Ըստ մեկնաբանների, նախագահական ընտրություններին ընդառաջ ԲՀԿ-ի չափից դուրս ձգձգված լռությունը կամ չկողմնորոշված վիճակը խոչընդոտում է քաղաքական դաշտի առողջացմանը եւ անգամ խանգարում ընդդիմադիրների լիարժեք գործունեությանը: Ընդդիմադիր եւ իշխանական դաշտերի արանքում ԲՀԿ-ի քայլերը կասկածող-փնտրողի տպավորություն է ստեղծում եւ այս ուժի հանդեպ վստահությունը կարող է այնքան արագ մարել, ինչքան արագ բորբոքվեց: Այսինքն՝ նման չկողմնորոշված վիճակը վստահաբար չի կարող երկար տեւել: Կամ ԲՀԿ-ն կհայտարարի՝ որ քաղաքական բեւեռում է եւ ինչ է անելու, կամ կդառնա մի քաղաքական կազմակերպություն, որը կլրացնի պարզապես ՀՀ քաղաքական դաշտի շուրջ 70 կուսակցությունների ընտանիքը: Սա հասկանում է նաեւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով 2 օր առաջ վերջապես հայտարարեց, թե արդեն որոշում կայացրել են եւ դա կհրապարակեն առաջիկայում:
Սա կարող է նմանվել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսների սերիալին, երբ 3-4 ասուլիս պահանջվեց, մինչեւ նա բառ առ բառ, նախադասություն առ նախադասություն մոտեցրեց իր՝ նախագահի թեկնածու առաջադրվելու որոշումը:
Երեկ արդեն խոսում էին, թե հավանաբար Գագիկ Ծառուկյանը հանդես կգա իր առաջադրման մասին հայտարարությամբ, այս մասին արտահայտվել էր նաեւ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Բայց նորից շրջանառվեց, որ առաջիկայում կորոշվի, թե ով կներկայացնի ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում: Չնայած նման ձեւակերպումը տարբերվում է նախորդներից, որ ազդարարում էին, թե ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի վերաբերյալ դեռ որոշում չունի կամ նմանօրինակ այլ բաներ:
Հետաքրքիր է, որ շրջանառվեց նաեւ մի այնպիսի լուր, որը հաստատ ռուսաստանյան քամին է ուղարկել, իբր եթե ԲՀԿ նախագահը չառաջադրվի, ապա ԲՀԿ-ն կքննարկի Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի թեկնածության հարցը:
Նաեւ հետաքրքիր է, որ չի խոսվում Վարդան Օսկանյանի թեկնածու լինելու հնարավորության մասին, ով օրերս միանալով ՀԱԿ ակտիվիստների՝ միասնական թեկնածու ունենալու համար կազմակերպած ցույցին, ասել է. «Աստված տա միասնական թեկնածուով հանդես գանք»:
Իսկ վերլուծաբանները ավելի զարմացած են ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությունից, թե ինչպե՞ս է մի ընդդիմադիր կուսակցություն, որ ժամանակին իրեն արմատական ընդդիմադիր էր համարում, այսօր պատրաստ ԲՀԿ-ի նախագահի թեկնածուին պաշտպանել: Երբ երկար ժամանակ իշխանական կոալիցիայի մի մաս կազմած այս կազմակերպությանը համարել է տիրող ճգնաժամի համար պատասխանատուներից մեկը: Պատճառը, ըստ «Գոլոս Արմենիի» թերթի, հետեւյալն է՝ բարոյականությունը եւ սկզբունքայնությունը խորթ են ՀԱԿ-ին եւ այդ կառույցի համակարգողին, ով էլ ժամանակին ԲՀԿ-ին որակել էր որպես «քրեաօլիգարխիկ համակարգի մի մաս»: Ինչը թերթին ստիպում է մտածել, թե «իսկապես, ընդդիմադիր քաղաքական գործիչների պահվածքը դիտարկելիս ծիծաղելի է խոսել բարոյականության եւ սկզբունքայնության մասին»:
Իսկ ՀԱԿ համակարգողին Գագիկ Ծառուկյանի վրայից «օլիգարխ» որակավորումը հանելու առիթ է տվել այն, որ նա այլեւս իշխանական կոալիցիայի անդամ չէ, բայց որ շարունակում է մնալ Ազգային Անվտանգության խորհրդի անդամ եւ շարունակում է լինել Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, դա Լեւոն Զուրաբյանի տեսողության համար չէ… քանի որ իրենք էլ ՀՀՇ-ականտարիներից այդ վիճակում եղել են ու շարունակում են անպատիժ մնալ:
Իհարկե, ԲՀԿ ղեկավարին դեռ չի անհանգստացնում իր «օլիգարխ» լինելը, բայց հաստատ մտահոգում է: Ամիսներ առաջ ոստիկանությունը նրա թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին հրավիրել է հարցաքննության, հիշեցնելով, որ նա մյուս թիկնապահների հետ միասին ժամանակին մարդ է ծեծել, իսկ 2008թ. նախագահական ընտրություններում ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Լարիսա Թորոսյանին ծեծել եւ ձեռնաշղթաներով տարել է Աբովյանի աղբավայր, նետել այնտեղ: Թորոսյանը դեպքից հետո հիվանդություն է ձեռք բերել: Իհարկե, Էդուարդ Բաբայանը հերքել է այդ լուրերը: Բայց ոստիկանությունը դեռ էլի «լուրեր» ունի հավաքած: Ցավալին այն է, որ այդ փաստերը հայտնվում են միայն այն դեպքում, երբ իրենց է անհրաժեշտ, իսկ արդյո՞ք մեծ հարց չէ, թե 4 տարի հետո ինչու՞ են հայտնվում դրանք: Երբ մեղավորները 4 տարի առաջ արդեն բանտարկված պիտի լինեին: Եվ տրամաբանական է նաեւ ԲՀԿ ղեկավարի թիկնազորի պետի պատասխանը. «Եթե նման բաներ լիներ, կալանավորված կլինեի: Ամեն ինչ սուտ է»:
Իսկ եթե ճիշտ է, ապացուցեք հարգարժան ոստիկաններ եւ պատժե՛ք, ու ո՛չ միայն Գագիկ Ծառուկյանի թիկնազորով զբաղվեք…
Հետաքրքիր է, որ կամաց-կամաց «սսկվում» է նաեւ «Սիվիլիթաս»-ի եւ Վարդան Օսկանյանի քրգործը, ինչու՞: Դեռ սպասումներ կա՞ն: Անգամ լուրեր են սպրդել, թե իշխանական վերնախավում որոշում կա Օսկանյանի նկատմամբ իրավական որեւէ նոր քայլ չձեռնարկել: Այսինքն՝ գլխավոր դատախազը նոր միջնորդությամբ ԱԺ չի մտնելու՝ վերջինիս կալանավորման թույլտվության համար: Եվ իբր սա եւս որոշակի պայմանավորվածության արդյունք է, որից էլ բխում է այն իրողությունը, թե ինչու ԲՀԿ-ն չի առաջադրում Օսկանյանի թեկնածությունը:
Ինչեւէ, քաղաքական առեւտուրը միշտ եղել է ու կլինի, քանի դեռ եվրաարժեքների ջատագովները (եւ դրսի եւ ներսի) գրանտակերությունը կաշառք չեն համարել (դեռ առձեռն կաշառքի մասին էլ չասենք) եւ կաշառատու եվրաչինովնիկներն ու կաշառակեր հայաստանաչինովնիկները հավասարապես չեն պատժվել: Այս կաշառատվություն-կաշառակերությունն է պատճառը, որ եվրաարժեքակիրները չեն նկատում հայությանը թալանած չինովնիկին կամ գործարարին, եթե նա պատրաստ է դառնալ եվրաարժեքակիր: Այսինքն՝ իրենց խամաճիկը ու մի ծախու ստոր ոմն մեկը:
Եվ հիմա հայ քաղաքական ընդդիմադիր միտքը պետք է հասկանա, որ երկրի ընդդիմադիր դաշտի չկայացումը ոչ թե միմյանց չհասկանալու խնդիրն է (ինչը առկա է մասմամբ), այլ՝ աչքը դուրս տնկելու մոլուցքի հետեւանք:
Իսկ ժողովրդին նախագահական կամ կիսանախագահական պետությունը խորհրդարանականով փոխարինելու առաջարկներով հնարավոր չէ ոտքի հանել եւ մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվել: Սա նույնպես մտածելու բան է:
Արամ Ավետյան
* * *
Հայտնի է, որ ՀՀԿ գործադիր նիստում կայացված որոշման համաձայն՝ 2013թ. նախագահական ընտրություններում նախագահ, ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը ղեկավարելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Բայց ասում են, որ եթե ԱԺ նախագահն իր խոստումը չպահի եւ իր խնամին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «չկողմնորոշվի»… ապա Հովիկ Աբրահամյանը այս անգամ չի նստի ԱԺ նախագահի աթոռին… Անգամ խոսում են, թե ԱԺ նախագահը խաղացել է եւ՛ 2-րդ եւ՛ 3-րդ նախագահների համար հավասարապես:
«Լուսանցք» թիվ 38 (259), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



