Ինչու՞ ԱՄՆ-ը Հայաստանը ներառեց ահաբեկիչ երկրների յոթնյակում
Արեւմտյան լկտիությունը մեկ անգամ չէ, որ դրսեւորվում է անամոթաբար, բայց ամեն անգամ որպես մի «անմեղ» երեւույթ: Հերթական պատահականություն: Սակայն շարունակական պատահականություններ չեն լինում, եւ դա հաստատ ու ծրագրված պարբերականություն է, մտածված ու դավադիր քաղաքականություն, մի խոսքով՝ օրինաչափություն: Իսկ այս իրողությունը հաճախ չեն նկատում կյանքի դժվարություններից կքված մեր ազգակիցները եւ հավատում են հերթական ու հաջորդական «պատահականությանը»:
Երիցս ճիշտ են այն վերլուծաբանները, ովքեր հավաստում են, թե Հունգարիան լինելով ԵՄ, ԵԽ եւ ՆԱՏՕ-ի անդամ, չէր կարող առանց իր տերերի իմացության «սաֆարովյան» առուվաճառքը կատարել Ադրբեջանի հետ: Իհարկե, Արեւմուտքը եվրա-ամերիկյան ճարպկությամբ միացավ միջազգային քննադատական արշավին, եւ Հունգարիայի ու Ադրրբեջանի բմբուլները քամուն տալու ճանապարհին «ի փառս» դրսեւորեց իրեն:
Բայց հետագա քայլեր եւ պատժիչ գործողություններ չկան ու չեն էլ լինելու: Արեւմուտքը մի համաշխարհային պոռնկացնող քաղաքականություն է որդեգրել, որը ոչ մի բարոյական նորմ չի ներառել եւ անբարո է մինչեւ քոքը: Բմբուլները քամուն տալու գործը տեսականորեն ավարտված համարելով՝ արեւմտյան լկտիները տարբեր հայտարարություններով, այդ թվում՝ ի դեմս ԵՄ-ի, հավաստեցին, որ Հունգարիան մի ժողովրդավար «անմեղ ու խաբված ոչխար է» (այդպես է ստացվում)՝ Ադրբեջանի «գայլային ու արնախում» բռնակալական քաղաքականությունից տուժած: Այսինքն՝ լպիրշ դեմոկ-ղ-ատները փորձում են պաշտպանել Հունգարիային, քանի որ իրականում տեղյակ են եղել ու տվել համաձայնություն միջազգային այս կաշառատվության ու կաշառակերության իրականացման համար, քանզի այսօրինակ բնույթը հարազատ է իրենց կերպին եւս…
«Պարզվում» է՝ Հունգարիան անմեղ է, իսկ Ադրբեջանը՝ մի թյուրքական կեղտոտ պետություն: Ահա ամբողջ եզրակացությունը: Էլ Արեւմուտքն ի՜նչ անի, հայե՛ր. անմեղին չի՜ կարող պատժել, իսկ թյուրքին պատժես-չպատժես մեկ է՝ չե՜ն հասկանում, դրանց արյան տեղը նավթ է հոսում: Եվ սա պետք է հայերս հասկանանք ու ներենք բոլորին. չէ՞ որ առաջին քրիստոնյա պետությունն ենք, եթե մի այտին խփում են՝ պետք է մյուսն էլ դեմ տանք, սիրե՜նք մեր թշնամիներին: Սա… մեր գլխին ամրագրած տեսակետ է ու մեզ շա՜տ ծանոթ, որը նաեւ ներկայիս Արեւմուտքի անամոթների «կանխատեսումն» է: Նրանք համոզված են, որ այդպես էլ լինելու է: Ու եթե ճիշտ դուրս գան, ապա մենք եւս կամրագրենք մեր արժանի տեղը այդ լպրիշանոցում:
Իսկ Արեւմուտքի տերերը չեն էլ սպասում, եւ օրերս ավելի հեռուն գնացին: Հունգարիան այլեւս անմեղ համարելով՝ հիմա էլ լծվեցին Ադրբեջանի ու Հայաստանի՝ իրենց հարազատ երկստանդարտ հավասարեցմանը: Այն է՝ Ադրբեջանը ազատություն է տալիս մարդասպանին եւ հերոսացնում այդ անասունին, ուրեմն պետք է Հայաստանն էլ հայտնվի ահաբեկիչ երկրների շարքում…
Զարմանալ պետք չէ: Դա Արեւմուտքի պոռնիկների համար մեկից մեկ է: Եվ Հայաստանի անունը 6 երկրների հետ հայտարարվում է վտանգավոր տարածք, որտեղ ԱՄՆ-ի դեսպանատները եւ աշխատակիցները կարող են վտանգված լինել:…
Առռռա՜ հա:
Հետո մտածեցին, որ լկտիությունն էլ սահման ունի եւ իբր հետողորմյա արեցին, թե Հայաստանը մե՛կն է այն 50 երկրներից, որտեղ զգոնության կոչ է արվել ԱՄՆ քաղաքացիներին: «Լիբիայում տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաեւ մեր 2 դեսպանատների վրա հարձակումները Եգիպտոսում ու Եմենում ցույց են տալիս, որ մեր դեսպանատներն ամեն տեղ պետք է զգոնություն ցուցաբերեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: Ըստ նրա՝ ԱՄՆ-ի յուրաքանչյուր դեսպանություն պարտավոր է հնարավոր ամեն ինչ անել Միացյալ նահանգների քաղաքացիների անվտանգությունը երաշխավորելու եւ ապահովելու համար: «Երբ որեւէ իրադարձություն է լինում տվյալ երկրում կամ որեւէ այլ երկրում, մենք համարում ենք, որ մեր երկրի քաղաքացիների համար դա կարող է որոշակի ռիսկեր պարունակել, եւ անկախ նրանից, թե այդ երկրում որեւէ բան եղել է, թե ոչ, մեր բոլոր քաղաքացիներին ամեն տեղ զգուշացնում ենք, որպեսզի զգոնություն հանդես բերեն»,- շարունակել է իր լոլոն դեսպանը՝ հավելելով, որ վերոնշյալ երկրներում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը դիմել են աշխարհի բոլոր երկրներում գտնվող ամերիկացիներին, որպեսզի նրանք մեծ զգոնություն հանդես բերեն: Այս պահին արդեն 50 դեսպանատներ իրենց քաղաքացիներին զգոնության կոչ են արել, ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատությունը այդ 50 դեսպանատներից մեկն է, որ զգուշացում է տվել ԱՄՆ քաղաքացիներին. «Սա ամբողջ աշխարհում է կատարվում: Հայաստանը ուղղակի մեկն է ամբողջ աշխարհի տարբեր երկրներից»:
Պատասխանելով «Panorama. am»-ի հարցին, թե Լիբիայում ԱՄՆ դեսպանատան նկատմամբ ահաբեկչական գրոհից հետո, ԱՄՆ-ն 7 երկրների իր դեսպանատներին նախազգուշացրել է հնարավոր հարձակման մասին, սակայն ինչու է ամերիկյան կառավարությունը մուսուլմանական երկրներ Բուրունդիի, Քուվեյթի, Սուդանի, Թունիսի, Զամբիայի, Եգիպտոսի կողքին նույն շարքում անհասկանալի կերպով ներառել Հայաստանին, դեսպան Հեֆֆերնը նշել է, որ 7 երկրների մասին հաղորդումները ամբողջական չեն, քանի որ այս պահի դրությամբ առնվազն 50 երկրում նմանատիպ հայտարարություններ ԱՄՆ քաղաքացիներին ուղղվել է՝ ի լրումն Միացյալ նահանգների ղեկավարության կատարած հայտարարություններին: «Հայաստանի հետ կապված կոնկրետ որեւէ տեղեկատվություն չկա, սա ՀՀ-ի հետ որեւէ առնչություն չունի: Հայաստանի հետ լավ գործընկերներ ենք, աշխատում ենք ՀՀ իրավապահ կառույցների հետ, որոնք ապահովում են իրենց անվտանգությունը: Դեսպանությունը այստեղ շարունակում է իր բնականոն աշխատանքը աշխատանքային ժամերին, ուղղակի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը մեկն էր այն դեսպանատներից, որը զգոնության կոչով դիմել է իր քաղաքացիներին»:
Հիմա սա ինչո՞վ է տարբերվում վերոնշյալ պոռնիկ քաղաքականությունից, որի մասին խոսեցինք: Էդ ո՜նց է լինում, որ «Ալ-Ղաիդա», «Համաս», «Հեզբալլահ» կամ «Թալիբան» կազմակերպություններին սատարող երկրների կողքին 7-րդը լինում է Հայաստանը, երբ ադրբեջանական մահմեդականները մինչ ԱՄՆ-ի ուղերձը մեղադրել եւ սպառնացել էին ամերիկացիներին՝ «Մուսուլմանի անմեղությունը» ֆիլմի պատճառով…
Նախ՝ «ազատամիտ» ամերիկացիներ, ինչու՞ եք վիրավորում միլիոնավոր մարդկանց կրոնական համոզմունքները, երբ հարյուրավոր աղանդավորական կազմակերպությունների ազատություններից եք բարբաջում աշխարհի բոլոր անկյուններում եւ հետո՝ հայությունը ի՞նչ կապ ունի այդ ֆիլմում արծարծվող դեպքերի ու դեմքերի հետ, որ հայտնվում է մահմեդական երկրների հետ առաջնային ցուցակում:
Պատասխանը մեկն է եւ դեմոկ-ղ-ատների հայտնի բացատրությամբ. «Պետք է ընդամենը ցեխ շպրտել անցանկալի մարդկանց ու երկրների վրա, իսկ նրանք թող փորձեն մաքրվել. ինչքան փորձեն մաքրվել, այնքան կթաթախվեն ցեխի մեջ»… Հիմա Հայաստանին որպես վտանգավոր երկիր նշել են 7-րդը, հետո սարքեցին 50-ից 1-ը, ու թող Հայաստանն ու հայությունը «մաքրվելով թաթախվեն ցեխի մեջ»: Ու նաեւ հիմա մարդասպան հերոսացնող Ադրբեջանի կողքին «տեռորիստ» Հայաստանը հայտնվում է հավասարի կարգավիճակում, ինչքան էլ «ցեխը մաքրելու փորձեր արվեն»:
Այժմ Եվրոպայի ու ԱՄՆ-ի օրինակով հակադարձենք վերջիններիս. գիտե՞ք, «Մուսուլմանի անմեղությունը» ֆիլմի պատճառով առաջացած մահմեդականների մեծ բողոքը արդարացի է, եւ եթե լինեն տուժյալ ամերիկացիներ, ապա նախ եւ առաջ իրենց իշխանություններին թող մեղադրեն: Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն էլ փորձեց իր երկրի (ԱՄՆ) շահերը պաշտպանել եւ հայտարարեց, թե այդ ֆիլմի պատճառով ցույցեր են նաեւ Բաքվում, ինչը «Հայաստանի համար կարեւոր է այն պատճառով, որ հակաամերիկյան տրամադրություններ են առաջացել նաեւ Ադրբեջանում: Այնտեղ նույնիսկ ձերբակալվածներ կան: Սա վերջին իրադարձությունն է Ադրբեջանում, որը ցույց է տալիս, որ «Ալ-Քաիդան գործում է նաեւ Բաքվում»:
Ա՜յ քեզ մեկնություն: Ստացվում է՝ Վաշինգտոնը մեզ լավություն է արել, իսկ մենք չենք հասկանում, Բաքվում հակաամերիկյան ցույցեր են լինում, անգամ «Ալ-Քաիդան գործում է նաեւ Բաքվում», բայց Հայաստանն է «տեռորիստական» երկիր ճանաչվում, այն էլ 7-րդ վտանգավորը ԱՄՆ-ի համար:
Ամերիկացի հայազգի քաղաքագետը մի այլ կարեւոր հայտնագործություն էլ է արել, անդրադարձել է նաեւ ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող զորավարժություններին եւ ըստ նրա՝ դրանք ավելի կարեւոր են Ռուսաստանի համար, Հայաստանը մասնակցելով միայն հաղորդագրություն կուղարկի Ադրբեջանին, որը պատերազմ վերսկսելու դեպքում անկասկած կպարտվի: Մի կերպ շնորհակալ ենք գոնե այդ վերջին ձեւակերպման համար, սակայն հասկանում ենք, թե ՀԱՊԿ-ն ինչու չի «դզում» ամերիկամետներին… Իսկ հիշեցնե՞նք, որ ՆԱՏՕ-ի կազմակերպած միջոցառմանը կացնահարվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը…
Իսկ արաբական եւ մահմեդական երկրներում մեծ հակաամերիկյան ցույցեր են, եւ դրանք միշտ են եղել ճիշտն ասած ու դեռ կլինեն, ՆԱՏՕ-ի գրաված եւ «ժողովրդավարացված» Իրաքում անգամ ամերիկացիներ են սպանվում, ՆԱՏՕ-ի հսկողության ներքո հայտնված Աֆղանստանում էլ օրերս աղվան ոստիկանը սպանել է ՆԱՏՕ-ական 4 զինծառայողների, 2-ին էլ վիրավորել է: Սիրիայում անհաշտ պայքար է… Բայց Հայաստանն է շա՜տ վտանգավոր երկիր ամերիկացիների համար:
Դրա համար էլ աննախադեպ մեծ հավաք է եղել ոստիկանության Երեւանի կենտրոնի բաժնում: Ստացվում է՝ ԱՄՆ-ի զգուշացումները՝ ՀՀ-ում իսլամիստների կողմից ահաբեկչական գործողությունների հավանականության մասին, իբր անհիմն չեն: Այն տեղեկատվությունը, որի հիման վրա ԱՄՆ-ն հայտարարություն է արել, տիրապետում են նաեւ մեր իրավապահները եւ համապատասխան ստորաբաժանումներն «օպերատիվ արձագանքում են ահազանգերին», մի դեպքում սակայն պարզվել է, որ ինչ-որ կասկածելի փաթեթներ են եղել, որտեղ կենցաղային իրեր են հայտնաբերվել: Հիմա էլ անհիմն խուճա՞պն էր մեզ պակասում, որ ահաբեկչական երկրի անունը ամրագրենք հենց ինքներս…
Մինչ մենք կասկածելի փաթեթներ ենք չեզոքացնում, ադրբեջանական մամուլն անդրադառնում է Իլհամ Ալիեւի նկատմամբ չկայացած մահափորձին: Ավելի ստույգ՝ այդ երկրի նախագահի եւ նրա փեսա Էմին Ագալակովի նկատմամբ ծրագրված մահափորձին, որն իրականցվելու էր այս տարվա ապրիլի 29-ին, երբ Բաքվի ազգային այգում նախատեսված է եղել Ագալակովի համերգը՝ նվիրված «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին: Ադրբեջանի ազգային անվտանգության ներկայացուցիչները բացահայտել էին ոմն Վուգար Փադարովի ղեկավարությամբ գործող ահաբեկչական խմբավորման գործունեությունը, որը նախապատրաստել էր այդ մահափորձը:
Բայց ամերիկացիները Բաքվում շա՜տ հարմարավետ են զգում, մինչդեռ նրանց ջանքերով Երեւանում հայ ոստիկանները ահաբեկիչներ են փնտրում:
Ի դեպ, Վաշինգտոնին շատ է զարմացրել ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովի արձագանքը՝ Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսի սպանության վերաբերյալ: Ռուսաստանի թիվ 1 կոմունիստը «Twitter»-ի իր էջում նշել է, որ դիվանագետին սպանել են «վերջին շան պես» եւ նա ստացել է այն, ինչ ցանել էր: Նա լիբիական հեղափոխության հիմնական «մասնագետն է եղել», ովքեր սպանել տվեցին Քադաֆիին: Ամերիկացիներն ապշած են, քանի որ այս կտրուկ քննդատությունը կատարվում է այն ժամանակ, երբ քննադատողը սերտ կապեր է հաստատել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան հետ:
Կոմունիստ Զյուգանովը նաեւ սպառնացել է, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություներում Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի հաղթանակի դեպքում ամեն ինչ կանի, որ Մոսկվան խզի կապերը Վաշինգտոնի հետ: Իսկ հետաքրքիր է, Ռուսաստանն ինչու՞ Հայաստանից առաջ չի հայտնվել վտանգավորների ցուցակում:
Լիբիայի Բենգազի քաղաքում ԱՄՆ դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսի ու հյուպատոսարանի 3 աշխատակիցների սպանությունից հետո սկսվել է հյուպատոսարանի աշխատակիցների տարհանումը: Մնում է «Մենք ենք, մեր սարերի» հերոսի պես հարցնենք. «Էն Քենեդու՞ն (այս դեպքում՝ Քադաֆիին) ինչի սպանեցին»…
Հայկ Թորգոմյան
Հ.Գ. – Ֆրանսիայի ԱԳ նախարարը եւս կոչ է ուղղել բոլոր դեսպանություններին, որոնք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն՝ հաշվի առնելով հյուրընկալող երկրում տիրող իրավիճակը.- ասել է ՀՀ-ում Ֆրանիսայի դեսպանատան մամուլի քարտուղար Մերի Հակոբյանը: Այս դեպքում էլ ֆրանսիական «Շարլի էբդո» ամսագրում մահմեդականների եւ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներն են տպվել:
Դրանից հետո Փարիզն էլ է բարձրացրել իրենց դեսպանատների անվտանգությունը այն երկրներում, որտեղ կարող են խնդիրներ ի հայտ գալ: Թե այս դեպքում Հայաստանը ցուցակի որ տեղում է՝ հայտնի չէ:
Իսկ ամսագրի համարները վաճառվում են չտեսնված արագությամբ, ընդ որում այն գնում են մարդիկ, ովքեր սովորաբար չեն կարդում տվյալ պարբերականը: «Շարլ էբդո»-ի կազմի վրա պատկերվել է հաշմանդամի սայլակ նստած իմամը, իսկ սայլակը վարում է ուղղադավան հրեան: Միեւնույն ժամանակ իմամը ասում է «Ծիծաղելի ոչինչ չկա», իսկ կողքին կա «Անձեռնմխելիները-2» գրությունը, որը ֆրանսիական «Անձեռնմխելիները» ֆիլմի ծաղրերգությունն է՝ հաշմանդամի եւ նրա սեւամորթ օգնականի մասին:
Ինչպես հայտնի է, ամերիկյան «Մուսուլմանի անմեղությունը» ֆիլմի ստվերում եւս ուղղադավան հրեաներ են, որոնց պահանջել է Եգիպտոսի նախագահը՝ մահապատժի ենթարկելու համար:
«Լուսանցք» թիվ 29 (250), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



