Պարբերաբար քննարկումներ են ընթանում Եվրասիական Միության մասին, որը Մոսկվան փորձում է ամեն գնով կյանքի կոչել, որպեսզի աշխարհա-քաղաքական նոր ծավալումներում կարողանա դիմակայել Արեւմուտքին՝ եվրա-ամերիկյան դաշինքին:
Եվրամիության եւ Եվրախորհրդի ուժին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է հակադրել Եվրասիական Միության ուժը: Սակայն ինչպես եվրոպական, այնպես էլ ասիական երկրները չեն շտապում: Այդ թվում՝ նաեւ Հայաստանը:
Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանն են հիմնական ջատագովները այս Միության: Վերջերս Ղազախստանի իշխող կուսակցության քարտուղար Երլան Կարինը նշեց, թե արդեն հայտարարված Եվրասիական խորհրդարանի ստեղծման գաղափարը անիրականանալի է: Ըստ նրա, այս խորհրդարանի ձեւավորման գաղափարը հիմնված է միայն ռուսական կողմի ցանկության վրա, այդ պատճառով ձեւավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման վերաբերյալ՝ ժամանակ առ ժամանակ զլմ-ներում հայտնվող տեղեկությունների վրա հիմնվելը սխալ կլիներ: «Չի կարելի ասել, որ նման պայմանավորվածություններ կան: Իրականում, այս եւ նմանատիպ այլ գաղափարները չեն արտացոլում ինտեգրացիոն գործընթացի մյուս անդամների, մասնավորապես մեր երկրի, ստրատեգիական համագործակցության տեսլականների վերաբերյալ պատկերացուները»,- նշել է Կարինը:
Ռուսաստանը ցանկանում է գոնե 2-3 տարում ավարտել Եվրասիական Միության ստեղծումը, բայց խնդիրներ դեռ շատ կան: Եվրասիական խորհրդարանի ստեղծման գաղափարը եւս ոչ մոտակա, ոչ միջին, եւ ոչ էլ հեռավոր հեռանկարում իրական չէ:
Այսպես են կարծում ոչ միայն Ղազախստանում:
Իսկ ՌԴ Պետդումայի ղեկավար Սերգեյ Նարիշկինը նշել է, որ Եվրասիական Միության ստեղծման ճանապարհին ինտեգրացիայի խորացման համար միանշանակ պետք է ձեւավորել Եվրասիական խորհրդարան:
Նշենք, որ ներկայում Եվրասիական Միությունը ձեւավորվում է մաքսային միության եւ միասնական տնտեսական տարածքի հիման վրա, որն իր հերթին սկսել է գործել 2012թ. հունվարի 1-ից:
Նոր միության գործունեության մեկնարկը ամեն դեպքում ծրագրված է 2015թ.:
Վահագն Նանյան
Վաշինգտոնն ու Մոսկվան՝ ընդդեմ պատերազմների՞
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մեյբուսը Երեւանում հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕհանյանիՆ: ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները եւ տարածաշրջանային ու համընդհանուր անվտանգությանը վերաբերող հարցեր: Ռազմածովային ուժերի քարտուղարն իր երախտիքն է հայտնել Աֆղանստանում իրականացվող առաքելությանը եւ Կոսովոյի խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ: Նաեւ անդրադարձել է պաշտպանական բարեփոխումների, խաղաղապահ գործողությունների եւ ուսուցումների, ինչպեսեւ՝ արհեստավարժ կրտսեր սպայական կազմի ձեւավորման կարեւորությանը:
Կողմերը քննարկել են Եվրոպայում ԱՄՆ ծովահետեւակային ուժերի Սեւծովյան ռոտացիոն ուժերի շրջանակում իրականացվող համագործակցությունը: Այստեղ կարեւորվել է Հայաստանի հետ գործակցությունը եւ հարավկովկասյան տարածաշրջանի կարեւորությունը:
ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու անվան դպրոցի՝ ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Ուկրաինա հարաբերությունների գծով եւ Սեւծովյան ավազանի անվտանգության խնդիրներով ծրագրերի տնօրեն Սերգեյ Կոնոպլյովը եւս կարեւորում է Հայաստանի դերը տարածաշրջանում: Նշել է նաեւ, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ ձեռնարկելու համար ՆԱՏՕ-ն չունի բավականաչափ ծանրակշիռ հիմքեր: Իսկ այն, որ ներկայումս շատ է խոսվում ռազմական գործողությունների իրական հնարավորության մասին, մեծ մասամբ, հարցի շուրջ բարձրացված անհիմն աղմուկ է: Նրա կարծիքով, Իսրայելի կողմից Իրանի նկատմամբ ռազմական օպերացիայի մեկնարկի հնարավորությունները շատ ավելի իրական են: Մի շարք երկրներ, այդ թվում նաեւ՝ Իսրայելը, ունեն Իրանի նկատմամբ կանխարգելիչ հարվածներ իրականացնելու իրական նպատակներ: Հնարավոր է նման մտադրություններ ունի նաեւ Միացյալ Նահանգները: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ ռազմական գործողութունները չեն բերի որեւէ դրական արդյունքի, իսկ նրանց հետեւանքները տարածաշրջանի համար կլինեն իսկական աղետ:
Այդ թվում չի բացառվում նաեւ արցախյան հակամարտության ռազմականացումը:
Մոսկվան եւս մտահոգված է տարածաշրջանի խնդիրներով, այդ թվում՝ նաեւ կասպյան: Բայց մտադիր չէ պատերազմել Կասպից ծովում, եւ ինչպես Սեւծովյան տարածաշրջանի խաղաղությունն է գնահատվում ռուսների կողմից, այնպես էլ՝ Կասպից ծովի: Այս ծովի դեռեւս չլուծված կարգավիճակը, ըստ պաշտոնական Մոսկվայի, չի բացառում, որ Ադրբեջանի եւ Թուրքմենստանի միջեւ կհանգեցնի ռազմական բախման՝ նավթային վիճելի տարածքների համար:
Այս վտանգը կա, չնայած Կասպից ծովի վերաբերյալ անցյալ տարվա գագաթաժովին եկել էին այն համաձայնության, որ ավազանի բոլոր պետությունները չպետք է մեկը մյուսի հանդեպ ուժ կիրառեն: Պատերազմը Մոսկվայի համար անընդունելի է, քանի որ այդ դեպքում այստեղ կա տարածաշրջանային բռնկումների հեռանկար:
Ռուսաստանի համար նաեւ անընդունելի է «Նաբուկո» գազամուղի ծրագիրը, եւ այդ նախագիծը կարելի է համարել ձախողված: Մնացել է «Հարավային Հոսք»-ը իրապես կյանքի կոչել:
Արման Դավթյան
Վաշինգտոնը տառապում է հեղափոխացավով
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այս անգամ էլ արտահայտվել է, թե սիրիական ընդդիմությունը պետք է միավորվի եւ փոխի իր գործելաոճը:
Վաշինգտոնում կարծում են, որ ընդդիմությունը պետք է հանդես գա «բոլոր սիրիացիների» անունից եւ նրա ղեկավարության մեջ պետք է ներառվեն ոչ միայն տարագիր սիրիացիները, որոնցից հիմնականում եւ կազմված է ընդդիմադիր ազգային խորհուրդը, այլ նաեւ «իրենց հայրենիքի անկախության համար ամեն օր պայքարող սիրիացիների ներկայացուցիչները»:
Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ի պետքարտուղարը մտահոգություն է հայտնել իսլամիստական ուժերի կողմից՝ ընդդիմության գլխավորման հեռանկարի վերաբերյալ՝ նշելով, որ վերջիններս ցանկանում են «գողանալ հեղափոխությունը»: Երկար ժամանակ է ինչ ամերիկյան մակնիշով «արաբական հեղափոխական ալիքը» պետություններ է քանդում եւ տասնյակ հազարավոր զոհերի պատճառ դառնում Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում, բայց ամերիկացիները չեն պատրաստվում հրաժարվել իրենց հեղափոխացավից: Իսկ հանուն այդ «հեղափոխության», որն իրականում հեղաշրջումների է հանգեցնում, ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ բողոքի ակցիաների մեկնարկից առ այսօր Սիրիայում սպանվել է ավելի քան 16.000 մարդ:
Նարե Մշեցյան
«Լուսանցք» թիվ 35 (256), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



