Շնորհավոր ծնու՛նդդ, Արմենուհի

Հայ Արիական Միաբանությունը, Հայ Ազգայնականների Համա- խմբումը  եւ «Լուսանցք» շաբաթաթերթի աշխատակազմը սրտանց շնորհավորում են Արմենուհի Մելքոնյանին՝ նոյեմբերի 29-ին՝ ծննդյան 37-ամյակի կապակցությամբ:

Մաղթում են անձնական, ընտանեկան եւ գործնական հաջողություններ, առողջություն եւ երջանկություն, ինչպեսեւ նպատակներին հասնելու կամք ու հնարավորություններ:

Թո՛ղ այսուհետ էլ Հայ Աստվածների օրհնությունն ու կամեցողությունը լինի քեզ հետ եւ ուղեկցի մինչեւ իղձերիդ կատարումն ու նպատակներիդ  հաղթանակը:

Թո՛ղ ընտանեկան կյանքում լինեն նոր համալրումներ եւ այս տարվա Վարդավառի տոնին ծնված Աստղիկ դստերը եղբայրներ ու քույրեր միանան հաջորդիվ:

*  *  *

Արմենուհի Արտավազդի Մելքոնյան

– Ծնվել է 1975թ. Երեւանում: Արմատներով մշեցի է: Պապերը Արեւմտյան Հայաստանից գալով՝ հաստատվել են Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում:

– Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկա-պատանեկան հանդեսին: 1993թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին նույնպես, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով:

– 1998թ. ավարտելով համալսարանը՝ 1999թ. աշխատանքի է անցել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, որտեղ իբրեւ տնտեսական թեմաներով գրող լրագրող աշխատում է ցայսօր:
– Աշխատանքի անցնելով «Հայաստանի Հանրապետություն» թերթում՝ կարեւորել է տնտեսական բնագավառում հմտանալու անհրաժեշտությունը: Մասնավորապես լուսաբանում է էներգետիկային (հատկապես ատոմային, այլընտրանքային՝ արեւային, ջրային, քամու, երկրաջերմային ներուժի, գազի ոլորտի), հանքարդյունաբերությանը, թեթեւ արդյունաբերությանը, անշարժ գույքի կառավարմանը, մաքսային ու հարկային կառույցների գործունեությանը, ջրային (հատկապես՝ Սեւանա լճի խնդիրը, ենթակառուցվածքների վիճակը, ոլորտի զարգացման հեռանկարները) համակարգին առնչվող ազգային եւ միջազգային թեմաներ: Պարբերաբար ներկայացնում է նաեւ ՀՀ պետական բյուջեի տարեկան վերլուծությունները: Անդրադառնում է տարածաշրջանային տնտեսաքաղաքական մարտահրավերներին ու դրանց ազդեցությանը Հայաստանի տնտեսությանը:
– 2000-2002թթ. զուգահեռաբար ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին:
– 2003թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել:
– 2005թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ:
– 2005-2007թթ. զուգահեռաբար աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ:
– 2006թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007թ.-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական www.hayary.org կայքէջը: Միաժամանակ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի մամլո խոսնակն է:
– 2007թ. մարտից «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթի հիմնադիրն է (ազգայնական ուղղվածության է), թերթի հրատարակիչ «Ար-Մոգ» ՍՊԸ-ի մասնակիցներից է, այժմ նաեւ ՍՊԸ գլխավոր բաժնետերն ու տնօրենն է եւ շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:

– Մասնագիտության բերումով զբաղվում է նաեւ հասարակական գործունեությամբ, մասնավորապես Ազգային արժեքների պաշտպանության հանձնախմբի (ԱԱՊՀ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) խորհուրդների անդամ է:
– Որպես լրագրող եղել է եվրոպական եւ ԱՊՀ տարբեր երկրներում, ամենակարեւորը՝ մատների վրա կարելի է հաշվել Հայաստանի ու Արցախի այն գյուղերը, որտեղ նա չի եղել:

– 2010թ. հոկտեմբերի 9-ին «Հայաստանի Հանրապետություն» թերթի 20-ամյա հոբելյանի առթիվ եւ թերթի կայացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Արմենուհի Մելքոնյանը պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
– Ամուսնացած է, ունի մեկ դուստր՝ Աստղիկը:

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

«Լուսանցք» շաբաթաթերթ

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ. Bookmark the permalink.