Հունգարա-ադրբեջանական թուրքաոճ բնույթի առուծախից հետո, երբ թուրք-հունգարացիները հայասպան Սաֆարովին մի քանի միլիարդով վաճառեցին թուրք-ադրբեջանցիներին, տրամաբանորեն սառեցվեցին ոչ միայ հայ-հունգարական հարաբերությունները, այլեւ՝ արցախյանի խնդրի շուրջ բանակցությունները Ադրբեջանի հետ:
Երկար ժամանակ ԵԱՀԿ ՄԽ-ն, որը եւս քննադատել էր վերոնշյալ եվրոպական առուծախը, եւս փորձեց ամեն ինչ անել խաթարված բանակցությունները վերականգնելու համար, եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հոկտեմբերի 27-ին Փարիզում վերահաստատեցին իրենց վճռականությունը՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար:
Ֆրանսիայի մայրաքաղաքում ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այնուհետեւ, հանդիպումը շարունակվել է Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ: Իբրեւ աշխատանքային առաջարկ, համանախագահները ներկայացրել են իրենց գաղափարները խա- ղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով, իսկ նախարարները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ շարունակելու համանախագահների հետ համատեղ աշխատանքը՝ խաղաղ կարգավորմանն ուղղված: Պայմանավորվել են այդ գաղափարների շուրջ քննարկումները շարունակել համանախագահների՝ նոյեմբերին տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում:
Մինչ այս հանդիպումը, հոկտեմբերի 25-ին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը ընդունել է ԼՂՀ-ի եւ հայ բնակչության ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձեւ: Նահանգի խորհրդարանը կոչ է արել Ավստրալիայի իշխանություններին պաշտոնապես ճանաչել ԼՂՀ-ն եւ հարաբերություններն ամրապնդել ԼՂՀ-ի ու նրա քաղաքացիների հետ:
Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Վաչե Ղահրամանյանը ներկա է եղել բանաձեւի քննարկումներին եւ ընդունմանը. «Լեռնային Ղարաբաղի հարցը եղել է Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի առաջնահերթությունը: Այսօրվա արդյունքը հաղթանակ է բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են ճնշված լինել դաժան ռեժիմից»: Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի պատվավոր նախագահ Գրեգ Սողոմոնյանն էլ նշել է. «Լեռնային Ղարաբաղը հիմա ստանում է մի կարգավիճակ, որին նա արժանի է՝ անկախություն, ժողովրդավարական հանրապետություն: Սա կարեւոր ուղենիշ է հայ-ավստրալիական համայնքի եւ մասնավորապես հայկական համայնքի համար»:
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը եւս արձագանքել եւ ողջունել է՝ հայտնելով, որ Ավստրալիայի նահանգի կողմից ԼՂՀ ճանաչումը կապված է Արցախում ընթացող գործընթացների հետ: Նա ընդգծել է, որ դա այն շատ լավ խթանն է, որը սկսվել է վաղուց, քանի որ մինչ այս «ականատեսն ենք եղել արդեն 2012թ. մայիսին ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի, իսկ օգոստոսին՝ Մասաչուսեթս նահանգի օրենսդիր մարմինների կողմից ընդունված մոտավորապես նույն կարգի բանաձեւերի»: ԼՂՀ ԱԺ նախագահը վստահ է, որ այսօր ԼՂՀ-ում ընթացող գործընթացները, որոնք միանշանակ նպատակ ունեն հասնել իրավական ժողովրդավարական պետության հաստատմանը, նպաստում են այս ամենին: Անցած տարի Ավստրալիայի վերոնշյալ նահանգի պատգամավորներից մեկն այցելել էր Արցախ եւ սա եւս նպաստել է հիշյալ որոշման կայացմանը: Այստեղ իր բաժինն ունի նաեւ խորհրդարանական դիվանագիտությունը: ԼՂՀ-ն, ըստ ԼՂՀ ԱԺ նախագահի, բաց երկիր է՝ պատրաստակամ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու թե՛ տարածաշրջանի, թե՛ նաեւ մյուս երկրների հետ:
ԼՂՀ նախագահի հերթական ընտրությունը եւս նպաստել է Արցախի միջազգային ճանաչման գործընթացին, քանի որ ավելի ազատ ու թափանցիկ էր կազմակերպված, քան Ադրբեջանի նախագահի ընտրությունները: Էդվարդ Նալբանդյանն անդրադառնալով Արցախի նախագահական ընտրություններին՝ ասել էր. «Հուլիսի 19-ին ԼՂ-ում կայացած ազատ, արդար եւ մրցակցային նախագահական ընտրությունները վկայում են Արցախի իշխանությունների ու ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը: Մի քանի տասնյակ միջազգային դիտորդների ներկայությունը եւ գնահատականը եւս հաստատել է, որ ընտրություններն անցել են կազմակերպված, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան»:
Պաշտոնական Երեւանը հայտնել էր, թե ժողովրդավար որեւէ երկրի կողմից չի կարող վիճարկվել ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանությունների ձեւավորման անհրաժեշտությունը եւ կարեւորությունը, ուստի միջազգային հանրությունը, բնականաբար, պետք է շահագրգռված լինի հարաբերվելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ, առավելեւս, որ դա նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի համաժողովի անցկացման մանդատով:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւս ընդունել են, որ «Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները նման գործընթացների միջոցով պետք է ապահովեն հանրային կյանքի կազմակերպումը ժողովրդավարական սկզբունքների հիման վրա»: Այնուամենայնիվ, համանախագահները նշել են, որ իրենց 3 երկրներից որեւէ մեկը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն, ինչը հայերիս համար այլեւս զարմանալի չէ:
Հարեւան, թե բարեկամ հորջորջվող Վրաստանի ԱԳՆ-ն անգամ հայտարարեց, թե Թբիլիսին չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրությունները: Ավելին հաստատեցին, թե «Վրաստանը միանշանակորեն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությունը» եւ անհրաժեշտ է «ակտիվացնել միջազգային հանրության ջանքերը, որպեսզի կառուցողական երկխոսության միջոցով հնարավոր լինի հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»:
Աբխազիան եւ Հարավային Օսիան անկախանալով Վրաստանից՝ մի լավ ապտակեցին այս արհեստական պետության ինքնահավան քաղաքականությանը, ինչը վրացիները փորձում են ցուցադրել նաեւ Արցախի մասին խոսելիս: Վրաստանը եւ Ադրբեջանը ճանաչեցին Կոսովոյի անկախությունը, իսկ Ռուսաստանը այդ սերբական տարածքի բռնի անկախացումը չճանաչեց, բայց նպաստեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությանը: Անգամ պատրաստ էր ժամանակին Աջարիայի եւ Ջավախքի անկախությունը ճանաչել, բայց չգւտես ինչու Արցախի անկախությունը չի ճանաչում…
Եվ Թբիլիսին շատ լավ է հասկանում այս ամենը: Մենք եւս ամեն բան լավ հասկանում ենք: Իհարկե ոչ վրացական «եղբայրության» նման, բայց ռուսական «եղբայրությունն» էլ մի բան չէ…
Իմիջայլոց, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել Ադրբեջանի կողմից Հարավային Սուդանի անկախության ճանաչման փաստի վերաբերյալ մեկնաբանությամբ. «Տեղեկացանք, որ Ադրբեջանի ու Հարավային Սուդանի հանրապետությունների միջեւ «Դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին» փասաթուղթ է ստորագրվել, որը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման ճանաչում: Այս փաստաթղթի ստորագրմամբ Ադրբեջանը փաստեց, որ աշխարհում շարունակվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հաղթարշավը: Հարկ է նշել, որ այս գործընթացը նաեւ ճանապարհ է հարթում ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման համար, քանի որ հենց այս քայլով Ադրբեջանը ընդունում է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը այընտրանք չունի»:
Նշենք, որ Հարավային Սուդանն իր անկախ կարգավիճակը ստացել էր 2011թ. հուլիսի 9-ին անկախության հռչակագրով, իսկ 2011թ. հուլիսի 14-ին դարձել էր ՄԱԿ-ի անդամ: Դրան նախորդել էր Հարավային Սուդանի ազգաբնակչության 2011թ. հունվարի ինքնորոշման հանրաքվեն, որի արդյունքում Հարավային Սուդանի բնակչությունը կողմ էր արտահայտվել Սուդանից առանձնանալուն եւ անկախ պետություն ձեւավորելուն: Ինքնորշման հանրաքվեն վերջ էր դրել Սուդանի հարավային քրիստոնեական եւ հյուսիսային մուսուլմանական համայնքների միջեւ շուրջ 25 տարվա քաղաքացիական պատերազմին:
Արցախն այս նշված քայլերը վաղուց է անցել ու՝ ոչ մեկ անգամ:
Այս առումով մեր ԱԳ նախարարը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը շարունակի խոչընդոտել ԵԱՀԿ ՄԽ ջանքերը, ապա ԼՂՀ անկախության ճանաչման նոր որոշումներ կլինեն: Իսկ Փարիզ մեկնելուց եւ Արդրբեջանի ԱԳ նախարարին ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հանդիպելուց առաջ, Էդվարդ Նալբանդյանն այցելել է լատինաամերիկյան երկրներ, իսկ Կոստա Ռիկայի խորհրդարանի ղեկավար Վիկտոր Էմիլիո Գրանադոս Կալվոյի հետ հանդիպմանը ներկայացրել ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Ինչը չի բացառում նաեւ այս կենտրոնաամերիկյան երկրի կողմից նույնպես Արցախի անկախության ճանաչումը, ինչպեսեւ՝ հարավամերիկյան Ուրուգվայի կողմից, որտեղ շարունակական աշխատանքներ են տարվել այդ ուղղությամբ: Շատերն էին կարծում, թե եվրոպական Հունգարիան էլ կփորձի ապացուցել, որ խաբվել է ադրբեջանական ստին եւ «հանձնել» է Սաֆարովին, ու կճանաչի Արցախի անկախությունը, բայց հստակ է, որ Հունգարիան ծախու եւ ծախուների երկիր է, իսկ եվրոպական համագործակցությունը այս ամենի հովանավորն է: Այնպես որ, անիմաստ էին նաեւ Հունգարիայի «Հայ ազգային ինքնավարության» հույսերը:
Հանրահայտ «BBC»-ն կրկին անդրադարձել է արցախյան խնդրին եւ նշել, որ «Էթնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը 1991թ. Խորհրդային Միության փլուզումից հետո դուրս է եկել Ադրբեջանի կազմից՝ ձեռք բերելով անկախություն»: Անդրադարձ է եղել նաեւ ԼՂՀ նախագահի ընտրությանը, որը Ադրբեջանը որակել է որպես «պրովակացիա, որը լայնածավալ հակամարտության է վերածվելու»: Ըստ «BBC»-ի, բաց հակամարտությանը ցանկացած անդրադարձ այս անգամ ավելի կործանարար հետեւանքներ է ունենալու, մասնավորապես, եթե տարածաշրջանի դաշնակիցները, ի դեմս Ռուսաստանի ու Թուրքիայի՝ ընդգրկվեն հակամարտության մեջ:
ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը այս առումով հայտարարել է, որ մենք ունենք բոլոր հիմքերը աշխարհին ասելու, որ անցկացրել ենք օրենքին համապատասխան ընտրություններ, «Մենք կարող ենք ասել, որ չկա ոչ մի տարբերություն մեր եւ ժողովրդավար Եվրոպայի միջեւ», ինչը, ըստ նրա, նշանակում է, որ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հայտարարությունը, թե ԵՄ-ն չի ճանաչում ԼՂ ընտրությունները, անպատասխանատու եւ անիրավ խոսքեր են:
Ինչեւէ, ԼՂՀ հարցերի կարգավորման փաթեթը ԵԱՀԿ ՄԽ իրավասության շրջանակներում է եւ հակամարտության կարգավորման միջազգայնորեն ընդունված միակ ձեւաչափով այս կառույցն է, որը ողջունել է արցախյան վերջին ընտրությունները: Այժմ պետք է ավելի լայնածավալ քարոզչություն սկսել ՄԱԿ-ում եւ ԵԽ-ում, որպեսզի Ադրբեջանի ձեռնարկներին եւս համահունչ պատասխաններ տրվեն:
Իսկ ԼՂՀ նախագահի ընտրությունը, բացի ազատ եւ թափանցիկ որակումներն ստանալուց, եւս մեկ օգտակար հետեւանք թողեց, այսօր Արցախում ստեղծվել է ընդդիմադիր քաղաքական ուժ, որը ներկայացնում է Արցախի նախագահի թեկնածու առաջադրված եւ ընտրությունների արդյունքում 2-րդը ճանաչված Վիտալի Բալասանյանը: ԼՂՀ ԱԺ-ում անգամ ձեւավորվել է ընդդիմադիր պատգամավորական խումբ: Սա եւս չի կարող տեսանելի չլինել եվրատեսուչահսկիչադիտորդներին:
ԵԽ եւ ԱՊՀ երկրների դրական վերաբերմունքը Արցախի ընտրությունների, ժողովրդավարացման եւ այլ բարեփոխումների առումով հույս է ներշնչում, որ բոլորի համար հասկանալի կդառնա, որ Արցախը անգամ բռնի ուժով չի կարող բռնակցվել Ադրբեջանին, իսկ արցախցի հայերը ոչ մի ձեւով չեն հանդուրժի ադրբեջանցիների հետ համատեղ ապրելու որեւէ որոշում:
Այն անմարդկային օրինակները, որոնք բերվել են Արեւմուտքի կողմից՝ Իրաքը կամ Լիբիան ռմբահարելու, Եգիպտոսի կամ Սիրիայի ներքին գործերին միջամտելու համար, միանշանակ եւ տասնապատիկ առավել կարելի է բերել Ադրբեջանի դեմ՝ Արցախի հարցով:
Եվ սա շատ լավ գիտեն ինչպես եվրոպաներում ու ամերիկաներում, այնպես էլ ռուսաստաններում:
Ուստի՝ Հայաստանի իշխանությունները, հայությունն առհասարակ, իր բոլոր հատվածներով, պիտի ձգտի հնարավորինս արագ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել տալուն, իսկ որ ավելի գերդասելի է՝ Հայաստանի հետ վերամիավորելուն:
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 35 (256), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



