Սովից փրկությու՞ն, թե՞ մահացու կերակուր
Սեպտեմբերի 20-ի առավոտյան Եվրոպան ցնցվեց գիտական հայտնագործությունից: Եգիպտացորենը, որ այդքան սիրում են եվրոպացիները, քաղցկեղ է առաջացնում: Եգիպտացորեն, որ հիմնականում ներկրվում է ԱՄՆ-ից: Հստակեցնենք. խոսքը գետետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ պարունակող եգիպտացորենի մասին է, պարզ ասած՝ գենետիկորեն ձեւախեղված եգիպտացորենի:
Ֆրանսիացի գիտնականները փորձ են արել կրծողների վրա՝ գործածելով ԳՁՕ-ացված (տրանսգեն) եգիպտացորեն:
Պարզվել է՝ այս սնունդը քաղցկեղ է առաջացնում՝ փոխելով նաեւ մարդու գենետիկան: «Ֆրանսիացի գիտնականները չհավատալով եվրոպական չիչնովնիկներին ու նրանց հավաստիացումներին՝ ընդունված 3 ամսվա փոխարեն 2 տարի առնետներին կերակրեցին ԱՄՆ-ից բերված ԳՁՕ-ացված եգիպտացորենով: Հետեւանքը լավ երեւում է լուսանկարներում, որտեղ կրծողները թենիսի գնդակի չափ ուռուցքներ են «վաստակել»»,-գրում են տեղի զլմ-ները: Հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Ժիլ-Էրիկ Սերալինը պատմում է. «Առաջին արուն քաղցկեղից մահացավ մեկ տարի, առաջին էգը՝ 8 ամիս հետո: Մեր փորձարկած կրծողներից 83 տոկոսի մոտ հայտնաբերվեցին քաղցկեղներ՝ մաշկի, երիկամի, ինչից էլ նրանք մահանում էին: Եվ ինչքան ավելացնում էինք նրանց եգիպտացորենի կերաբաժինը, այնքան հիվանդությունն արագ էր զարգանում»:
Գիտնականների հայտարարությունը ֆրանսիայի պաշտոնյաները անարձագանք չթողեցին:
Գյուղատնտեսության նախարար Ստեֆան Լեֆոլը կոչ արեց ավելի խստորեն հավաստագրել ձեւափոխված ուտելիքները: Իսկ խորհրդարանում շատ պատգամավորներ կոչ արեցին ընդհանրապես արգելել դրանց մուտքը երկիր:
Հետաքրքիր է, որ ֆրանսիացի գիտնականների համոզմունքին հակառակվեցին ռուսաստանյան որոշ գիտնականներ: Ընդհանուր գենետիկայի ինստիտուտից Միխայիլ Կուդրյավցեւը ասում է. «Հարցադրումը սխալ է արվում, նույն ձեւով կարելի է հարցնել՝ վտանգավո՞ր է բժշկական երշիկը: Կասեմ՝ վտանգավոր է, եթե խախտվում է արտադրության տեխնոլոգիական գործընթացը: Բայց դա չի ենթադրում, թե ընդհանրապես երշիկը քաղցկեղ է առաջացնում»:
Հարց է ծագում՝ ռուսաստանյան գիտնականների ասածը իսկապե՞ս գիտական է, թե՞ դա քաղաքական ենթատեքստ ունի, որովհետեւ ռուսական շուկա էլ է ամերկյան եգիպտացորենը մտնում:
Մի խնդիր էլ կա. ֆրանսիացի գիտնականներն ասում են, որ այս կարգի գենետիկական փորձարկումներն արվում են 3 ամիս ժամկետով, մինչդեռ սկսած 4-րդ ամսից է կրծողների մոտ շատ արագ կաթնագեղձի, մաշկի կամ երիկամների ուռուցք զարգանում: Հետազոտության համահեղինակներից դոկտոր Սպիրուն չի թաքցնում իր սարսափը. «Այն ինչ մենք ենք տեսել, սարսափեցնող է, որը փաստում է, որ երեքամսյա փորձարկումներն անարդյունավետ են: Ժամկետը երկարացնել է պետք»:
Որոշ պատգամավորներ համաձայնել են ամեն ինչ անել, որպեսզի նմանատիպ փորձարկումների ժամկետը 3 ամսից դառնա մինչեւ 2 տարի:
ԱՄՆ պետդեպը ճնշում է Վատիկանին
Ուշագրավ է, որ այս օրերին եվրոպական մամուլը «Վիքիլիքս»-ի գաղտնազերծած փաստաթղթերից մեկն է հրապարակել:
Ըստ որի, թեեւ Վատիկանը հրաժարվում է հրապարակային տեսակետ արտահայտել ԳՁՕ-ների նկատմամբ, այնուամենայնիվ, փաստեր են հայտնաբերվել, որոնք ապացուցում են, թե Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը գաղտնի նպաստում է ԳՁՕ-ների տարածմանը եւ համարում է, որ ամբողջ աշխարհում ԳՁՕ-ները տարածելու ջանքերը պետք է կրկնապատկել:
Արտահոսքը եղել է 2009թ. եւ որը հաստատել է Վատիկանի ներկայացուցիչը, ում հավաստմամբ, Հռոմի պապը կարծում է, որ ԳՁՕ-ները «արտադրական անվտանգության» գրավական են: Ի դեպ, 2009թ. Վատիկանի գիտությունների ակադեմիան հայտարարել է, թե «ԳՁՕ-ների վտանգավորության մասին ոչ մի փաստաթուղթ չկա» եւ որ «ԳՁՕ-ները կարող են մարդկությունը փրկել համաշխարհային սովից»:
Ֆրանսիական մամուլը զայրացած է (այստեղի զլմ-ները հավատում են իրենց գիտնականներին). ««Չգիտես ինչու այդ ակադեմիան ընդհանուր կապ չի տեսնում օրեցօր աճող անպտղության, շաքարախտի, սուր ալերգիկ վարակների, ի ծնե շեղումների միջեւ»:
Ուշադրության արժանի մի փաստ էլ մեջբերենք. Վատիկանից արտահոսքը ճիշտ եւ ճիշտ համընկնում է ԱՄՆ պետդեպարտամենտի հաշվետվություններին, որոնք վերաբերում են «Ամենուրեք կանաչ հեղափոխություն» նոր ծրագրին, ըստ որի Օբամայի վարչակազմը նախնական փուլում ԳՁՕ-ն կտարածի ամբողջ Աֆրիկայում: Ստացվում է՝ (ըստ «Վիքիլիքս»-ի) պետդեպարտամենտը սեղմել է Վատիկանին, որպեսզի վերջինս պաշտպանի ԳՁՕ-ների տարածումը այն հույսով, որ «Վատիկանի հզոր ձայնը կլռեցնի մյուս եկեղեցիների քննադատական հայացքները»:
Աշխարհն այժմ մի կողմ թողնենք ու լացենք մեր դարդը: Մաքուր բնամթերքի բնօրրանի՝ Հայկական լեռնաշխարհի Հայաստանի Հանրապետություն հատվածը ապահովագրվա՞ծ է ԳՁՕ-ներից: Պատասխանը դրական չէ: Այս մասին՝ հաջորդիվ:
Աստղիեն Քարամյան
* * *
Տրանսգեն օրգանիզմների ստեղծման մեխանիզմը
… 70-ական թվականների սկզբից արագ տեմպերով սկսեց զարգանալ ռեկոմբինանտ ԴՆԹ-ի տեխնոլոգիան եւ ստեղծվեց նոր ուղղություն մոլեկուլյար գենետիկայում՝ գենային ինժեներիան: Գենային ինժեներիայի մեթոդները հնարավորություն էին տալիս կենդանի օրգանիզմներում տեղագրել այնպիսի գենետիկական ծրագրեր, որոնք ավելի ցանկալի էին եւ գիտության մեջ եւ պրակտիկայի համար: Գենային ինժեներիայի կարեւոր նպատակներից մեկը եղավ նոր տրանսգեն բույսերի եւ կենդանիների ստեղծումը:
Նորաստեղծ օրգանիզմները, որոնց մեջ տեղագրել էին օտար գեներ, անվանեցին տրանսգեն կամ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ:
Գենային ինժեներիայի մեթոդների օգնությամբ ստեղծվեցին լայն հնարավորություններ շատ ավելի գերազանցող սելեկցիոներների հնարավորությունները բույսերի նոր սորտեր եւ կենդանիների նոր ցեղատեսակներ ստանալու համար: Այդ մեթոդները թույլ տվեցին հաղթահարել այն դժվարությունները, որոնք սահմանափակում էին սելեկցիոներների գործունեությունը եւ իրականացնել տրանսգենեզը, այսինքն՝ տեղափոխելով գենը մի օրգանիզմից մի ուրիշ օրգանիզմի մեջ, ստեղծել նոր գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ, որոնք օժտված կլինեն նախօրոք տրված օգտակար հատկանիշներով: Գենային ինժեներիայի աշխատանքները ընթանում են մի քանի փուլով:
Սխեմատիկորեն այդ կարելի է նկարագրել հետեւյալ կերպ՝
1. Առաջնահերթը այդ պրոցեսում լինում է տվյալ գենի (այսինքն այն գենի, որը կրում է որոշակի օգտակար հատկանիշ) անջատումը կամ սինթեզը: Գենի անջատումը իրականացնում են հատուկ եւ շատ սպեցիֆիկ ֆերմենտների (ռեստրիկտազների) օգնությամբ, որոնք կարողանում են ճեղքել ԴՆԹ-ի մոլեկուլը միայն հատուկ հաջորդականություն ունեցող հատվածներում սայթերում: Այդ ֆերմենտների օգնությամբ հնարավոր է դառնում բավականին մեծ ճշգրտությամբ տվյալ գենը առանձնացնել մի բջջից եւ հետագայում տեղադրել նոր օրգանիզմի մեջ:
2. Որպեսզի առանձնացրած գենը հնարավոր լինի տեղափոխել նոր օրգանիզմի մեջ, անհրաժեշտ է ստեղծել մոլեկուլային այնպիսի մի կառույց (վեկտոր), որը կապահովի այդ գենի ներդրումը նոր բջջի մեջ: Այդ պատճառով անհրաժեշտ է միացնել առանձնացրած գենը այնպիսի մի մոլեկուլի հետ, որը հեշտությամբ կարող է ներթափանցել բջջի մեջ: Շատ հաճախ այդ նպատակի համար գենետիկները օգտագործում են բակտերիալ բջիջներում գտնվող պլազմիդներ, որոնք իրենցից ներկայացնում են ԴՆԹ-ի օղակաձեւ մոլեկուլներ, ունեն ցածր մոլեկուլային կշիռ եւ գտնվում են ցիտոպլազմայի մեջ: Բջջում նրանք լինում են մեկ կամ մի քանի օրինակով: Երբեմն նրանց թիվը կարող է հասնել մինչեւ երկու հարյուրի: Անհրաժեշտության դեպքում այդ քանակը կարելի է փոխել՝ հասցնելով մի քանի հազարի: Շատ հաճախ պլազմիդները ունեն նաեւ այնպիսի գեներ, որոնք կարող են լինել շատ օգտակար բջջի համար: Այդպիսի գեների թվին են պատկանում, օրինակ, այն գեները, որոնք կրում են անտիբիոտիկների նկատմամբ կայունությունը պահպանող հատկանիշը, կամ գեներ, որոնք ապահովում են կենսաբանորեն ակտիվ եւ կարեւոր նյութերի, ինչպես նաեւ անտիբիոտիկների կենսասինթեզը: Բնության մեջ շատ պլազմիդներ ինքնուրույն են տեղափոխվում նոր բջջի մեջ, առանց որեւէ միջամտության, բայց լաբորատորիայում դա իրականացվում է արհեստականորեն, տրանսֆորմացիայի միջոցով: Այս վերը նշված առանձնահատկությունների շնորհիվ եւ օգտագործում են պլազմիդները վեկտորներ ստեղծելու համար: Կապը պլազմիդների եւ փոխադրվող գեների միջեւ ստեղծում են հատուկ ֆերմենտների լիգազների օգնությամբ: Ամեն վեկտոր ունի իր կենսաբանական առանձնահատկությունները եւ ելնելով արդյունավետության սկզբունքից, յուրաքանչյուրը օգտագործում են հատուկ նպատակով:
3. Եվ վերջապես, եզրափակիչ փուլում, ներդնում են ռեկոմբինանտ կառույցը, որը իրենից ներկայացնում է վեկտորը եւ անջատված գենը, նոր ռեցիպիենտ բջջի մեջ…
… Մի կողմից գենային ինժեներիայի մեթոդները թույլ տվեցին հաղթահարել բազմաթիվ խնդիրներ գյուղատնտեսության, արդյունաբերության եւ բժշկության բնագավառներում, սակայն դրա հետ մեկտեղ ԴՆԹ-ի մոլեկուլների հետ գործողությունները առաջացնում են նաեւ լուրջ մտավախություններ:
Որպես հետեւանք, ի վերջո կարող են առաջանալ պաթոգեն մանրէների եւ վիրուսների նոր տեսակներ, որոնք կայուն կլինեն բոլոր ներկայումս օգտագործվող անտիբիոտիկների նկատմամբ:
Բացի դրանից՝ գենային ինժեներիայի մեթոդները կարող են օգտագործվել նաեւ կենսաբանական զենքի ստեղծման համար:
Այդ մտավախումները տագնապ են առաջացնում մարդկության լայն շերտերի մեջ եւ գրավում նրանց ուշադրությունը: Այդ կապակցությամբ անվտանգության ապահովման հետ կապված խնդիրները համարվում են կարեւորագույն եւ դառնում գերխնդիր ամբողջ մարդկության համար:
Իվետա Բունիաթյան
ԵՊՀ գենետիկայի եւ բջջաբանության ամբիոն
(Հատվածը՝ համացանցային փնտրտուքի հայկական էջերից)
«Լուսանցք» թիվ 30 (251), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում




