Արեւմուտքի «ազատարարները» պարբերաբար գենդերային խնդիրներ են առաջ քաշում այն երկրներում, որտեղ ԱՄՆ-ն ու Եվրոպան քաղաքական եւ տնտեսական շահեր են հետապնդում: Անընդհատ ինչ-որ հաշվարկներ են հրամցնում մեզ՝ իբր հայ տղամարդը նեղացնում է հայ կնոջը, ծեծում ու սահմանափակում նրա իրավունքները:
Բայց երբ ընդհանրական դիտարկում ենք կնոջ վիճակը զարգացող եւ զարգացած երկրներում, ապա, եթե Հայաստանում հայ տղամարդու մի որոշակի տոկոս անզորությունից ու աշխատանք չունենալու կատաղությունից է կնոջը նեղացնում, գուցե մեկ անգամ էլ ապտակում, ապա ամենազարգացա՜ծ ԱՄՆ-ում (նաեւ շա՜տ զարգացած եվրոպաներում) իրենք իրենց զորավոր նկատող տղամարդկանց որոշ տոկոսը, ովքեր եւ՛ աշխատանք ունեն եւ՛ ժամանակ՝ այլ բաներով զբաղվելու, իրենց կանանց ոչ միայն ծեծում կամ բռնաբարում են (այո՛, իրենց կանանց), այլեւ օրինական զենքով սպանում, եթե այդ կինը խելոք չի մնում: Սա այնքան ակնհայտ է, որ անգամ ամերիկյան ֆիլմերում են բացահայտ ցուցադրում:
Իսկ թե արեւմտյան արժեքակիր կանայք ինչե՜ր են բերում այդ զարգացած տղամարդկանց գլխին՝ օդում մշտապես ճոճելով կանանց իրավունքները (մեր մոլորակում միայն կանանց իրավունքներ են երեւի), նույնպես կարելի է տեսնել վերոնշյալ ֆիլմերում:
Այսինքն՝ մեծ հաշվով չկա ընտանիք, իսկ այդօրինակ «ընտանիքներ»-ի հանրային կառավարումը անչափ հեշտ է, քանզի թշնամին տնից է լինում եւ միշտ կարելի է տղամարդուն կնոջ դեմ լարել, կնոջը՝ տղամարդու, երեխաներին էլ՝ ծնողների: Ահա արեւմտյան ընտանիքի կաղապարը, որը դարձել է «ազատության» գաղափար: Այսպես նաեւ ազգերի են միմյանց դեմ հանում, հետո ձուլում՝ համաշխարհային ազգ կամ միադեմ մարդկություն «ստեղծելու» հեռանկարով: Գուցե հետո էլ միասեռ մարդկությու՞ն կերտեն եւ Արարչին ու Աստվածներին էլ Տիեզերքի՞ց վտարեն…
Հիմա սա, այսպես կոչված զարգացած երկրներից շտապ պիտի ներարկել այսպես կոչվող զարգացող երկրներ, որտեղ ազգային ավանդույթները դեռ պահպանվում են եւ այդ հանրությանը, առավել եւս ազգին կուլ տալ՝ ստրկացնել լիովին, հնարավոր չէ:
Գենդերային իրավունքը կենցաղում արագ ներմուծելու համար էլ քաղաքական մոտեցումներ են պետք: Եվ արեւմտյան շիզոֆրենիկները պարտադրում են «երրորդ կարգի երկրներին» քաղաքականության մեջ կանանց տոկոսային դրույթներ կիրառել:
Այսինքն՝ կարեւոր չէ՝ այդ կինը գլուխ հանում է քաղաքականությունից (ավելի լավ՝ իրենց համար, եթե գլուխ չի հանում), թե՝ ոչ: Կարեւորը կանանց մտցնել է պետք քաղաքական ասպարեզ, որպեսզի հնարավոր լինի վերեւում նշված՝ մի սեռին մյուսի դեմ հանելու տարբերակը անխափան կիրառել:
Եթե որեւէ հայ կին ցանկանում է զբաղվել քաղաքականությամբ, ապա զբաղվում է, ցանկանում է զբաղվել տնտեսությամբ կամ մշակույթով կամ մեկ այլ ոլորտում՝ զբաղվում է, ի՞նչ տոկոսների մասին է խոսքը: Բայց քանակի խնդիր կա, կանայք քիչ են քաղաքականությունում եւ սեռային փոխադարձ հարձակումներն անհնար են, ուստի եվրաարժեքների անվան ներքո պետք է քանակ պարտադրել: Դե, մեր ղեկավարներն ու ընդդիմադիրները ո՞նց կարող են դեմ լինել եվրաարժեք կոչվածին, ինչը սակայն այս դեպքում միայն խայծ է ու միայն մեր դեմ ուղղված:
Վերջերս էլ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը հայտարարել էր մի շարք նախաձեռնությունների մասին, որոնք կնպաստեն Հայաստանում 2012-2013թթ. տեղական ինքնակառավարման եւ նախագահական ընտրությունների նախաշեմին կանանց՝ քաղաքական կյանքին մասնակցություն ունենալու հնարավորությունների ընդլայնմանը: Ծրագրի համար ֆինանսական աջակցություն է տրամադրում Նիդեռլանդների կառավարությունը: Այս երկրի (նաեւ Հոլանդիա են ասում) անունը տալիս ակամա մտածում ենք, թե շուտով համասեռականների տոկոսային հարցեր էլ են բարձրացնելու՝ մեր քաղաքականության մեջ սրանց տեղավորելու համար (իրենց երկրներում արդեն տեղավորված են):
Իսկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը հայտնել է, թե «տնտեսական եւ քաղաքական ոլորտներում, ինչպեսեւ՝ հասարակական կյանքում կանանց մասնակցության խթանումը ժողովրդավարության առաջընթաց ապահովելու կարեւոր գործոն է: Դրական ազդեցությունը, որ կանանց մասնակցությունն ունի կայունության եւ անվտանգության վրա հասարակական կյանքում, անհերքելի է»: Է հա՛, շատ կարեւոր է կանանց դերն ու նշանակությունը նաեւ ազգային պետություն կերտելու ճանապարհին:
Ո՞վ ասաց, որ դա ժողովրդավարական արժեք է բացառապես: Դա մարդկային (արարչադիր եւ աստվածահաճ) արժեք է, որն ազգերի ու ազգային պետության կայացման գործում եղել ու մնում է նշանակալի: Ժամանակին, երբ Հայք-Հայաստանը հզոր էր, իսկ ամերիկաներն էլ տեսանելի չէին, հայ կինը եւ՛ պետական, եւ՛ ռազմական, եւ՛ քաղաքական-դիվանագիտական, եւ՛ գիտական ու մշակութային եւ՛ այլ գործերով էր զբաղվում: Հայերն անգամ կին Աստվածներ ունեն ու Աստվածային Համակարգում եւս չկա տղամարդ-կին հակամարտություն՝ 8 Հայ Աստծուց 3-ը կին են (դե՜ կներեք, որ Արարիչը 4-ը 4-ի հարաբերակցությամբ չի ստեղծել): Ոչինչ՝ ժողովրդավարական օրենքները վերաստվածային ու վերարարչական են ու դա էլ «կարող են» շտկել (մի Աստծուն կպարտադրեն սեռափոխվել… – հազար ներողություն Հայ Աստվածներից այս նողկալի օրինակի համար, բայց սա՛ է բնորոշումը ներկայիս «օրենսդիրների»)…
Շուտով ՀՀ նախագահի ընտրությունն է: Արեւմուտքի «ազատարարները» դեռ չեն պարտադրի, որ ՀՀ նախագահը անպայման կին լինի, բայց չի բացառվում՝ մի կնոջ առաջարկեն մասնակցել (փողի մասին հոգ տանելու խնդիր չի լինի) ու տոկոս պարտադրելով (հայտնի ձեւերով)՝ նրան 2-րդ տեղում «հայտնաբերեն»: Հետո արդեն հեշտ կլինի 1-ին տեղը գրավելը: «Գրավելը» հասկանալ բառի բուն իմաստով: Մեր երկրում քիչ չեն գրանտակեր հասարակական, աղանդավորական, սեռամոլագարական եւ այլ նմանատիպ կազմակերպությունները, որոնք լրացուցիչ վարձատրվում են օտար երկրներից՝ հենց այս նպատակների համար: Հաճախ այդ նպատակների համար «գունավոր», «ժողովրդավարական» կամ «մարտիմեկյան» հեղափոխություններ են ծրագրավորվում, ինչը մեր հլու հնազանդ եվրաժողովրդավար լինելու հետեւանքն է:
Հայկ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 26 (247), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



