Ըստ հայ արիների, օգոստոսի 11-ին Նավասարդի տոնն է եւ նշվում է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակի օրը: Հայկ Դյուցազունն այդ օրը, աշնանային արեւադարձից 40 օր առաջ հաղթել է Արարատը նենգորեն զավթած Տիտանյան Բելին եւ վերատիրել Հայոց Աշխարհը՝ հայությանը բերելով ազատ կյանք՝ ի փառս Հայի ու Հայ Աստվածների:
2012թ. օգոստոսի 11-ի հայտարարությունում ՀԱՄ-ը նաեւ նշել է, որ դա մի նոր դարաշրջան եղավ հայության վերելքի համար եւ իզուր չէ, որ կար մի ժամանակահատված, երբ օգոստոսի 11-ը եւս նշվում էր որպես Նոր Տարի՝ Նոր Կյանքի օր… Չնայած այն հանգամանքին, որ արի հայերը Նոր Տարին նշել եւ նշում են գարնանը՝ մարտի 21-ին՝ Վահագն Աստծո վերածննդի օրվա հետ: Իսկ Օգոստոսի 11-ը հին Նավասարդ ամիսն է: Նավ-Աս-Արդ՝ ուժականության-զորության խորհրդի հաստատում: Նավասարդյան խաղերն էլ առավելապես զորախաղեր են եղել, որի ժամանակ Հայկյան զինվորի պատվավոր կոչում է տրվել:
ՀԱՄ հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Հայկ Նահապետը Հայ-Արիական Դիցակարգի համաձայն Մարդ-Աստված է՝ Աստվածամարդ՝ Երկրային Աստված, ով խոսել է Հայ Աստվածների հետ, անգամ կատարել Աստվածային Առաջադրանքներ… Ինչն այսօր շարունակում է իրականացնել մեր Նահապետի Հոգին՝ Մեծ Տիեզերքում…» եւ իզուր չէ, որ հայ արիները հավելելով մաղթել են. «Թո՛ղ Հայ Աստվածամարդիկ վերականգնեն իրենց Գենետիկ զորությունները»:
Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները օգոստոսի 11-ի լուսաբացին, Երեւանում, Հայկ Նահապետի արձանի մոտ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերի մասնակցությամբ ծիսական արարողություն էին կազմակերպել՝ փառաբանելով մեր զորավոր նախնուն եւ Հայ Աստվածներին. «Թո՛ղ Հայ Աստվածամարդիկ վերատիրեն Հայքին ու համախմբեն Ազգը՝ ինչպես դա արեց Աստվածամարդ Հայկը… Ցավոք, հայի գենը նոր «Բել»-եր է ցրցամ տվել»: Արիական-հեթանոսական ծիսական արարողությունից հետո հայ արիականներն ու ազգայնականները այցելել են Սպիտակավոր վանքի բակում վերաթաղված Գարեգին Նժդեհի (Հայ-Արիական դիցակարգի համաձայն՝ նույնպես Աստվածամարդ հռչակված) մասունքներին, որտեղ էլ կազմակերպվել է տոնական միջացառում՝ գինեձոներով համեմված եւ ավանդական ուտեստների համտեսմամբ:
Մեկ այլ տոնական միջոցառում էլ կազմակերպել էին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման», «Սերունդ հայապահպան միավորում» հասարակական կազմակերպությունները եւ «Դար» հիմնադրամը: Զարմանալի է, բայց արդեն որերրորդ անգամն է Նավասարդի տոնին այս կազմակերպությունները Հայկ Նահապետի արձանի մոտ միջոցառումից հետո գնում են տոնը շարունակելու այսպես կոչված քրմերի ու քահանաների հետ: Այդ քրմերին նշում ենք այսպես կոչված, քանի որ սրանք ժամանակին դեմ եղան Հայ Արիական Միաբանության՝ Երեւանում Արիական-հեթանոսական տաճար կառուցելու առաջարկին, քանի որ իրենց թվում է, թե եկեղեցու հետ չպետք է առճակատվել եւ պետք է համակերպվել այս իրականության հետ: Մինչդեռ այն քուրմը, ով իր հավատի առաջին գծի ռազմիկը չէ եւ քահանայի հետ (անգամ նրանից հետո) ծես է կատարում (իսկ 301 թվին ոչ միայն հեթանոսական-ազգային, այլեւ պետական-հայրենական սպանդ իրականացրին քրիստոնյաները), ուրեմն նա ընդամենը քահանայի սպասավոր է, եւ իզուր չէ, որ վերոնշյալ հասարակական կազմակերպությունների հետ միասին այդ այսպես կոչված քրմերը քահանաների հետ ծեսի են գնում. «Թոնիրն օծվում է քրմերի կողմից, իսկ հացը, որը պիտի թխվի, օրհնում են քահանաները»,-ասված էր «Արմատ» ակումբի տարածած հաղորդագրությունում:
Լրագրողների տեղեկատվությամբ, քահանաները վիրավորել են այսպես կոչված քրմերին (չի նշվել, թե ինչպես), իսկ երբ նրանց հարցրել են այս մասին, այսպես կոչված քրմերն ասել են, թե այդպիսի բան չի եղել: Դե հետո էլ երգ ու պար, կեր ու խում ու երեւի Եհովայի համատեղ փառաբանում…
Իսկ երբ 3 տարի առաջ «Հայ ժողովրդի ազգային ինքնության» տոն սահմանելու վերաբերյալ նախագիծն առաջին իսկ ընթերցմամբ ընդունվեց նախկին ԱԺ-ում, Էջմիածինը, հավատարիմ իր ապազգային ու հակահեթանոսական բնույթին, անցավ կատաղի հակահարձակման ու տապալեց նախագիծը, որովհետեւ այն նշվելու էր օգոստոսի 11-ին, Հայկի՝ Բելի դեմ տարած հաղթանակի օրը: Այսպես մի անգամ եւս ապացուցվեց, որ Հայկյան հաղթանակի օրը խորթ է եկեղեցու համար: Անգամ սոցիալական ցանցերն արձագանքեցին, թե «ապազգային ու հակազգային «Էկումենիկ» շարժման անդամ առաքելական եկեղեցու խաչակրաց արշավանքը հայ ժողովրդի դեմ շարունակվում է առ այսօր, բայց այս է՝ Հայկը հաղթեց Բելին, եւ հաղթելու է մերօրյա բելերին նույնպես, ինչ անվան տակ էլ նրանք հանդես գան»…
Իսկ մեծն հայորդի Գարեգին Նժդեհն ասել է. «Անբարոյական է եւ կորած մի ժողովուրդ, եթէ գոյութիւնն ապահովելու համար անընդունակ է խոր ցնցումների: Հոգեկան ցնցումների ընդունակ ժողովուրդները միայն կարող են վերանորոգւել: Առանց վերագնահատումի՝ անիմաստ է որոնումը, իսկ առանց որոնումների՝ ոչ թէ միայն ժողովուրդների միտքն է մեռնում, այլ եւ հենց իրենք՝ ժողովուրդները: Վերագնահատումի պիտի ենթարկենք ոչ միայն դէպքերի առարկայական բնոյթը, այլ մանաւանդ մեր հոգեւոր կեանքի ենթակայական տարրերը: Պիտի որոնենք, փնտռենք, գտնենք մեր դժբախտութեանց իրական պատճառները, ճանաչենք մեր իսկական վէրքերը, ախտորոշանքի պիտի ենթարկենք մեր ժողովուրդի հոգին, որից յետոյ միայն խօսք կարող է լինել բուժումի մասին»: Եվ հայ արիներն ասում են. «Արորդիները վերադառնում են… Ժամն է շրջվելու դեպի Հայ Աստվածները»:
Մեծ Հայքում նավասարդի 1-ը, այսինքն՝ օգոստոսի 11-ը, եղել է համազգային տոն: Հայ ազգը մեծ շուքով, խրախճանքներով, տոնախմբություններով ու խաղերով տոնել է Նավասարդը որ տեւում էր օրեր: Տոնախմբություններին ներկա էին լինում թագավորը, քրմական եւ իշխանական դասը, հազարավոր մարդիկ: Ուխտավորները զոհաբերության համար այստեղ էին բերում խոյեր, աղավնիներ, խոշոր եղջերավոր անասուններ: Նավասարդի տոնախմբությանը հավաքված բնակչությունն իր հետ բերում էր տարվա պտուղների առաջին բերքը: Ինչպես ամեն տոնի ժամանակ, Նավասարդին եւս մատուցվում էին ավանդական ճաշատեսակներ: Քրիստոնեության բռնի ընդունումից հետո հայ ժողովրդի ավանդական տոնացույցում եւս կատարվեցին փոփոխություններ, ու Նավասարդյան տոնակատարությունները մարդկանց կենցաղից կամաց-կամաց դուրս մղվեցին, ինչպես շատ ազգային տոներ:
Հայկ Նահապետի հաղթանակի օրը շատերը թյուրիմացաբար (գուցե նենգորեն գիտակցաբար) նշում են որպես հայ տեսակի ձեւավորման ժամանակահատված, ինչը պարզապես ծիծաղելի է, քանզի հայ տեսակը տասնյակ հազարամյակների պատմություն ունի… Շուրջ 4500 տարին համարել հայության ծագման շրջան, նշանակում է ջուր լցնել օտարների, առավելապես՝ թշնամիների ջրաղացներին: Ոմանք նաեւ Հայաստան անունն են կապում մեր փառահեղ նախնու անվան հետ, սակայն Հայկը վերադարձե՛լ էր Հայք՝ Հայերի Երկիր, որտեղ իր պապերն ու նախապապերն էին ապրել… Եվ վերադարձել էր վերատիրելու: Միայն Քարահունջի աստղադիտարանը 7500 տարեկան է, որի մակարդակին հասնելու համար, ըստ աշխարհահռչակ գիտնական Պարիս Հերունու, հայ տեսակը առնվազն 40 հազար տարի պետք է ապրած լիներ, որ տիրապետեր նման աստղադիտարանի եւ այլ տիեզերական գիտելիքների… Էլ չենք խոսում այլ փաստերի եւ տիեզերափուլերի մասին:
Ինչ մնում է Հայկի՝ Բելի դեմ տարած հաղթանակին, ապա Հայ Դյուցազնը պարզապես, կրկնում ենք, վերադարձավ Հայք՝ վերականգնելու հայոց երկիրն ու հայության ազատ կյանքը: Ինչպես Մովսես Խորենացին է նշում, երբ Հայկը վերադարձավ Հայք, տեսավ այնտեղ հսկաների ցեղի, որ ապրում էին անջատ-անջատ, բայց չէին ենթարկվել Բելին, եւ նա դեռ պիտի կարողանար հայկազուն հսկաներին ապացուցել իր համազգային վեհ նպատակը, որը Հայ Աստվածների Կամքն ու Առաջադրանքն էր…
Եղան նաեւ այսպես կոչված գիտնականներ, որ հայտարարում էին, թե Հայկ Նահապետը քրիստոնյա է եղել: Այսինքն՝ քրիստոնեությունը հայության մեջ եղել է անգամ մինչեւ Քրիստոսի հայտնվելը: Սա արդեն խելացնորություն է, եթե չասենք՝ խեղկատակություն:
Հայկ Նահապետի հաղթանակը մշտառկա պատգամ է հայ բոլոր սերունդներին, անկախ կուսակցական, կրոնական կամ սոցիալական պատկանելությունից, եւ ամեն ազգային բան, որ գոյություն է ունեցել մինչեւ 301 թվի քրիստոնեական ազգաջինջ սպանդը, պետք չէ քրիստոնեացնել, չի ստացվի, որեւէ արմատ չկա այդպիսի: Հայը պաշտել է հայ հավատը, որը քրիստոնյաներն օտար բառով կոչեցին հեթանոսություն: Այն ընդամենը ասորերեն բառ է, որը հունարեն էթնոսն է, իսկ հայերեն՝ ազգը: Այո, հայը ազգային հավատի հետեւորդ է եղել ու հոգու խորքում այդպիսին էլ կա…
Եվ այդ հավատի վերադարձի համար է, որ գործում է Հայ Արիական Միաբանությունը՝ փառաբանելով Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ Հայկ Նահապետին ու նրա տոհմը, Հայաստան աշխարհն ու հայությանը:
Քուրմ Արմոգ
ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի անդամ
«Լուսանցք» թիվ 26 (247), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



