(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Դդումով աղցան
Բաղադրությունը
Դդում – 400 գ
չամիչ – 300 գ
ընկույզ – 300 գ
դարչին – 0.5 թեյի գդալ
վանիլ՝ ըստ ճաշակի
մեղր – 1 ճաշի գդալ
թթվասեր – 200 գ
կաթի սեր – 50 գ
Պատրաստման եղանակը
Դդումը խորանարդիկներով մանր կտրատել, մեղրը թուլացնել, լցնել դդումի վրա: Այնուհետեւ ավելացնել դարչինը եւ թողնել մի փոքր հանգստանա:
Հետո թթվասերը վանիլով համեմել, ավելացնել կաթի սերը, խառնել՝ մինչեւ թանձրանա:
Սա էլ լցնել դդումի վրա, ավելացնել 2 մասի բաժանած չամիչը եւ 4 մասի բաժանած ընկույզը:
Անուշ արեք եւ՛ հագեցնող եւ՛ սննդարար այս աղցանը:
– Դդումը միզամուղ հատկություն ունեցող բույս է: Այն կալիումային աղեր, կալցիում, մագնիում, երկաթ, շաքար, վիտամիններ C, B, B1, B2, B5, B6, E, T, PP, K է պարունակում, ինչպես նաեւ՝ կարոտին, սպիտակուցներ, բջջանյութ եւն: Դդմի կորիզը հակաճիճվային հատկություն ունի, իսկ դդումն օգտակար է սրտի, երիկամների, հիպերտոնիայի, խցանումների, խոլեցիստիտի, ճարպակալման դեպքում: E վիտամինի մեծ քանակությունը կանխում է օրգանիզմի ծերացումը, իսկ մաշկը պաշտպանում է կնճիռներից եւ ծերության հետքերից: Կարոտինը E վիտամինի հետ ոչ միայն կանխում է բջիջների ծերացումը, այլեւ հնարավոր քաղցկեղը, նպաստում է աչքի լորձաթաղանթի աշխատանքին, կանխում մրսածությունը, ամրացնում դիմադրողականությունը՝ պաշտպանելով տարբեր վիրուսներից եւ մանրէներից:
Դդմի բուսական թելիկները (ֆիբրերը) դադարեցնում են փորկապությունը, կանխում քաղցկեղը, կոլիտի առաջացումը եւ շաքարախտը: Կալցիումը եւ վիտամիններ C-ն եւ B-ն հեռացնում են օրգանիզմում կուտակված աղերը եւ իջեցնում արյան բարձր ճնշումը: Պեկտինային նյութերի մեծ քանակությունը օրգանիզմից հեռացնում է թունավոր նյութերը եւ խոլեստերինը: Քրոնիկ եւ սուր նեֆրիտի (երիկամների տարբեր հիվանդությունների) դեպքում խորհուրդ է տրվում այն ընդգրկել ամենօրյա սննդակարգի մեջ: Թարմ բուսահյութը շատ օգտակար է քրոնիկ փորկապության, միզամուղ համակարգի բորբոքումների, երիկամային անբավարարության, հեմորոյի եւ նյարդային խանգարումների դեպքում: Այն օրգանիզմը մաքրում է աղերից եւ ջրից՝ չվնասելով երիկամային թաղանթը: Հազվագյուտ վիտամին T-ի քանակությունը նպաստում է ծանր սննդի մարսողականությանը, արագացնում է փոխանակության պրոցեսները եւ պայքարում ճարպակալման, ավելորդ քաշի դեմ: Նպաստում է արյան մակարդելիությանը: Կարոտինի քանակությունը դդումի մեջ 5 անգամ ավելի բարձր է, քան գազարի մեջ, եւ 3 անգամ ավելի շատ, քան տավարի լյարդի մեջ:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Հայաստանի վարսավիրների հաջողությունները
Հայաստանի վարսավիրները հաջող են հանդես եկել իտակալան Միլանում կայացած վարսահարդարման արվեստի միջազգային մրցաշարում: «Աֆրոամերիկյան» ոճի մրցումներում մրցանակային 1-3 տեղերը զբաղեցրել են Հայաստանի ներկայացուցիչները: Հաղթել է Էմին Պողոսյանը, 2-րդ տեղը գրավել է Արման Ասլանյանը, 3-դը՝ Նաիրա Ավոյանը: «Հարսանեկան կտրվածք» ոճում բարձր տեղ է զբաղեցրել մրցումների նորեկ Մարինա Պետրոսյանը: Հայաստանի վարսահարդարների եւ կոսմետոլոգների միության նախագահ Մարինա Առաքելյանը վարսահարդարների միջազգային համաժողովին առաջարկել է արեւելաեվրոպական երկրների հաջորդ առաջնությունը անցկացնել Երեւանում:
Շաբաթվա մարզական կյանքից –
Մեդալների համար պայքարը թեժանում է
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում 29 խաղից հետո առաջատարը Գյումրիի «Շիրակ»-ն է, որ Երեւանի «Միկա»-ի հետ հաղթողի հիմնական հավակնորդն է: Անսպասելի է, բայց բրոնզե մեդալների համար Դիլիջանի «Իմպուլս»-ը լուրջ պայքար է մղում Կապանի «Գանձասար»-ի ու Երեւանի «Փյունիկ»-ի հետ եւ այժմ 3-րդ տեղում է: Երեւանյան ակումբներ «Ուլիս»-ը եւ «Արարատ»-ը անցկացրել են 30-ական խաղ եւ աղյուսակը եզրափակող եռյակում են «Բանանց»-ի հետ: Ամենայն հավանականությամբ, «Բանանց»-ն ու «Արարատ»-ը կպայքարեն միմյան հետ՝ վերջին տեղում չհայտնվելու համար: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Շիրակ»-ը՝ 62 միավորով, հետեւում են՝ 2. «Միկա»-ն՝ 59, 3. «Իմպուլս»-ը՝ 45, 4. «Գանձասար»-ը՝ 44, 5. «Փյունիկ»-ը՝ 42, 6. «Ուլիս»-ը՝ 32, 7.«Բանանց»-ը՝ 22 եւ 8. «Արարատ»-ը՝ 21 միավորներով:
– Բարձրագույն խմբի 26-րդ փուլի հետաձգված խաղում Գյումրիի «Շիրակ»-ը Երեւանում հաղթեց «Փյունիկ»-ին՝ 2:1, եւ վաստակեց 65 միավոր:
– Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը «Armfootball»-ին տեղեկացրել է, թե նախատեսում է եկող տարվա փետրվարին ծրագրվող ընկերական հանդիպումներում փորձարկել Ռուսաստանի «Ուֆա»-ի հարձակվող Միխայիլ Մարկոսովին եւ Ուրուգվայի «Ֆենիքս»-ի հարձակվող Մաուրո Գեւգեոզյանին: «Ֆուտբոլիստներին հրավիրելու են հավաքական, իհարկե, եթե նրանք ցանկանան միանալ»,- նշել է հավաքականի գլխավոր մարզիչը:
Հայ պատանի շախմատիստների առաջընթացը
Մեծ թվով հայ շախմատիստներ էին մասնակցում Սլովենիայի Մարիբոր քաղաքում անցկացված աշխարհի 8-18 տարեկան պատանիների եւ աղջիկների առաջնությանը:
Հաջողության է հասել Սամուել Սեւյանը (ԱՄՆ), ով նվաճել է աշխարհի մինչեւ 12 տարեկան պատանիների չեմպիոնի տիտղոսը: Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Գաբուզյանն արժանացել է աշխարհի մինչեւ 18 տարեկան պատանիների փոխչեմպիոնի տիտղոսին: Իսկ մեր երկրի մեկ այլ ներկայացուցիչը՝ Շանթ Սարգսյանը, աշխարհի փոխչեմպիոն է հռչակվել մինչեւ 10 տարեկանների մրցաշարում: 16-ամյա շախմատիստ Տիգրան Կ. Հարությունյանը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ եւս 2 մասնակիցների հետ բաժանեց 3-5-րդ տեղերը, լրացուցիչ ցուցանիշներով առաջնությունը ավարտեց 4-րդ հորիզոնականում: Նույն պատճառով մրցանակային տեղից զրկվեց նաեւ 14-ամյա Մանուել Պետրոսյանը:
Հայաստանի ձյուդոյիստները նվաճեցին 2 մեդալ
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացած Եվրոպայի մինչեւ 23 տարեկան ձյուդոյիստների առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչներից 2-ը դարձան մրցանակակիրներ: Գոռ Հարությունյանը (66 կգ) արժանացավ արծաթե, իսկ Արտյոմ Բաղդասարյանը (81 կգ)՝ բրոնզե պարգեւի: Տատամի էին դուրս եկել Եվրոպայի 38 երկրների 362 ձյուդոյիստներ: Հաջող ելույթ ունեցան նաեւ Ուկրաինայի եւ Ռուսաստանի դրոշների ներքո հանդես եկող հայազգի Գեւորգ Խաչատրյանն ու Արամ Գրիգորյանը, ովքեր կազմեցին 60 կգ քաշայինների եզրափակիչ զույգը:
Սամբոյի պատանեկան հուշամրցաշար
Երեւանի «Աշխատանք» ընկերության մարզադահլիճում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանում սամբո մարզաձեւի հիմնադիրներից՝ Վիկտոր Ալիխանյանի հուշամրցաշարը՝ մասնակցությամբ ՀՀ Շիրակի, Լոռիի, Տավուշի, Կոտայքի, Արարատի մարզերի, Երեւանի եւ ԼՂՀ ավելի քան 250 պատանի մարզիկ-մարզուհիների: 14-րդ անգամ անցկացվող մրցաշարի նպատակն է սամբո մարզաձեւի հանրահռչակումը, պատանի մարզիկների ուժերի փորձարկումը, ծանոթությունը՝ պաշտոնական մրցումների ընթացակարգին ու մրցավարների նոր սերնդի փորձի ձեռքբերումը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի աջակցությամբ՝ սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կողմից անցկացվող այս, նաեւ տարվա ընթացքում արդեն կայացած մի շարք այլ մրցումների (Նելսոն Ստեփանյանի, Գառնիկ Հովհաննիսյանի միջազգային հուշամրցաշարեր, «Պատանի սամբիստ» միջազգային մրցաշարի հանրապետական փուլ, դպրոցի բաց առաջնություն եւ այլն) արդյունքում է պահվում մարզաձեւի բարձր հեղինակությունն ու ապահովվում մեր մարզիկների՝ միջազգային մրցասպարեզներում արձանագրվող հաջողությունները: Հիշեցնենք, որ հայ սամբիստները մրցաշրջան 2012-ի ընթացքում՝ աշխարհի ու եվրոպական առաջնություններում ու սամբոյի աշխարհի գավաթի փուլերում նվաճել են 2 թիմային գավաթ եւ 37 մեդալ:
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնություն
Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Աղաջան Աբիեւը նախապես հայտարարել էր, որ արդեն հայտնի է թիմի կազմը, սակայն մասնակցության վերջնական որոշումը պետք է կայացնի Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության նախարարությունը: Իսկ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը պաշտոնական նամակ է ուղարկել Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիային, որտեղ երաշխավորել է ադրբեջանցի բռնցքամարտիկների անվտանգությունը:
Ինչպես տեղեկացանք, Ադրբեջանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը Երեւանում աշխարհի առաջնության օրերին կբնակվի առանձին, կմարզվի առանձին, իսկ ռինգում, հասկանալի է, հանդես կգա բոլորի հետ միասին: Բաքվում կարեւորություն են տալիս իրենց մարզիկների երեւանյան մրցելույթներին, դրա համար հանդես են գալու 10 քաշային կարգերից 6-ում՝ հավաքական ընդգրկելով միայն ուժեղագույններին:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 38 (259), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



