական գաղափարական կենտրոն համարվող Հայքի ճակատագիրը. Հռոմը վերջնական հաղթանակ տարավ, հայոց հաջորդ գահակալը արդեն թագադրվեց Հռոմում: 64թ. Հայոց գահի համար Հայ-Արիքի կողմից առաջարկված Տրդատի թեկնածությունը Հռոմում Ներոնի կողմից հաստատվեց, եւ Տրդատը հռչակվեց Հայքի թագավոր:
Գաղափարական եւ դավանաբանական դաշտը եվրասիական տարածաշրջանում անկառավարելի էր, ինչպես Հայ-Արիքում, այնպես էլ՝ հունա-հռոմեական աշխարհներում: Թե՛ Հայ-Արիքում եւ թե՛ հունա-հռոմեական գաղափարախոսությունում աստվածները կախված էին հասարակությունից, տիրակալները հավասարված էին աստվածներին: Ի հակադրություն այս գաղափարախոսական դրսեւորումների՝ Երուսաղեմը դարձավ նոր գաղափարախոսության կենտրոնը: Այս ժամանակաշրջանում արմենոիդական մշակույթի «Արեւի» եւ «Լուսնի» գաղափարախոսակիրները խորը հակասության մեջ էին եւ վերջնականապես դարձել էին թշնամիներ: Հրապաշտական միաստվածության գաղափարը եւ Միակ Աստծուն ներկայացնելու իրավունքը աստիճանաբար դարձավ արեւապաշտական, լուսնապաշտական, կրակապաշտական գաղափարախոսների եւ նրանց թագավորների առճակատման հիմնական պատճառը: Դավանաբանական աշխարհակալ զարգացումները մեծ արագությամբ փոփոխություններ էին առաջացնում եւ՛ արեւելքում եւ՛ արեւմուտքում: Հիսուսի գաղափարախոսությունը աստիճանաբար զբաղեցնում էր արեւապաշտական գաղափարախոսության տեղը:
Ամփոփում
Արեւապաշտական գաղափարախոսության իրավական ժառանգորդների դեմ պայքարի հաջորդ փուլը արեւմուտքը ավարտեց 301թ.: Արեւապաշտական գաղափարախոսության 3500-ամյա հիմնական գաղափարակիրը՝ հայոց արքունիքը 301թ. միակողմանի հրաժարվեց հրապաշտական աշխարհի բարձրագույն քրմապետական տիտղոսից՝ թողնելով այն Արիքի տնօրինության տակ եւ ընդունեց նոր կրոնը: 425թ. Հայ-Արիքի կողմից անհեռանկար փորձ կատարվեց վերականգնելու երբեմնի արեւապաշտական իրավունքները կողմերից մեկի հաշվին: Այդ իրադարձությունը ավելի հայտնի է որպես Վարդանաց պատերազմ: Ըստ էության, հակամարտող կողմերը հույս ունեին վերականգնել Արեւապաշտական Համադաշնության երբեմնի սահմանները, բայց ոչ ավանդական աշխարհակարգը: Հռոմի համար մեծ անակնկալ դարձավ այս իրողությունը, վերջապես Հռոմը իրական հնարավորություն ստացավ զենքով նվաճել Արիքից բարձրագույն քրմապետական խորհրդանշանները եւ դառնալ միանձնյա գահակալ: Արեւմուտքը այս խնդիրը լուծեց իսլամի միջոցով:
Արամ Մկրտչյան, Գերմանիա
Հոդվածաշարը՝ հատուկ «Լուսանցք»-ի համար
«Լուսանցք» թիվ 24 (245), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



