Սա՝ ի գիտություն վրացաբնակ, ազգությամբ ֆրանսահպատակ, հրեա Իվանիշվիլու
Վրաստանի խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ Գլդանի բանտի կալանավորների նկատմամբ բռնությունների կիրառման փաստեր հանկարծ ի հայտ եկան, եւ փաստերն արձանագրած տեսաժապավենը դարձավ նախընտրական որոշիչ թեմա: Հետո ԱԳՆ նախկին լուսանկարիչ Գեորգի Աբդալաձեն, ով Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով իր մի քանի գործընկերների հետ միասին անազատության մեջ է եղել, հաստատեց այդ փաստը՝ հիշելով. «Կտտանքների հետեւանքով ինքս իմ դեմ ցուցմունք եմ տվել»: Լուսանկարիչը կալանավորվել էր նախորդ տարվա հուլիսին, նրա հետ միասին վրացական հատուկ ծառայությունները կալանավորել էին նաեւ նախագահի լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեին, նրա կնոջը՝ Նատիին, եւ մեկ այլ լուսանկարիչ Զուրաբ Կուրցիկիձեին: 2 օր անց նրանց նկատմամբ լրտեսության մեղադրանք էր առաջադրվել, ու որոշ ժամանակ անց նրանք ընդունել են իրենց մեղքը:
Համացանցում հայտնված տեսանյութերը վրացական Գլդանի բանտում այլանդակ դեպքերի մասին երկրում քաղաքական մեծ իրարանցում առաջացրին. ՆԳ նախարարն ու էլի մի քանի պաշտոնյաներ նույնիսկ հարաժարական տվեցին, իսկ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հայտնեց, թե այդ ամենը «ծրագրվել ու իրականացվել է ռուսական ուժերի հետ համագործակցող վրացական մաֆիայի կողմից»՝ փորձելով հավաստել վերոնշյալ կալանավորների ռուսական ուղղությամբ լրտեսության փաստը:
Բայց հանկարծ ամեն բան խաղաղվեց եւ ոչ մեկին չներող ու չզիջող Միխեիլ Սաակաշվիլին հանգիստ գնաց պարտության ճանապարհով, եւ անգամ չսպասելով խորհրդարանական ընտրությունների վերջնահաշվարկին, ընդունեց իր պարտությունը՝ դառնալով «նոր հերոս», ինչպիսին եղավ Էդուարդ Շեւարդնաձեին տապալելու ժամանակ:
Սա միանշանակ անհավատալի ու «անհասկանալի» կեցվածք է, ինչը, ըստ հայ արիների, միայն մեկ բացատրություն ունի՝ «Մեծ Արեւելք» մասոնական օթյակը «եղբայրներ» Միխեիլին փոխարինեց Բիձինայով (հայ արիների հայտարարությունը տե՛ս էջ 5-ում):
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին արդեն հասցրել է «սպրդել» ռուսական զլմ-ին տված հարցազրույցում. «Մենք՝ վրացիներս, այդքան տարօրինակ ենք, մենք կապված ենք մեր հողին: Այսպիսի բնավորություն ունենք: Այստեղ մեզ մոտ, օրինակ, հայեր են ապրում: Իսկ ես զարմանում եմ, քանի որ նրանց հայրենիքը մոտ է, իսկ նրանք ապրում են այստեղ: Ձեզ համար, երեւի նման հարց չկա: Իսկ ինձ համար անհասկանալի է: Ես ապրում էի Ֆրանսիայում, մեկ տարի՝ ԱՄՆ–ում, ու սկսեցի երազում տեսնել իմ գյուղը, իմ հողը…»:
Հայկական կողմից (իհարկե՝ ոչ պետական) արձագանքն այնքան մեծ եղավ, որ այս վրացին փորձեց խաղալ. «Նովայա վրեմյա» թերթում՝ գլխավոր խմբագիր Եվգենի Ալբացին իմ տված հարցազրույցում հարցերից մեկին իմ պատասխանը որոշակի թյուրիմացություն է առաջ բերել, ինչի առնչությամբ անհրաժեշտ եմ համարում հայտարարել հետեւյալը. լրագրողի հարցին, որն առնչվում էր իմ ու իմ ընտանիքի վերադարձին Վրաստան, ես հանգամանալից պատասխան եմ տվել, սակայն թերթում հայտնվել է միայն այնպիսի հատված, որն ամբողջովին փոփոխել ու աղճատել է կոնտեքստը: Ստացվել է այնպես, թե ես զարմացած եմ, որ հայերն ապրում են այստեղ՝ հարեւանությամբ ունենալով իրենց հայրենիքը: Ցանկանում եմ ընդգծել, որ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի ունի հավասար իրավունքներ՝ անկախ իր ազգային ծագումից: Դա երաշխավորված է Վրաստանի Սահմանադրությամբ եւ, բացի այդ, իմ համոզմունքն է: Ինչ վերաբերում է հարցազրույցին, ապա լրագրողի հարցին ես ընդգծված պատասխանել եմ, որ տպավորված եմ հայերի ու հրեաների հատուկ տաղանդով, որ նրանք կարողանում են լինել աշխարհի քաղաքացի, ամեն տեղ, ուր ապրում եմ, հաջողակ են եւ ունեն հզոր համայնք: Մենք՝ վրացիներս, այնպիսի հետաքրքիր ժողովուրդ ենք, որ, ցավոք, ոչ մի տեղ չենք կարողացել հիմնավորվել ու ուժեղ համայնք ստեղծել: Այսպիսինն էր իմ պատասխանի կոնտեքստը: Վերստին ցանկանում եմ ընդգծել, որ Վրաստանը բազմազգ երկիր է եւ այստեղ ապրող բոլոր ժողովուրդների հայրենիքը»:
Բայց սա մի ծիծաղաշարժ խաղ էր՝ ասել, հետո հերքելը, ինչով փորձեցին շղարշել մասոնական այն մեծ խաղը, որի նպատակը մի մասոն վրացուն մեկ այլ մասոն վրացիով աննկատ փոխելն էր: Ինչն էլ հստակ ընդգծել են հայ արիները:
Հայտնի քաղաքագետ Իգոր Մուրադյանը եւս նկատել է այս խաղը եւ նշել. «Վրաց միլիարդատերը չդիմացավ»: Նա հանդես է եկել ծավալուն հոդվածով, մասնավորապես նշելով, որ որքան էլ իր կողմից հարգված ջավախքահայ քաղաքական գործիչ Դավիթ Ռստակյանը փորձի մեկնաբանել Բիձինա Իվանիշվիլիի շովինիստական հայտարարությունը, կարելի է համարել, որ եվրոպացի փորձագետները, ովքեր զգուշացնում էին Իվանիշվիլիի՝ Վրաստանի հայերի համար ավելի մեծ սպառնալիք լինելու մասին, երեւում է՝ ճիշտ դուրս եկան: «Վրաց նոր առաջնորդի մյուս բոլոր հայտարարություններն ու արտահայտությունները բավական հասկանալի, որոշակի եւ կոռեկտ էին, եւ միայն հայերի բախտը կրկին չբերեց: Շատ շուտով կպարզվեն Իվանիշվիլիի շովինիստական տվյալ տրամադրությունների հիմքերը՝ արդյոք դրանք կապված էին ընդամենը նախընտրական արշավի իրավիճակին, թե դրանք բխում են նրա գենետիկ կոդից: Հնարավոր է, այլ իրավիճակում կարելի էր այս նորաթուխ գործչից սպասել հայերի վերաբերյալ ավելի զուսպ արտահայտություններ, սակայն այն պայմաններում, երբ հայ ընտրողը գերադասեց «լոյալությունը» գործող իշխանությանը, հայերն ինքզինքը զրկեցին որեւէ գործուն հասարակական-քաղաքական մանեւրից»: Ըստ քաղաքագետի, Վրաստանի հայերը պետք է ցուցադրաբար բոյկոտեին ընտրությունը, կամ քվեարկեին մարգինալ կուսակցությունների օգտին, որոնք մասնակցում էին ընտրություններին: Մոտենում է ԱՄՆ նախագահի ընտրությունը, եւ այնտեղ հայերի համար ձեւավորվում է մի իրավիճակ, որ նման է վրացականին: Ռուսաստանում հայերն այդ դասն արդեն «անցել են» վերջերս: Պարզ է դարձել, որ հայ համայնքները քաղաքական ղեկավարության կարիք ունեն: Ծիծաղելի է կարծելը, թե այդ խնդիրը կարող են իրականացնել այսպես կոչված հայկական ավանդական կուսակցությունները, կամ էլ իշխանության կողմից լեգիտիմ ճանաչված ներկայում գործող հասարակական կազմակերպությունները, կամ էլ Սփյուռքի նախարարությունը: Բոլոր այս կառույցները ստեղծվել են ամենեւին ոչ դրա համար, դրանք չունեն համապատասխան լծակներ եւ նման նպատակներ: «Հայերին կազմակերպչական կառույցների եւ ֆունկցիոներների հարցերի լուծումից սովորաբար շեղում է այն, թե իբր հայ համայնքները համեմատաբար ուժեղ են կազմակերպված եւ ընդունակ են լուծել խնդիրներ, որին ընդունակ չեն այլ էթնիկ համայնքներն ու նրանց կազմակերպությունները: Սակայն հայկական սփյուռքը ակնհայտորեն հետ է մնում նոր տեղեկատվական եւ տեխնոլոգիական դարաշրջանից, այն բանից, ինչը ընդունված է կոչել «գլոբալիզմ», եւ անընդունակ է ադապտացվել պոստմոդեռնի պայմաններին: Հայ համայնքներն ու նրանց կազմակերպչական կառույցները գերազանցապես արխայիկ են եւ ավանդական, ամենաանհեթեթ եւ անիմաստ պատկերացմամբ: Վրաստանի եւ, նախեւառաջ, Ջավախքի հայերը ստիպված էին պայքար մղել միաժամանակ մի քանի ճակատով: Ամենակոշտ ճակատը Հայաստանի իշխանությունն է եւ նրա արբանյակները: Ջավախքահայ սփյուռքը, պարզվեց, պարզապես հիմար եւ տեղական մանր մաֆիա է, թեեւ մաֆիա էլ հնարավոր չէ անվանել, պարզապես՝ չկայացած «կայֆովչիկների» եւ «կրթված մանր-գողականների» մանր խմբակներ: Ջավախքի տեղական իշխանությունը պարզապես կոնֆորմիստների հավաքատեղի է, որոնք նույնիսկ փորձ չարեցին օգտվել Վրաստանի Սահմանադրությունից ու օրենսդրությունից: Տեղական հասարակական կազմակերպությունները վիճեցին ու կռվեցին իրար հետ, ինչը հանգեցրեց դրանց լիակատար ապակազմակերպմանը եւ դեգրադացմանը: Շատ բանով շնորհիվ աշխարհքաղաքական գործոնի, Ջավախքի հարցը, անկախ ձեւական գնահատականներից, ձեռք է բերել քաղաքական եւ միջազգային կարգավիճակ: Եվ նույնիսկ նման ակնհայտ հաջողության ֆոնին, Ջավախքի հասարակական հատվածը չկարողացավ օգտվել նոր իրավիճակից եւ լուծել գլխավոր հարցը՝ նախագծել եւ նախաձեռնել Ջավախքի եւ Վրաստանի հայերի քաղաքական սուբյեկտությունը: Ո՞վ հաշվի կնստի անկազմակերպ մարդկանց նման զանգվածի հետ»,- մեկնաբանել է Իգոր Մուրադյանը՝ մեկ այլ առիթով պարզաբանելով, որ Սահակաշվիլիին հանձնեցին, որովհետեւ նա սպառեց ամերիկացիների ու եվրոպացիների այնքան պնդած Վրաստանում ծաղկող ժողովրդավարության տեսլականը, որն արդեն փոփոխության կարիք ունի: Միաժամանակ, «կարելի է նաեւ ենթադրել, որ Մոսկվան, ոգեշնչված այսօրինակ հաջողությամբ, կփորձի նման մոդել ներդնել նաեւ Հայաստանում, այսինքն՝ առաջին պլան մղել ինչ-որ միլիարդատիրոջ կամ էլ միլիոնատիրոջ, կամ էլ մի աղքատ մարդու, ինչն ամեն դեպքում ստորացուցիչ ու անիմաստ է ցանկացած ազգի համար»: Իսկ մեր երկրում նման մարդիկ կան եւ անգամ գտնված են…
Դառնալով նորաթուխ քաղաքական առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հայերին եւ Ջավախքին վերաբերող հայտարարությանը՝ քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը ողջունել է հայերին վերաբերող Բիձինայի հայտարությունը. «Քանի որ ամեն հայ, իրոք, պետք է ձգտի բնակվել Հայաստանում եւ լինել ազգային պետության պատասխանատու քաղաքացի, Վրաստանը, որքան էլ անսահման լինի Հայոց ներդրումն այդ երկրի պատմության մեջ, հայերիս տեղը չէ»: Միաժամանակ, քաղաքագետն ընդգծել է. «Հյուսիսային Գուգարքը՝ Ջավախքն ու Քվեմո-Քարթլին, Վրաստան չեն, քանզի Քարվաճառի Հռչակագրի երկրորդ՝ հայրենատիրության սկզբունքի համաձայն՝ «Հայությունը՝ ի դեմս ազգային պետականության, հայրենի ողջ տարածքի նկատմամբ ունի անժամանակյա, անօտարելի եւ բացարձակ հայրենատիրության իրավունք… Եվ ասածս կատակ չէ. սա ցեղասպանության հետեւանքների վերացման հրամայականի բաղկացուցիչն է»: Մի խոսքով, Ջավախքը Վրաստան չէ, եւ ջավախքահայերը «հարեւան Հայաստան» տեղափոխվելու խնդիր չունեն, այդ խնդիրը շուտով վրացիները կունենան…
Իսկ մեր պետական մոտեցումը Վրաստանի այս հակահայ հերթական դրսեւորման առումով կրկին նույնն է՝ ո՛չ մի լուրջ արձագանք: Ընդհակառակը: «Վրաստանը տունն է բազմահազար վիրահայերի համար,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը,- Վրաստանի հետ Հայաստանին կապում են դարերի խորքից եկող ավանդական բարիդրացիական հարաբերություններ: Մեզ հաջողվել է Վրաստանի հետ կառուցել փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխշահավետ բարձր մակարդակի միջպետական հարաբերություններ եւ լիահույս ենք, որ շարունակելու ենք համատեղ ջանքերն ուղղված բարեկամական համագործակցության առավել ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների եւ պետությունների»: «Եղբայրական ժողովրդի» համար՝ այսքան բան:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ է մեկնաբանել Բիձինա Իվանիշվիլիի արտահայտությունը. «Եթե այդպիսի բան իրականում ասվել է, ապա նմանատիպ, առնվազն տարակուսանք առաջացնող արտահայտությունը ռեցիդիվ է Գամսախուրդիայի «Վրաստանը՝ միայն վրացիների համար» քաղաքականության, որի դառը պտուղները առ այսօր վայելում է Վրաստանը: Մնում է հույս հայտնել, որ դա եվրոպական արժեհամակարգին հավատարիմ լինելու եւ ժողովրդավարությունը ամրապնդելու կարգախոսներով ընտրություններում հաղթած քաղաքական ուժի առաջնորդի լեզվի սայթաքում էր»:
Բայց կասկածելի անցյալով եւ էլ առավել կասկածելի ապագայով միլիարդատեր վրացին պարզվել է՝ «հիացած է հայերով ու հրեաներով, ովքեր կարողացել են հզոր սփյուռք ստեղծել ողջ աշխարհում, ինչը չի հաջողվել վրացիներին»:
Վերլուծաբանները չեն բացառում նաեւ այն հանգամանքը, որ ռուսաստանյան թերթը մտադրված փորձել է փչացնել Իվանիշվիլիի ու հայերի հարաբերությունները՝ «հայկական բողոքի» ալիք բարձրացնելով, բայց հստակ է մի բան, որ թե՛ Իվանիշվիլին եւ թե՛ Մեդվեդեւը հայտարարել են, որ պատրաստ են քննարկել երկկողմ հարաբերությունները, ինքը՝ Իվանիշվիլին, հայտարարել է, որ ցանկանում է վերականգնել վրաց-ռուսական հարաբերությունները: Չնայած հասկանալի պատճառներով վրացական նորընծա առաջնորդը իր առաջին այցը կկատարի Վաշինգտոն, իսկ իր գլխավոր խնդիրը համարում է Վրաստանի անդամագրումը ՆԱՏՕ-ին:
Իսկ Իվանիշվիլի-հայեր հետագա առճակատումը Ջավախքում անջատողական անկախական շարժումների կհանգեցնի ու հայկական ազգայնականության դերը կբարձրացնի, ուստի չի բացառվում, որ Իվանիշվիլիի խոսքը համատեքստից կտրելը «հայկական ալիք» առաջ բերեր, առավել եւս, եթե հաշվի առնենք, որ ռուսական սադրանքները գտնում են «վրացական ազգայնական սնոբիզմի բարերար հողը».- կարծում են որոշ վերլուծաբաններ:
Սակայն, ըստ ամենայնի, Ջավախքի հայերը սադրանքների չեն տրվում, բայց պատրաստ են պաշտպանել իրենց իրավունքները եւ իրենց եկվոր չեն համարում Վրաստանում, հատկապես, Ջավախքում, ուստի անջատում պահանջելու հարց էլ չկա, ապրում են իրենց պապական երկրում, միայն պահանջում են, որ վրացական կառավարությունը նույնպես իրենց եկվոր չհամարի: Այլապես չի բացառվում անկախական շարժումը՝ Արցախի օրինակով:
(1-ին մաս)
Հայկ Թորգոմյան
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 32 (253), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



