Հոկտեմբերի 1-ից մեր փոքրիկներին փորձություն է սպասվում:
Երեխաները նոր պատվաստում կստանան՝ ռոտավիրուսի դեմ, որ կներառվի պլանային պատվաստումների շարքում:
Եվ դա իսկական փորձություն է ոչ միայն փոքրիկների, այլեւ նրանց մայրերի համար: Վախ կա, անհանգստություն, ու դա անհիմն չէ: Դեռ թարմ է այն հիշողությունը, երբ հնդկական դեղերի ներմուծմամբ համատարած պատվաստումներ էին սկսել իբր գրիպի դեմ, ու հետո պատվաստումների բացասական հետեւանքների դեպքեր արձանագրվեցին: Փաստենք. հանրության շրջանում առողջապահական համակարգի նկատմամբ վստահության պակաս կա: Ուստի զարմանալի չէ, որ հերթական պատվաստումից առաջ խուճապ է առաջացել: Չնայած առողջապահության նախարարությունը հորդորում է չվախենալ, բացատրում է, որ ոչ մի վտանգ չկա, բայց դե… այն ժամանակ էլ էր հորդորում ու բացատրում, մինչդեռ բնակչությունը համոզվեց հակառակում, դրա համար էլ այսօր չի հավատում հերթական խոստումներին:
Ու հետաքրքիր է, որ «անհասկանալի» «զուգադիպությամբ», հերթական պատվաստումը նույնպես գրիպի դեմ է, բայց այս անգամ՝ ստամոքսային գրիպի: Նախարարությունը օգտվում է «ռոտավիրուս» հասկացությունից:
Պատվաստում՝ քաղաքական ենթատեքստով
Առողջապահության նախարարությունն ասում է, որ այս նոր պլանային պատվաստման ներդրումն իրենք նախատեսել էին իրականացնել ավելի շուտ, սակայն հաշվի առնելով, որ առջեւում խորհրդարանական ընտրություններ են, հետաձգել են՝ կանխարգելելու բոլոր հնարավոր շահարկումները:
Երկու դիտարկում է այստեղ հարկ անել. նախ՝ եթե հնարավոր է եղել հետաձգել, ուրեմն՝ Հայաստանում այդ պատվաստման անհրաժեշտությունը չի եղել: Եթե եղել է ու հետաձգվել, ուրեմն առողջապահական համակարգը քաղաքական խնդիր է լուծել: Եվ հետո՝ ուստի այսօր էլ կարող է հետաձգել՝ դարձյալ քաղաքական խնդիր լուծելով, որովհետեւ առաջիկայում էլ նախագահական ընտրությունն է: Իսկ եթե հնարավոր չէ հետաձգել, ուրեմն քաղաքական խնդիրն է փոխվել: Ուրեմն՝ ու՞մ է ձեռնտու այս պատվաստումը, ո՞վ է պատվաստանյութի ներկրման «քավորը»:
Ի՞նչ է ռոտավիրուսը
Գանք ռոտավիրուս կոչվածին՝ հասկանալու համար դրա դեմ պատվաստման կարեւոր-անկարեւոր լինելը:
Ի դեպ, բժշկական կրթություն չունենալով, մասնագիտական վերլուծություն չեմ անի, փոխարենը կօգտվեմ լրագրողական կրթությունիցս՝ փաստերը համադրելու եւ տրամաբանական եզրակացություն անելու նկատառումով:
Ռուսական մասնագիտական էլեկտրոնային կայքերում իմ փնտրտուքը ցույց տվեց, որ ռոտավիրուսը, ինչպես վերեւում ասացի, ստամոքսային գրիպն է կամ՝ այլ կերպ դա անվանում են «կեղտոտ ձեռքերի հիվանդություն»: Սա խիստ վարակիչ է եւ վարակը երեխայի օրգանիզմ է թափանցում բերանի խոռոչով (այստեղից էլ անվանումը՝ ՐՏՑ-Ո ՉՌՐցր): Այս հիվանդությունը հանդիպում է սովորական հիվանդացությունների, նաեւ համաճարակային բռնկումների ձեւով՝ ունենալով սեզոնային բնույթ: Օրինակ Ռուսաստանում ռոտավիրուսով վարակման դեպքերի 93 տոկոսը տարվա ցուրտ ժամանակ է լինում՝ նոյեմբերից ապրիլ: Հիվանդության դեպքում նկատվում է միանգամից տաքության կտրուկ բարձրացում, համարյա անկանգ լուծ, մրսածության բոլոր ձեւերը՝ գրիպ, հազ, նշիկների ցավ: Ռոտավիրուսով վարակվել կարող են կեղտոտ ձեռքերի, չեռացրած ջրի (քլորը վարակը չի վերացնում) միջոցով, օդա-կաթիլային (հազից) ճանապարհով:
Ռոտավիրուսը վտանգավոր է հատկապես տարեցների, երեխաների եւ թույլ օրգանիզմ ունեցողների համար: Սա գրիպի պես հիվանդություն է, որից միակ փրկությունը պատվաստումն է: Բայց դե դա էլ փրկություն չէ, որովհետեւ աշխարհում ինչքան էլ գրիպի դեմ պատվաստեն, միեւնույնն է, մարդիկ իրենց կյանքում գրիպով հիվանդանում են բազմիցս:
Ռոտավիրուսով չվարակվելու համար հարկ է հաճախ լվանալ ձեռքերը, լավ լվանալ միրգը, բանջարեղենը, կանաչեղենը, գնել որակյալ եւ ժամկետի մեջ կաթնամթերք եւ հեռու մնալ արդեն ռոտավիրուսով վարակվածներից:
Մայրական կաթը չի՞ օգնում
Դատելով հիվանդության առաջացման պատճառներից՝ հարց է ծագում. եթե երեխան նորածին է, ձեռքերը կեղտոտ չեն, միրգ ու բանջարեղեն չի ուտում, մայրական կաթով է սնվում, մարդկանց հետ շփում չունի, ապա ինչու՞ են նրան էլ պատվաստում:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունն ասել է, թե պատվաստելու են մինչեւ 3 ամսական երեխաներին: Նաեւ՝ մեկ այլ գործոն էլ կա. չէ՞ որ մայրական կաթով սնվող երեխան հատկապես այդ տարիքում նման վարակներից զերծ մնալու շատ մեծ հավանականություն ունի: Բայց չգիտես ինչու պատվաստումից առաջ հաշվի չի առնվելու՝ երեխան մայրակա՞ն կաթով է սնվում, թե՞ արհեստական: Ի՞նչ է, զառանցենք, թե մայրական կաթը չի՞ օգնում առողջ ու պինդ բալիկ ունենալուն:
Ի դեպ, գանք պատվաստման տարիքին: Սկզբում հայտարարվեց, թե պատվաստվելու են մինչեւ 3 ամսական երեխաները, հետո թե՝ մինչեւ 6 ամսական, հետո էլ թե՝ մինչեւ 5 տարեկան: Ժամկետներն ինչու՞ այսքան արագ փոխվեցին: Նախ ասվեց, թե առաջին «դեղաչափն ընդունվում է 6 շաբաթականում, իսկ երկրորդը՝ 12»: Հետո թե՝ «Հայաստանում հոկտեմբերի 1-ից պարտադիր կանխարգելիչ պատվաստումների թվում 1-5 տարեկան երեխաները կպատվաստվեն ռոտավիրուսի դեմ»:
Պատկերացնում եք, 6 շաբաթական մանկիկին պատվաստում են, որից հետո նա ունենում է ջերմություն, լուծ, փսխոց, որ կարող էր չունենալ, որովհետեւ, կրկնում ենք, նորածին է ու շփման միջավայրը շատ փոքր, վարակվելու հավանականությունը՝ չնչին:
Մի տարբերություն էլ ենք նկատել պատվաստման հետեւանքների մասով. օրինակ՝ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանն ասում է, որ ռոտավիրուսային պատվաստանյութն անվտանգ է, պատվաստումը հեշտ է կատարվում (քթանցքի մեջ են կաթեցնում), հեշտ յուրացվում, չունի հակացուցումներ, չի տալիս բարդություններ:
Բայց նույն նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ասում է, թե պատվաստման հաջորդ շաբաթվա ընթացքում երեխայի մոտ կարող է դիտվել թեթեւակի ջերմություն, մի քանի անգամ փսխում կամ փորլուծ:
Պատվաստում, որ արդիական չէ՞
Ռոտավիրուսի դեմ պատվաստում անում են Եվրոպայում: Անընդհատ սա են ընդգծում մեր առողջապահության նախարարության պատասխանատուները:
Հետո՞ ինչ, դա նշանակում է, որ պատվաստումը Հայաստանի համա՞ր էլ արդիական է: Եվրոպայում բնական սնունդն այնքան թանկ է, որ մարդիկ տեւական ժամանակ դրանք չընդունելով, ֆիզիկապես չունեն այն դիմադրողականությունը, որ ունենք մենք՝ հայերս, թեկուզեւ այստեղ էլ արդեն սկսել են փչացնել սննդամթերքի որակը:
Եվրոպայում անընդհատ մայրերին համոզում են երեխաներին կերակրել կրծքի կաթով, մեզ մոտ համոզել պետք չէ, կերակրում են ու վերջ: Եվրոպայում կլիման այլ է, մեզ մոտ՝ այլ: Ուրեմն ինչու՞ անել մի պատվաստում, որի անհրաժեշտությունը չկա կամ գուցե այնքան էլ չկա: Հատկապես, որ մեր հանրությունը, ընդ որում շատ հաճախ օբյեկտիվ պատճառներից ելնելով, պատվաստումները գրկաբաց չի ընդունում: Կամ՝ հատկապես որ ոչ բոլոր փորլուծերն են ռոտավիրուսով պայմանավորված:
Կ. Սարիբեկյանը չի հերքում, որ ամբողջ աշխարհում երեխաների լուծերի 40%-ի պատճառը հենց ռոտավիրուսն է. «Մեր մոնիտորինգն էլ նույնը ցույց տվեց: Այսինքն՝ 1000 երեխայի մոտ եթե լուծ կա, ապա 4-ի մոտ ռոտավիրուս վարակն է: Սա միջին վիճակագրություն է, եւ եթե լուծերի մոտ կեսի պատճառը այդ վիրուսն է, ապա ինչո՞ւ պատվաստում չանել»:
Թողնենք մի կողմ, որ 1000-ի կեսը 4-ը չէ, իսկ մնացածն էլ… թողնենք ընթերցողի եզրակացությանը:
Հավելենք, որ ի ուրախություն մեր առողջապահության նախարարության, պարտադիր պատվաստումներ անցնում են նաեւ ՀՀ-ում հավատարմագրված արտասահմանյան դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների երեխաները: Ինչի առիթով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Էմիլ Սահակյանը շեշտել է (խնդրո առարկայի թեմայով դասընթացներին), որ վերջիններս մեր բժիշկներից պահանջում են պատվաստումներին մոտենալ այնպես, ինչպես իրենց երկրում է, այն է՝ ուշադրություն չդարձնել, որ պատվաստման պահին երեխան մի փոքր վատառողջ է կամ ջերմում է:
Իսկ մենք մեր ծնողներին խորհուրդ ենք տալիս ջերմող երեխային պատվաստման չտանել:
Ինչեւէ, հարցերը բազմազան են, մտահոգիչ, ի վերջո մեր փոքրիկներին են առնչվում, բայց որ այս հարցերին պիտի տրվեն ճիշտ պատասխաններ, հաստատ է:
Պիտի գա՞ այն օրը, երբ մայրերը վստահեն առողջապահական համակարգի աշխատողներին ու երեխաներին պատվաստման տանելուց առաջ նույն համակարգի ծանոթ աշխատակիցներից հարցուփորձ չանեն հնարավոր հետեւանքների մասին: Եվ այստեղ վստահաբար անելիք ունի հենց նախարարությունը: Խնդիրը մեծամասամբ հենց իր մեջ է, ու միանշանակ հարկ չկա իրենց նկատմամբ այդ անվստահությունը բացատրել ծնողների անգրագիտությամբ: Քանզի չեն վստահում նաեւ գրագետները…
Աստղինե Քարամյան
Դրանց փչացած ձվերը
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչով դիմել է սպառողներին՝ ձեռք չբերել եւ չօգտագործել «Լուսակերտ ՏԹՖ» ՍՊԸ-ի կողմից 08.09.12թ. եւ 13.09.12թ., «Արզնի Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից 10.09.12թ., «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի կողմից 29.08.12թ., 03.09.12թ. եւ 05.09.12թ. օրերին արտադրված ձվերը:
Ահա այսպես, մեր ընկերությունները մեզ կերցնում են փչացած ձվեր, նախորդ մեր թողարկումից էլ կհիշեք՝ բուսայուղով թթվասեր եւ սոդայով կաթ: Իսկ պետությունը միակ բանը որ անում է, զգուշացնել է, իսկ ընկերություններին պատժում է ընդամենը 300 հազ դրամով:
… Ու փչացած դեղերը
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելել է նախարարության «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն», հանդիպել աշխատակազմին, ծանոթացել կենտրոնի գործունեությանը, տեխնոլոգիական եւ կադրային հագեցվածությանը:
Նախարարը կարեւորել է դեղերի արդյունավետության, անվտանգության ու որակի ապահովման գործում մասնագիտացված կառույցի դերը: Նա կենտրոնի ղեկավարության առջեւ խնդիր է դրել շարունակաբար հզորացնել տեխնոլոգիական եւ կադրային հագեցվածությունը, ուժեղացնել ներքին վերահսկողության մեխանիզմները: Նաեւ խնդիր է դրվել ուժեղացնել հսկողությունը հանրապետություն ներկրվող դեղերի նկատմամբ՝ դրանց անվտանգությունը երաշխավորելու նպատակով, ինչպեսեւ հետամուտ լինել կեղծ, ժամկետանց ու չգրանցված դեղերի ներմուծումը կանխելուն:
… Մեկ էլ՝ անհամ մրցույթները
«Ուղղակի խայտառակություն է: Կարեւորագույն օբյեկտ (ազգային գրադարանը,-Ա.Ք.), որը գտնվում է հանրային ուշադրության կենտրոնում, պետական բյուջեից 700 մլն դրամ ենք հատկացրել, աշխատանքները մինչեւ հիմա ավարտված չեն, եւ պարզվում է, որ պետությունը պետք է լրացուցիչ գումարներ հատկացնի: Վարչապետի վերահսկողության ծառայության ղեկավարին քաղաքաշինության տեսչության հետ համատեղ՝ ուսումնասիրություն կատարել եւ բոլոր նյութերը հանձնել մեր իրավապահ մարմիններին… Եթե կոնկրետ այսպիսի կարեւորագույն օբյեկտի պարագայում այսպիսի լկտիություն ու այլանդակություններ կան, կարող ենք պատկերացնել, թե մնացած օբյեկտներում ինչ խախտումներ են բացահայտվելու»,- ասաց երեկ վարչապետը գործադիրի նիստում:
Իրենք են ստեղծել գնումների այս կարգի «մրցութային» համակարգը, իրենք էլ զարմանու՞մ են:
Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 29 (250), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



