Երբ տարածաշրջանի տիրակալները հայ ուսումնասիրողների սխալ մեկնաբանությունների լույսի ներքո են
Սկիզբը՝ թիվ 33-ում
Մեր պատմագրության մեջ Վանի պատմության մասին բավականին տեղեկություններ կան պահպանված, սակայն այն, ինչ վերաբերում է հայոց եւ պարթեւաց փոխհարաբերություններին, որոնք էլ առնչվում են ուղղակիորեն Վանի բերդի խնդիրներին, մեր մշակույթում որեւէ ձեւով լուսաբանված չեն:
Անդրադառնանք պատմագիտական որոշ տեղեկությունների, որոնց վրա կառուցված են տարածաշրջանի երբեմնի հզորների, այդ թվում՝ Հայքի եւ Պարսի պատմական փոխհարաբերությունները:
Ք.ա. 570-ական թթ. հայոց գահին նստեց Հայկազյան Երվանդ 1-ինը, ում, չգիտես ինչու, մեր պատմության մեջ ընդունված է անվանել Սակավակյաց, այլ ոչ թե Հայկազյան: Հայկազյան Երվանդը, նույն ինքը՝ Սակավակյացը, Երվանդ 1-ինն է, նրա զորաբանակը կազմված է եղել 40 հազար հետեւակից եւ 8 հազար հեծելազորից:
Ըստ մեզ հրամցրած ավանդական պատմության, Երվանդ 1-ին Հայկազյանը ընդունել է Մարաստանի գերակայությունը: Այս մոտեցումը սխալ է՝ առանց խորազննելու երեւույթները եւ ավանդական պատմագրությանը հիմնված: Երվանդ 1-ին Հայկազյանի կողմից իր դուստր Տիգրանուհու ծախսերի համար տրամադրած տարեկան 50 արծաթ տաղանդը համարել են հարկ, տրված Երվանդ 1-ինի կողմից իր փեսային՝ Մարաստանի թագավոր Աժդահակին:
Պատմագիրների այս մոտեցումը եւ հայոց արքայի տարեկան 50 արծաթ տաղանդ հարկատու լինելը ծիծաղս է բերում, քանի որ, ըստ կարգի, հայոց արքա Երվանդ 1-ին Հայկազյանի կենցաղային սպասքը մի քանի հարյուր կգ քաշ կարող էր ունենալ, ուստի խոսել նման քանակությամբ վճարվող հարկի մասին, մեղմ ասած, անգրագիտություն է:
Բառացիորեն տարեկան 50 արծաթ տաղանդի պատմությունը ունի այսպիսի միջուկ, Երվանդ 1-ին Հայկազյանը ընդունել է Մարաց հավասարությունը, ուստի եւ Մարաց Աժդահակ թագավորին կնության է տվել իր դուստր Տիգրանուհուն եւ վճարել է իր դստեր ծախսերը՝ հատկացնելով տարեկան 50 արծաթ տաղանդ:
Հաջորդ խնդիրն առնչվում է Տիգրան 1-ին Երվանդյանի եւ Կյուրոսի փոխհարաբերությունների մեկնաբանմանը. այն մշակութային լուրջ խնդիր է եւ դուրս է մնացել հայագիտության ընդհանուր ուսումնասիրության ոլորտից:
Կյուրոս 2-րդը Ք.ա. 550թ. գահընկեց արեց Մարաց թագավորին, ով խնամին էր Երվանդ 1-ին Հայկազյանի եւ նստեց Մարաստանի գահին:
Երվանդ 1-ին Հայկազյանը, հասկանալով իրավիճակի ամբողջ նրբությունը եւ ելնելով իրական վիճակից, հայոց գահը փոխանցում է որդուն՝ Տիգրանին, ով որսընկերն էր Մարաց գահը վերցրած Կյուրոսի եւ աներորդին էր Մարաց թագաժառանգ Աժդահակի: Սկսած 560-530-ական թթ. հայոց գահակալն էր Երվանդ 1-ինի որդին՝ Տիգրան 1-ինը, ում արդեն կարելի է անվանել Երվանդյան՝ չմոռանալով նշել նրա Հայկազյան ծագումը:
Տիգրան 1-ինի մասին գովեստով է խոսում հույն պատմագիր Քսենոփոնը, իսկ Մովսես Խորենացին նրան անվանում է մեծ բարենորոգիչ եւ երկրորդ մեծազոր արքա՝ Արամից կամ Արամուից հետո:
Այսպիսով, այդ ժամանակաշրջանում, Աժդահակի մահից հետո, ով սպանվեց Տիգրան 1-ինի կողմից, Մարաց եւ Պարսի տիրակալը Կյուրոս 1-ինն էր, իսկ Հայոց գահի տերն էր Տիգրան 1-ին Երվանդյանը:
Հաջորդ խնդիրը կապված է Հայոց երկրի միջով Պարսի զորքերի ազատ անցումի հետ. Ք.ա. 546թ. Կյուրոսի որսընկեր հայոց արքա Տիգրան 1-ին Երվանդյանը հնարավորություն է տալիս Կյուրոսին անարգել անցնել իր երկրի տարածքով եւ պարտության մատնել Լիդիայի արքա Կրեսոսին եւ նվաճել Լիդիան: Հակառակ մեր ներկայացրած տեղեկության, քաղաքականացված պատմագրությունը համարում է, որ Կյուրոսը պետք է նվաճեր նախ Հայոց աշխարհը, որը օտար աղբյուրներում ներկայացված է որպես Ուրարտու, ապա միայն Լիդիան:
Հայոց Աշխարհի (Ուրարտուի) ենթադրյալ նվաճման փաստը ամրապնդվում է բաբելոնյան այս տեքստով. «Նիսսան ամսին Կուրաշը՝ Պարսու երկրի տիրակալը, իր զորքը հավաքեց եւ անցավ Տիգրիսը Արբա՛իլից ցած: Այար (երկրորդ) ամսին նա [արշավեց] դեպի Ո[ւրաշտու (երկիր)…], պարտության մատնեց նրա արքային, վերցրեց նրա ունեցվածքը, հաստատեց իր կայազորն այնտեղ […]: Այնուհետ արքան եւ իր կայազորը մնացին այնտեղ»:
Այս արձանագրությամբ պատմագրության մեջ մինչ այժմ հիմնավորվում է Կյուրոսի կողմից Հայոց աշխարհի նվաճման փաստը, որը բացարձակապես սխալ է:
Պարզաբանենք: Ք.ա. 550թ. Տուշպա-Վանը տարածաշրջանի հզորագույն կենտրոններից մեկն էր, հավասար Նինվեին, Բաբելոնին, եւ եթե Վանը լիներ նվաճված Կյուրոսի կողմից, ապա արձանագրության մեջ որեւէ պարագայում Տուշպա կամ Վան պատվավոր անունը չէր փոխարինվի «այնտեղ» տեղի պարագայով, եւ սխալ են բոլոր այն հայ ուսումնասիրողները, ովքեր չխորանալով հարցի բուն էության մեջ, վերարտադրում են արդեն հայերեն լեզվով այլ ուսումնասիրողների սխալ մեկնաբանությունները, «այնտեղ» ասելով ենթադրում են Վանը:
Տարածաշրջանի նոր տիրակալներ Կյուրոսը եւ Տիգրանը հիմնադրում են Հայ Արիքի համադաշնությունը, միացյալ համադաշնության սատրապ, այսինքն՝ կառավարիչ է հայտարարվում Կյուրոս 2-րդի որդին՝ Թանաոք-սարեսը:
Հայ Արիքի համադաշնության ծախսերը ապահովում են երկու կողմերը, իսկ պատերազմների ժամանակ կողմերը ըստ կարգի իրականացրել են զորահավաք իրենց պարտավորությունների սահմաններում: Մնացած բոլոր հարցերում Տիգրանը եւ Կյուրոսը պահպանել են իրենց ինքնավարությունը:
Ք.ա. 522-521թթ. Հայ Արիքի համադաշնության հիմնադիրների մահից հետո, նոր գահակալները, այդ թվում նաեւ հայոց նոր գահակալ Վահագնը, մերժել են ճանաչել Դարեհ 1-ինին որպես համադաշնության առաջնորդի, քանի որ Դարեհ 1-ինը դավադրաբար սպանել էր Կյուրոս 2-րդի կրտսեր որդուն՝ օրինական ժառանգ Բարդիային եւ զավթել գահը: Դարեհ 1-ինի զորքերի դեմ հայկական զորքերը տվել են չորս ճակատամարտ, որոնց մասին Դարեհ 1-ինը պատմում է Բագաստանայի (Բեհիսթուն) ժայռին քանդակած իր եռալեզու (հին պարսկերեն, էլամերեն եւ աքքադերեն) տարեգրությունում:
Շարունակելի
Արամ Մկրտչյան, Գերմանիա
«Լուսանցք» թիվ 35 (256), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



