Վրաստանը՝ քաղաքական կողմնորոշումների մեջ

Վրաստանում ընտրություններից հետո իշխանության եկած «Վրացական երազանք» կոալիցիան՝ ղեկավարի՝ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ ավարտել է կառավարական պորտֆելների բաշխումը եւ ներքին խնդիրներից անցում է կատարում նաեւ արտաքին քաղաքականության ոլորտ:

Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեին՝ որպես Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ նշանակելու որոշումը կարծես ողջունել են նաեւ Ռուսաստանում:

Ռուս փորձագետները, համենայնդեպս, դրական են գնահատում վրացական կողմի այդ քայլը, բայց հետագա զարգացումների վերաբերյալ կանխատեսում դեռ չեն անում: Վրաստանի նոր կառավարությունը, ի դեմս Իվանիշվիլիի, հանդես է եկել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման առաջարկով, սակայն դրանք վերաբերում են միայն մշակութային եւ տնտեսական ոլորտներին: Դիվանագիտական հարաբերությունների մասին վրացական կողմը դեռ չի խոսել: Վրաստանի նորանշանակ ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն նշել է, որ դեռ վաղ է խոսել այդ մասին: Հարաբերությունների կարգավորման գործընթացում կարող է օգտագործվել նաեւ կրոնական գործոնը, քանի որ երկու երկրների եկեղեցիների միջեւ գոյություն ունեն բարեկամական հարաբերություններ, ինչը եւս կփորձեն որպես խթան օգտագործել կողմերը:

Կարծես Ռուսաստանը եւս կողմ է հարաբերությունների բարելավմանը, սակայն չի բացառվում, որ Մոսկվան կարող է առաջ քաշել մի շարք նախապայմաններ, որոնք են՝ Թբիլիսիում «Օկուպացիայի թանգարան»-ի փակումը, այն օրենքի վերացումը, ըստ որի՝ ներկայում Ռուսաստանի քաղաքացիներն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմանն ապօրինի հատելու համար հայտնվեւմ են Վրաստանի բանտերում, այդ երկրի տարածքով Ռուսաստանից դեպի Հայաստան ռազմական բեռների փոխադրման արգելքի վերացումը, չերքեզների ցեղասպանության ապաճանաչումը, աբխազական երկաթուղու բացումը, թեեւ Վրաստանի կառավարությունը նույնպես վերջինի կողմնակիցն է:

Իհարկե, այս դեպքում Վրաստանն իր հերթին Ռուսաստանին կներկայացնի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ապաօկուպացման պահանջ: Եվ այլեւս դժվար կլինի պատկերացնել, թե ինչպես կշարունակվեն երկու երկրների հարաբերությունները: Վրաստանի նոր իշխանությունները կշարունակեն ՆԱՏՕ-ին անդամակցելու եւ Եվրոպական Միությանն ինտեգրման գործընթացը, ինչը հաստատ չի բխում Ռուսաստանի շահերից, որտեղ արդեն խոսում են, թե դեմ չեն լինի, եթե Վրաստանը մտնի ԱՊՀ եւ Եվրասիական Միություն:

Այս դեպքում վրացական կողմը չի կարող երկակի խաղ խաղալ՝ հարաբերությունները բարելավել Ռուսաստանի հետ, նաեւ հիմնական արտաքին կողմնորոշումը, ինչպես նախկինները, ուղղելով դեպի Արեւմուտք: Իհարկե Հայաստանին եւս ձեռնտու է Վրաստանի անդամակցումը ԱՊՀ-ին եւ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան տնտեսական առանցքի առաջացումը, սակայն հազիվ թե Վաշինգտոնն ու Բրյուսելը համաձայնեն այս քայլերին՝ ամբողջապես արեւմտացված Վրաստանը թեկուզ ռուսական ուղղության հետ կիսելու գնով:

Եվ Մոսկվան սա հասկանալով՝ առայժմ պաշտոնապես չի արձագանքել վրացական իշխանությունների վերոնշյալ որոշմանը: Միայն ՌԴ ԱԳՆ-ի երկու ներկայացուցիչներ կարճ մեկնաբանություն են արել այս հարցի հետ կապված՝ նշելով, որ իրենք հետեւում են Թբիլիսիում տեղի ունեցող իրադարձություններին, տեղյակ են Աբաշիձեի նշանակմանը, սակայն ի զարմանս վրացական կողմի, հայտարարել են, որ կսպասեն Վրաստանի կառավարության կողմից կոնկրետ քայլերի: Չնայած ռուս պաշտոնյաները չեն հստակեցրել այդ քայլերը:

Այս գործընթացներում լուրջ խոչընդոտ են դարձել գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ունեցած տարաձայնությունները (ներքին եւ արտաքին քաղաքականության իրականացման ուղղությամբ), ինչն էլ դանդաղեցնում է վրաց-ռուսական հարաբերությունների բարելավումը:

Իվանիշվիլին Սաակաշվիլուն խոհուրդ էր տվել հրաժարական տալ եւ հեռանալ ակտիվ քաղաքականությունից, բայց Վրաստանի նախագահը որոշել է մնալ մինչեւ իր լիազորությունների ավարտը:

Հիմա ինչպես կզարգանան իրադարձությունները, մեզ համար եւս հետաքրքիր է, քանզի վերոնշյալ խնդիրը կարեւոր է նաեւ Հայաստանի համար, իսկ ռուս-վրացական հարաբերությունների բարելավումը որոշակիորեն կմեղմի լարվածությունը տարածաշրջանում, Հայաստանի համար էլ ավելի ապահով կդառնա Վրաստանի տարածքով մեր պետության՝ արտաքին աշխարհի հետ ունեցած կապը, ինչը վստահաբար կնպաստի նաեւ՝ ապրանքաշրջանառության ծավալների աճին եւ տնտեսական կայուն զարգացմանը:

Վահագն Նանյան

ՀՀ դեսպանի հանդիպումները Վրաստանում

Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլիի, Եվրոպայի, Եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքս Պետրիաշվիլիի եւ պատիժների կատարման, պայմանական դատապարտման եւ իրավական օգնության հարցերի նախարար Սոզար Սուբարիի հետ: Դեսպանը հույս է հայտնել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների շարունակականության ապահովման եւ առավել սերտ գործակցության վերաբերյալ:

Պետնախարարար Զաքարեիշվիլիի հետ հանդիպմանը ընդգծվել է, որ վրացական կողմը շահագրգռիռ է ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայ համայնքի արդյունավետ ներգրավմամբ Վրաստանի քաղաքական եւ հասարակական կյանքում, ինչպես նաեւ անհրաժեշտ է համարում գործուն մեխանիզմներ ապահովել համայնքային հիմնախնդիրների արդյունավետ լուծման համար: Վրացական կողմը, կարեւորելով հայ-վրացական համագործակցությունը եվրոպական տարբեր կառույցներում, համոզմունք է հայտնել, որ առաջիկայում կընդլայնվի առկա փոխգործակցությունը ինչպես բազմակողմ, այնպես էլ պատվիրակությունների փոխայցերի եւ ընթացիկ գործնական շփումների ձեւաչափերում:

Դեսպան Մանուկյանը հանդիպել է նաեւ Վրաստանի պատիժների կատարման, պայմանական դատապարտման եւ իրավական օգնության հարցերի նախարար Սոզար Սուբարիին: Քննարկվել են Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջեւ համագործակցությանն առնչվող բազմաբնույթ խնդիրներ:

* * *

Ադրբեջանն այլեւս չի՞ որոշում վրաց-հայկական հարաբերությունները

Այն, որ վրացական նոր իշխանությունները փորձում են նախագահ Սաակաշվիլու վարած քաղաքականությունը Ռուսաստանի ու Հայաստանի նկատմամբ որոշակի վերափոխել, ակնհայտ է, չնայած նախաձեռնված քայլերը դեռ բավարար չեն: Բայց որ թուրքական կամ ադրբեջանական ուղղություններով եւս հնարավոր կլինեն վերափոխումներ, կասկածելի էին թվում: Սակայն վերջերս վրացի պետնախարար Պաատա Զաքարեաշվիլին հայտարարել է, թե ադրբեջանցի քաղաքագետները չէ, որ պետք է որոշեն՝ վերկանգնի՞ Վրաստանը Ռուսաստանի հետ երկաթուղային կապը, թե՞ ոչ: Եվ շարունակել է, որ Վրաստանում երբեք չի լինի մի կառավարություն, որը հարցականի տակ կդնի վրաց-հայկական եւ վրաց-ադրբեջանական հարաբերությունները, սակայն չենք պատրաստվում սեփական շահերը զոհաբերել հօգուտ այլ պետութունների:

Պետնախարարը այսպես է մեկնաբանել ադրբեջանցի որոշ քաղաքագետների մտավախությունները ռուս-վրացական երկաթուղային կապի վերագործարկման եւ դրանից սպասվող հնարավոր օգուտները Հայաստանի համար: Վրացական կողմը նշել է, թե ծանոթ չէ ադրբեջանցի որոշ փորձագետների բացասական գնահատականներին ու կանխատեսումներին, սակայն դրանք համարում է անպատասխանատու: Իսկ «քաղաքագետները պետական չինովնիկներ չեն» եւ կարող են իրենց թույլ տալ ցանկացած հայտարարություն: Վրաստանի նորընտիր իշխանավորները հայտնում են, որ առաջին հերթին մտածում են Վրաստանի շահերի մասին, այլ ոչ թե՝ Հայաստանի կամ Ադրբեջանի:

«Այդ երկաթուղային կապի բացման գաղափարը, ինչպես պնդում են ադրբեջանցի քաղաքագետները, ծառայում է ոչ թե Հայաստանի, այլ Վրաստանի շահերին, եւ առաջին հերթին մեզ է ձեռնտու: Այդ իսկ պատճառով, ադրբեջանցի քաղաքագետները չէ, որ պետք է որոշեն՝ վերականգնե՞լ Աբխազիայով երկաթուղային Կապը Ռուսաստանի հետ, թե՞ ոչ»,- ասել է Պաատա Զաքարեաշվիլին, ով Վրաստանի վերամիավորման հարցերի առնչությամբ էլ նշել է, թե Վրաստանը ցանկանում է վերականգնել Ռուսաստանի հետ երկաթուղային կապը, որպեսզի խթանի Աբխազիայի տարածքով տրանսպորտային հաղորդակցությունը այդ երկրի հետ: Խոսքը ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային տրանսպորտային հաղորդակցությոան մասին է:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 37 (258), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.