«Ռեգնում» լրատվական գործակալություն անդրադարձել է Իվանիշվիլու եւ Ծառուկյանի թեմային, բայց նրանց միջեւ տարբերություններ է տեսնում: Իվանիշվիլին 2 տարի առաջ կապերը խզեց Սաակաշվիլու հետ եւ դարձավ մոլի ընդդիմադիր, կարողացավ համախմբել ինտելեկտուալ հանրությանը, իր կողմը գրավեց Սաակաշվիլու նախկին զինակիցներին, այնինչ Ծառուկյանն առայսօր անգամ չի էլ հայտարարել իր ընդդիմադիր լինելու մասին: Կան այլ տարբերություններ եւս, բայց «Ռեգնում»-ը բավարարվել է անգամ այս մեկով:
Բայց մի քանի նկատառում էլ է նշել գործակալությունը, այսինքն՝ որոշել իրական եւ ոչ այնքան «պոլիտկոռեկտ տարբերությունները» վրացական ընդդիմության ղեկավարի եւ Ծառուկյանի միջեւ:
Առաջինը, ինչին հարկավոր է ուշադրություն դարձնել, Ծառուկյանի կապիտալի ծագումնաբանությունն է. եթե Իվանիշվիլին կարողությունը դիզել է Ռուսաստանում եւ ոչ մի գործ չի ունեցել Վրաստանի ու վրացական ղեկավարության հետ, ապա Ծառուկյանը փողատեր է դարձել Հայաստանում եւ հսկայական կարողության է հասել բացառապես Քոչարյանի դարաշրջանի գանձագողության, արտոնյալ դիրքերի, էժան ռեսուրսների ու ակտիվների հասանելիության, պետությանը խաբելու իրավունքի (բյուջետային պարտավորությունների իմաստով) հետեւանքով: Ծառուկյանի բարգավաճող ձեռնարկություններից մեկը՝ «Արարատ» ցեմենտը, նրան բաժին է ընկել խորհրդանշական կոպեկներով, այդ նույն գրոշներով էլ պահում է կոլեկտիվին (որի 70%-ն աշխատում է անլեգալ, իսկ 1000 մարդու համար եկամտահարկ եւ սոցվճարներ չմուծելը վիթխարի «ֆորա» է բիզնեսում), իսկ արտադրանքը վաճառում է համաշխարհային գներով: Արդյունքում գերշահույթ է ստացվում, որը պետությունը, ավելի ճիշտ՝ նախագահ Սարգսյանի ռեժիմը նվիրում է Ծառուկյանին: Այս սկզբունքով է գործում նրա ամբողջ բիզնեսը: Հարց է ծագում. Իվանիշվիլու եւ Ծառուկյանի ի՞նչ նմանության մասին կարող է խոսք լինել: Չէ՞ որ Նիկոլայիչին ցմահ նստեցնելն ու նրան սնանկացնելը տեխնիկայի ու տարրական քաղաքական կամքի հարց է, այնինչ Իվանիշվիլին Վրաստանում ոչ մի մեղք չի գործել:
Երկրորդ էական տարբերությունը Ծառուկյանի «ընդդիմադիր» լինելու թվացյալության եւ Իվանիշվիլու իսկական ընդդիմադիր լինելու մեջ է: Վերջինին դուր չէին գալիս գործերը Վրաստանում եւ Սաակաշվիլու քաղաքականությունը, եւ նա նրան մարտահրավեր նետեց. Իվանիշվիլին, ի տարբերություն հայաստանցի որեւէ մեկի, իսկական քաղաքական գաղափար ունի, Վրաստանի ապագայի տեսլական: Այսպիսով, Իվանիշվիլին Վրաստանում անկախ (վրացական իշխանություններից) քաղաքական գործիչ է, այնինչ Ծառուկյանն ամբողջովին կախված է ռեժիմից: Եվ եթե նա իսկապես դուրս գա ընդդեմ նախագահ Սարգսյանի, ապա դա կնշանակի ոչ թե ընդդիմադրություն, այլ տարրական «քցոցի», հեղաշրջման փորձ, որին կհետեւի անխուսափելի պատիժը (բնականաբար՝ անհաջողության դեպքում):
Մեկ այլ հետաքրքիր պահ կա Իվանիշվիլու եւ Ծառուկյանի անձնական հատկանիշների պարագայում: Ըստ նույն գործակալության, վրաց ընդդիմադիրը մի գլուխ բարձր է հայ օլիգարխից. նրանք բացարձակապես տարբեր աշխարհայացք ունեն, տարբեր շահեր, տարբեր ճաշակ, ինչը կրթվածության մակարդակից է բխում: Վերջապես, Իվանիշվիլին Վրաստանում իսկապես ինքնուրույն քաղաքականություն վարելու քարթ-բլանշ ուներ արտասահմանից: Ռուսաստանում այս մասին նախընտրում են լռել՝ հայտնի պատճառներով, քանի որ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանում Ռուսաստանի նախկին դեսպան եւ Հայաստանում Ռուսաստանի ներկայիս դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի նախագիծն է: Այլ կերպ ասած՝ Իվանիշվիլու թիկունքում մեծ տերություն է կանգնած, իսկ Ծառուկյանի հետեւում դատարկություն է:
Անշուշտ, ախորժակն ուտելիս է բացվում: Ժամանակին Վազգեն Սարգսյանը երազել անգամ չէր կարող, որ երբեւէ կկարողանա իբրեւ հավասարը հավասարի խոսել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Բայց մի անգամ Վազգենի ենթագիտակցականը դուրս պոռթկաց, ինչի արդյունքում Հայաստանի նախագահը հայտնվեց վաստակավոր թոշակառուի վիճակում: Անկասկած է նաեւ այն, որ Ծառուկյանը նույնպես կարող է փայփայել մի փոքր պլաններ, երազել ոչ միայն Քոչարյանից, այլեւ՝ Սարգսյանից անկախ լինելու մասին: Իսկ երազելն, ինչպես ասում են, վնասակար չէ, եթե միայն երազողն ավելի խելացի գտնվի հակառակորդից եւ թույլ չտա, որ իրեն փոշիացնեն:
Տեսնենք, թե մոտ ժամանակներս ինչ երազող կդառնա Գագիկ Ծառուկյանը եւ այս անգամ ինչ կբերի բազմաչարչար Հայաստանի գլխին:
Մասո՞ն է, թե՞ «Բարգավաճ երազանք»-ի հետեւորդ
Զարմանալի շտապողականություն դրսեւորեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով առանց երկմտելու, անգամ առանց սպասելու իշխանությունների եւ ընդդիմադիրների արձագանքներին (չէ՞ որ այդ հաղթող վրացական ուժը հայերին վիրավորել էր հրապարակավ), շնորհավորեց Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «ընդդիմադիր» ուժին:
«Սա ժողովրդավարության մեծ հաղթանակն էր»,- ասել է ԲՀԿ ղեկավարը եւ հավելել. «Ես տեղյակ եմ, որ իմ բազմաթիվ հայրենակիցներ ակտիվ մասնակցություն են ունեցել «Վրացական երազանք»-ի արձանագրած հաջողություններում: Վրաստանի հայ համայնքն ունի դարերի պատմություն եւ մեծ ավանդ է ունեցել Վրաստանի շենացման եւ հզորացման գործում: Ինչպես Ջավախքում, այնպես էլ Վրաստանի մյուս բնակավայրերում ապրող հարյուր հազարավոր հայերը կարող են դառնալ մեր երկու երկրների ավանդական բարեկամությունն ամրապնդող հենասյուներից մեկը»: Եվ ԲՀԿ-ն ու անձամբ ԲՀԿ ղեկավարը պատրաստ են իրենց ավանդը ներդնել հայ-վրացական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու գործում, քանզի «միայն ժողովրդավարության ուղին ընտրած պետություններն են ի վիճակի Հարավային Կովկասում ապահովել խաղաղություն եւ կայուն զարգացում»:
Պարզապես այսպես կվերծանենք ասվածը.
1. ԲՀԿ ղեկավարը Արեւմուտքին եւ Ռուսաստանին հասկացնում է, որ ինքն է այն միլիարդատերը, ով պատրաստ է վարդերով դիմավորել յուրաքանչյուրին՝ ով իրեն կնստեցնի ՀՀ նախագահի աթոռին:
2. ԲՀԿ ղեկավարը Վրաստանին լսեցնում է, որ Ջավախքի ու վրացահայության խնդիրներով չի անհանգստացնի «միայն ժողովրդավարության ուղին ընտրած պետությանը», եթե ԲՀԿ-ն գա իշխանության, ինչպես «Վրացական երազանք»-ը:
3. ԲՀԿ ղեկավարը ՀՀ իշխանություններին «շախ (մատի ակնկալիքով) է անում», որ ամեն քայլի գնալու է, որպեսզի իր «Բարգավաճ երազանք»-ը կատարվի:
Այստեղից կարո՞ղ ենք հետեւություն անել, որ՝
1. Գագիկ Ծառուկյանը պատրաստ է Բիձինա Իվանիշվիլու նման Արեւմուտքի կամ Ռուսաստանի խաղացողը դառնալ:
2. Գագիկ Ծառուկյանը դեմ չէ Ջավախքը հայտարարել վրացական տարածք՝ «երկու երկրների ավանդական բարեկամությունն ամրապնդելու համար…»: Եվ ըստ այս տրամաբանության՝ կարող ենք ենթադրել, որ Արցախն էլ կարելի է համարել Ադրբեջանի տարածք՝ «Հարավային Կովկասում խաղաղություն եւ կայուն զարգացում ապահովելու համար»: Ինչու չէ՝ նաեւ Թուրքիայի հետ սահմանը բացելու համար…
3. Գագիկ Ծառուկյանը կամ՝ «միայն ժողովրդավարության ուղին» ընտրած ապազգային քաղաքացի է այլեւս՝ ազգային շահերն անտեսող, կամ՝ մասոն է, ու գործում է հանուն Սաակաշվիլի-Իվանիշվիլի եղբայրների ու «մեծ եղբայրության» գերնպատակների… իսկ գուցե՝ հանթսմանյան մորմոնների՞…
Բոլոր այս տեսակետների ու կամ-երի պատասխանները կերեւակվեն շուտով:
Հ.Գ. – Անկեղծ ասած՝ հարցադրումներս ցավով եմ հնչեցնում: Գագիկ Ծառուկյանի գործունեությանը նորմալ եմ վերաբերել՝ նրա մեջ գործչին երբեմն ոչ հարիր անկեղծություն տեսնելով, բայց հիմա հիասթափված եմ:
Նաեւ՝ խորապես վիրավորված: Հայ քաղաքական գործիչը շնորհավորում է մեկին, ով իշխանությունում ոտքը դեռ չդրած՝ հասկացնում է, որ Ջավախքը Վրաստանի տարածք է:
Փաստորեն, իմ հավանածը անկեղծությունը չէր…
Արման Դավթյան
«Փողեր լվանալը»՝ ժողովրդավարական արժե՞ք
Շարունակում են լուրեր պտտվել, թե Ռոբերտ Քոչարյանը չի դնելու իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, քանի որ այդպես երկուստեք են որոշել Սերժ Սարգսյանի հետ: Սա զգացվում է նաեւ ՀՀ 2-րդ նախագահի վերաբերմունքից, ինչն ակնհայտ փոխվել է Գագիկ Ծառուկյանի եւ Վարդան Օսկանյանի նկատմամբ: Եվ ԲՀԿ նախագահը հայտնվել է «մեծ դատարկության» մեջ ու փորձում է ինքնուրույն խաղացող դառնալ, վերջնականապես դուրս գալ Քոչարյանի ազդեցության դաշտից: ԱԺ ընտրություններից հետո որոշ փորձագետներ նրան ներշնչել են, որ ինքը կարող է անկախ գործել եւ ընդդիմանալ թե՛ Ռոբերտ Քոչարյանին, թե՛ Սերժ Սարգսյանին, ինչն էլ ԲՀԿ ղեկավարին «նստեցրել» է սպիտակ ձիու վրա, եւ նա կարծում է, թե ինքնուրույն խաղով գնում է դեպի պայծառ ապագա: Սրան նպաստում է նաեւ Վարդան Օսկանյանը, ով երեւի Հանթսմանի տեսլականով ոգեւորել է բարգավաճման գնացող գործարար քաղաքական գործչին:
Հոկտեմբերի 10-ին Գագիկ Ծառուկյանը պարզաբանումներ է տվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին, ով այցելել է ԲՀԿ գրասենյակ: Սա քայլ է դեպի Արեւմուտք ներքաշելու ԲՀԿ ղեկավարին, քանի որ վերջին ժամանակներս նրա գործերը բարվոք չեն Ռուսաստանում, Բելառուսում եւ Ուկրաինայում: Սակայն ԱՄՆ-ում «մոռանում» են, որ Ծառուկյանի տնտեսական լծակները եւ անցյալի «արխիվը» գտնվում է այս ուղղությունում, ինչի բացվելը երբեք չի ուզենա ԲՀԿ նախագահը:
Բայց Վաշինգտոնը Իվանիշվիլու օրինակը կփորձի վարակիչ դարձնել՝ հասկանալով, որ գործ ունի թագավորատենչ գործչի հետ: Դեսպանը անդրադարձել է նաեւ ՀՀ նախկին ԱԳՆ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ հարցին՝ ընդգծելով, թե խիստ մտահոգված է կատարվածով եւ ամենայն ուշադրությամբ հետեւում է բոլոր զարգացումներին: Դեսպանի խոսքով՝ սա լուրջ հարված է արդարադատությանն ու ժողովրդավարական արժեքներին (գուցե հետո՞ մանրամասն բացատրի, թե «փողեր լվալու» արժեքը որն է, եթե իհարկե պարզվի, որ իսկապես լվացվել է – հեղ.): Ամերիկացուն մտահոգում է նաեւ այն, որ այսօրինակ գործողություններ են իրականացվում հատկապես ՀՀ-ում նախագահական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում: Ծառուկյանն էլ հավաստել է. «Իմ հանձնարարությամբ գործն ուսումնասիրվել է լավագույն իրավաբանների կողմից, ովքեր հաստատել են Վարդան Օսկանյանի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքների անհիմն լինելը: Կուսակցության քաղաքական խորհրդի նիստի ընթացքում ես անձամբ եմ հանձնարարել խմբակցության պատգամավորներին հանդես գալ խիստ, սկզբունքային հայտարարություններով եւ ելույթներով»:
Այս հարցուպատասխանը շատ նման է ԲՀԿ նախագահին ՀՀ նախագահ դարձնելու զրույցի, ինչը դեռ շարունակություն կունենա, եթե Ծառուկյանի կյանքի «արխիվը» հաջողվի չբացել: Բայց լուրեր կան, որ անգամ տարիներ առաջ բռնաբարության համար «նստած» ժամանակների խցակիցներն են հիշել ԲՀԿ ղեկավարին:
Չնայած ԱՄՆ-ԲՀԿ եղբայրական համագործակցության այս նախապատմությանը, դեռ մութ կետեր մնում են: ԱԺ ճեպազրույցների ժամանակ այն հարցին, թե վրացական Իվանիշվիլին, ով Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է, Հայաստանում կարող է լինել հայկական Ծառուկյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Եթե ուզում եք համեմատեմ, կասեմ՝ Օսկանյանն է Իվանիշվիլին»: Անգամ ԲՀԿ-ում է շատերին մտահոգել նախկին ԱԳ նախարարի նախագահ դառնալու ձգտումը, երբ կուսակցապետը դեռ իր որոշումը չի կայացրել: Այս առիթով ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հիշեցրել է, որ ԲՀԿ եւ ՕԵԿ նախագահներն ստորագրել են համաձայնագիր 2013թ. նախագահական ընտրություններում միասնական թեկնածու պաշտպանելու համար, ով էլ հենց Սերժ Սարգսյանն է: Եվ հետաքրքիր է, ինչպե՞ս է հրաժարվելու իր ստորագրությունից ԲՀԿ նախագահը: Իսկ անձեռնմխելիությունից զրկված ԲՀԿ-ական պատգամավոր եւ ՀՀ նախագահի աթոռին ձգտող Օսկանյանին ներկայացվել է քրեական մեղադրանք: Նա «փողերի լվացման» գործում որպես մեղադրյալ էր ներգրավված եւ օրերս վերստին կանչվել է ԱԱԾ:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 32 (253), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



