Մեծ հայ Գարեգին Նժդեհի խոսքերը ճիշտ վերնագիր եղան ադրբեջանական բարբարոսության ստորեւ պարզաբանման համար:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ստորագրելով Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու եւ հետագա պատիժը կրելուց ազատելու որոշումը, խախտել է մեր օրենքը»,- «contact.az» կայքում գրել է պրոֆեսոր Խանլար Ալիկպերովը: «Գերագույն դատարանի վճռով Սաֆարովը դատապարտվել է ոչ թե հստակ ժամկետով, այլ՝ ցմահ: Նկատի ունենալով այդ քրեական պատժի յուրահատկությունը եւ հանցանքի ծանրությունը, որի համար այն նշանակվում է, օրենքը նաեւ սահմանել է նման մարդկանց ներում շնորհելու հատուկ կարգ»: Իսկ, համաձայն Ադրբեջանի քրեական օրենսգրքի 82,3 հոդվածի, ցմահ ազատազրկումը ներմամբ կարող է փոխարինվել միայն 25 տարվա ազատազրկումից հետո, ինչը խախտվել է՝ ըստ ադրբեջանցի պրոֆեսորի: Նրա խոսքերով՝ «առավելագույնը, որ կարող է անել պետության ղեկավարը, դա Սաֆարովի ցմահ բանտարկությունը 25 տարի բանտարկությամբ փոխարինելն է»:
Այս բացատրությունից հասկանալի է դառնում, որ Ադրբեջանի նախագահը հավասարապես թքած ունի ինչպես միջազգային օրենքների, այնպես էլ սեփական երկրի օրենսդրության վրա: Պրոֆեսորի կարծիքով՝ «պետության ղեկավարի հրահանգը հակասում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2001թ. հուլիսի 18-ի հրամանով հաստատված Ներման դրույթի 8.4 կետին, որի համաձայն՝ դատապարտյալների, ցմահ ազատազրկվածների ներման հարցը կարող է վերանայվել միայն այդ դատապարտյալների ազատազրկման 10 տարին լրանալուց հետո»: Իսկ Բուդապեշտի դատարանի կողմից 2006թ. ապրիլի 13-ին դատապարտված ադրբեջանցի մարդասպանն իր ներման պահին կրել է 10-ից պակաս տարվա պատիժ: Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարի 19-ին կացնի 16 հարված է հասցրել եւ սպանել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում իր հետ Հունգարիայում անգլերեն լեզվի կատարելագործման կուրսերին մասնակցող հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին: Բուդապեշտի քաղաքային դատարանը այս գործով դատավճիռը կայացրել է 2006թ. ապրիլի 13-ին: Մարդասպան հայասպանը դատապարտվել է ցմահ բանտարկության, առանց առաջին 30 տարիներին համաներման իրավունքի:
Իսկ ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հ/կ խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանն էլ հայտնել է, որ սա նախադեպը չունեցող երեւույթ է: Ըստ նրա՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. մարտի 21-ի Ստրասբուրգյան կոնվենցիան միտված է որոշակի իրավաքաղաքական արժեքների երաշխավորվածությանը, որոնց համատեքստում դատապարտյալներին հանձնելը բնավ ինքնանպատակ ու միանշանակ պարտադիր գործընթաց չէ, ինչպես փորձում են ներկայացնել մամուլով Հունգարիայի իշխանությունները, մասնավորապես այդ երկրի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարը (թեպետ ինքնին պարզ է, որ վերջինս տվյալ իրավիճակում ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակ սուբյեկտ չէ)»: Հայ պրոֆեսորի պնդմամբ, երբ կողմերը փորձում են մանիպուլիացիայի դիմել, կարող են հղում կատարել Կոնվենցիայի «Փոխանցման պայմանները» վերտառությամբ 3-րդ հոդվածի վրա, որով սահմանված են նյութական եւ դատավարական ձեւական անհրաժեշտ պայմանները (դատապարտյալը պիտի լինի դատավճիռը կատարող պետության քաղաքացի, դատական ակտը պետք է լինի վերջնական եւ ենթակա չլինի բողոքարկման, ազատազրկման ժամկետը պետք է գերազանցի առնվազն 6 ամիսը, անհրաժեշտ է ծեր կամ ֆիզիկական ու հոգեկան խոցելի վիճակ ունեցող դատապարտյալի համաձայնությունը, դատավճռի հիմքում դրված հանցագործությունը պետք է դատապարտելի լինի նաեւ դատավճիռը կատարող պետության օրենսդրությամբ եւ, վերջապես, կողմերը պետք է պայմանավորվեն փոխանցելու պայմանների շուրջ): «Այո, այդ պայմանների համակարգում չի կարելի հանդիպել Ռամիլ Սաֆարովի փոխանցման միջնորդությունը մերժելու որեւէ իրավական խոչընդոտի, սակայն դրանից բնավ չի բխում, թե Կոնվենցիան պարտավորեցնում է կողմերին բացառապես այդ պայմանների առկայության դեպքում անվերապահորեն իրագործել փոխանցումը»,- հավելել է պրոֆեսոր Դանիելյանը:
Մինչեւ վերջին պահը հայկական կողմին հավաստիացնում էին, որ մարդասպանը շարունակելու է պատիժը կրել Հունգարիայում.- հայտնել է ՀՀ ԱԳՆ-ի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, սակայն հայտնի գործարքի պատճառով այդ հարցը այլ հարթություն մտավ: Հունգարիայի այս որոշումը ՀՀ ԱԳՆ-ն որակել է որպես ոչ բարեկամական քայլ:
Իսկ Ալիեւի վարչակազմը խոստովանել է, որ եղել են գաղտնի բանակցություններ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը խոստովանել է, որ վերջին 1 տարվա ընթացքում պաշտոնական Բաքուն գաղտնի բանակցություններ է վարել հունգարական կողմի հետ: «Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելու քայլերն իրականացվել են գաղտնի, Իլհամ Ալիեւի խիստ վերահսկողության ներքո է ընթացել նամակագրությունը, այդ թվում՝ Հունգարիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ: Այս հարցում վճռական դեր է խաղացել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը: Ադրբեջանցի զինվորականը վերադարձել է երկրի նախագահի վճռականության ու կամքի շնորհիվ»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան:
Եվ իզուր չէ, որ հայկական եւ միջազգային շատ լրատվամիջոցներ հրապարակեցին՝ «Վաճառվում է Հունգարիա»՝ 2-3 մլրդ. եվրոյի դիմաց: Նման հայտարարություն է տեղադրվել նաեւ «www .ebay.com» էլեկտրոնային խանութի կայքէջում, որտեղ նաեւ ասվում է. «Եթե դուք ունեք մի քանի միլիարդ եվրո, դուք կարող եք անել ինչ ուզում եք Եվրամիության անդամ այս երկրում»: Հունգարիան «գնելու» ցանկություն են հայտնել տասնյակ մարդիկ՝ բայց առաջարկելով շատ փոքր գումար:
Իսկ Ադրբեջանում ցնծություն էր. «Ռամիլ Սաֆարովն Ադրբեջանում է», հայտարարում էին ամենուր, ադրբեջանցիները սկսել էին տոնախմբություններն ու արնախում խրախճանքները: Սա իսկը թյուրքական կերուխում է՝ արյան հոտով համեմված: Այսպես եղավ նաեւ Սումգայիթում, Բաքվում, հայկական բռնազավթված այլ տարածքներում իրականացրած կոտորածներից եւ 1988թ. Հայաստանին պատուհասած երկրաշարժի լուրը ստանալուց հետո: Նորից ցնծում էին Ադրբեջանում. «Ահա ինչպիսի հրաշքներ կարող են գործել նավթային եկամուտները»:
Սակայն զայրույթի ու պատժելու առաջին զգացումներն ապրելուց հետո, շատերի մոտ եկավ սառը դատելու պահը: Եղան նաեւ հետեւություններ, եւ ՀՀ նախագահի խոսքը դիվանագետների հետ հանդիպմանը դիպուկ էր: Մասնավորապես ասվել է, որ Սաֆարովին ներում շնորհելու Ալիեւի որոշումը Հայաստանի դեմ նոր պատերազմ սանձազերծելու մտադրությանը հավասարազոր պատերազմական ակտ է:
Սաֆարովը՝ անգրագետ անադեկվատ՝ ըստ ադրբեջանցու
Իսկ Ադրբեջանում ոչ բոլորն են երջանիկ մարդասպան Սաֆարովի ազատ արձակման փաստից. նշել են որոշ զլմ-ներ. «Ռամիլ Սաֆարովը տանն է: Ինտերնետը, հեռուստատեսությունն ու այլոք ցնծում են: Տպավորությունն այնպիսին է, կարծես մերոնք Երեւանն են գրավել: Ամենաահավորը՝ ցնծում է սովորական ժովողուրդը: Բայց ի՞նչ ունենք ուրախանալու: Թարմ գլխով մտածենք»:
Այնուհետեւ ադրբեջանական ինտերնետ-բլոգներից մեկում նաեւ գրվել է. «Ինչ են մտցրել մեր գլուխը, մենք աստվածացնում ենք Ռամիլ Սաֆարովին՝ մի մարդու, ով կացնով անզեն մարդու է սպանել: Սպանել է՝ թշնամու, բայց, այնուամենայնիվ, ԱՆԶԵՆ, ու, ամենայն հավանականությամբ, ՔՆԱԾ մարդու: Ու մենք հերոս ենք նրան դարձնում, ուրախանում ենք իր ազատմամբ, 5 թշնամի սպանած Մուբարիզ Իբրահիմովի հետ նույն մակարդակի վրա դնում: Մարդը, որը կացնահարում է անզենին, արժե գրեթե նույնքան, որքան մարդն, ով խրամատներում 5 թշնամի է սպանել: Անասուններ, սա պարզապես ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈւԹՅՈւՆ Է: Աստվածացնում ենք մի մարդու, որը հակառակ զինվորական վարքագծի բոլոր կանոնների, իրեն ոչ ադեկվատ է պահում…»:
«Բուդապեշտից վերադարձված անադեկվատին, որն 8 տարվա ընթացքում կորցրել է մասնագիտական հմտությունները, մենք բարձրացնում ենք կոչումը (Սաֆարովին մայորի կոչում են տվել), նվիրում բնակարան ու ուշադրության կենտրոնում պահում: Սովորական զինվորները, որոնք պաշտպանում են հայրենիքն այնտեղ, որ պետք է, ու որոնց եվրոպաներում հայերի գլուխ կտրելու բախտ չի վիճակվել, սովորաբար ոչ մի … էլ չեն ստանում: Ընկերոջս հայրն, ով բացարձակ լավ իրեն դրսեւորեց Ղարաբաղում, այնտեղ վիրավորվեց, ապաքինվելուց հետո վերադարձավ ու զինադադարից հետո 11 տարի ծառայեց, լքեց բանակը լեյտենանտի կոչում ունենալով… սա հուսալքում է նրանց… հայրենասեր սպաներն իրենց թերագնահատված են զգում»:
«Սա, անկասկած, Սերժ Սարգսյանին ու ողջ Հայաստանին սեպտեմբերի 1-ին, գալիք նոր տարվան, մարտի 8-ին ու այլ տոներին լավագույն նվերն էր: Այսպիսի բան մեզ թշնամին էլ չէր անի: Չեմ զարմանա, եթե պարզվի, որ հայերը գիտեին պատրաստվող արտահանձնման մասին ու ոչ մի բան հատուկ չարեցին: Չէ՞ որ նրանց տեղը ամեն ինչ արեցինք մենք՝ մի քանի տարի անզեն մարդուն սպանողին հերոսացնելով, վերադարձնելով ու հերոսացնելով: Հունգարիայում նստած Սաֆարովից կար զրո ամբողջ զրո տասնորդական օգուտ: Երջանիկ, պոնչո մայոր Սաֆարովը՝ ինքնագրեր բաժանող, նոր բնակարանով, ծաղիկներով եւ այլն, լավագույն բանն է, ինչ մենք կարող էինք անել նրանց համար»:
«Ասում են, մենք գնել ենք Սաֆարովին 2 թե 3 միլիարդ դոլարով, թե մանաթով, թե եվրոյով: Ճիշտ է, սա հայկական տարբերակ է, բայց ես հավատալուն եմ հակված: Հունգարացիներին Սաֆարովին առանց որեւէ շահի արտահանձնելու ի՞նչ իմաստ կա: Ու հետո, անկախ գումարից, ի՞նչ իմաստ կա ներդնել մի երկրում, որը մի քիչ էլ, ու Հունաստան է՞: Սա գումարների մսխում է՝ հատկապես խոշոր չափերով: Մեր պահուստների 10 տոկոսն ուրիշ տեղ ներդնելու չունե՞նք: Ցանկացած գյուղի տղա ձեզ մի շարք ավելի լավ տարբերակ կառաջարկի»:
«Մենք անհասկանալի քանակի միլիարդներ մսխեցինք նրա համար, որպեսզի ազատենք անգրագետ անադեկվատի, բարձրացրեցինք նրա կոչումը, նեղացրեցինք հայրենասեր զինվորներին ու թողեցինք մի ք…քի կույտ, ուր հայերը մեզ դեռ շաաաաատ երկար են դեմքով կոխելու միջազգային հարթակներում: Կարճ ասած, հայերը մեզ մեր փողով ունեցան, իսկ մենք դեռ ուրախանում ենք…»:
Ահա այսքան խելոք մտքեր մի ադրբեջանցու կողմից ասված (անգամ զարմանալի է), եւ ի դեպ, Ադրբեջանի ՊՆ Սաֆար Աբիեւը ինքն է Ռամիլ Սաֆարովին մայորի կոչում շնորհել՝ հայրենիք վերադառնալու կապակցությամբ: Իսկ նորաթուխ մայորը հայտարարել է. «Սա արդարության հաղթանակն է»: Հիմա ոնց չհասկանանք բլոգեր ադրբեջանցուն, որ նշել էր, թե «մի անգրագետ անադեկվատի ազատելով նեղացրինք շատերին»: Իսկ մարդասպանը շարունակում է ուրախանալ եւ շնորհակալություն հայտնել բոլորին՝ Ադրբեջանի նախագահի գլխավորությամբ:
Հետաքրքիր է, որ ադրբեջանցի ոճրագործի ծննդյան տարեդարձի կապակցությամբ վերջինիս հայրը՝ Սաբիր Սաֆարովը, ընդարձակ հարցազրույց է տվել «Qafqazinfo.az» կայքին, որտեղ անկեղծացել է իր ընտանիքում առկա խնդիրների շուրջ. «Ռամիլի մայրը մահացել է 2009թ.: Նրա թաղմանը ներկա չէին երիտասարդական կազմակերպություններից եւ ոչ մեկը: Եկել էին միայն մի քանի պատգամավորներ եւ քաղաքական գործիչներ…»: Նրա խոսքով, 2011թ. փետրվարի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեկնել է Հունգարիա, իսկ փետրվարի 18-ին աշխատանքից ազատվել էր Հունգարիայի արդարադատության նախարարը: «Իսկ եթե հայը սպանած լիներ Ռամիլին, ի՞նչ կանեին մերոնք: Դրանից ադրբեջանական դրոշը ավելի՞ բարձր էր կանգնեցվելու: Նա դա արել է հանուն հայրենիքի,- որդու ոճրագործությունը փորձել է արդարացնել հայրը՝ հավելելով,- ես 4 որդի ունեմ, 2-ը՝ Վուգարն ու Իլգարը, մեծ են Ռամիլից: Եվս մեկը 2 տարով փոքր է Ռամիլից: Նա ի ծնե հիվանդ է. չի խոսում եւ վատ է շարժվում: Մենք նրան կերակրում ու հագցնում ենք»:
Իսկ քնած հային կացնահարած որդին հոր աչքին հաստատ հիվանդ չէ՜, այլ՝ հերո՜ս, ինչը հիմնավորում է մի պարզ բան, ամենամեծ հիվանդներն ընտանիքում Սաբիր եւ Ռամիլ սաֆարովներն են…
Եվ այն թուրք-ադրբեջանցիներն են ի բնե հիվանդ, որ դեռ ցնծում են:…
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 27 (248), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



