Դեռ հունիսի սկզբներին Վրաստանը վավերացված փաստաթղթով ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ավելին, պաշտոնական Թբիլիսին եւս ազգերի ինքնորոշման իրավունքը համարել է անջատողականություն, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ շրջան Ադրբեջանի կազմում: Եվ այսպես, Կովկասի տարածաշրջանում Ադրբեջանի հետ եւս 2 պետություն՝ Թուրքիան ու Վրաստանը, հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միայն տարածքային ամբողջականության սկզբունքով եւ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում:
Թուրքիան աստիճանաբար իրեն է միացնում Աջարիան. գրում են վրացական լրատվամիջոցները: Ըստ փորձագետների, Աջարիայի վրա հարավային հարեւանների ազդեցությունը ահռելի է, ավելին, ըստ Վրաստանի ընդդիմադիր «Վրացական ժողով» կուսակցության պատգամավոր Ջոնդի Բոգատուրիայի, վերջին 2 տարվա ընթացքում Վրաստանի իշխանությունները քաղաքացիություն են տրամադրել Աջարիայում բնակվող 25 հազար թուրքերի: Իակ թուրք-մեսխեթների՝ Ջավախքում բնակեցնելու խնդիրը նորից քաղաքական օրակարգ է մտել:
Վրացի պատգամավորի խոսքերով, այս հարցում վրացական իշխանությունների «դավաճանական լռությունը» կարող է հանգեցնել այն բանին, որ Աջարիայում տեղի ունենա այն, ինչ կատարվեց Հարավային Օսիայում եւ Աբխազիայում, այն է՝ սեփական քաղաքացիների անվտանգությունը ապահովելու պատրվակով այստեղ կմտնեն այս անգամ թուրքական զորքեր: Շատերն են արդեն պնդում, որ այս մտահոգությունները ամենեւին չափազանցված չեն: Աջարիայում թուրքերին պատկանում է գրեթե ամեն ինչ, իսկ ինքնավարության հանգստի գոտիները կամաց-կամաց վերածվում են «թուրք զբոսաշրջիկների սեռական ցանկությունները բավարելու համար նախատեսված վայրի»: Նույնիսկ Բաթումիի օդանավակայանն է օգտագործվում որպես «ներթուրքական օդանավակայան եւ կառավարվում է թուրքական վարչակազմի կողմից»,- նշում են որոշ զլմ-ներ, որոնք նաեւ մատնանշում են, թե «Աջարիայի թուրքական էքսպանսիայի մյուս կարեւորագույն ուղղությունը կրոնականն է: Վերջին տվյալների համաձայն, Աջարիայում գործում է 180 մզկիթ, 60 մեդրեսսե եւ կրոնական գիշերօթիկ դպրոց: Դեռ ավելին, թուրքական իշխանությունները պատրաստվում են Բաթումիի կենտրոնում կառուցել Սուլթան Աբդուլ Ազիզին նվիրված եւս մեկ մզկիթ: Հատկանշական է, որ հենց սուլթան Աբդուլ ազիզն է ժամանակին Աջարիան միացրել Օսմանյան Կայսրությանը»: Պաշտոնական Անկարան «Աջարիան դե ֆակտո համարում է իր տարածքը, ինչի «ամենաանմեղ» ապացույցն այն է, որ թուրքական դասագրքերում զետեղված քարտեզներում Աջարիան ներկայացված է որպես թուրքական հանրապետության մաս»:
Հայաստանի «Իվերիա» վրացական համայնքի ղեկավար Սվետլանա Նամչեւաձեն եւս անհանգստացած է. «Պարսիկները փորձում են մխրճվել Հայաստանի ներքին կյանք, իսկ թուրքերը՝ Վրաստանի»: Նա նաեւ այլ մտահոգություն ունի. «Վրաստանը պետք է պաշտոնապես ընդունի Հայոց ցեղասպանության փաստը, բայց Հայաստանի վրացական համայնքը չի կարող ազդեցություն ունենալ այդ հարցում վրաց պետական այրերի դիրքորոշման վրա»: Պաշտոնական Թբիլիսին մինչ օրս պետականորեն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, անգամ այս տարի խոչընդոտեց ջավախքահայերի ավանդական երթի անցկացմանը, բայց հայաստանաբնակ վրացիները փորձում են «ներգործել այդ հարցում, պատրաստված լինել, այդ ամենը ներկայացնել փաստացի», թեեւ ըստ համայնքի ղեկավարի, «ցավոք, պատրաստ չեն իրենք: Թող դա անեն փորձագետները, մասնագետները, ինչը շատ կարեւոր է»: Վրաստանի ներկայիս կյանքում թուրքական գործոնի մեծացման խնդրին հայաստանաբնակ Նամչեւաձեն նշել է, որ անձամբ բացասական վերաբերմունք ունի այն փաստի նկատմամբ, որ «Թուրքիայում մեծանում են հավակնությունները Աջարիայի նկատմամբ եւ Աջարիայում նոր մզկիթներ կառուցելու փորձ է արվում: Պատմությունը, փաստացի, կրկնվում է, եւ եթե պետական այրերը հետադարձ հայացք չուղղեն պատմական անցյալին, եւ չգիտակցեն, որ անցյալը կարող է կրկնվել, Հայաստանը եւ Վրաստանը կկանգնեն նոր մարտահրավերների առջեւ»:
Դառնալով Տրապիզոնում ընդունված եռակողմ հռչակագրին՝ նշենք, որ Բաքու-Թբիլիսի-Անկարա «նոր ձեւաչափը» ուղղված է ոչ այնքան Հայաստանի, ինչքան հենց Վրաստանի դեմ՝ այս երկիրը թուրքական աքցանում առնելու առումով: Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն «նոր ձեւաչափ» է անվանում Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի համագործակցության նոր փուլը, որը հիմնվում է Տրապիզոնում ստորագրված «Տարածաշրջանային համագործակցության ընդհանուր տեսլականի մասին» հռչակագրի վրա, ինչը հենց սկզբից տարակուսանքներ է առաջացրել: Արեւմուտքի կողմից ստեղծված բազմաթիվ տարածաշրջանային նախագծեր (հատկապես էներգետիկ եւ ենթակառուցվածքային) ներկայումս էլ կատարում են առաջադրանքները եւ նոր խնդիրների լուծման համար նոր ձեւաչափերի անհրաժեշտություն թվում է, որ չկար: Ուստի՝ թուրքական աքցանում հայտնված Վրաստանը դեռ զղջումների առաջ է կանգնելու:
Իհարկե, կարծիք կա նաեւ, թե սա ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հսկողությամբ իրականացվող նոր ծրագիր է, որն ուղղված է Իրանի ու Ռուսաստանի դեմ եւ ուղղակիորեն կապված է Իրանի ու Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող վերջին զարգացումների հետ, բայց անգամ այդ դեպքում ծրագիրն արդեն իսկ վերածվում է թուրք -ադրբեջանական նախագծի, որն ուղղված է սեփական ուժերով տեղային խնդիրների լուծմանը: Վրաստանը պարզապես կապող օղակ է՝ մինչեւ մասնատումը, ինչը թույլ կտա Թուրքիա-Ադրբեջան կապը դարձնել անմիջական: Իզուր չէ, որ Աջարիայում, Ջավախքում եւ Մարնեուլի ադրբեջանաբնակ հատվածներում արդեն իսկ նման քաղաքական ծրագիր է իրականացվում, ինչին վրացական իշխանությունները չեն էլ դիմակայում:
Կովկասում իրենց նպատակներին հասնելու համար Թուրքիան եւ Ադրբեջանը փորձելու են Վրաստանի հաշվին, բայց ոչ երբեք Վրաստանի ուժեղացման միջոցով, իրենց խնդիրները լուծել, ինչը հասկանում են եւ՛ Վաշինգտոնում ու Բրյուսելում եւ՛ Մոսկվայում ու Թեհրանում եւ՛ Երեւանում… բայց՝ ո՛չ Թբիլիսիում:
Հայկ Թորգոմյան
* * *
Վրաստանում Ադրբեջանի ու Հայաստանի «աղավնիների» հավաք էր կազմակերպվել, որտեղ «բազեների» մուտքը խստիվ արգելված էր: Ադրբեջանա-հայկական (ինչպես ՀՀ, այնպես էլ ԼՂՀ) սահմանային գծում դիվերսիոն գործողությունները եւ երկկողմանի զոհերը խթանել են միջազգային կառույցների գրանտային (ավելի ստույգ՝ գրանտակերային) բիզնեսը, եւ վրացիները գործի էին անցել: ԱՄՆ-ի Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Վրաստանի Տեկյալի գյուղում, վրացական Կովկասյան նախաձեռնությունների կենտրոնը հունիսի կեսերին կազմակերպել էր Ադրբեջանի եւ Հայաստանի, այսպես կոչված խաղաղարարների հանդիպում: «Աղավնիները» 1-2 օր կերա՜ն-խմեցի՜ն, ուղեղի լվացման վարժանքներ արեցին ու արեւմտյան լայնաբերան ժպիտներով բերանները բաց վերադարձան իրենց երկրներ:
Բայց Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանում լարվածությունը դեռ շարունակվում է եւ միայն մեր բազե ու առյուծ տղաների շնորհիվ է, որ շարունակում ենք ապրել խաղաղ ու հանգիստ: Գրանտակեր «աղավնիները» չեն կարող խաղաղություն բերել, այն էլ՝ վրացա-ադրբեջանական «եղբայրությամբ» համեմված:
«Լուսանցք» թիվ 24 (245), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



