Մյուս թեկնածուները եւս դժգոհել են. «սոցհարցումներին ակտիվորեն մասնակցում է Ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական միությունը՝ կազմակերպության ղեկավար Գեղամ Ստեփանյանի գլխավորությամբ: Հստակ է, որ հարցման արդյունքները կանխորոշված են»: Վիտալի Բալասանյանը ՀՅԴ–ի՝ առաջիկա ընտրություններում գործող նախագահ Բակո Սահակյանին սատարելու մասին հայտարարությունը համարել է ոչ կոռեկտ, նաեւ վստահություն է հայտնել, որ որոշումն ընդունվել է Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ազդեցությամբ. «Ես սկսել եմ համագործակցել ՀՅԴ հետ 2005թ., երբ «ՀՅԴ-Շարժում-88» դաշինքի կազմում մասնակցել եմ խորհրդարանական ընտրությունների եւ հանդիսացել եմ խորհրդարանական համանուն խմբի անդամ: 2010թ. առ այսօր «Դաշնակցություն» խմբակցության անդամ եմ: Իմ գործունեության ժամանակշրջանում գործել եմ ըստ խմբակցության կանոնակարգի եւ կյանքի եմ կոչել նշված դաշինքի կուսակցությունների ծրագրերը: Մինչ այսօր ունեցել ենք բնականոն փոխհարաբերություններ, միշտ զգացել եմ Դաշնակցության անդամների եւ համակիրների հարգանքն իմ նկատմամբ: Լինելով անկուսակցական, բայց խմբակցության անդամ՝ իմ բարոյական պարտքն եմ համարել նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին տեղեկացնել խմբակցության ղեկավարին եւ անդամներին»:
Ըստ կանխատեսումների, Արցախի նախագահ դառնալու հիմնական թեկնածուները երկուսն են, եւ մրցակցությունն ընթանանում է Վիտալի Բալասանյանի ու Բակո Սահակյանի միջեւ:
Նախընտրական խոստումների շարքում արծարծվում է նաեւ Արցախում երկքաղաքացիության սահմանման խնդիրը: Քննարկվում են ԼՂՀ քաղաքացիության օրենքի հետաձգման եւ ընդհանրապես արցախյան քաղաքացիության մասին հարցերը: Նշվում է, որ Արցախում բնակվել ցանկացող բոլոր հայերին ԼՂՀ քաղաքացիություն պետք է տրվի առավելագույնս պարզեցված կարգով՝‘անկախ ծննդյան վայրից: Հատկապես պետք է ուշադրություն դարձնել արցախյան պատերազմի հետեւանքով փախստական դարձած հայերին, պատերազմում կռված մարտիկներին եւ նրանց ընտանիքի անդամներին, տարբեր երկրներից Արցախ տեղափոխվել ցանկացող որակյալ մասնագետներին: Կարծիքներ կան, որ երկքաղաքացիություն պետք է շնորհել նաեւ ԼՂՀ ՊԲ զինծառայողներին, նաեւ պետք է ծառայությունից հետո Արցախում հաստատվելու հնարավորություն տալ՝ տուն, հողամաս եւ այլ օգնություն տրամադրելով:
Իսկ վերոնշյալ սոցիոլոգ Ա. Ադիբեկյանը հայտարարել է, թե «Արցախցին աթոռի համար չի կռվում», ըստ նրա, հարցման նպատակն է եղել պարզել բնակչության սոցիալական սպասելիքները, գործող նախագահի գործունեությանը տրված գնահատականները, ընտրական ակտիվությունը եւ նախագահի մեկնարկային վարկանիշները: Եվ գործող նախագահի վարկանիշը ամենաբարձրն է եղել: Իսկ արցախցուն ամենաշատը հետաքրքրում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորոմը. «Սահմանամերձ շրջաններում տագնապը մնում է, սոցհարցման մասնակիցների 5,8%-ը նշել է, որ պետք է լինի Արցախի հիմնահարցի լուծումը»: Նա եւս հավաստել է, որ «հիմնական պայքարը կգնա Բակո Սահակյանի եւ Վիտալի Բալասանյանի միջեւ, Արկադի Խաչատրյանի շանսերը մեծ չեն»:…
Հուլիսի 19-ին Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո կարեւոր ու նշանակալի է ԼՂՀ նախագահի հերթական ընտրությունը, ինչը կարեւոր է երկրի պետականության կայացման եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործում:
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի անունից դիմել է հանրապետության բոլոր ընտրողներին՝ կոչ անելով անպայման իրականացնել ընտրելու իրենց քաղաքացիական իրավունքն ու մասնակցել համաժողովրդական քվեարկությանը. «Չմոռանանք, որ առաջիկա նախագահական ընտրություններին մեզնից յուրաքանչյուրի մասնակցությունն Արցախի անկախ, ինքնիշխան պետականության զարգացման եւ, մանավանդ, նրա միջազգային ճանաչման էական գրավական է»:
Արտակ Հայոցյան
* * *
Հայաստանի ռազմական առաջնահերթությունները
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը նման հայտարարություն է արել նաեւ Բաքվի ու ՆԱՏՕ-ի եւ ANAMA-ի համատեղ իրականացվող «Ջեյրանչյոլ» նախագծի բացման արարողության ժամանակ: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ում Ադրբեջանի անդամության հարցը օրակարգում չէ, բայց ՆԱՏՕ-ի աջակցությամբ իրագործվում են մի շարք նախագծեր:
Հայաստանը եւս համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, բայց միաժամանակ՝ մեր երկրում գտնվող ռուսական ռազմակայանի զորավարժարաննները հագեցվում են ժամանակակից սարքավորումներով: 2012թ. ռազմակայանի սպառազինությունները համալրվել են արդիական ավտոմատացված սարքավորումներով եւ գործիքներով, որոնց նպատակն է ապահովել կրակի ու տակտիկական պատրաստություն: Նոր սպառազինության հիմնական առանձնահատկությունն այն է, որ դա տեղակայման եւ շահագործման համար չի պահանջում հսկայական մալուխների ընդլայնված ցանց, իսկ հեռակառավարումը թույլ է տալիս կառավարել յուրաքանչյուր կարգի մեծ թվով թիրախների՝ տեղակայված 2.00-2.000 մ հեռավորության վրա:
Կարեւոր է, որ Մոսկվան չի խոչընդոտում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացմանը: «Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը չի խանգարում Հայաստանին զարգացնել երկկրողմ հարաբերությունները հյուսիսատլանտյան դաշինքի հետ»,- հայտնել է վաշինգոնյան Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը եւ հավելել. «Չեմ կարծում, որ ամեն ինչ կախված է Ռուսաստանից: Երկկողմ հարաբերությունները առաջին հերթին երկկողմանի շարժում է: Հենց Հայաստանը, իմ կարծիքով, չի զգում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացման կարիք: Հայ զինվորականները եղել են Կոսովոյում, Աֆղանստանում եւս առկա է հայկական ռազմական զորակազմ, որի համալրումը եւս բացառված չէ: ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններից բացի առկա են նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունները: ՀՀ-ն սերտորեն համագործակցում է նաեւ ԵՄ անդամ երկրների՝ մասնավորապես, Ֆրանսիայի հետ»:
Եվ արեւմտյան գործիչները այլեւս չեն կարծում, թե Ռուսաստանը ՆԱՏՕ-ին Հայաստանի ինտեգրացիայի գլխավոր պատնեշն է: Նրանք նաեւ համոզված են, որ եթե ՆԱՏՕ-ն ԼՂ-ի հիմնահարցում զբաղեցնի պրոադրբեջանական դիրքորոշում, ապա ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնումը հազիվ թե դառնա իրականություն: Հայաստանը չի ցանկանում, որ հյուսիսատլանտյան դաշինքում սկսի գերիշխել պրոադրբեջանական դիրքորոշումը:
Իր հերթին Հայաստանի եւ Ադրբեջանի հետ առկա հարաբերությունները ստիպում են ՆԱՏՕ-ին որդեգրել ավելի զգույշ եւ հեռանկարային դիրքորոշում, ինչից էլ բխում է ՆԱՏՕ-ի վերոնշյալ հայտարարությունը արցախյան խնդրի մասին:
Իսկ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի համակարգող-սպա Ուիլյամ Լաուն վերջերս եւս նշել էր, որ «ՆԱՏՕ-ն ցավում է հայ-ադրբեջանական շփման գծում միջադեպերի գրանցման համար եւ համոզված է, որ ստեղծված իրավիճակը չի հանգեցնի ավելի մեծ անկայունության: ՆԱՏՕ-ն չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, բայց լիովին աջակցում է ԵԱՀԿ ՄԽ գործադրած ջանքերին»:
Այս առումով քննարկումներ են եղել նաեւ հայ-ռուսական հարաբերություններում: Սանկտ Պետերբուրգում անվտանգության հարցերի պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների միջազգային 3-րդ համաժողովի վերջին օրը ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ ԱԽՔ Նիկոլայ Պատրուշեւի հետ:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը եւ տարածաշրջանային հարցեր:
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 25 (246), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



