«Լուսանցք»-ն ամեն տարի մեկնում է մեկամսյա արձակուրդի՝ թարմ ուժերով վերադառնալու նկատառումով: Արձակուրդն անհանգիստ ու լիքը անցավ. ծնվեց թերթի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանի առաջնեկը: Ծնվեց Վարդավառի տոնին ընդառաջ եւ հաստատապես հանուն Հայ Աստվածների վերադարձի: Ծնվեց աղջիկ, եւ Վարդավառի հովանավոր Աստվածուհու պատվին կնքվեց Աստղիկ անունով:
Միաժամանակ ուրախություն էր նաեւ Հայ Արիական Միաբանության կառույցում, քանզի նորածինը նաեւ դուստրն էր ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի: 2007թ. դեկտեմբերի 22-ին (Միհր Աստծո տոնին) Գառնո արիական տաճարում, Հայ Աստվածների ներկայությամբ եւ քրմական ծեսով տեղի է ունեցել ՀԱՄ առաջնորդի եւ «Լուսանցք»-ի գլխավոր խմբագրի պսակադրությունը: Այս տարվա հուլիսի 12-ին ունեցան իրենց առաջին զավակին:
Աստղիկը ծնվեց Վարդավառ տոնի նախաշեմին, որը հայ արիները նշում են որպես Աստղիկ Աստվածուհու տոն, եւ հայ արիականներն ու ազգայնականները, «Լուսանցք»-ի աշխատակազմն ու թղթակիցները նորածնին ցանկացան աստղկական գեղեցկություն եւ վահագնազարմ առողջություն ու ամրություն: Մաղթանք կար նաեւ, որ Հայ Աստվածները լինեն պահապան եւ զորավիգ նորածին հայուհուն, իսկ Տիեզերքն ու Ամենայնի Արարիչը բարեհամբույր գտնվեն հայ արիների առաջնորդի արորդի դստեր ճակատագրի նկատմամբ:
Կրկնելով այս ամենը՝ նաեւ մաղթում ենք, որ Աստղիկը ժառանգի հայրական եւ մայրական գեների ամբողջ զորությունները, ազգային իղձերն ու նպատակները եւ միաժամանակ ապրի ուրախ, հաջողակ եւ նպատակասլաց անձնական կյանքով: Կարծում ենք՝ Աստղիկը կլինի ավետիսը Արմեն Ավետիսյանի եւ Արմենուհի Մելքոնյանի հաջորդիվ զավակների:
Ավետիսով շնորհավորանք էր հղել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը, որտեղ Արմենուհի Մելքոնյանը աշխատում է երկար տարիներ. «Վարդավառի նախօրեին նոր աստղ ծնվեց Հայաստանի Հանրապետության, նաեւ՝ «Հայաստանի Հանրապետության» խմբագրակազմի մանուկների համաստեղությունում, ավելի շուտ՝ Աստղիկ, ում մայրիկին՝ լրագրող Արմենուհի Մելքոնյանին ենք հղում ամենաջերմ շնորհավորանքներն ու մաղթանքները՝ մեր անկեղծ ուրախությունը կիսելով նրա ընտանիքի հետ»:
Եվ հայ արիներն ու ազգայնականները փառաբանելով հայուհու ծնունդը՝ օրեր հետո նշեցին Վարդավառը: Սա ամենասիրված տոներից է եւ Հայ Արիական Միաբանության ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները հուլիսի 25-ին՝ Հայոց Սրբազան տոմարով եւ Արեգակնային անշարժ օրացույցով Աստղիկ օրը կազմակերպեցին հայ-արիական տոնակատարություն: ՀԱՄ տարածած հայտարարությունում նշված է. «Բազում հազարամյակներ այդ տոնը նշվում է որպես Հայոց սիրո Աստղիկ Աստվածուհու տոն:
Վարդ՝ Վ-Արդ նշանակում է Գերագույն-Վերին Սերումի Խորհուրդ, Գերագույն Սիրո Խորհուրդ: Վարդավառը նախաշնում է Գերագույն Սիրո Խորհրդով վառվել-խանդավառվելը, օծվելը: Հայ արիները տոնական միջոցառմանն ավանդական ջրցանությամբ միմյանց ջրել են հայ արի քրմերի օծած ջրով, եւ մեծ ու մանուկ ջրոցի խաղալով փառաբանել են Աստղիկ Աստվածուհուն եւ Սերը, որը Տիեզերաստեղծ Միջուկ է ի վերուստ:
Ջուրը նախանշում է մաքրություն-մաքրագործություն, ջրվելը՝ մաքրվել, իսկ Սիրո Գերագույն Խորհրդի կրող եւ պահապան Աստղիկ Աստվածուհուն (յուրաքանչյուրը՝ նաեւ իր սիրուն) ընդառաջ գնալու համար կատարվել է ջրով մաքրվելու-օծվելու արարողություն, ինչը արիադավան-հեթանոսական ավանդույթ է, որն ինչքան էլ փորձում են վերացնել քրիստոնեական ուսմունքի հովիվները՝ անարդյունք է լինում՝ ազգը գենետիկ հիշողությամբ պահպանում է ազգայինը»:
Վարդավառի տոնական արարողությունը կազմակերպվել էր Քարի լճի մոտ՝ Արագածի գագաթ բարձրանալու ճանապարհին, իսկ մի խումբ, տոնական եւ ծիսական արարողություններից հետո, բարձրացել էր քառագագաթ Արագածի բարձրագույն գագաթը: Ծիսակարգը կատարել են ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի 7 քրմերը եւ 7 քրմի թեկնածուները: Հայ արիներն ու ազգայնականները փառաբանել են Աստղիկ Աստվածուհուն՝ հայոց սրտերը սիրավառ պահելու եւ հայի ազգային միասնությունն ու հայրենիքի վերամիավորումը Աստղկական սիրով ու Վահագնա զորությամբ իրականացնելու համար: Փառաբանել են նաեւ Հայ Աստվածներին եւ Տիեզերքի Արարչին եւ սերը առ ազգ ու հայրենիք, մայր եւ կին:
Նույն օրը ՀԱՄ գրասենյակում Վարդավառի տոնի ծիսական արարողություն են կազմակերպել նաեւ հայ արիների Հայաստանի մարզային կառույցների, Արցախի եւ Ջավախքի ներկայացուցիչները՝ այլ քրմերի մասնակցությամբ: Այդ օրը քրմական ծեսով եւ ՀԱՄ առաջնորդի մասնակցությամբ քրմի թեկնածու օծվեց ՀԱՄ Արցախի եւ ազատագրված տարածքների կառույցի պատասխանատու Արմեն Պետրոսյանը:
Ինչքան էլ Հայ առաքելական եկեղեցին փորձում է Վարդավառի տոնից հանել տալ ավանդական ջրոցին, իսկ Տրնդեզի տոնին՝ կրակի վրայով թռչելը (համարում են հեթանոսական ավանդույթ), միեւնույնն է, հայերը դա պահպանում են՝ հարազատ համարելով իրենց գենետիկ հիշողությանը, անգամ ջրոցի խաղում եւ կրակի վրայից թռչում են եկեղեցիների բակերում…
Եթե ջրվելը մաքրագործել է նշանակում, ինչը սիրո տոնից առաջ պարտադիր է համարվում, ապա կրակներ վառելը այլ խորհուրդ է արտահայտում: Կրակը Երկնքի Արէգակի (Արական եւ Է(Ի)գական Ակունքի) Երկրային Արտացոլանքի խորհուրդն է նախանշում, եւ Արէգակը՝ որպես Երկրային Կյանքի պահապան ջերմացնող եւ կյանք տվող ակունք է փառաբանվում: Հայ արիներն ասում են, որ «Ար-ական եւ Է(Ի)գ-ական միահյուսվածությունն է Տիեզերքի ալեհավաք եւ ալեցրիչ «կայանը», ինչը նորապսակները կիրառում են երկրում՝ ձեռք-ձեռքի բռնած կրակի վրայով թռչելիս…
Շատ զլմ-ներ են անդրադառնում մեր տոների հեթանոսական եւ քրիստոնեական կողմերին, եւ դա լավ է: Ճիշտ է՝ հաճախ է սխալ կամ խրթին տեղեկատվություն տրվում, բայց կարեւոր է, որ նաեւ փորձ է արվում հասկանալ տոնի կամ ծեսի նախնական բնույթը:
Հայ եկեղեցին հուլիսի 15-ին նշեց Վարդավառը: Եվ այդ ժամանակ էլ մարդիկ միմյանց մի լավ ջրել են ու ուրախացել:
Վարդավառը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից է, բայց նշվում է որպես Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոն: Հարց է ծագում, իսկ ինչու՞ է եկեղեցին օգտագործում նաեւ Վարդավառ անունը: Մենք վստահ ենք. պատճառը մեկն է՝ ինչքան էլ փորձեցին այդ անունը խամրեցնել, անգամ նվաստացնելով ինչպես Աստղիկ Աստվածուհուն, այնպես էլ Հայ Աստվածներին (նաեւ չաստվածներ ասելով), չստացվեց, եւ ստիպված է եկեղեցին գործածում Վարդավառ անվանումը: Եվ լրատվամիջոցները արդեն անվարան նշում են, որ մինչ 301թ., երբ հայերն «ընդունեցին» քրիստոնեությունը, «Վարդավառի տոնը կապված էր հայկական դիցարանում ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ: Վերջինիս վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում եւ միմյանց վրա ջուր ցողում: Կարելի է ասել, որ միայն ջուր ցողելու ավանդույթն է, որ պահպանվել է նաեւ մեր օրերում: Առասպելի համաձայն՝ Աստղիկ աստվածուհին սեր էր սփռում Հայաստան աշխարհում՝ վարդաջուր ցողելով: Եվ հենց այստեղից է գալիս միմյանց ջրելու սովորությունը: Քրիստոնեության ընդունումից հետո հեթանոսական մի շարք տոներ, այդ թվում նաեւ Վարդավառը, տեղայնացվեց եւ դրա ծիսակարգը շաղկապվեց Աստծո հետ: Քրիստոսի Պայծառակերպությունը ժողովրդական լեզվով անվանում են նաեւ Վարդավառ Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով»… (Այս վերջին բացատրությունը ոչ մի տրամաբանություն ու հիմնավորում չունի):
Վերեւում նշվեց Վարդավառի իմաստը, բայց նաեւ նշում են, որ «Վարդավառ» բառը տարբեր իմաստներով է ստուգաբանվում, որոնք բոլորն էլ բնութագրում են տոնը, ինչպես նաեւ՝ մատնանշում դրա խորհուրդները: Մի տարբերակով «վարդավառ» բառը կազմված է վարդ (ուարդ)-ջուր եւ վառ-սրսկել, լվանալ արմատներից, նշանակում է ջրցանություն, որը կազմում է տոնական արարողակարգի գլխավոր մասը: Ոմանց կարծիքով էլ՝ այն նշանակում է «կրակավառ», «հրավառ»: Բառի աստվածաշնչյան ստուգաբանությունում էլ կարդում ենք, որ այն կազմված է վարդ (սիրո գերագույն խորհուրդ է նշանակում) եւ վառ (ուժգին արտահայտված կրակի իմաստ է պարունակում) բառերից եւ նշանակում է վարդով՝ սիրո բացարձակ խորհրդով վառված, վարդով օծված: Իսկ Պայծառակերպության տոնը այս ամենի հետ որեւէ առնչություն չունի, առավել եւս, որ հաջորդող երկուշաբթին հերթական մեռելոց էր հայտարարված:
Հայ արիները նախնյաց խորհուրդը հարգել գիտեն եւ պարտադրված մեռելոցները չէ որ ապահովելու են կապը նախնյաց (հոգիների) հետ: Ի դեպ, սեպտեմբերի 23-ին էլ, աշնանային գիշերահավասարին կնշվի Նախնյաց տոնը…
«Լինե՛նք հոգատար Հայաստան – Վարդավառ 2012» նախագծի շրջանակներում եւս միջոցառումներ եղան, Կարապի լճի շրջակայքում տեղի ունեցավ Վարդավառի տոնախմբություն, որի ընթացքում բացվել էր հայ արվեստագետների, հասարակական գործիչների հեղինակած Վարդավառի թեմայով լուսանկարչական ցուցահանդեսը: Նշվել էր, որ նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը սեւեռել ազգային ինքնության ձեւավորմանը նպաստող ազգային տոներին, դրանց տարածմանն ու պահպանմանը: Վարդավառին մասնակից եղան անգամ քաղաքապետարանի աշխատակիցները: Տարբեր շրջաններում ջրցան մեքենաները, դույլերով «զինված» նախ ջրել-մաքրել են փողոցները, այնուհետեւ դույլերը ջրով տվել բնակիչներին՝ միմյանց վրա ցանելու համար: Ջրցան մեքենաների վրա նաեւ գեղեցիկ գունավոր փուչիկներ են եղել, եւ սա եւս կապ չունի Պայծառակերպության տոնի հետ:
Իսկ Վարդավառի տոնին հայերը հիշում են, որ Հայոց զորության եւ ռազմի Աստված Վահագնի հաղթանակների եւ հզորության աղբյուրն է սիրո Աստվածուհի Աստղիկը եւ մաքրագործված սերն է ազգի ու մարդկանց զորացնելու արգասիքը: Հայոց մեջ սիրո, նվիրումի, Վահագն Աստծո ու Աստղիկ Աստվածուհու սերը մաղթում են բոլորին, հավատարմության ու սիրո երդումներ տալիս եւս ցանկանում նմանություն Վահագնի եւ Աստղիկի սիրուն… Եվ սա՛ է ազգայինը, սա՛ է հաղթականը եւ ճշմարիտը: Սա՛ է տիեզերականը, զի Տիեզերքն ինքը Սիրո արդյունք է…
Վահագն Նանյան
Հ.Գ. – Ի դեպ, նյութը անակնկալ է մեր գլխավոր խմբագրի համար, որը տպագրության պատրաստեցինք նրա բացակայությունից օգտվելով, քանզի խմբագրությունում լիներ, իր ու իր զավակի հետ կապված շնորհավորանքները կկտրեր-կհաներ նյութից ու կասեր՝ «ընտանեկան ալբոմները թերթում տպելու համար չեն»:
Համաձայն ենք, բայց հավելում ենք այն բացառությունը, որ երբ վաղը… մի օրը նշանավոր լինի, ընտանեկանի մասին այլեւ խոսք լինել չի կարող:
Ուրեմն՝ թող փոքրիկ Աստղիկը իր ա՛յն լուսավոր ներդրումն ունենա երկրի կյանքում, որպեսզի շեշտվի հենց ա՛յդ մի նշանավոր օրը:
«Լուսանցք» թիվ 26 (247), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



