Ռուսական դիցաբանական հերոսների եւ կենտրոնական քաղաքների անունները կազմված են հայոց լեզվամտածողության շրջանակներում
Արեւմուտքում կամ Եվրոպայում «Վան» տերմինի մասին տեղեկություններ պահպանված են ավելի շատ հյուսիսային ավանդապատումներում, իսկ ավելի ամբողջական՝ Գերմանո-սկանդինավյան ավանդազրույցներում:
Վան կամ Vanir.- Գերմանո-սկանդինավյան աստվածներ են, ովքեր պարբերաբար հակամարտության մեջ են Ասերի հետ, ըստ ավանդույթի՝ Վաները ավելի իմաստուն են, քան Ասերը: Վանահայմ բնակավայրում ապրում են Վաները, իսկ Ասգարդում՝ Ասերը: Համաձայն գերմանո-սկանդինավյան դիցաբանության՝ այն, ինչ տեղի ունեցավ Վաների եւ Ասերի հետ, հետագայում պատիվ չբերեց ո՛չ աստվածներին եւ ո՛չ էլ մարդկանց: Գերմանո-սկադինավյան դիցաբանության հերոս Հայիմդալը կամ Հայիմդալիրը՝ կամուրջի պահապանը, չհամարձակվեց փակել Գուլլվեյգ անունով կնոջ ճանապարհը, նա ներս մտավ եւ բնակվեց Ասերի եւ Վաների մեջ: Այն վայրերով, որտեղով անցնում էր Գուլլվեյգը, առաջացնում էր անհանգստություն եւ թշնամանք:
Աշխարհի ստեղծման պահից հետո, Գուլլվեյգ անունով կինը պատճառ դարձավ Վաների եւ Ասերի պատերազմին:
Գուլլվեյգ անունով կինը ամենաշատը ազդեց երգասաց Բրագիի վրա, Բրագին վախից լռեց: Բրագիի կին Իդուննը նույնպես վախից դադարեց մեղրի համ ունեցող անմահության խնձորը հավաքել հավերժության ծառից, այդ բանից հետո ուժը եւ գեղեցկությունը սկսեց պակասել Ասերի եւ Վաների մեջ:
Արդեն Թոռը դժվարությամբ էր բարձրացնում իր մուրճը, իսկ Ֆրեյրը կորցրել էր իր փայլը: Անհանգստացած Ֆրեյրը գնաց փնտրելու Իդուննին եւ նրան հասնելու համար կռվի բռնվեց լճի պահապանի հետ, որտեղ թաքնված էր Իդուննը: Իդուննը վերադարձավ քաղաք, սակայն Գուլլվեյգի ազդեցությունը չէր դադարում, այդ ժամանակ Օդինը որոշեց դատել Իդուննին:
Օդինը երեք անգամ փորձեց ոչնչացնել Գուլլվեյգին եւ երեք անգամ այդ կինը վերակենդանացավ: Վախեցած եւ վրդովված Ասերը պատերազմ սկսեցին Վաների դեմ: Օդինը իր նիզակը նետեց հակառակորդ Վաների բանակի վրա, Ասերի ամրոցի պատերը փլվեցին, Վաները հաղթեցին: Այդ հաղթանակից հետո Վաներից Ֆրեյրը, Ֆրեյան եւ Նյորդը բնակվեցին Ասգարդում, իսկ Ասերից Հյանիրը եւ Միմիկրը բնակվեցին Վաների մոտ, Հայնիրը դարձավ Վաների առաջնորդը:
Այստեղից փոխադրվենք Ռուսիա՝ Սվյատագոռի կամ Իվանի մոտ: Ռուսական ավանդազրույցում կա մեկ հերոս, ով ի սկզբանե չի ծնվել Ռուսաց երկրում, նա ապրել է բարձր եւ սրբազան լեռներում: Այդ դյուցազնի անունն է Սվյատագոռ: Ռուսական ավանդազրույցում Սվյատագոռի բնակավայրը ներկայանում է որպես «բարձր եւ սրբազան լեռներ»:
Ռուսական ավանդազրույցում Վան տերմինը ներկա է Իվան ձեւով, իսկ Սվյատագոռ անվան մեկնաբանումը լուրջ հիմք է տալիս հասկանալու, որ Սվյատագոռը կապված է մի երեւույթի հետ, որը տերմինի մեջ ներկայացված է «գոռ» տերմինով: Այն մենք՝ հայերս, հասկանում ենք որպես հպարտ, անկոտրում, իսկ ռուսական լեզվամտածողության մեջ «գոռա» տերմինը, առանձին վերցրած, արտահայտում է սար կամ լեռ իմաստը: Ըստ Վ. Սեդրակյանի, Սվյատագոռը իր որոշ գործունեությամբ նման է Մհերին, օրինակ՝ երբ Սվյատագոռը տեղաշարժվում է, երկիրը ցնցվում է, անտառները ցորենի հասկի պես ծածանվում են, գետերը դուրս են գալիս իրենց ափերից, Սվյատագոռի ձիու ոտքերը նույնպես թաղվում էին հողի մեջ:
Ռուսական ավանդազրույցում Սվյատագոռի հետ մեկտեղ գործում է մեկ այլ հերոս, ում անունն է Իլիա, իսկ ազգանունն է Մուրոմեց: Անվան եւ ազգանվան խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ Իլիա Մուրոմեց անունով հերոսը գալիս է դիցաբանության պատմության խորխորատներից եւ հայերենում ունի հետեւյալ իմաստը՝ «Իգականով լի աստւածային Մե, որը գալիս է անհիշելի ժամանակներից եւ մեծը է»:
Իլիան իր ուժը ստացել է 33 տարեկանում եւ ծառայել է Կիեւին: Ռուսական մշակույթի կարեւոր կենտրոններից է Կիեւ քաղաքը, համաձայն ավանդազրույցի, քաղաքի անունը դրվել է ի պատիվ երեք եղբայրներից ավագի՝ ում անունն էր Կիյա: Ըստ XII դարի ռուսական տարեգրության, որը կոչվում է «Պատմության տարեգրություն», ասվում է հետեւյալը. Կիին, Շեկը, Հորիվեը եւ նրանց քույր Լիբետը հիմնեցին այս քաղաքը՝ որպես պոլյան ցեղերի կենտրոն:
Հակառակ այս տեղեկատվության, կա մեկ այլ աղբյուր, որը «Տարոնի Պատմությունն» է: Եվ այսպես, XII դարի ռուսական «Պատմություն տարեգրությունից» 700 տարի առաջ Կիեւ քաղաքի հիմնադրման մասին գրված է «Տարոնի Պատմություն» աշխատության մեջ, որի հեղինակներից մեկն է ասորի պատմիչ Զենոբ Գլակը (IV դ. պատմիչ, ծննդյան եւ մահվան թվերը՝ անհայտ):
Զենոբ Գլակը Կապադովկիայի Կեսարիա քաղաքից Հայաստան է եկել Գրիգոր Ա Լուսավորչի («Լուսանցք»-ը սույն անձին ճիշտ հակառակը՝ խավարիչ է կոչում,- խմբ.) հետ: Ձեռնադրվել է Տարոնի եպիսկոպոս եւ Ս. Կարապետ վանքի վանահայր (վանքը հետագայում կոչվել է Գլակավանք): Զենոբ Գլակը «Պատմութիւն Տարօնոյ» աշխատությունը գրել է Գրիգոր Ա Լուսավորչի հանձնարարությամբ: Պատմությունը վերաշարադրել է VII դ. պատմիչ Հովհան Մամիկոնյանը: Զենոբ Գլակը «Տարոնի Պատմություն»-ում Կիեւի հիմնադրման մասին ասում է՝ Փոլունի երկրում, այսինքն՝ լեհերի երկրում, Հայքից գնացած Կուար, Մենթե եւ Հերեան երեք եղբայրների կողմից հիմնադրվել է Կուարա, այսինքն՝ Կիեւ քաղաքը:
Իհարկե, մեր խնդիրը չէ փոփոխության ենթարկել ռուսական պատմությունը, բայց ելնելով մեր քննախուզության նպատակներից, շարադրենք մեր տեսակետը:
Ըստ պատմիչ Զենոբ Գլակի «Պատմութիւն Տարօնոյ» աշխատության, Կուհար՝ Կիեւ քաղաքը հիմնադրվել է IV դ.: Իսկ սա նշանակում է նաեւ, որ Իլիա Մուրոմեցը նույնպես կապվում է նշված ժամանակաշրջանի հետ: Վերադառնանք նորից այն մտքին, որ Իլիան իր ուժը ստացել է 33 տարեկանում՝ Մուրոմ բնակավայրում եւ որից հետո որպես հսկա ծառայել է Կիեւում, նա կռվել եւ հաղթել է վիշապին: Ռուսական հսկաները մի կարեւոր առանձնահատկություն ունեն. նրանք կարող են ունենալ ցանկացած ծագում: Քննարկվող նյութը շատ տարողունակ է, ուստի եւ մենք կբավարարվենք ներկայացված նյութերով:
Ավելացնենք միայն, որ ներկայացված մեկնաբանությունները ուղղակիորեն կապվում են Վանի հետ: Ըստ հայոց դիցաբանության, Ազնավուրաց տան իգական սերնդի դիցաբանական հերոսուհին կամ հերոսուհիները իր կամ իրենց հետ հյուսիս են տարել մի շարք հիմնադիր տերմիններ, որոնցից են Իլիա, Իվան եւ Ռուսսա տերմինները: Ռուսական դիցաբանության մեջ Սվյատագոռ, Իլիա, Իվան տերմինների իմաստաբանությունը, ըստ մեր պրպտումների, նույնպես կապված է պատերազմի, պարտության եւ առաջին հաղթանակի, իրավունքների առաջին բաժանման խնդիրներին, իսկ երկրորդ հերթին, նոր միայն, այն էլ որոշակի վերապահումներով՝ Արեւի մուտքի եւ ելքի խնդիրների հետ:
Այս առումով հետաքրքրական է նաեւ Մինսկ քաղաքի հիմնադրման ավանդապատումը, որը կարծես չի առնչվում մեր քննարկվող նյութի հետ, բայց դա՝ միայն առաջին հայացքից: Մինսկ քաղաքը ռուսական քաղաքակրթության համար նույնպես կարեւոր մշակութային կենտրոն է եղել:
Համարվում է, որ Մինսկ անունը ծագում է Մենկա գետի անունից: Ըստ լեզվաբանների, «Մենկա» նշանակում է «ինձ»: Մենկա- ինձ հիդրոնիմը բխեցվում է նախահնդեվրոպական «men», լիտվական «menkas» տերմիններից, որոնք մեկնաբանվում են որպես «փոքր»: Համաձայն մեկ այլ ավանդազրույցի, Մինսկի հիմնադիրը եղել է «Մենէսկ» անունով մի անձնավորություն:
Մեր կողմից ավելացնենք հետեւյալ միտքը. եւ՛ Մինսկ քաղաքի սկզբնական Մենկա տերմինը եւ՛ Մենէսկ տերմինը բառացիորեն բխում են հայերենի «Մենք» դերանունից: Մենկա տերմինը իր տեղը զիջել է Մինսկ տերմինին, սկսած արդեն 1502թ.-ից: Այս թվականից սկսված Մինսկ անունը շրջանառվում է լատինական եւ լեհական փաստաթղթերի մեջ:
Այսպիսով, մենք վստահ կարող ենք ամրագրել, որ ռուսական դիցաբանական հերոսների եւ կենտրոնական քաղաքների անունները կազմված են հայոց լեզվամտածողության շրջանակներում, իսկ «Վան» տերմինը հաստատուն քաղաքակրթական միավոր է նաեւ Սլավոնների մոտ:
Արամ Մկրտչյան, Գերմանիա
«Լուսանցք» թիվ 38 (259), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



