«Washington Post»-ը պատռու՞մ է Օսկանյանի եւ Հանթսմանի դիմակները (2-րդ մաս)

Ամերիկյան աշխարհակուլ նպատակները վտանգված են այլեւս, քանզի բացահայտված են մեկ անգամ եւս Օսկանյանն ու Հանթսմանը՝ նու՞յն նժարին 

«Washington Post»-ը եւս անդրադարձել է այս խնդրին եւ՝ իհարկե մեծ գյուտով: Պարզվում է՝ «հասարակական կազմակերպությունն ու քաղաքական բանավեճը Հայաստանում ճնշվում են»: Այսքանն արդեն բավական է, որ Վաշինգտոնի ջղաձգումները հասկանալի դառնան: Երեւի մոռացել են նշել, որ ոչ միայն հասարակական կազմակերպությանն են ճնշում. այլեւ մորմոններին, որոնք, այսպես որ գնա, կարող են բացահայտվել՝ որպես երկրներ քանդող 5-րդ շարասյուներ…

Գյուտատար «Washington Post»-ը պարզել է նաեւ, որ «ՀՀ-ում տարածում է գտնում Արեւմուտքի աջակցությամբ աշխատող հասարակական կազմակերպությունների դեմ արշավը: Նախկին արտգործնախարարը մեղադրվում է «փողերի լվացման» գործով, քանի որ քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրերի աջակցության համար նվիրատվություններ է ընդունել Ջոն Հանթսմանից՝ ԱՄՆ նախագահի նախկին թեկանուծուի հորից: Թիրախը Վարդան Օսկանյանն է, Միացյալ Նահանգներում կրթություն ստացած հայ, որը 1988-2008 թթ. եղել է ԱԳ նախարար, ապա հիմնադրել ոչ կառավարական «Սիվիլիթաս» կազմակերպությունը: Մեղադրանքն այն է, որ Ջոն Հանթսման Ավագի մոտ 2 մլն դոլարի նվիրատվությունը, որը մանրամասնորեն ներկայացված է «Սիվիլիթաս»-ի կայքում, խախտում է Հայաստանի օրենքները»:

Այստեղ չենք կարող չուղղել հանրահայտ թերթին: Դե «Լուսանցք»-ն ու՜ր, «Washington Post»-ն ու՜ր… Բայց ուղղումը ի օգուտ ԱՄՆ-ի է, թերթը պետք է մի ձեւակերպումն աներ այսպես. «Թիրախը ,,ոչ թե,, Վարդան Օսկանյանն է, Միացյալ Նահանգներում կրթություն ստացած հայ, ,,այլ հենց Միացյալ Նահանգները,,…», վերջ, ամեն ինչ ավելի պարզ ու շիտակ կլիներ: Հատկապես որ դրան հետեւում է. «Հայաստանյան վերլուծաբանների համաձայն՝ գործի հիմքում քաղաքականությունն է եւ այն, թե արդյոք Հայաստանը կունենա ազատ, բազմակուսակցական բանավեճեր, թե կհետեւի Ռուսաստանին՝ վերադառնալով խորհրդային ոճի ավտորիտար ղեկավարմանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը փորձում է չեղյալ հայտարարել Օսկանյանի պատգամավորական անձեռնմխելիությունը, որը տեղական լրատվամիջոցները որակում են որպես քրեական հետապնդման նախաբան: Օսկանյանին հետապնդելու շարժումը սկսվեց ճիշտ այն բանից հետո, երբ նա 2012թ. սկզբին անդամակցեց ընդդիմադիր ԲՀԿ-ին եւ հետո հայտարարեց, որ դեմ է Սերժ Սարգսյանի եւ նրա իշխող կուսակցության հետ կոալիցիա կազմելուն: Նախագահի կառավարությունը Ռուսաստանի ամուր դաշնակիցն է: Օսկանյանը ընկալվում է որպես առավել անկախ եւ պոտենցիալ արեւմտամետ»:

Եթե «Օսկանյանը ընկալվում է որպես առավել անկախ», ապա դա նման է այս տեսակետին, թե «ԱՄՆ-ի քաղաքականությունը կախված է Կուբայի սահմանադիր օրենքներից», իսկ եթե «Օսկանյանը պոտենցիալ արեւմտամետ է», ապա դա նման է այս ձեւակերպմանը, թե «ԱՄՆ-ն սոցիալիստական հասարակարգի առաջատար երկիրն է աշխարհում»…

Իսկ Օսկանյանը ԱՄՆ-ի քաղաքացի է առ այսօր եւ՛ իր համոզմունքներով եւ՛ պարտավորություններով, իսկ «անկախ» բառը պետք չէ արատավորել, ինչպես ամերիկյան «ազատություն» բառն է ընկալվում որպես սանձարձակություն: Եվ «Օսկանյանը պոտենցիալ արեւմտամետ» է ծիծաղելի մեկնաբանությունը կարելի է գործածել թերեւս Նաուրուի խորհրդարանում՝ ընդմիջման ժամին նաուրուեցի պատգամավորներին զվարճացնելու համար…

Ամերիկյան թերթը չի դադարում բացահայտել Վաշինգտոնի իրական կերպարը եւ շարունակում է. «Իրավական այս պայքարը Հայաստանի մայրաքաղաք Երեւանում փոքր երեւույթ կարող է թվալ համաշխարհային մասշտաբով, սակայն դա կարեւոր ու մտահոգիչ միտում է Մոսկվայում եւ խորհրդային նախկին այլ մայրաքաղաքներում, որտեղ ՀԿ-ները ճնշումների են ենթարկվում իշխանությունների կողմից, քանի որ վերջիններս նրանց դիտարկում են որպես հասարակական ընդվզման եւ քաղաքական փոփոխության լծակներ: Այս ամիս Ռուսաստանը հայտարարեց, որ արգելում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության գործունեությունը երկրում, որը ռուսաստանյան բազմաթիվ ՀԿ-ների է ֆինանսավորել: Նման ճնշումներն ակնհայտ են նաեւ Ադրբեջանում, Ուկրաինայում, Բելառուսում, ինչպես նաեւ իսլամական շատ երկրներում, օրինակ՝ Եգիպտոսում ու Պակիստանում»:

Սա կթողենք առանց մեկնաբանության, քանի որ համաշխարհային ոստիկան աշխատելու մաղձը այնքան ակնհայտ է, որ ինքնազսպմամբ՝ մի կերպ չենք մեկնաբանի… Բայց չենք կարող «Washington Post»-ի «փառահեղ» վերջաբանը չներկայացնել մեր ընթերցողներին՝ տրագիկոմեդիկ հաճույք ստանալուց զրկելով նրանց. «Երկու ականավոր եւ հարգանք վայելող գործիչներին՝ Օսկանյանին եւ Հանթսմանին, հետապնդելու որոշումը վախեցնող է, քանի որ այն ցույց է տալիս, թե նախկին խորհրդային երկրներում իշխանությունները որքան հեռու կարող են գնալ, որպեսզի սահմանափակեն քաղաքական բանավեճը: Ընդամենը մի քանի տարի առաջ Ռուսաստանում եւ նախկին խորհրդային հանրապետությունները լեփ-լեցուն էին քաղաքացիական հասարակության աջակցության ծրագրերով եւ ՀԿ-ներով, որոնց կապերը Արեւմուտքի հետ կոսմոպոլիտ շունչ էին հաղորդում խորհրդային երբեմնի մռայլ մայրաքաղաքներին: Անցած տարվա զարգացումներից արդեն կարելի է տեսնել փոխաբերական այն դուռը, որը փակվում է, որպեսզի ճնշի արեւմտյան վարակը՝ ՀԿ-ների կողմից խրախուսվող ազատ քաղաքական բանավեճը»: (Ոչ մի տարբերություն՝ սովետական պանծալի մեկնաբանությունից՝ ամերիկյան քաղաքականության մասին ասված: Պարզապես ասողն ու ասվողն են տեղափոխված)

«Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» կազմակերպության նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւս մեկնաբանել է «Washington Post» եւ «Al Jazeera» լրատվամիջոցներում Օսկանյանի գործով անդրադարձը, որտեղ «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրգործը պայմանավորել էին նախկին ԱԳ նախարարի անկախ, «պոտենցիալ եւ արեւմտամետ ֆիգուր լինելով»: «Բացարձակ չեմ կիսում այդ տեսակետը, որովհետեւ արեւմտամետ գործիչ լինելու որեւէ հանգամանք չեմ տեսնում: Ընդհակառակը՝ տեսնում եմ, որ Օսկանյանի նկատմամբ կարելի էր այլ քրեական գործեր հարուցել, եթե հանրապետության դատախազությունը հետեւեր մամուլում տարիներ առաջ տպված մի հոդվածի, որը լուրջ փաստացի նյութ էր պարունակում, եւ որը ոչ մի կերպ այդպես էլ պարոն Օսկանյանի կողմից չհերքվեց: Հոդվածը կոչվում էր «Մարտի 1»-ի քոմփլիմենթար պարտակողը»: «Washington Post» թերթում կարելի է նաեւ համապատասխան վարձավճարով հոդվածներ գրել: Չգիտեմ՝ ով է գրել, ինչ փաստացի նյութերի հիման վրա է այդպիսի եզրահանգումների եկել»:

Ուշագրավ է, որ արձագանքել է նաեւ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը, որտեղից համենայնդեպս դեռ զուսպ հայտարարել են. «Ուշադրությամբ հետեւել ենք ԱԳ նախկին նախարար Օսկանյանի դեմ ընթացող դատական գործին եւ շատ մտահոգված ենք վերջին զարգացումներով: Մենք հուսով ենք, որ այս գործը չի հանդիսանում ՀՀ օրենսդրության ընտրովի կիրառում՝ պայմանավորված քաղաքական շարժառիթներով, քանի որ դա կարող է արժեզրկել այն ջանքերը, որոնք ուղղված են առավել մեծ թափանցիկության խթանմանը եւ Հայաստանի իրավական, արդարադատության ու օրենսդրական ոլորտների բարեփոխմանը»:

«Սիվիլիթաս»-ը միավորեց ԱՄՆ-ն ու ՌԴ-ն

Իսկ ՌԴ հայերի միությունը հայտարարություն է տարածել նախկին ԱԳ նախարարի անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության վերաբերյալ: Այնտեղ մասնավորապես ասված է. «Համարում ենք, որ Վարդան Օսկանյանը, ով բարեկեցիկ ընտանիքի ներկայացուցիչ է, ոսկերիչների ընտանիքից, այն մարդը չէ, որի հանդեպ անհրաժեշտ էր սկսել «պայքար կոռուպցիայի» կամ «ստվերային տնտեսության» դեմ… Անթույլատրելի ենք համարում, որ դիվանագետը, հայտնի եւ հարգանք վայելող քաղաքական գործիչը իր անմեղությունն է ապացուցում խորհրդարանում… Քաղաքական դրդապատճառներով «Օսկանյանի գործ»-ից հետո այլեւս ոչ ոք մաքուր խղճով չի կարողանա սփյուռքի հայերին Հայաստան հրավիրել եւ նրանցից օգնություն խնդրել»: ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանն այս հայտարարությամբ առավելապես իր ապագան է ցանկացել կերտել, քանի որ ՌԴ նախագահ Պուտինը նախկին նախագահ Մեդվեդեւի նման բարեհամբյուր չէ իր հետ եւ այնքան էլ չի կարեւորում յուր անձը: Նույնն է նաեւ ՀՀ նախագահ Սարգսյանի դեպքում, ով նախկին նախագահ Քոչարյանի պես մեծ տեղ չի տալիս ռուսաստանահայերի միության ղեկավարին:

Իսկ ամենակարեւորը՝ ինքը եւս «բարեկեցիկ ընտանիքի ներկայացուցիչ է», սակայն ոչ թե ոսկերիչների, այլ «բրլիանտի գործ անողների ընտանիքից (հայտնի ազգի փեսա լինելով)» եւ հանկարծ իրեն էլ չմեղադրեն, որովհետեւ դրանից հետո «այլեւս ոչ ոք մաքուր խղճով չի կարողանա սփյուռքի հայերին Հայաստան հրավիրել եւ նրանցից օգնություն խնդրել»… Ծիծաղելի է, թե ողբալի, թող ընթերցողն ինքը որոշի:

Հետո հանկարծ հաղորդագրություն տարածվեց, թե ՌՀՄ-ն այդ հայտարարության հետ կապ չունի, ինչը քիչ հավանական ենք համարում: Ավելի քան համոզված ենք, որ հայտարարությանը հետեւեցին շատ բացասական արձագանքներ, ինչն էլ նպաստեց հաջորդ հաղորդագրության սփռմանը:

Զարմանալի է, բայց ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակից «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանից խիստ տարբեր տեսակետ է հայտնել՝ ասելով, թե Վարդան Օսկանյանին հալածյալ են սարքում, նրա դեմ կատարվող գործողությունները եւ դրան հաջորդելիք զարգացումները մշակված քաղաքական սցենար է, ինչպիսին մոտավորապես ժամանակին գործի դրվեց Արթուր Բաղդասարյանի դեմ» (դա Ռոբորտ Քոչարյանի ժամանակ էր- Ա.Ա.): «Օսկանյանից զոհի կերպար ստեղծելով՝ հիմա էլ իշխանությունները փորձում են խաբել «Բարգավաճով»», որը ԺՀ կուսակցության նախագահի համար «եւ հասկանալի, եւ անհասկանալի կառույց է. հասկանալի է, թե ովքեր են, որտեղից են, անհասկանալի է, որ փորձում են թյուրիմացության մեջ գցել ժողովրդին»:

Նաեւ կարծիքներ կան, որ սա ավարտվելու է «ԲՀԿ-ի կապիտուլիացիայով», քանի որ անգամ ՀՀ 2-րդ նախագահ Քոչարյանը չի սատարում Ծառուկյան-Օսկանյան զույգին (Օսկանյանն անգամ տխրել էր, երբ վճռական պահին Ծառուկյանը Հայաստանում չէր): Հակառակ պարագայում էլ՝ առանց «ԲՀԿ-ի կապիտուլիացիայի», նախագահական ընտրություններին նախորդող շրջանում Սերժ Սարգսյանին գուցե հաջողվի ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ ընդիմադիր պայքարի ամենալուրջ ներուժն ունեցող ԲՀԿ-ին կառավարելն ու ուղղորդելը այդքան էլ դժվար գործ չլինի:

Արամ Ավետյան

Հ.Գ. – ԱԺ-ն հոկտեմբերի 3-ին բավարարեց գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Օսկանյանին փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ: Քվեարկությանը մասնակցել են 71 պատգամավոր, կողմ է քվեարկել 64-ը, դեմ՝ 6-ը, 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

ՀՅԴ, «Ժառանգություն» եւ ՀԱԿ խմբակցություններն ընդհանրապես հրաժարվել են քվեարկությանը մասնակցելուց: ԲՀԿ-ն ցուցադրաբար լքել է դահլիճը՝ մինչ այդ պահանջելով գլխավոր դատախազի հրաժարականը:

Երբ ԱԺ-ն 64 կողմ ձայնով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեց Օսկանյանին, վերջինս ֆեյսբուքյան իր էջում անմիջապես գրառում արեց՝ կատարվածը որակելով անարդարություն ժողովրդի նկատմամբ: «Քիչ առաջ խորհրդարանն ինձ զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Գրեթե միաժամանակ տեղեկացանք, որ հարեւան Վրաստանում երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդունել է իր կուսակցության պարտությունը երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում: Փաստորեն, Վրաստանում արդեն կա քաղաքական հակակշիռ՝ նախագահը մի կուսակցությունից է, օրենսդիրն ու կառավարությունը շուտով կլինեն այլ կուսակցության ձեռքում: Սրանով Վրաստանը մեզանից նաեւ քաղաքականապես եւս 10 քայլ առաջ անցավ»:

Այնուհետեւ պատգամավորը գրել է, թե Հայաստանում կեղծվեցին ընտրությունները, «եւ այսօր ունենք այն, ինչ ունենք: Եթե լիներ այդ հակակշիռը, այսօր մեր խորհրդարանում նման անարդարություն չէր լինի: Այդ անարդարությունն իմ նկատմամբ չէ: Դա մեր ժողովրդի, սովորական քաղաքացու, երիտասարդ սերնդի նկատմամբ է եւ առհասարակ՝ մեր երկրի ճակատագրի նկատմամբ»:

Իսկ միջնորդագիր ներկայացրած գլխավոր դատախազը նորից կրկնեց, որ քաղաքական որեւէ երանգ չի պարունակում այս հարցը. «Պարոն Օսկանյանը չի ձերբակալվում, չի կալանավորվում, չի խոչընդոտվում նրա քաղաքական-հասարակական գործունեությունը… Պատգամավորը չի զրկվելու ազատ տեղաշարժվելու իրավունքից: Գործը գտնվում է նախաքննության փուլում, իսկ միջնորդագրի նպատակը ազատ օբյեկտիվ քննությունն է… Նախաքննության շնորհիվ է, որ գործի նախաքննության փուլում հիմնադրամին պատճառված վնասները՝ 870 հազար դրամը վերականգնվել է»:

2-րդ մաս

«Լուսանցք» թիվ 31 (252), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.