Ներքաղաքական զարգացումներում նախկին իշխանավոր եւ ներկայումս ընդդիմադիրի կեցվածք ընդունած ուժերը՝ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն, շարունակ հայտարարում են, որ նախկին քաղաքական թիմը ձախողվել է: Եվ այդ ձախողումների մեջ տարօրինակորեն մինչ այսօր իրենց դերն ու նշանակությունը չեն տեսնում: Անընդհատ «մոռանում» են, որ եղել են նախկին կառավարության մաս: ՀՀԿ ներկայացուցիչներն էլ այլեւս հրաժարվում են բացատրել նախկին գործընկերների այսօրինակ գործունեությունը եւ կես կատակ կես լուրջ նշում են, թե ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն իրենց ընդդիմադիր քաղաքական ուժ հայտարարելուց առաջ նախ պետք է լինեն քաղաքական ուժ…
ԱԺ կանոնակարգ-օրենքը սահմանում է, որ հանձնաժողովը ԱԺ-ին եզրակացություն է ներկայացնում պատգամավորի կողմից Սահմանադրության 65-րդ հոդվածի 1-ին մասի պայմանները խախտելու վերաբերյալ, ինչպես նաեւ որոշում է կայացնում պատգամավորի կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսված էթիկայի կանոնները խախտելու եւ պատգամավորի կողմից շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու կանոնակարգով նախատեսված պահանջը չկատարելու վերաբերյալ: Մասնավորապես, ԱԺ-ի, նրա հանձնաժողովների, ենթահանձնաժողովների նիստերում շահերի բախում առաջանալու դեպքում պատգամավորը պարտավոր է համապատասխան նիստում իր ելույթից կամ քվեարկությունից առաջ հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, իսկ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալիս, ԱԺ-ի քննարկմանը որոշման նախագիծ կամ ԱԺ-ում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկություն ներկայացնելիս՝ համապատասխան փաստաթղթերի հետ ներկայացնել շահերի բախման վերաբերյալ իր գրավոր հայտարարությունը, ներկայացնելով շահերի բնույթը: Այդ դեպքում պատգամավորը կարող է նաեւ հայտարարել, որ հրաժարվում է մասնակցել հարցի քվեարկությանը: Այդ դեպքում նրա բացակայությունը համարվում է հարգելի: Օրենքը սահմանում է նաեւ պատգամավորի էթիկայի կանոնները: Դրանք են՝ հարգել օրենքը եւ ենթարկվել օրենքին, հարգել հանրության բարոյական նորմերը, պահպանել ԱԺ-ի եւ նրա հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը, իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով, չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի, իր գործունեությամբ նպաստել ԱԺ-ի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը, ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել պատգամավորին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, ԱԺ-ում հարցերի քննարկման մասնակիցների, ինչպես նաեւ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս: Էթիկայի հանձնաժողովի նախագահը Էթիկայի հանձնաժողովի որոշումները եւ եզրակացությունները հրապարակում է ԱԺ-ի հերթական նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստերում, որից հետո դրանք տեղադրվում են ԱԺ-ի ինտերնետային կայքում:
Մի հետաքրքիր հայտարարույուն էլ եղավ վերջերս, թե «բացառված չէ, որ մարտի 1-ը բացահայտվի»: Այս խոսքերը ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանինն են: Նա հայտնել է, որ ԵԽԽՎ-ի վերջերս ընդունված բանաձեւը կարծես սրբագրում է նախորդ աշնանը թիվ 1837 բանաձեւում ընդգրկված տողը, թե «մարտի 1-ի դեպքերի էջը կարելի է վերջնականապես համարել փակված»: ԵԽԽՎ մոնիտորինգի իրականացման մասին բանաձեւում Վեհաժողովը անհանգստություն հայտնեց մարտի 1-ի 10 սպանությունների չբացահայտման առումով: Հայկական պատվիրակության համար այնքան էլ անսպասելի չէր մարտի 1-ի մասին հիշատակումը: Քանի դեռ Հայաստանը մոնիտորինգի է ենթարկվում, եւ մարտի 1-ը բացահայտված չէ, այս հարցը կլինի ԵԽԽՎ օրակարգում:
«Մարտի 1-ն ընդհանրապես փակված լինել չի կարող, քանի դեռ այդ հանցագործությունն ամբողջովին բացահայտված չէ»,- ասել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը եւ ըստ նրա՝ «Հայաստանում շարունակվում է նախաքննությունը՝ բացահայտելու համար, սակայն դեռեւս նոր տեղեկատվություն չկա, որը կօգնի բացահայտել այն»:
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւս անսպասելի չի համարում, որ Մոնիտորինգի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում մարտի 1-ն է, սակայն կարծում է, որ ԵԽԽՎ-ն բացի կոչերից Հայաստանին այս հարցում չի օգնի: «Քաղաքական հարցերն այս կառույցում դարձել են ավելի առաջնահերթ, քան մարդու իրավունքները»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ ինքը աշնանն արդեն դեմ էր, որ Հայաստանի վերաբերյալ բանաձեւում ընդգրկվի «Մարտի 1-ի էջը կարելի է փակված համարել» տողը: Ոմանք էլ համարում են, թե «Մարտի 1-ի գործը» վերաքննարկվում է նաեւ ՀՀ նախագահի ընտրություններից առաջ, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի առաջադրման հարցը թերեւս դուրս գա օրակարգից:
Վերջերս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեային, ով փաստել է, որ վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է ՀՀ-ԵՄ գործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Բացի այս, աշխուժացել են բարձր մակարդակի երկկողմ շփումները, ինչպես ԵՄ կառույցների, այնպես էլ ԵՄ անդամ երկրների հետ: Անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահի առաջիկա այցին տարածաշրջան՝ դեսպանը նշել է, որ Հայաստանը Արեւելյան Գործընկերության երկրներից առաջինն է, ուր այցելելու է Հերման Վան Ռոմպոյը եւ այս այցը նշանակում է, որ ԵՄ-ն բարձր է գնահատում ու խրախուսում ՀՀ-ում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները եւ ողջունում է այդ ուղղությամբ մեր երկրի առաջընթացը: Այս ամենը գալիս է հավաստելու, որ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունելի է դարձել եվրոպական ուղղության համար:
Իսկ ահա ընդդիմադիր ուժերը կորցնում են դիրքերը Արեւմուտքի ուղղությամբ, որովհետեւ չեն կարողանում կիսել «ընդդիմադիրի աթոռը» եւ այդպիսով կորցնում են եւ ներքին հետեւորդներին եւ արտաքին աջակիցներին:
«Հանրապետություն» կուսակցությունում նոր սրացումներ են սկսվել: Սկզբում այս կազմակերպությունը հեռացավ ՀԱԿ-ից, այժմ էլ կուսակցականները երկու մասի են բաժանվել. մի մասը կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ է, մյուս մասը՝ «Մեծն Տիգրան» ջոկատի հրամանատար Սմբատ Այվազյանի: Իսկ կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը պնդել է, թե «նման բան չկա»:
Շարունակվում է նաեւ ՀԱԿ-«Ժառանգություն» հակամարտությունը՝ առաջին խորհրդարանական ընդդիմադիր ուժը լինելու համար: Սա կարեւոր է, քանի որ 1-ին ընդդիմադիրի առաջադրած ՀՀ նախագահի թեկնածուն եւս կարող է ընդդիմադիր ոլորտում առաջին հակակշիռը դառնալ գործող նախագահին:
«Ընդդիմությունը պարտադրված է հանդես գալ միասնական թեկնածուով»,- հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքանդր Արզումանյանը: Ըստ նրա, այս պահին հատվածական է ընդդիմադիր դաշտը, եւ միտումները շատ ավելի անջատողական են, քան՝ միավորող: Նա հիշեցնել է, որ ՀԱԿ-ը դեռեւս կորուստներ է կրում եւ դա կարող է շարունակվել: Վարդան Օսկանյանի՝ ընդդիմադիր թեկնածու լինելու առումով նա խնդիր չի տեսնում գոնե Սահմանադրության շրջանակներում. «Ինքը վաղուց բոլորել է իր 35 ամյակը»,- Արզումանյանը հավելել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթում եւս ակնարկ չի նկատել Օսկանյանին առաջիկա ընտրություններում պաշտպանելու մասին: Ինքը, «Ազատ դեմոկրատներ»-ը եւ իր խմբակցությունը պաշտպանելու են Րաֆֆի Հովհաննիսյանին, եթե վերջինս առաջադրվի:
«Ժառագություն» խմբակցության փոխնախագահ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը եւս կարծում է, թե ընդդիմությունը կաջակցի «Ժառանգությանը»: 2012թ. նախագահի ընտրություններում ընդդիմադիր ուժերը միանալու են՝ աջակցելով «մեր թեկնածու» Րաֆֆի Հովհաննիսյանին: Նա կարծում է, որ ինչպես «Ժառանգությունը» միացել է ընդդիմությանը 2003 եւ 2008թթ., նույն ձեւով ընդդիմության անդամները կմիանան «Ժառանգությանը»: Եթե ուժերը չհամախմբվեն, նախկին պատգամավորի կարծիքով, դա բացասական հետեւանք կունենա մեր երկրի հետագա զարգացման վրա: Նա հնարավոր թեկնածուների մեջ նշեց նաեւ Ս. Սարգսյանին ու Վ. Օսկանյանին:
Այս համապատկերում այլեւս զարմանալի չէր ՀՀ 1-ին նախագահ եւ նախագահի հնարավոր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի խնամի՝ Դավիթ Շահնազարյանի ՀԱԿ-ը լքել: Շատերն են կարծում, որ այս քայլն արվել է նախագահի ընտրություններին նրա հնարավոր մասնակցության համար: Հատկապես, որ 1-ին նախագահի վարկն այլեւս առաջվանը չէ եւ նաեւ առողջական խնդիրներ ունի: Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, թե ՀԱԿ-ից դուրս է եկել ընտրություններից առաջ՝ մարտին, եւ ընդհանրապես իր քաղաքական գործունեությունը դադարեցրել է ՀԱԿ-ում, բայց չի մանրամասնել ՀԱԿ-ից դուրս գալու դրդապատճառները, սակայն, ելնելով խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական իրավիճակի շուրջ նրա գնահատականներից, կարելի ասել, որ պատճառներից մեկը եղել է նաեւ ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի քաղաքական համագործակցությունը: Առավել հավանական է համարվում նրա՝ չեզոք ընդդիմադիրի կերպարի ստեղծումը, որը կարող է «Լեւոնի խնամուն» դարձնել միասնական ընդդիմադիր թեկնածու:
Իսկ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը գրեթե որեւէ մեկը չի հավատացել կամ լուրջ ընդունել, քանզի Լեւոն Տեր-Պետրոսյանին ճանաչողները գիտեն, որ նա չէր կարող 2-րդը լինել Գագիկ Ծառուկյանից հետո: Ասում են՝ թերեւս միայն ԲՀԿ նախագահն է դրան հավատացել: Անգամ Վարդան Օսկանյանը դրան չի հավատացել եւ իրեն ԲՀԿ ապագա առաջնորդ է դիտարկել:
Հայտնի է, որ խնամիներ են նաեւ ԱԺ նախագահ ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը եւ Գագիկ Ծառուկյանը, բայց ահա, ԱԺ նախագահը չի ուզում, որ քաղաքականությունում իրեն կապեն ԲՀԿ ղեկավարի հետ: Հ. Աբրահամյանը վերջերս հարցազրույցներում ասել է, որ «ինչ-որ մարդիկ, կապելով իրեն Ռոբերտ Քոչարյանի եւ ԲՀԿ-ի հետ, փորձում էին փչացնել իր եւ գործող նախագահի հարաբերությունները»: Ինչեւէ, ըստ նրա՝ գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն պետք է սատարի Սերժ Սարգսյանին:
2013թ. ՀՀ նախագահի ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, եւ շուտով շատ բան կերեւակվի: Իսկ ԼՂՀ նախագահի ընտրությանը հաշված օրեր են մնացել:
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 25 (246), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



