Փա՜ռք ազգային գործչին եւ նվիրյալ արորդուն
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը խորին ափսոսանքով են հայտնում 1960-ականների ազգային ընդհատակյա շարժման առաջամարտիկ, «Հայ Դատ» կազմակերպության եւ «Ազգային Վերածնունդ» կուսակցության հիմնադիր, խորհրդային վարչախմբի գերարգելված պայմաններում հրատարակված «Հանուն Հայրենիքի» ամսագրի խմբագիր, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ Հովիկ Վասիլյանի՝ երկրային կյանքից հեռանալու մասին:
Հայրենիքի համար երկար տարիներ մաքառած հայորդին երկրային կյանքից հեռացավ 76 տարեկանում, եւ որպես պայքարող հոգի գնաց միանալու վասն հայրենյաց նահատակված մեր նախնյաց փաղանգին: Հովիկ Վասիլյանը նաեւ արիադավան հեթանոս արորդի էր, մասնակիցն էր հայ հեթանոսական ծեսերի ու տոների, եւ թող Հայ Աստվածները լուսավորեն նրա երկնային կյանքը:
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը ցավակցում են Հովիկ Վասիլյանի հարազատներին ու ընկերներին ու փառաբանում նրա անցած ու ապրած ազգային ուղին:
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ
Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդ
19.09.2012թ.
Ստորեւ ներկայացնում ենք Հովիկ Վասիլյանի կտրուկ, բայց արդար գրչի գործերից մեկը:
Եթե ընդունենք, որ «սիրիր թշնամուդ» քարոզը բխում է քարոզչի, այսպես կոչված «մարդասիրական» նկատառումներից, ապա ստիպված կլինենք ընդունել նաեւ, որ քարոզիչը, մեղմ ասած, տկարամիտ է կամ ստրկամիտ, հետեւաբար՝ նույնն են նրա տասներկու աշակերտ-առաքյալները: Միգուցե սխալվու՞մ ենք:
Ըստ իս, անկասկած սխալվում ենք: Դիմենք տասներկուսից մեկին՝ Պողոս առաքյալին, որը Եհովայի ձեռնարկումներին անհամեմատ ավելի է տեղյակ, քան մենք: Ընթերցենք «Պողոսի առաջին թուղթը առ Կորնթացիս»:
«Աստված ընտրեց աշխարհի հիմարներին, տկարներին ընտրեց աստված, եւ աշխարհի աննշաններին ու անարգներին եւ ոչնչություններին ընտրեց աստված, որպեսզի վերացնի նշանակալին, որպեսզի ոչ մի մարմին չպարծենա…»:
Այժմ Մաթեւոսի ավետարանի «ԴԵ գլխի 18-րդ տունը. «Մինչ Քրիստոսը Գալիլեայի ծովեզերքով քայլում էր, տեսավ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս էր կոչվում եւ նրա եղբայր Անդրեասին, որոնք ծովի մեջ ուռկան էին գցում, քանի որ ձկնորսներ էին: Եվ նրանց ասաց՝ «Իմ հետեւից եկեք եւ ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ»:
Նույն տեղում (գլուխ Ե, տուն 3) «ընկեր» Մաթեւոսը հռչակում է. «Երանի հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնի արքայությունը…»:
Հասարակ մահկանացուներիս համար մի քիչ վիրավորական է իմանալ, որ բավական չէ Եհովան այստեղ՝ երկրի վրա, ոչնչություններին ու հիմարներին է ընտրյալ դարձնում, երկնի արքայությունն էլ տալիս է… «հոգով աղքատներին»: Դա այնքան վանիչ հեռանկար էր, որ Պողոսի, Պետրոսի ու Մաթեւոսի գործի նոր ժամանակների (18, 19 եւ 20-րդ դար) շարունակողները սկսեցին քարոզել ներկան ու ապագան լոկ «աղքատներին» տալու միտումը՝ դեն նետելով «հոգին»: «Հոգով» թե առանց «հոգու», երկու դեպքում էլ գործ ունենք Եհովայի ձեռնարկման տարատեսակների հետ: Երկու դեպքում էլ առաջնությունը տրվում է «աղքատներին, հիմարներին, տկարներին…», կամ այլ կերպ ասած՝ մարդկության պակասավոր մասին:
Ինչու՞… Գթասրտությունից դրդվա՞ծ…
Ինչպես գիտեն նույնիսկ պատմաբանները, գթասրտության, եղբայրության, արդարության ու հավասարության վարդապետությունը վաղուց նվաճել է աշխարհը…
Ավելին, միջին դարերում, աշխարհիկ իշխանությունն ու անցողիկ փառքը ժխտող, սեր քարոզող եկեղեցին արարեց Հռոմեական սրբազան Կայսրությունը, որտեղ «սիրիր թշնամուդ» ավետարանական պատվիրանն իրագործվեց մինչ այդ ոչ մի սատանայի կողմից չկիրառված, մարդկանց ողջ-ողջ խարույկի վրա այրելու պատժաձեւում: Շա՜տ սիրելուց երեւի…
Նույն «ընկեր» Մաթեւոսի վկայությամբ (Ավետարան ըստ Մաթեւոսի, գլուխ «ԵԵ» տուն 43) «Հներն ասել են՝ «Պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես քո թշնամուն», իսկ ես ձեզ ասում եմ՝ «Սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարություն արեք ձեզ ատողներին եւ աղոթեք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում»:
(Գլուխ Ժ, տուն 23) «Երբ ձեզ հալածեն այս քաղաքում՝ կփախչեք դեպի մեկ ուրիշը, եւ երբ ձեզ այդտեղից էլ հալածեն՝ կփախչեք դեպի այն մյուսը»:
(Գլուխ Ժ, տուն 34) «Մի կարծեք, որ եկա խաղաղություն բերելու երկրի վրա,- ասում է «ընկեր» Քրիստոսը, – այլ՝ սուր, քանի որ եկա, որ որդուն բաժանեմ հորից, դստրին՝ իր մորից եւ հարսին՝ իր սկեսրոջից: Եվ մարդու թշնամիները իր տնեցիները կլինեն»:
(Գլուխ Ժ, տուն 21) «Եղբայրն իր եղբորը մահվան պիտի մատնի եւ հայրը՝ որդուն: Եվ որդիները հայրերի դեմ պիտի ելնեն եւ նրանց պիտի սպանեն»:
Եթե բարեհաճեցիք նկատել, «փրկիչը» հորդորում է աղոթել հալածողների ու չարչարողների համար, սիրել թշնամիներին, իսկ հարազատներին ու բարեկամներին սպանել…
Վերհիշենք Րաֆֆու «Սամվել»-ը, որի օրինակով տասնյակ սերունդներ են դաստիարակվել… Ո՞վ էր այստեղ ուրացողը, ո՞վ էր դավաճանը… Հա՞յրը, որ հավատարիմ էր մնացել իր պապենական պաշտամունքին ու ըմբոստացել հրեից Եհովայի խաչակիր սքեմավորների դեմ, թե՞ խաբված, մոլորեցված Սամվելը, որին հայադիմակ սքեմավորները հասցրին հայրասպանության: Ո՞վ էր ուրացողը, նախնիների ատրուշանը վառ պահող մայրը, թե՞ մոր արյամբ կենաց կրակը մարող, մաթեւոսների ու բարդուղիմեոսների կողմից խելահեղության հասցված Սամվելը…
«Քրիստոնեությունը կործանարար սնոտիապաշտություն է, իսկ նրա հետնորդները՝ հանցապարտ մարդիկ, որոնք իրենց զազրելիության եւ մարդկային ցեղի նկատմամբ ատելության համար արժանի են ծայրահեղ պատիժների» (Տացիտ, երկեր, հրատ 1887թ., էջ 490):
Կամ՝ ո՞րն էր Վարդան Մամիկոնյանի նախաձեռնած Ավարայրի ճակատամարտի բուն իրական պատճառը……
Մենք պարտավոր ենք վերանայել մեր պատմությունն ու մեր հերոսներին: Դա՝ նախ եւ առաջ մեր, ու հետո գալիք սերունդների անսխալական ապագայի համար:
* * *
Սեպտեմբերի 20-ը ԽՍՀՄ տարիների հայ քաղբանտարկյալ Շիրակ Գյունաշյանի հիշատակի օրն է, ով 1997թ. հանկարծամահ եղավ 58 տարեկանում: Նա նախ ծանոթացել է Հովիկ Վասիլյանի ու Գեւորգ Հեքիմյանի հետ, ապա՝ Ասատուր Բաբայանի, Սարգիս Թորոսյանի, Աղասի Անտոնյանի եւ Հայկ Իսկանդարյանի: Ընդհատակյա պայմաններում հիմնադրում են «Հանուն Հայրենիքի» կազմակերպությունը, որի նպատակները հայրենասիրական էին՝ ներառելով Արցախի ու Նախիջեւանի վերամիավորման, Արեւմտյան Հայաստանի վերադարձման, ազգային աշխարհընկալման ու լեզվի անաղարտության հարցեր: Խիստ գաղտնի պայմաններում խումբը ձեռնարկում է ամսագրի հրատարակում, բայց մատնությամբ նրանք բացահայտվում են. 1968թ. հուլիսի 2-ին ՊԱԿ-ը բռնագրավում է ամսագրի ամբողջ տպաքանակը (մոտ 400 օրինակ) եւ ձերբակալում հրատարակիչներին: Առեղծվածային պայմաններում ՊԱԿ-ի նկուղներում մահանում է Հայկ Իսկանդարյանը, իսկ մնացածները դատապարտվում են տարբեր պատժաչափերով ու դատավարությունից հետո հայտնվում Մորդովիայի քաղաքական ճամբարներում: Շիրակ Գյունաշյանը դատապարտվում է 4 տարով:
«Լուսանցք» թիվ 29 (250), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



