Հանրային բոլոր շերտերն էլ հանդես եկան քննադատող հայտարարություններով եւ խիստ բնորոշումներով, այդ թվում նաեւ ՊՆ-ն զորակցություն հայտնեց տուժածներին, նրանց հարազատներին եւ վստահեցրեց, որ անտարբեր չէ մեր հասարակությունում առկա սանձարձակ դրսեւորումների նկատմամբ: Միջադեպի հետ կապված ձերբակալվեցին 7 անձինք՝ Դավիթ Ադամյանը, Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Դավիթ Հայրյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը եւ Նորայր Հայրապետյանը, որոնցից 4-ը կալանավորվել են՝ Գարիկ Մարգարյանը, ում անունը մամուլը շրջանառում է որպես զինվորական բժիշկներին հիմնական ծեծողներից մեկը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը եւ Արթուր Բաբլոյանը, որոնց մեղադրանք է առաջադրվել քր.օր.-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել 2 կամ ավելի անձանց նկատմամբ: Այս ամենին շատ արագ արձագանքեց նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը: Ըստ նախաքննության, մի խումբ ընկերներ, իրենց ընկերոջ ծննդյան տոնը նշելու համար այցելում են «Հարսնաքար», եւ մարզահագուստով լինելու պատճառով վեճ է ծագում նրանցից մեկի ու համալիրի մատուցողի միջեւ: Վիճողները դուրս են գալիս բակ, որտեղ մոտենում են նաեւ այցելուի ընկերներն ու ռեստորանային համալիրի աշխատողներ: Նրանց ներկայությամբ մատուցողը բռունցքով հարվածում է այցելուին: Սրանից րոպեներ անց անվտանգության աշխատողներն ու այլոք ծեծի են ենթարկում այցելուներին: Տուժածներին ընկերները տեղափոխում են ՊՆ Կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ:
Ինչպես նշեցինք, պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խստորեն դատապարտում է ՀՀ ցանկացած քաղաքացու նկատմամբ ոտնձգության դրսեւորումը, անկախ այն բանից՝ տուժողը շարքային քաղաքացի է, զինված ուժերի ժամկետային զինծառայող կամ սպա: ՊՆ-ն հետեւում է քրգործի ընթացքին եւ վստահ է, որ միջադեպի մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ:
Այս ընթացքում պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը շարունակում էր չպատասխանել բազում հեռախոսազանգերի եւ որեւէ հոդաբաշխ մեկնաբանություն չէր տալիս դեպքի առնչությամբ:
Ոստիկանությունը փորձում է հնարավորինս թափանցիկ (համենայնդեպս, այդպես է ասում) քննություն կազմակերպել եւ հայտարարել է, որ ոչինչ չի կարող կաշկանդել ոստիկանությանը, եւ ծանր արարքի հեղինակները միանշանակ պատժվելու են: Քրգործի նախաքննությունը շարունակվում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում: «Դեպքին մասնակից անձանց ամբողջ շրջանակը ճշտվում է, հանգամանքները՝ որոշակիացվում, կատարվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները, այդ թվում՝ ձերբակալություններ: Իրավամբ հասարակական հնչողություն ստացած այս դեպքի կապակցությամբ ոստիկանությունը հայտարարում է, որ կարվի ամեն ինչ՝ քննությունն ամբողջական ու անաչառ անցկացնելու համար: Բայց զարմանալի է, որ անհիմն կասկածամտություն արտահայտվեց այս միջադեպի բացահայտման վերաբերյալ: Ոստիկանությունը հատկապես վերջին շրջանում օպերատիվ եւ իրավաչափ գործողությունների բազմաթիվ օրինակներ է տվել, ինչը շատ հստակ բանաձեւել է ոստիկանության պետը՝ ոստիկանությունը գնում է ոչ թե անձերի, այլ երեւույթների հետեւից, եւ տվյալ դեպքում ոչինչ չի կաշկանդելու ոստիկանությանը»,- հայտարարել է ոստիկանությունը՝ հավելելով, թե իրենց համար սկզբունք է օրենքի առջեւ բոլորի հավասարությունը, բացառվում է օրենքի անունից օրինականության ոտնահարման հնարավորությունը, ամենաթողությունը, զոռբաների ու զոռբայության գոյությունը:
Արձագանքել է նաեւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ վստահեցնելով, որ «Հարսնաքար»-ի գործի քննությունը կլինի թափանցիկ. «Բռնությունը հարցի լուծման ճանապարհ չէ: Կարող եմ վստահեցնել, որ այս գործի քննության ընթացքը կլինի բաց, թափանցիկ այնքանով, որքանով թույլ է տալիս նախաքննության գաղտնիության սկզբունքը»:
Բայց հանրային ընդվզման ալիքը չի հանդարտվում, եւ բողոքի ցույցերից բացի մեծ ալիք է բարձրացել նաեւ համացանցում, ինչը հույս է ներշնչում, որ ամենաթողությանը մեծ հարված կհասցվի, եւ Վահե Ավետյանի մահը այլ ցավալի մահեր գուցե կանխի:
Նույնիսկ ոստիկանությունն է հայտարարել, թե «շատ լավ է, որ հանրությունն ըմբոստանում է եւ պահանջում, բայց եկեք օրենքը համարենք օրենք»: Սրանք ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքերն են, ով նաեւ նշել է, թե նախաքննության ընթացքում չեն բացառվում որոշակի փոփոխությունները, բայց որ դրանք կլինեն արդար, ազնիվ ու թափանցիկ՝ անկասկած է:
Խոսել է նաեւ դաժան ծեծի ենթարկված, զինվորական հոսպիտալի բժիշկ, նեյրովիրաբուժական բաժանմունքի օրդինատոր Արտակ Բայադյանը, ով «Ազատություն» ռադիոկայանին պատմել է, թե ինչպես են իրեն եւ իր ընկերներին «Հարսնաքար»-ի ավտոկայանատեղիում դաժան ծեծի ենթարկել: Նա պատմել է, որ 5 հոգով փորձել են մուտք գործել ռեստորան, սակայն մատուցողը բժիշկ Վահե Ավետյանին ասել է, որ նա սպորտային համազգեստով է եւ չի կարող ռեստորան մտնել: Արտակ Բայադյանի փոխանցմամբ՝ Վահե Ավետյանը ընկերոջ հետ տուն է գնացել, փոխել տաբատը եւ կրկին վերադարձել: Երբ արդեն նստել են սեղանի շուրջ, Վահեն մատուցողին ասել է, կարո՞ղ է գլխարկն էլ է արգելվում ռեստորանում եւ այն նույնպես պետք է հանել: Մատուցողը սկսել է վիճել եւ Վահեին հրավիրել դուրս: Իրենք նույնպես դուրս են եկել Վահեի հետեւից, որից հետո ինչ-որ մեկը (մենեջերը, թե անվտանգության աշխատակիցը) իրենց ուղեկցել են ավտոկայանատեղի, որտեղ էլ սկսել են դաժանաբար ծեծել:
«Ու տենց ընթացքից չի երեւում, թե ինչ է կատարվել, հանգիստ ասում էինք, բա խի սենց եղավ, շփոթմունք է, եղավ, անցավ… նման խոսակցություն էր գնում, արդեն որ գնում էինք, արդեն մի 10-15 հոգի՝ քանակություն, զանգված, կանգնած էր: Մենք մոտենում ենք, ու ամեն մեկիս մոտավորապես 4-5 հոգի են շրջապատում: Ում հետ որ ես էի զրուցում, ուղղակի հայհոյեց ու հարվածեց: Ես հարվածը դիմացից չեմ տեսել»,- պատմել է բժիշկը՝ համոզմունք հայտնելով, որ իրենց խաբեությամբ դուրս հանեցին ռեստորանից. «Ու անմիջապես այդ ընթացքում բոլորիս խփում են…, խփեցին, հետո մայկան քաշեցին գլխիս վրա, ու տենց գլորելով, քացով հարվածներով, ոտքերով, ձեռքով… ամբողջ մարմնիս վրա սալջարդ է… վերջին հարվածի ժամանակ էլ վերջին խոսքը ուղղակի լավ տպավորվեց` «լավ, մեռավ, էլ մի խփեք»… արդեն երեւի թե բոլորս գիտակցություններս կորցրել էինք, որովհետեւ մեր մի ընկերը՝ Էդուարդ անունով, բարձրացրեց ինձ, վրաս մայկա չկար, ամբողջովին արյունահոսում էի, չորեքթաթ կանգնեցի եւ տեսնեմ՝ Վահեն մոտ մի 15 մետր հեռավորության վրա է պառկած անշարժ, իրենից մի 10 մետր հեռավորության վրա Արկադին է պառկած, մեր Գարիկ անունով ընկերոջը այդ պահին չնկատեցի, նա մի փոքր ավելի հեռու էր: Անմիջապես մոտեցանք Վահեին, նա արդեն ոչ մի ռեակցիա չէր տալիս, միայն խռխռոց էր գալիս»,- հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը:
Այս դեպքերին զուգընթաց մամուլը հիշեց պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի «թեւավոր խոսքերը», ով միշտ էլ անկեղծ է եղել նրանց հետ, ում չի հավանել եւ մի առիթով ասել է. «Չգիտե՞ք ես ոնց պիտի անեմ՝ պիտի պատժեմ, ծեծեմ»,- հավելելով, թե իրեն «պատժողը չի ծնվել»:
«Դանակը ոսկորին է հասել. Հայաստանում իշխանական-օլիգարխական բեսպրեդելի խնդիր կա: Հայաստանում արդարության պահանջն ու արդարադատությունը միմյանց հետ կապ չունեն: Նվազագույնը, ինչ այսօր կարելի է անել, դա ցավակցել հարազատներին, իսկ առավելագույնն այն է, որ այս երկրում փոխվի իշխանության որակը»,- ասել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Իսկ իշխանական պատգամավոր Մանվել Բադեյանը նշել է. «Մենք բոլորս ենք մեղավոր, որ հասարակության մեջ անհանդուրժողականության մթնոլորտ է ձեւավորվում» եւ ընդգծել է. «Ռուբեն Հայրապետյանը մեղավոր չէ, որ իր աշխատողն այդպիսին է»:
Հանրության մի մասի կարծիքով, հենց ինքը պետք է իր առջեւ դնի ընդհանուր մթնոլորտի փոփոխության խնդիր, որովհետեւ այդ մթնոլորտն է, որ տեղ է տալիս այս եւ նմանատիպ կարգի միջադեպերի: Մի մասն էլ այն տեսակետին է, որ իշխանությունը, անշուշտ, մեղավոր է եւ կապ ունի այնքանով, որ «կարող էր այս մասնավոր դեպքը այդչափ արձագանք չստանար»: «Բեսպրեդելի խնդիր կա Հայաստանում» եւ սրան միակողմանի պետք չէ նայել՝ դա ընդհանուր խնդիր է, բայց չի նշանակում, որ «իշխանության պատասխանատվության բաժինը պետք է հանել: Իշխանությունը պարտավոր է պատասխանատվությունը ստանձնել ամբողջ ծավալով եւ նպաստի, որ հանրությունը անհրաժեշտ վերահսկողությունը սահմանի արդարության ու արդարադատության պահանջներին համապատասխան»: «Իր մեղքի բաժինն ունի ինչպես Ռուբեն Հայրապետյանը, այնպես էլ այս ամենաթողության մյուս պատասխանատուները» (համացանցից այս եւ ստորեւ մեջբերումներն ուղղակի են):
Ի դեպ, համացանցում խոսքն առավել անկաշկանդ է (երբեմն՝ նույնիսկ գռեհիկ) եւ կարծիքներն էլ՝ շատ ավելի խիստ ու բազմակողմանի: Օրինակ՝ որ «Վանոյի ու Ծառուկյանի անունով երդվողները Նեմեցին քննադատելու իրավունք չունեն»: Ֆեյսբուքյան էջերից մեկում հեղինակը պարզաբանում է, որ ինքը որպես «ադեկվատ մարդ ու էս երկրի քաղաքացի», դատապարտում է «Նեմեցին էլ, իրա եզերին էլ», բայց կատեգորիկ չի ընդունում, երբ իրենց վրա հրեշտակի թեւեր են աճեցնում մարդիկ, ովքեր պաշտում են «ոչ պակաս բեսպրեդելշիկ Վանոյին ու Ծառուկյանին»: Շարունակելով հարց է տրվում. «Ի՞նչ նամուսով է նույն ՀՀՇ-ական Արամ Մանուկյանը քննադատում Նեմեցին, երբ իր իսկ բերանով հայտարարում է, թե երազում է, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա: Կարիք կա՞ հիշեցնելու, որ համեմատած Վանոյի հետ, նույն Նեմեցը անմեղ գառա, ու իր ողջ կենսագործունեության մեջ ինչքան մարդու գլուխ էլ կերած լինի, էդ դժվար գերազանցի Վանոյի մի շաբաթվա նորման»: Ֆեյսբուքում մեկ այլ հիշեցում էլ են անում. «Մի այդ ԲՀԿ-ական Լեդի Գագոյին (նույն ինքը Նաիրա Զոհրաբյան) նայի էլի, ընթերցող ջան: Էսօր բռնել կոկորդիլոսի արցունքներա թափում ու Նեմեցին հաթաթա անում, բայց մի բերան ձեն չի հանում, թե իրա շեֆի ախռաննիկները քանի հոգու գլուխ են կերել: Ու թող ոչ մեկ չսկսի քարոզներ կարդալ, թե Դոդի ախռաննիկները ծաղիկներ են հավաքում մարգագետիններում, իսկ Նեմեցինները՝ մարդակերներ են: Մենակ Դոդի ախռանի պետերի մականուններն արդեն խոսուն են՝ Պալաչ, Դոդի Էդո… Ասածս էնա, ընթերցող ջան, որ ես շատ նեռվայանանում եմ, որ ամեն մի թափթփուկ իր անցյալն էլ չէ, այսօրն է մոռանում ու փորձումա մարդկային ողբերգության հաշվին աչոկներ հավաքել»…
Հանրությունն իր զայրույթը, միեւնույնն է, դեռ չի կարողանում պարպել: Երեւանում շարունակվեցին ցույցերը, «Մենք հասնելու ենք նրան, որ Նեմեցին հեռացնենք այս շենքից»,- ասում էին ԱԺ-ի մոտ հավաքված մարդիկ, քաղաքական եւ հասարակական գործիչները: Ցուցարարները բողոքի ակցիա կազմակերպեցին նաեւ նախագահի նստավայրի մոտ, այնուհետեւ Բաղրամյան պողոտայով, հետո Մաշտոցի պողոտայով եւ Ամիրյան փողոցով շարժվեցին գլխավոր դատախազություն, իսկ ցույցն ավարտվեց կառավարության շենքի առջեւ: Իսկ Վահեի հիշատակին «Հարսնաքար»-ի մոտ խաղաղ մոմավառություն տեղի ունեցավ, որին, չնայած հորդառատ անձրեւին, մասնակցում էին բազմաթիվ քաղաքացիներ: Մարդիկ, մոմերը ձեռքներին, մոտենում էին համալիրի աստիճաններին, տեղադրում դրանք, մի պահ կանգ առնում, գնում: «Ես Վահեն եմ», «Սա սպանդանոց է», «Վերջ ամենաթողությանը» վանկարկումներով ակցիան սկզբում խաղաղ էր, քանի դեռ չէր նկատվել, որ համալիրի ներսում ինչ-որ հանդիսություն է, ու… ակցիայի մասնակիցներին այդտեղից հեռացնելու գործին միացել են ոստիկանության ծառայողները, հրմշտոց է սկսվել մասնակիցների ու ոստիկանների միջեւ: Հետո կրքերը հանդարտվել են:
Պաշտպանության նախարարն ու զինվորական այլ պաշտոնյաներ այցելել են Վահեի տուն, ցավակցել հարազատներին: ՊՆ ղեկավարները հրապարակավ զգուշացրել են այս կամ այն անձի թիկնապահներին, որպեսզի հեռու մնան բանակից, քանզի դա լավ հետեւանքներ չի ունենա այլեւս:
Այս օրերին «Հարսնաքար»-ի հետ կապված մեկ այլ միջադեպ եղավ. ԶՈւ փոխգնդապետ, ՊՆ մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ Վարդան Սամվելյանը ռեստորանը պայթեցնելու փորձ կատարեց: Նյութերով զբաղվում է ՊՆ քննչական ծառայությունը, որովհետեւ Վ. Սամվելյանը զինվորական է: Նա զինվորական համազգեստով ու զինվորական պայուսակով, որում հայտնաբերվել էր նռնակ, փամփուշտներ, պայթուցիկ նյութ, մտել էր ռեստորանային համալիր եւ սպառնացել պայթեցնել այն: Զինվորականի հայրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության աշխատակից, ոստիկանության գնդապետ Սամվել Սամվելյանն է (առողջական պատճառներով թոշակի անցած), եղբայրը՝ Արման Սամվելյանը, քրեական հետախուզության օպեր լիազոր (նախկին):
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամները, ովքեր նույնպես մասնակցել են մոմավառությանը, հակոզված են, որ Ռուբեն Հայրապետյանը, ում մեղքը Վահե Ավետյանի սպանության մեջ կասկածի առիթ չի թողնում, պատասխանատվության չի կանչվի եւ «կշարունակի ապրել շեյխի կյանքով», իսկ Վահե Ավետյանի ընտանիքն իր մեղքով արդեն քանդված է: Նրանք առաջարկել են, որ պատգամավորը վաճառի «Հարսնաքար» անունով սպանդանոցը եւ վաճառքից ստացված գումարը փոխանցի Վահեի ընտանիքին», դա կլինի այն նվազագույն բանը, որ կարող է այժմ անել Ռուբեն Հայրապետյանը:
Կրքերը դեռ չէին հանդարտվել, երբ մամուլն ահազանգեց՝ Ռուբեն Հայրապետյանի տղաները նորից մարդ են ծեծել, այս անգամ թիվ 81 երթուղու մի վարորդի, եւ այն բանի համար, որ Սմբատ անունով վարորդն ընդամենը համարձակվել է մեքենան «փախցնել»՝ տրոլեյբուսին չհարվածելու համար, սակայն այդտեղով անցել է պատգամավորի թիկնապահն իր 20 ՏՕ 888 համարանիշի «Տոյոտա» ջիփով ու խիստ զայրացել կատարվածից: Նշվում է, որ նա անմիջապես իջել է մեքենայից, սկսել ծեծել Սմբատին՝ «դու ով եղար, որ մեքենա քշես իմ վրա»: Ծեծելուց հետո արգելել է հիվանդանոց գնալ, եւ Սմբատից ոչ մի տեղեկություն չունեին անգամ մյուս վարորդները: Միջադեպի հետեւանքով մի քանի օր 81 համարի երթուղին կաթվածահար էր, իսկ Ռ. Հայրապետյանի տղաներն արգելում էին վարորդներին կայանել Ավանում: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այս հարցում եւս լուռ էր: Որպես վերջաբան՝ տուժողը հայտնվեց ու հայտարարեց, թե իրենք վիճել են, բայց ծեծ չի եղել…
Անպատժելիությունը եւ սանձարձակությունը որ ոլորտում էլ հաստատվեն՝ հանգեցնելու են կործանարար հետեւանքների, իսկ սա համազգային եւ համապետական մտահոգությունների շրջանակում պետք է դիտարկել, ու վտանգը ավելի ահասարսուռ կերեւակվի:
Եվ լավ է, որ այս խնդրի հանրային քննարկումները հասան ամենաբարձր մակարդակի, եւ հուլիսի 3-ին երկրի նախագահ Սերժ Սարգսյանի ու Ռուբեն Հայրապետյանի հանդիպումն ավարտվեց պատգամավորի հայտարարությամբ, թե ցած է դնում իր մանդատը. «Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց: Ամեն ինչ կտայի այս ամենը հետ պտտելու համար: Բայց չեմ կարող: Վահեն արդեն չկա: Ու ես դրանով պետք է ապրեմ: Ու պետք է նայեմ նրա ընտանիքի անդամների աչքերին: Չգիտեմ ոնց: Ասում են՝ ամեն ինչ օրենքով պիտի լինի. վստահ եմ օրենքով կլինի, 100 մեղավոր կլինի՝ 100 պատիժ կլինի: Բայց հարցը միայն օրենքը չի: Հարցը շատ ավելի բարդ է: Ու դա շատ լավ եմ հասկանում: Հիմա շատերն են մեղադրում ինձ, նույնիսկ բաների համար, որ ինձ հետ կապ չունեն կամ հորինված են. երեւի իրավունք ունեն: Բայց իմ առաջին մեղադրողը հենց ես եմ: Պիտի կանխեի նման դժբախտությունը ու չեմ կարողացել դա անել: Չպետք է իմ եւ իմ ընտանիքի հետ առնչություն ունեցող միջավայրում նման իրադարձություն հնարավոր լիներ: Ինձ չեմ ներում ու չգիտեմ ոնց պիտի ներում հայցեմ: Այս պահին հայտարարում եմ, որ բարոյական պարտավորություն եմ զգում եւ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի իմ մանդատը: Ներողություն եմ խնդրում իմ բոլոր ընտրողներից, որ չեմ կարողանա արդարացնել իրենց սպասելիքները, բայց վստահ եմ, որ ուղղակի պարտավոր եմ այս քայլն անելու: Ուզում եմ հավատալ, որ ավանցիներն ինձ ճիշտ կհասկանան: Հույս ունեմ, մի օր էլ կկարողանամ ներում ստանալ Վահեենց ընտանիքում. համենայն դեպս ամեն ինչ կանեմ դրա համար: Սգում եմ հարազատների հետ միասին»:
Կարծես ամեն բան ասված է, բայց… բավականին ժամանակ անց է ասված եւ ասված է երկրի ղեկավարի հետ հանդիպումից հետո միայն: Մինչդեռ պետք է ասվեր դեպքից անմիջապե՛ս հետո: Եվ սա վերաբերում է բոլոր նրանց, ում թիկնապահները ոչ թե անձի պաշտպաններ են, այլ՝ մարդակերներ…
Վահեի դեպքը երկար կմնա բոլորիս հիշողությունում: Զարհուրհելի, սառնասիրտ ոճիրը հետեւանքներ է ունենալու: Ըստ «Չորրորդ ինքնիշխանության» աղբյուրների, անգամ տեղական իշխանիկներից որոշները, ինչպեսեւ սփյուոքահայերից շատերը այս օրերին կտրականապես հրաժարվել են ՀՀԿ օլիգարխներին պատկանող «դուքյաններում» որեւէ միջոցառում անցկացնել. «ԱՄՆ-ից ժամանած մեր հայրենակիցները, ովքեր այս օրերին իրենց հանգիստն են անցկացնում Սեւանում, կատեգորիկ հրաժարվել են ոտք դնել Ռուբեն Հայրապետյանին` Նեմեցին պատկանող «Հարսնաքար» հանգստյան համալիր՝ համարելով, որ այն դժոխք տանող մի ճանապարհ է, ոչ ավելին: Ի դեպ, «Հարսնաքար»-ի ծառայություններից հրաժարվել են օգտվել նաեւ սպորտի ոլորտը ներկայացնող որոշ գերատեսչություններ ու իրենց հարգող անհատներ, ովքեր սրանից մեկ ամիս առաջ նախատեսել էին հանգստանալ նույն Սեւանի «Հարսնաքար»-ում»: Իսկ տեղական իշխանիկներից ոմանք էլ իրենց «շեֆերի աչքից հեռու ներքին որոշում են կայացրել՝ կիլոմետրերով հեռու մնալ եւ «Հարսնաքար»-ից, եւ Նեմեց Ռուբոյի լավագույն ընկեր Լֆիկ Սամոյին (պատգամավոր Սամվել Ալեքսանյան) պատկանող «Փարվանա»-ից»:
Թեմայի շրջանակներում քստմնելի մի արարքի անդրադառնանք: Ընդդիմադիր քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներ Վահեի ցավալի դեպքը կարծես նոր նախընտրական շոուի վերածեցին ու հայտարարում էին, թե ՀՀ նախագահը պետք է իր խոսքն ասի: Ասաց, եւ Հայրապետյանը հրաժարական տվեց: Ընդդիմադիրները նոր բան գտան. Սերժ Սարգսյանը այսպիսով «բարոյականություն է խաղում»… Ու կրկին սկսվեց՝ իրենք հրեշտակներ են, մնացյալը՝ սատանաներ: «Ընդդիմադիրությունը» Վահեի ցավը Վահեի ընտանիքին թողեց, իսկ իր նպատակն այլ էր, որ ստորություն է իրականում, քանզի ամեն ինչ շահարկվում է սեփական խաղի համար:
Իսկ թիվ 1 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր էր ընտրվել Հայրապետյանը, պատգամավորական մանդատի համար տեղի կունենա նոր ընտրություն մեծամասնական ընտրակարգով: Ըստ ընթացակարգի՝ մանդատը վայր դնելու մտադրության մասին պատգամավորը տեղեկացնում է ԱԺ նախագահին: Եթե 15 օրում պատգամավորը հետ չի վերցնում դիմումը, ապա ԱԺ նախագահը հայտարարում է այդ մասին, նշանակվում են ընտրություններ տվյալ ընտրատարածքում: ԱԺ-ն այժմ արձակուրդում է, ուստի մանդատը վայր դնելու հարցը կլուծվի միայն աշնանային նստաշրջանում:
Վահեի յոթնօրեքին «Հարսնաքար»-ի մոտ կրկին անցկացվեց մոմավառություն, ինչի հետեւանքով բախվեցին մասնակիցներն ու ոստիկանները: Վերջիններս պատ էին կազմել համալիրի մոտ եւ մասնակիցներին թույլ չէին տալիս մոտենալ շենքին, ովքեր դուրս եկան հարակից փողոց, որից հետո էլ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը զգուշացրեց, որ բոլորը դուրս գան փողոցի երթեւեկելի հատվածից, այլապես ոստիկանությունը ուժ կկիրառի: Երկկողմանի փոխըմբռնում չեղավ, եւ կարմիր բերետավորներն ու սաղավարտներով եւ վահաններով ոստիկանները ուժով կատարեցին հրահանգը: Փոխոստիկանապետը վարորդներին հրահանգեց շարունակել ճանապարհը, եւ ակցիայի մասնակիցները հայտնվեցին փողոցի տարբեր կողմերում:
«Հարսնաքար»-ի մոտ ավելի վաղ եղել է նաեւ Հայրապետյանը, ով մինչ ակցիայի սկիզբը հարվածել եւ գետնին է գցել Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Արման Վեզիրյանին (ով հետո չբողոքեց, քանզի Հայրապետյանի ներողությունը նրան բավարարեց): Ավելի ուշ ակցիայի մասնակիցները ժամանել են Հայրապետյանի Ավանի առանձնատուն: Մինչ նրանք քայլերթով կշարժվեին դեպի դղյակը, ոստիկանական մեքենաները հասցրել էին մեկնել այնտեղ՝ ցուցարարներին ընդառաջ: Ոստիկաններն օղակել էին Հայրապետյանի տունը եւ թույլ չէին տալիս ակցիայի մասնակցիներին մոտենալ դրան:
Հավելենք՝ ուզենք թե ոչ, բայց Վահեի մահը «եկավ» համախմբելու հանրությանը, որ, վստահաբար, պարզորոշ գիտակցեց, որ միասնական լինելու դեպքում կարող է գործի դնել իր պատժիչ մեխանիզմը նրանց նկատմամբ, ովքեր իրենց վեր են դասում օրենքից, երկրից, ազգից: Մնում է միայն, որ հանրությունն այնքան ամուր լինի, որպեսզի հանուն արդարության հենց ինքը պայքարի, որպեսզի նրա շարժումը չուղղորդվի տարատեսակ ուժերի կողմից՝ այդ ուժերի սեփական նկրտումներից ելնելով:
Անի Մարության
Նարե Մշեցյան
«Լուսանցք» թիվ 25 (246), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



