Հեռուստաեթերը մաքրելու, եթերի որակը լավացնելու ուղիները, ինչպես նաեւ եթերից սխալ քարոզչության վտանգների մասին վերջերս շատ է խոսվում: Եվ առիթ կա հաստատ: Իհարկե, վտանգված է նաեւ հեռուստաեթերի լեզուն, հեռուստամշակույթի մակադակը, սակայն հեռուստատեսությամբ հեռարձակվող սերիալների տարածած հակամշակույթի, ցուցադրվող բռնության տեսարանները, որպես հանցագործության խթանման հիմնական պատճառներ, առավել վտանգավոր են դարձել: Բայց քննադատությանը չդիմացած սերիալները շարունակում են ողողել եթերը եւ այնտեղ քարոզվող «հերոսներն» ու «հերոսուհիները» շարունակում են մնալ մեծաթիվ մարդկանց կյանքի ուղեկիցներ:
Մեր պետականության պահպանման համար այլոց բարքերի եւ նպատակների քարոզումը չի կարող պետականաստեղծ լինել, եւ այն գումարները, որոնք ծախսվում են ապազգային քարոզների եւ սին իրականության ցուցադրման համար, պետք է դիտարկել հակաաշխատանք, որը աշխատանքն է՝ պետության եւ ազգի դեմ կատարվող: Օտար սերիալներից կապկած սցենարները տեղայնացվում են եւ օտարի կենցաղով հայ հանրության մասին սերիալները հասնում են խեղկատակության, անիրական մի զառանցանքի, ինչը պարզապես օտարին վատորակ նմանակել է նշանակում:
Մինչդեռ հեռուստաեթերը պիտի պահպանի մեր արժեհամակարգը, ավանդույթը, սովորույթներն ու ներաշխարհը, ոչ թե հետամուտ լինի հիվանդագին երեւույթների քարոզմանը եւ իրական կյանքից կտրված «հերոսների» հերոսացմանը: Ոչ մի սերիալ չի տալիս այն հարցերի հանգուցալուծման պատասխանը, որոնց մի մասը թերեւս կա մեր հանրային կյանքում եւ իրապես լուծման կարիք ունի: Այ հենց սա էլ պիտի ցուցադրի սերիալը եւ առաջարկի լուծումներ, ինչը բացակայում է: Ավելին, մարդիկ ամեն հիվանդագին հասարակական երեւույթի դիտումը «սիրելի» սերիալում համարում են անլուծելի հարց, ինչը տանում է ողբալի կանխատեսումների եւ քայլերի:
Մի քանի անգամ փորձեցի դիտել որոշ հայկական սերիալներ եւ հասկացա մի բան. կարծես գենդերային միջազգային պատվեր իջած լինի հայ «սցենարիստներին»… Այդ սերիալների գրեթե բոլոր կանայք կամ էությամբ հավ են եւ կչկչալով ու ծրտելով ման են գալիս, կամ էլ սեռական եւ հոգեկան խեղումներ ունեն: Իսկ այն կանայք, ովքեր սերիալների սկզբում գոնե մի քիչ խելոք են, հիմարանում են ընթացքում: Զուգահեռաբար էլ բոլոր հայ տղամարդիկ, հատկապես՝ ամուսինները, դավաճաններ են կամ նենգ, ստոր արարածներ, որ ամեն պահի պատրաստ են ամեն սրիկայության: Սա
հրեշավոր սուտ է: Սա ապականում է առանց այն էլ դժվարին վիճակում հայտնված մեր հանրությանը: Խորացնում է հանրության մեջ առկա բացասականը, իսկ դրականի հասնելու որեւէ լուրջ լուծում չի տրվում:
Գողականներն ու քուչի տղերքը ներկայացված կերպարներում «բարի փերիներից» ոչնչով չեն տարբերվում, իսկ նրանց դեմ պայքարի ելած մարդիկ, ընտանիքները գործում են առանձին-առանձին եւ պարտվում են, տառապում: Ստորացուցիչ է: Հայ իրականությունում պայքարի ժամանակ մարդիկ համախմբվում են եւ ոչ թե սերիալների «հերոսների» նման հեռու մնում միմյանցից կամ պատկան մարմիններից: Ոչ մի ուսուցանող սերիա նույնիսկ չկա այդ սերիալներում, մինչդեռ պիտի ցուցադրվեր, որ, ասենք, մարդկանց եւ պետական մարմինների միասնական պայքարը պետք է արդարության հասնելու համար: Այլ բան է, որ դա լիարժեք չի իրականացվում մեր կյանքում, բայց այն «դեդեկտիվությունը», իբր հայ ընտանիքի բոլոր անդամները միայնակ ու ախմախորեն են պայքարում եւ միշտ հակառակորդների «կտերն են ուտում», չի համապատասխանում իրականությանը:
Ավելին, չկա նման բան հայ իրականությունում, ինչը սերիալներում պարտադիր պայման է՝ հարուստները անբախտ ու անճար են, գերհարուստներն էլ առանց թիկնապահների են շրջում եւ միշտ հասանելի-խոցելի են:
Մի տարօրինակ պարտադրանք էլ կա մեր սերիալներում. հանկարծ այնպես է ստացվում, որ հերոսներն ու հերոսուհիները հնդկական 70-ականների ֆիլմերի նմանակությամբ քույրեր ու եղբայրներ են դառնում՝ մի հորից ու մի քանի մայրերից կամ էլ՝ հակառակը: Զարմանալի է, մի՞թե այսքան ապօրինի զավակների հավաքականություն է հայությունը: Հաստատ ո՛չ: Ուրեմն ի՞նչ կարիք կա սեփական դժբախտությունը ազգայինի վերածել:
Հայկական սերիալները հիմնականում սադո-մազոխիստական սցենարներ են, որոնք հաճախ ցուցադրում են սցենարիստի ուղեղի ու մտքի, երեւակայության շրջանակները: Եթե որեւէ սցենարիստի կյանքը անգամ չի դասավորվել, ապա պետք չէ դա փաթաթել մարդկանց վզին եւ պարտադրել հաշտվել անարդարի, չստացված դեպքի կամ մեկ այլ անհաջողության հետ: Եթե սցենարիստը պայքարի ունակ մարդ չէ եւ համարում է, որ իր կյանքը տանուլ է տվել, ապա գոնե հեռուստաեթերի պատասխանատուները նրա անիմաստ ծախսած փողերի արտադրանք-սերիալները պիտի արգելեն ցուցադրել եւ միայն իմաստալից շռայլության դեպքում նոր հնարավորություն ընձեռեն:
Մասնագետների պնդմամբ՝ նաեւ մեկ այլ սարսափելի բան է կատարվում: Սերիալներում նկարահանվում են մարդիկ, ովքեր ընդհանրապես կապ չունեն դերասանի մասնագիտության հետ: Համաշխարհային կինոյում կան դեպքեր, որ այլ մասնագիտության մարդիկ են նկարահանվել ֆիլմերում, սակայն դրանք բացառություններ են, իսկ մեզանում սա այսօր համատարած է: Մասնագետները նաեւ պնդում են, որ կինոն ու սերիալը բացարձակապես կապ չունեն իրար հետ, կապն այն է, որ երկուսն էլ տեսախցիկով են նկարահանվում: Թատրոնը, կինոն, սերիալը բացարձակապես նմանություններ չունեն դերասանական խաղի իմաստով եւ ազդեցությամբ:
Այսօր երգիչը դերասան է նաեւ, դերասանը պարող է, պարողն էլ իր հերթին երգիչ է ու այսպես շարունակ, իսկ ամենազարմանալին այն է, որ այս բոլորն իրար հետ նաեւ հեռուստահաղորդավարներ են կամ հեռուստածրագրերի պատասխանատուներ: Դե՜, որ ոմանք լրատվամիջոցներ էլ ունեն կամ նաեւ բիզնեսով են զբաղվում՝ էլ չենք խոսում: Ի՞նչ է սա: Չլինի՞ մեր «աստղերը» բազմաշնորհ ու բազմագիտակ են, ամենակարող, մենք էլ նախանձում ենք ազգովի: Նախանձում ենք, որ համ երգում են ու պարում եւ դերասանություն անում, համ էլ մարդկանց հեռուստաքարոզներով զարգացնում են ու անգամ քաղաքականություն սովորեցնում՝ հատկապես Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բարեկամանալու համար եւն:
Վերջերս բաց նամակ հղվեց նախագահ Սարգսյանին, եւ նա հանձնարարեց փոխել հեռուստատեսությունների եթերային քաղաքականությունը: Երկրի ղեկավարն ու Հանրային խորհրդի նախագահը քննարկեցին մտավորականների եւ հ/կ-ների ներկայացուցիչների՝ նախագահին ուղղված նամակը, որում մտահոգություն է առկա հեռուստատեսության ագրեսիվ, քրեածին եւ հակասոցիալական բովանդակության վերաբերյալ: ՀԽ-ից հայտնեցին, որ երկրի նախագահը, կարեւորելով արծարծված խնդիրները, դիմել է ՀԽ-ին՝ իր հովանու տակ առնել հարցը՝ հռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, հեռուստաընկերությունների ղեկավարների, խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունների եւ մտավորականների հետ համատեղ կազմակերպելով քննարկումներ եւ մշակել ինչպես Հանրային, այնպես էլ մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականությունը փոխելու ծրագրեր: ՀԽ-ն պարտավորվեց մինչեւ սեպտեմբերի վերջ ոլորտը բարեփոխելու հստակ մեխանիզմներ առաջարկել՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային քննարկումների հիմամբ:
Սա ոչ միայն հանրային ոլորտի խնդիր է դարձել, այլեւ ազգային հիմնահարց, քանզի ճղճիմ արժեհամակարգ է հրամցվում սերնդին, որն առանց այն էլ հոգսաշատ է իր կյանքի զարգացման ճանապարհին:
Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 25 (246), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



