Եվ համաշխարհայնացման կազմակերպիչները, կատարողներն ու կամակատարները օրն ի բուն դավադրում են, որպեսզի արարող ուժերը չկարողանան կանգնեցնել ավերող ուժերին, համաշխարհային համահարթեցումը: Բայց Տիեզերական Գարունը նպաստող է, իսկ հայ արիական հոգեգենետիկ մղումը՝ հաղթական:
Այս իրական աշխարհասփյուռ վտանգից զատ մենք ունենք նաեւ ներքին վտանգներ, որոնք այս համամարդկային չարիքի դեմ պայքարը թուլացնում են՝ առաջնային դարձնելով մեր ներազգային խրթին հարաբերությունները:
Տարիներ շարունակ մեզանում առկա է իշխանություն-ընդդիմություն հակամարտության գործոնը, ինչը թերեւս տրամաբանական կլիներ, եթե արտաքին միջամտությամբ չկարգավորվեր եւ չառաջնորդվեր: Այդ հակամարտությունը երբեք չի մոտենում համերաշխության սահմանին, քանի որ բնական զարգացում չի ապրում, իսկ արհեստական միջամտությամբ դառնում է չկարգավորվող:
Եթե հակամարտությունը զերծ լինի ներմուծված ու սարքված հնարքներից եւ առաջանա ազգային ու պետական հիմնախնդիրների լուծման նպատակով, ապա դա միայն կնպաստի պետության զարգացմանը, բայց…
Կա խիստ բացասական մի երեւույթ եւս. մեծ քաղաքականությունից (ազգային եւ միջազգային) անջատ գործում են «քաղաքական աղանդներ»: Խոսքը աղանդավորական տարաբնույթ շարժումների քաղաքականության մեջ գործածելու մասին չէ, այլ իշխանություն ունեցող եւ միշտ իշխանության մեջ մնալ ցանկացող մի «տեսակ»-ի մասին է, որ ամեն գնով կառչում է ղեկավարման լծակներից ու տառապում է իշխելու ցավով՝ իշխանատենչությամբ:
Սրանք համայնավարների ժամանակ առաջատար կոմունիստներ էին, ՀՀՇ-ի օրոք ժողովրդավարության առաքյալներ, հաջորդիվ եղան ազգային «նվիրյալներ» ու պահպանողականներ եւ այլն: Այս «տեսակ»-ը իրեն համարելով միակ եւ ընտրյալ ղեկավարելու ունակ խավ՝ ամեն տարի փոխում է իր կաշին ու հայացքները:
Սրանք «քաղաքական աղանդների» հետեւորդներ են եւ միջազգային պարտադրանքների խոնարհ ծառա՝ միայն թե մնան իշխանական լծակներից կառչած:
Սրանք սրիկաներ են, որ մի քանի անգամ դավաճանել են ազգն ու հայրենիքը, ուրացել իրենց իսկ հայտարարած սկզբունքները:
Սրանք ներքին թշնամիներ են, առավել վտանգավոր, քան արտաքին թշնամին է:
Բայց «քաղաքական աղանդներ» կան ոչ միայն իշխանության մեջ: Ընդդիմադիր ասպարեզում էլ գոյություն ունի մեկ այլ «տեսակ», որը դեմ է բոլորին ու ամեն ինչին, բացի իրենից, ու տառապում է ընդդիմանալու մարմաջով: Հատկապես, երբ այդ մարմաջը վարձատրվում է «միջազգային հանրության» կողմից: Այստեղ էլ է առկա միակ եւ ընտրյալ լինելու հանգամանքը: Եվ սա ոչ պակաս վտանգավոր «քաղաքական աղանդ» է, քան՝ իշխանության մեջ ներդրվածը…
Այս պարագայում իշխանություն-ընդդիմություն հարաբերություններն ինքնանպատակ, կոշտ բնույթ են կրում եւ ի վերջո վերածվում են վտանգավոր, ազգավնաս առճակատման: Այսպես են ներմուծվում արտաքին «հեղափոխական ալիքները» կամ «գունավոր հեղափոխությունները»:
Այլ բան է, երբ իշխանություն-ընդդիմության փոխադարձ կոշտ ու անհաշտ վերաբերմունքը ծագում է ազգայինի ու ապազգայինի հակադրման պատճառով:
Սա արդարացված է, եթե նույնիսկ
որոշակի վտանգ է պարունակում, քանզի բնական եւ անհրաժեշտ ինքնամաքրում է, բխում է ազգային ու պետական շահերից, որն ավարտված պետք է համարել միայն ազգայինի անվերապահ հաղթանակից ու հաստատումից հետո:
Հայ Արիական միաբանությունը քաղաքական բաժանումների դաշտում, ըստ ընդունված ձեւակերպումների, ազգայնական-կենտրոնամետ ուժ է (իսկ մեր պատկերացմամբ՝ ազգայնական-հայրենակենտրոն) եւ չի՛ կարող լինել միայն իշխանամետ կամ ինքնանպատակ ընդդիմադիր ուժ:
Հայ ազգայնականները, արիականները լինելով գաղափարականներ, պետք է աջակից լինեն Հայաստանի իշխանություններին բոլոր ազգօգուտ գործերում կամ աջակցեն ընդդիմությանը՝ իշխանությունների քաղաքականությունը ազգանպաստ չհամարելու դեպքում:
Ազգայնական-կենտրոնամետ (նացիոնալ-ցենտրիստական) լինելը պայմանավորված է գաղափարապես՝ ազգայնական, տնտեսության հարցում՝ կենտրոնամետ լինելով, նկատի ունենալով սեփականության ձեւերի՝ մասնավորի ու հանրայինի միջեւ հարաբերությունները:
Իսկ մեր հայրենակենտրոն բնորոշումն ընդգծում է այն հանգամանքը, որ հայ արիները կենտրոնամետ են հայրենիք գաղափարի նկատմամբ, ոչ թե տվյալ պահի պետության, որը կարող է եւ ազգային չլինել իր բնույթով:
Ազգակերտ եւ հայրենակենտրոն քաղաքականությունը պետք է պարուրի մեր քաղաքական ոլորտը եւ այնտեղից էլ սնի արտաքին քաղաքականությունը: Եվ իշխանություն-ընդդիմություն հարաբերությունը պետք է վերածվի մի ճշմարիտ, կայուն ներազգային համաձայնության (չվնասելով տեսակետների բազմազանությունն ու բախման հնարավորությունը), որն էլ կլինի իրական երաշխիքը պետության հզորության եւ հետագա առաջընթացի, ինչպեսեւ՝ արտաքին հաջողությունների:
Արմեն Ավետիսյան
Հայ Արիական միաբանության առաջնորդ
«Լուսանցք» թիվ 25 (246), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



