Միջազգային իրավիճակների կտրուկ վայրիվերումները միշտ կենտրոնացման են մղում եվրոպական համագործակցության երկրներին: Եվ իզուր չէ, որ ամերիկյան եւ ռուսաստանյան աշխարհա-քաղաքական բեւեռներից զատ գործում է նաեւ եվրոպականը, չնայած Եվրոպա-ԱՄՆ ուղղությունը հիմնականում համարվում է միասնական՝ Արեւմտյան:
Մեր կարծիքով, ստորեւ ներկայացվող հավաքը կարեւորվում է հատկապես այս պահին, երբ սրվել են ռուս-ամերիկյան հարաբերությունները Սիրիայի տարածքում, իրանական խնդրին զուգահեռ: Եվ Եվրոպան փորձում է սեփական քայլն անել: Իսկ Սիրիայում կարծես այդ քայլն անելու ժամանակը մոտենում է: Մերձավոր Արեւելքը միշտ էլ համաշխարհային վերաձեւումների կենտրոն է եղել:
ԵԺԿ գագաթաժողովին մասնակցում են Եվրոպական Խորհրդի եւ Եվրոպական Հանձնաժողովի նախագահներ Հերման վան Ռոմպոյն ու Ժոզե Մանուել Բարոզուն: Նաեւ ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսը, գլխավոր
քարտուղար Անտոնիո Լոպես-Իստուրիսը, ինչպես նաեւ ԵԺԿ նախագահության բազմաթիվ անդամներ: ԵՄ անդամ երկրների ղեկավարներից գագաթաժողովին մասնակցում են Անգելա Մերկելը (Գերմանիա), Մարիանո Ռախոյը (Իսպանիա), Ժան-Կլոդ Յունկերը (Լյուքսեմբուրգ), Դոնալդ Տուսկը (Լեհաստան), Ֆրեդրիկ Ռայնֆելդտը (Շվեդիա), Յուրկի Կատայնենը (Ֆինլանդիա), Վիկտոր Օրբանը (Հունգարիա), Էնդա Քենին (Իռլանդիա), Բոյկո Բորիսովը (Բուլղարիա), Լոուրենս Գոնզին (Մալթա), Պեդրո Պասոկ Կուելյոն (Պորտուգալիա) եւ Յանեզ Յանշան (Սլովենիա):
Մասնակիցների թվում են Ավստրիայի փոխկանցլեր Միխաել Շպինդելեգերը, Բելգիայի փոխվարչապետ Սթիվեն Վանակերեն, Հունաստանի զարգացման եւ ենթակառույցների նախարար Կոստիս Հացիդակիսը, Էստոնիայի պաշտպանության նախարար Ուրմաս Ռեյնսալուն: Բրյուսելում կլինեն նաեւ Սիլվիո Բեռլուսկոնին, Կիպրոսի, Դանիայի, Ֆրանսիայի ու Սլովակիայի ընդդիմությունների առաջնորդներ Նիկոս Անաստասիադեսը, Լարս Բառֆյոդը, Ժան-Ֆրանսուա Կոպեն եւ Յան Ֆինգելը:
ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից ԵԺԿ գագաթաժողովին, բացի ՀՀ նախագահից, կմասնակցեն նաեւ Միխեիլ Սաակաշվիլին (Վրաստան), Վլադ Ֆիլատը (Մակեդոնիա), Սալի Բերիշան (Ալբանիա), ինչպես նաեւ Բակիր Իզետբեկովիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա), ինչպեսեւ՝ սերբական, խորվաթական եւ նորվեգական ընդդիմությունների ղեկավարները՝ Մլադիչ Դինկիչը, Տոմիսլավ Կարամարկոն եւ Էռնա Սոլբերգը:
Կարծում ենք՝ միջազգային խնդիրների արծարծման համապատկերին, սա նաեւ լավ առիթ է ՀՀ նախագահի համար՝ եվրոպական համագործակցության շրջանակներում հայկական շահերը նորովի ներկայացնելու եւ դրանց հետամուտ լինելու:
Անի Մարության
«Իմ երեւակայական առանձնատները՝ Ձեզ»
Մամուլը տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանի հետ կապված պարբերաբար լուրեր է «գցում». մեկ՝‘որ իբր Մ. Վարդանյանը հապճեպ վաճառում է Սեւանա լճի ափամերձ տարածքում գտնվող իր առանձնատունը, մեկ՝ որ իբր առանձնատուն է կառուցում Արաբական Էմիրությունների հայտնի թաղամասերից մեկում:
Ինչքանո՞վ են իրականությանը համապատասխանում այս լուրերը. իսկությունը պարզելու համար փորձեցինք ճշտել հենց անձամբ Մանուկ Վարդանյանից:
Մեր հարցադրմանն ի պատասխան նա նախ պարզապես ծիծաղեց, թե՝ «այդ լուրերը մամուլը չի գցում, այլ՝ մամուլում են գցում», ու հետո էլ թե՝ «բացի իմ իրական անշարժ գույքից, այն, ինչ գրանցված է կադաստրի պետական կոմիտեում, վաճառվելիք ու կառուցվելիք բոլոր գույքերս ձեզ եմ տալիս»:
Իսկ մեր հաջորդ հարցին, թե իսկ այդ ո՞վ կամ ովքե՞ր են մամուլում գցում այդ կարգի՝ իրականությանը չհամապատասխանող լուրերը, Մանուկ Վարդանյանը համառոտեց.
«Կհետաքրքրվեք, կգրեք,
ես էլ կկարդամ ու կտեղեկանամ հենց մամուլից, այնպես ինչպես տեղեկանում եմ իմ երեւակայական առանձնատների մասին»:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 24 (245), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



