Բոլորն են լավ հիշում, որ քաղաքական վերլուծության քողի ներքո Լեւոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանին ուղղված «մեսիջում» պայման դրեց, որ ՀԱԿ-ը կհամագործակցի ԲՀԿ-ի հետ, եթե ԲՀԿ-ն հրաժարվի կոալիցիայից եւ Ռոբերտ Քոչարյանից: ԲՀԿ նախագահն անպատասխան թողեց այդ «մեսիջը», իսկ որոշ ժամանակ անց, կարծելով որ «լռությունը համաձայնության նշան է», ՀՀ 1-ին նախագահը համարեց, որ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է Ռոբերտ Քոչարյանից, կոալիցիայից, Սերժ Սարգսյանից:
ՀՀ 1-ին նախագահը սկսեց մարդկանց համոզել, թե իր գործոնը կարեւոր դեր է խաղում ԲՀԿ ղեկավարի քաղաքական կյանքում եւ շուտով ԲՀԿ փողերը կներհոսեն ՀԱԿ: Անգամ վերլուծաբանները սկսեցին քննարկել՝ Տեր-Պետրոսյանը կլինի՞ թիվ 1-ը, թե՞ այդ տեղը մտածված կզիջի Ծառուկյանին: Մինչ քննարկումներն ընթանում էին, ՀԱԿ-ը լքեցին «Հանրապետություն» եւ «Լիբերալ» կուսակցությունները, Մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը, Դավիթ Շահնազարյանը եւ այլք: Հետաքրքիր է, որ վերջինս ՀԱԿ-ից հեռացավ ոչ թե այն պատճառով, որ Ծառուկյանը լքել է Քոչարյանին, այլ լրիվ հակառակ պնդմամբ, որ Տեր-Պետրոսյանը միացել է Ծառուկյանին, եւ նա շարունակում է տեսնել Ռոբերտ Քոչարյանի ականջները ոչ միայն ԲՀԿ-ի հետեւում, այլեւ ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի…
Այսպես նախկին ՀՀՇ-ն ունեցավ ՀՀ նախագահի 2 հնարավոր թեկնածու՝ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա խնամի Դավիթ Շահնազարյանի: Անգամ որոշ զլմ-ներ աղմկեցին, թե այս ամառ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է ցամաքային ճանապարհով մեկնել այժմ Թուրքիայում գտնվող Մուսալեռ՝ իր պատմական հայրենիքը: Հետո հերքեցին, թե նա Երեւանից չի բացակայելու եւ, ինչպես նախորդ տարիներին, մնալու է երեւանյան իր տանը: Թե Թուրքիայի անվան գործածումը սեւ կամ սպիտակ «PR»-ներից որն էր, ցույց կտա ժամանակը:
ՀԱԿ-ից հայտնում են, թե Դավիթ Շահնազարյանին պատժելու ձեւեր են փնտրում: Կոնգրեսականները վրդովված ու վիրավորված են հեռացողների, հատկապես 1-ին նախագահի խնամու պահվածքից, պատժելու ձեւեր են մտածում ու որոշել են նրա դեմքը բացահայտող տարբեր տեղեկություններ հրապարակել մամուլում: Հայտարարում են, իբր նման տեղեկությունները կարող են վարկաբեկել նախկին ՀՀՇ-ականի կողմից ձեւավորվելիք ապագա ուժին եւս:
Բայց սա քիչ համարելով՝ նախկին ՀՀՇ-ականները մի նոր թեկնածուի խաղեր էլ տվեցին: Երեւանում հանկարծ սկսեցին տարածվել տխրահռչակ Վանո Սիրադեղյանի մասին բրոշյուրներ, իսկ ֆեյսբուքյան մի խումբ էլ զբաղվում էր նրա վերադարձի ստորագրահավաքով, «մեծատաղանդ գրողի եւ քաղաքական գործչի մասին պետական քարոզչամեքենայի թխած բլեֆների չեզոքացմամբ»: Անգամ միացողներ եղան այդ նախաձեռնությանը եւ անգամ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը միացավ «Ելք» շարժման կազմակերպած «Հանուն մեծատաղանդ գրող եւ պետական գործիչ Վանո Սիրադեղյանի հայրենիքում ապրելու իրավունքի» նախաձեռնությանը:
Սա Տեր-Պետրոսյան-Շահնազարյան հակամարտություն ստեղծելու պես պարզունակ խաղ չէր: Անմիջապես հակառակ արձագանքը եղավ: Մարդիկ սկսեցին հիշել ոչ միայն ՀՀՇ-ի, այլեւ հենց Վանո Սիրադեղյանի զեղծարարություններն ու սանձարձակությունները, նպատակայնորեն իշխանության բերվածների «պետականաստեղծ» թալանը: Եվ հանկարծ մի հարց հնչեց. «Որտե՞ղ է Վանո Սիրադեղյանի քրեական գործը»: Շատերի մոտ զարմանք հայտնվեց, մի՞թե կորել է այդ գործը, վաղուց չի արծարծվում: Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը արագ պատասխանեց հրապարակումներին. «Գլխավոր դատախազությունից որեւէ գործ չի կորել: Ինչ վերաբերում է Սիրադեղյանի վերաբերյալ քրեական գործին, ապա այն տարիներ առաջ ուղարկվել է դատարան»: Ամենակարող Վանոն դիմել էր փախուստի, եւ դատարանը նրա վերաբեյալ մասը անջատել էր մյուսների գործից: Այդ գործի քննությունը կասեցվել էր դատարանի վարույթում: Գործի շարժի վերաբերյալ հարցադրումներով պիտի դիմել Դատական դեպարտամենտ: Իսկ Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը՝ ի պատասխան, թե դատարանից դատարան տեղափոխելիս այդ քրեական գործը կորել է, հայտնեց, որ «ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի մասով անջատված քրեական գործը գտնվում է դատարանի արխիվում եւ չի կորել, իսկ Վանո Սիրադեղյանը դեռ փնտրվում է»: Ինտերպոլի հայկական տվյալների բազայում միջազգային հետախուզվողների մեջ նրա անունը 9-րդն է:
Եվ հանկարծ մի նոր լուր սպրդեց, իբր Վանո Սիրադեղյանը մահացել է: Մինչ սա էլ խաղի մեկ այլ դրվագ էին դիտարկում վերլուծաբանները, «հանգուցյալը» նամակ գրեց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին՝ հավաստելով, որ ողջ է: «Հասկանում եմ, որ թերթը իր շահը, իր գայթակղությունը ունի, բայց դու ինձ ստիպեցիր խախտել լռությունս (5 տարվա, ոչ թե 2, ինչպես թերթն է գրում) միակ, ամենածայրահեղ միջոցով: Այնպես որ, նամակիս կշտամբանքը քեզ՝ ինձ թերագնահատելու համար, պարզաբանումը՝ իմ մերձավորներին: Առհասարակ, ձգտում եմ ինքս ինձ առավելագույնս մեկուսացնել Հայաստանի անցուդարձից: Հատկապես՝ քաղաքական կոչվածից: Հատկապես՝ վերջին տարիներս: Այն աստիճան, որ այս տասներկուսուկես տարիներին թեկուզեւ 1 րոպե հայաստանյան հեռուստաալիք չեմ նայել, եթե չհաշվենք այն հազվադեպ ակնթարթները, երբ ալիք փոխելիս անզգուշաբար դիպչում եմ հայերենին ու այսահարվածի նման վրայով թռչում: Եթե անգամ գումարենք այդ ակնթարթները, հավատա, որ 12 տարվա մեջ 2 րոպե չի կազմի: Նեղանալու բան չի, նույն հիգիենիկ նկատառումներով չեմ նայում նաեւ ռուսական ալիքները: Երեւի դրա շնորհիվ է, որ այսքան «երկարակյաց» եմ»: Խոսելով իր համար կազմակերպված ստորագրահավաքի մասին, ասել է, թե չի ցանկանում դադարեցման կոչ անել՝ ստորագրողներին չվիրավորելու համար, իսկ իր վերադարձի մասին մտածում է. «Այսպես թե այնպես ես կվերադառնամ Հայաստան, բայց հույս ունեմ՝ այնպես, որ չտեսնեմ քաղաքական, սոցիալական, բարոյական այն ավերածությունները, որոնց ենթարկվել է մեր երկիրը իմ բացակայության ընթացքում»: Զարմանալի «ընդունակություններ» ունեն ՀՀՇ-ական գործիչները, անտրտունջ մոռանում են սեփական սադոմազոխիստական կյանքն ու ազգի գլխին սարքած նմանատիպ պատմությունները: Եվ դա անում են մեծագույն լկտիությամբ, առանց ափսոսանքի եւ արյուն-արցունքի հիշողության…
Անգամ Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը չի կարողացել լուռ մնալ Վանո Սիրադեղյանի՝ հայրենիք վերադառնալու կոչերի նկատմամբ. «Ես էդ սիրադեղյանների, ղուկասյանների (Գյումրու քաղաքապետին նկատի ունի – Ա.Հ.), եւ քաղաքական այսպես կոչված, նման կատեգորիայի ինտրիգային քաղաքականությամբ չեմ զբաղվում: Բացարձակ չեմ հետաքրքրվում եւ չեմ հրապուրվում անցած-գնացած քաղաքական սերունդներով, որովհետեւ հասարակությանը անհրաժեշտ է նայել առաջ՝ նոր քաղաքական, տնտեսական ճարտարապետ ունենալու առումով: Հների, կեղծ ժողովրդավարների, 90-ականներին քաղաքական մարաթոն մտած կեղծ ժողովրդավարների ու վայ բարեփոխիչների ժամանակները, կարծում եմ, անցել են»: Նրա խոսքերով՝ ավելի մեծ հավանականություն կա բոլշեւիկյան, քան ՀՀՇ-ական «ռեստավրացիայի»: Մենք համոզված ենք, որ բոլոր սին «ռեստավրացիաների» ժամանակներն էլ անցել են եւ ժամանակն է իրական ու բարոյահոգեբանական կայուն ազգային պետություն ձեւավորելու:
Վերջերս ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն անդրադարձել է այն հարցին, թե ով է լինելու իրենց թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում, ու նաեւ՝ թե հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ն այլ թեկնածուի պաշտպանի: Նա նշել է, որ հարցը պետք է այսպես դնել, թե ո՞վ կարող է որպես թեկնածու ամենաուժեղ մարտահրավերը նետել Սերժ Սարգսյանի վարչակարգին: Թեկնածուն պետք է լինի այդպիսի մարդ, որ կարողանա ապահովել ընդդիմության հզորությունը եւ միասնությունը: Իսկ թե Լեւոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի՞ առաջիկա ընտրություններում, պարզ չէ, նա որոշումը կընդունի ըստ երեւույթին սեպտեմբերին կամ հոկտեմբերին, երբ մանրամասն ուսումնասիրի իր ու քաղաքական դաշնակիցների հնարավորությունները, ստեղծված միջազգային իրավիճակը, ՀՀ ներքաղաքական իրավիճակի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակը: Միայն կշռադատելուց հետո վերջնական որոշումը կընդունվի:
Եվ այսպես, հերթական նախագահախաղը սկսված է:
Արտակ Հայոցյան
Վարչապետը դիմադրում է
ՀՀ վարչապետի հրաժարականի հարցը նորից առաջնային է՝ նախագահի հերթական ընտրությանն ընդառաջ:
Վարչապետի հրաժարականը պահանջում են նախ դաշնակցականները, ապա ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն: ՀՅԴ-ն նախորդ ԱԺ-ում անգամ դրեց Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջը, բայց բավարար ձայներ չհավաքվեց: Իմիջիայլոց ԲՀԿ-ն խուսափեց այն ժամանակ ՀՅԴ խմբակցությանն աջակցել, իսկ այժմ վարչապետի հրաժարականը պահանջողների առաջին շարքում է: Հիշենք նաեւ, որ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վերջերս մեղադրել էր վարչապետին, ինչին ի պատասխան վարչապետը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե «կեղծ թվերի վրա» հիմնված մեղադրանք է այն, իբր իր եկամուտը ճգնաժամի տարիներին կտրուկ ավելացել է:
Սակայն վարչապետի գույքի եւ եկամուտների հայտարարագրերին անդրադարձել է նաեւ «Հետք»-ը. հրապարակվել են Տիգրան Սարգսյանի 2009 եւ 2011 թթ. գույքի ու եկամուտների հայտարարագրերի ֆինանսական մասին վերաբերող էջերի պատճենները: Եվ թվեր կան, որ ճիշտ են հաստատ…
Շուտով Սարգսյան-Քոչարյան զույգը եւս կքննարկի ապագա վարչապետի հարցը, ինչն, ի դեպ, նաեւ կկանխորոշի հաջորդ նախագահին:
Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 26 (247), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



