– Նախ՝ վերստին հայտնեմ հայ արիների զայրույթն ու ցավը, քանզի յուրաքանչյուր հայ մարդու կյանքը կտրվում է ազգային արմատից, իսկ հայի անժամանակ ու այսօրինակ մահը իրապես ազգային վիշտ կարող է դառնալ. Վահեի դեպքը մեծ ողբերգություն է, քանզի նման մահը հայ զինվորի համար չէ: Իսկ ամենաթողությունը կամ սանձարձակությունը ոլորտ ու բնագավառ չեն ճանաչում: Եթե հանրային կարգը կառուցված է այդ արժեքային համակարգի վրա, ապա համակարգից բխող «արժեքներն» էլ դառնում են առաջնային: Եվ սա, ցավոք, նոր բան չէ մեր կյանքում: Միայն զարմանալն ու զայրանալն էլ հարցը չեն կարգավորում:
– Եվ ի՞նչ պետք է արվի:
– Պետք է քր.օր.-ում վերականգնել մահապատժի մասին հոդվածը եւ կիրառել ամենայն խստությամբ: Երբ մեր բանակում հայ տղաներ են զոհվում ու ո՛չ մարտական դիրքերում, այլ՝ ոմանց սանձարձակության պատճառով, ապա, դա ծանրագույն հանցագործություն է, եւ մենք առաջարկել ենք, որպես պատերազմական վիճակում գտնվող երկիր, այդօրինակ հանցագործներին գնդակահարել ռազմի օրենքներով՝ հենց զինվորականների աչքի առաջ՝ պատի տակ: Նույնը պետք է անել քաղաքացիական կյանքում եւ հրապարակավ ցուցադրել գնդակահարությունը: Ես հավատացած եմ՝ մի քանի գնդակահարություններից հետո մեր արժեքային համակարգը այլ առաջնայնություններ կորդեգրի…
– Բայց ՄԱԿ-ը վերջերս մարդկությանը նոր կոչով դիմեց՝ մահապատիժը վերացնելու:
– ՄԱԿ-ը կամ տարբեր խառնակիչ միջազգային կառույցները թող մեզ մահապատիժը վերացնել ստիպած եվրոպական երկրներին ու ԱՄՆ-ին դիմեն: Իրենց երկրներում պահպանում են մահապատիժը, որ կարողանան զսպել հանցագործներին, իսկ մեզ եւ այլոց պարտադրել են բառացիորեն ավելորդ մարդասիրություն դրսեւորել: Չնայած մարդասիրությունն էլ հարաբերական ձեւակերպում է՝ մարդու՛ հանդեպ մարդասեր լինես, թե չէ անասունից ցածր մակարդակ ունեցողի հանդեպ ո՞նց մարդասեր լինես: Մարդուն անբարաոյականացնող, հոգեխեղող, դավաճանության մղող կամ սպանող չգիտեմինչին ինչպե՞ս մարդասիրաբար մոտենաս եւ հանուն ինչի՞…
– Գուցե հանուն այն բանի, որ ուղղվի ու մարդ դառնա:
– Կրկնում եմ՝ արժեքային այս համակարգում, երբ ազատությունը սանձարձակություն է որակվում, մարդասիրությունը՝ ցանկասիրություն, ազգայինը՝ հետամնացություն, հայրենասիրությունը՝ մարդու իրավունքների ոտնահարում եւ այլն, չի կարող ազդեցիկ գործել «մարդ դարձնելու» Ձեր նշած հանուն տարբերակը: Իհարկե, մասնակի դեպքերը չեմ բացառում, բայց նույնիսկ հանուն այդ մասնակիի չի կարելի վտանգել ամբողջը, մեր ներազգային ու ներպետական կյանքը եւ գործերը:
– Բայց այլ երկրներում, ինչպես եւ Դուք նշեցիք, գործում է մահապատիժը, իսկ հանցագործություններ լինում են դեռ:
– Լինում են եւ լինելու են հանցագործություններ՝ անգամ ամենազարգացած երկրներում: Բայց ի՞նչ հարաբերակցությամբ եւ դաժանության ի՞նչ աստիճանի հասած, արդեն այլ թեմա է: Պատկերացրեք, եթե այդ երկրներում այլեւս չգործի մահապատժի օրենքը: Հաստատ այլ իրավիճակ կլինի եւ այլ աստիճանի վախի մթնոլորտ: Ինչ է, մեզ մոտ «բեսպրեդելություն» չկա՞ր, երբ դեռ մահապատիժ էր կիրառվում: Իհարկե կար: Բայց այս աստիճանի չէր հասնի, եթե գործեր օրենքը: Այսօր Հայաստանում մահապատիժը վերացրած պաշտոնյաները նույն «բեսպրեդելից» են սնվել ու սնվում: Երբ Վահեի դաժան սպանությունից նաեւ նրանք են խոսում, այս հարցը կորցնում է հրատապությունը: Քիչ է մնում նրանց նորից հիշեցնենք, որ իրենց իշխանական տարիներին քաղաքացիական կյանքում ոչ միայն ծեծելով էին հայորդիներ սպանում, այլ՝ պատերազմի տարիներին իրենց սին գաղափարներին անհնազանդ տղերքին մեջքից խփել էին տալիս ու աչքները ջրակալած բերում թաղելու՝ իբր մեռան լացելով… Հիմա սրանք օրենքից ու բարոյականությունից են խոսում ու Վահեի եւ այլ կարգին տղերքի կորուստը իրենց նպատակներին են փորձում ծառայեցնել, մինչդեռ այդ ստահակների մեծ մասը պետք է արդեն գնդակահարված լիներ:



