Մենք հանգիստ ենք, ոչ աթոռ ունենք, ոչ…

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հերթական անգամ է հորդորել հետաքրքրասերներին՝ հանգիստ վերաբերվել իր հրաժարականի մասին լուրերին:

«Դուք պետք է համակերպվեք այն մտքի հետ, որ վարչապետի պաշտոնը, ով էլ որ ստանձնում է, տարին մի քանի անգամ հրաժարականի հարցը արծարծվում է: Լուսահոգի Անդրանիկ Մարգարյանն այս հարցին նույնպես բազմաթիվ անգամ անդրադառնում էր եւ կոչ էր անում լրագրողներին հանգիստ վերաբերվել նման լուրերին: Ես էլ ձեզ խնդրում եմ՝ հանգիստ վերաբերվեք այդ լուրերին»,- Շիրակի մարզ այցի ժամանակ հայտարարել է վարչապետը:

Ավելին, նա պնդել է, թե աշխատելու է եւ դեռ ուժեղացնելու են պայքարը կոռուպցիայի դեմ. «Այդ հիվանդությունը տարածված է Հայաստանում, եւ մենք սկսել ենք այս անգամ ավելի շատ կոշտ պայքար, որովհետեւ եթե նախկինում բավարարվում էինք նկատողություններով, բավարարվում էինք նրանով, որ մարդիկ վերականգնում էին կորցրած վնասները, այս փուլում մեր պատիժները դառնում են ավելի խիստ, մարդիկ հեռացվում են աշխատանքից, հարուցվում են քրեական գործեր: Կարծում եմ, որ այս ճանապարհով մենք կկարողանանք էապես շտկել իրավիճակը»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը կառավարության հետ խորհրդակցության ժամանակ կարծես նորանոր ոլորտներ ու անհատներ է ներառում եւ նորանոր «կոռուպցիոն կծիկներ» են հայտնվում: Մնում է հուսալ, որ վարչապետը այդ «կծիկները»… մինչեւ իրական վերջին կհասցնի ( ՜, ՜, ՜…):

Բայց հայտնի է, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը առաջիկա ժամանակահատվածում նախատեսել է այցելել Հայաստան, եւ նրա պատվիրակության կազմում ընդգրկված է լինել նաեւ մեզ քաջ ծանոթ «Հայռուսգազարդ»-ի նախկին տնօրեն եւ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Ասում են՝ քննարկվելու է նաեւ վարչապետի փոփոխության հարցը: Մնում է, որ, ինչպես Տիգրան Սարգսյանն է ասում, ինքն էլ հանգիստ վերաբերվի իր հրաժարականի մասին լուրերին:

Վահագն Նանյան

* * *

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աթոռի համար պայքարում են նաեւ առանց Պուտինի միջնորդության (գուցե այլ միջնորդություններով) եւ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պահանջում են խորհրդարանական ուժեր ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը:

ՀՅԴ-ն գուցե այսպիսով եզրեր է փնտրում իշխանական բուրգից հեռու չմնալու համար, ԲՀԿ-ն, իհարկե, եթե ոչ ՀՀ նախագահի, գոնե վարչապետի աթոռին միայն Գագիկ Ծառուկյանին է տեսնում: Դե ՀԱԿ-ն էլ պարզապես իշխանափոխության գործընթացի մեջ է:

* * *

Մարդու կյանքն սկսվում է հենց մոր փորում…

«Հանուն կյանքի» նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ եւ ԼՂՀ վարչապետներ Տ. Սարգսյանին եւ Ա. Հարությունյանին: Անհանգստություն է հայտնվել, որ Հայաստանում եւ Արցախում աբորտների մակարդակը ճգնաժամային է:

Բաց նամակում մասնավորապես ասվում է. «Գաղտնիք չէ, որ ՀՀ-ն ու ԱՀ-ն այժմ կանգնած են ժողովրդագրական լուրջ մարտահրավերների առջեւ, որում իր մեղքի բաժինն ունի նաեւ հղիությունների արհեստական ընդհատումների դեպքերի բավականին բարձր (Արցախի պարագայում՝ ճգնաժամային) մակարդակը: 2011թ. վիճակագրությամբ ՀՀ-ում հղիությունների 21,6 տոկոսը ավարտվել է արհեստական ընդհատմամբ՝ կորցնելով 11,963 երեխայի կյանք: Իսկ ահա ԱՀ-ում ընդհանուր հղիությունների 28,4 տոկոսն է ավարտվել արհեստական ընդհատմամբ՝ 1,026 դեպքով: Ուշագրավ է, որ դրանք միայն պաշտոնական թվեր են, որոնք չեն ներառում տարբեր գնահատականներով զգալի թիվ կազմող չվերահսկվող դեպքերը»:

Հաշվի առնելով վերոնշյալ մտահոգիչ տվյալները մեր ժողովրդագրության համար, ինչպես նաեւ հղիության արհեստական ընդհատում կատարող կանանց առողջությանը հասցվող լուրջ (ոչ քիչ դեպքերում նաեւ մահացու) հետեւանքները եւ խնդրի բարոյական տեսանկյունը, «Հանուն կյանքի» նախաձեռնությունը կոչ է արել՝ ավելի մեծ ուշադրություն դարձնել հղիությունների արհեստական ընդհատումների դեպքերի մակարդակը իջեցնելու վրա: Որպես առաջնահերթ կարճաժամկետ գործիքներ, առաջարկվել է կատարել հետեւյալ քայլերը.

1. ՀՀ-ում եւ ԱՀ-ում համապատասխան իրավական ակտերով պարտադիր դարձնել հղիության արհեստական ընդհատումից առաջ տվյալ քայլին գնացող ամուսինների (առնվազն չծնված երեխայի մոր) հետ հոգեբանական ու բացատրական զրույցը, ինչպես նաեւ այդ զրույցից հետո 2-3 օրվա տրամադրում վերջնական որոշում կայացնելու համար:

2. ՀՀ-ում և ԱՀ-ում համապատասխան իրավական ակտերով հունիսի 1-ը հռչակել նաեւ չծնված երեխաների պաշտպանության օր՝ դրանից բխող համապատասխան բացատրական-քարոզչական ակցիաների կազմակերպման աջակցմամբ:

«Համոզված լինելով, որ վերոնշյալ քայլերի իրագործումը մեծ ջանքերի ու ռեսուրսների հետ չէ կապված՝ ակնկալում ենք դրանց հնարավորինս արագ իրագործում, ինչը, սակայն, բավարար չէ ցանկալի արդյունքների հասնելու համար: Այդ պատճառով Ձեզ կոչ ենք անում ստեղծել այդ հարցով զբաղվող կառավարական հանձնաժողովներ, որոնք կմշակեն եւ կյանքի կկոչեն հղիության արհեստական ընդհատման դեպքերի նվազման գործողությունների ռազմավարական ծրագրեր»,- Ստեփանակերտից հայտնել է«Հանուն կյանքի» նախաձեռնությունը:

Հավելենք, որ շատ ծնողներ պարզապես չեն հասկանում, որ հղիության ընթացքում գործ ունեն շնչող էակի հետ եւ ում կյանքը բառացիորեն մասնատվում է աբորտ անելու ժամանակ (մաս-մաս հանվում է): Սա նաեւ ահավոր է: Կարծում ենք՝ եթե կիրառվի տեսողականի գործոնը (ինչպես արտերկրում են անում՝ լուսանկարներով կամ սլայդերով ցույց տալով աբորտ արվող երեխային), ապա շատերը չեն ցանկանա ընդհատել հղիությունը:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 32 (253), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.