Սիրիապատում՝ երկբեւեռ հակամարտությամբ

Տարածաշրջանային հակամարտությունները հետզհետե ավելի ընդգրկուն են դառնում, եւ Հայաստանը պետք է ուսումնասիրի ու նախապատրաստվի բոլոր հնարավոր տարբերակներին: Վերջերս Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «21-րդ դարի մարտահրավերները եւ Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» խորագրով քաղաքագետների ու միջազգայնագետների համահայկական համաժողովը: Ելույթով հանդես է եկել նաեւ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ անդրադարձ կատարելով պետության ազգային անվտանգության ռազմավարության, մասնավորապես՝ արտաքին անվտանգության հիմնական ուղղություններին, դրանց դեմ ուղղված արդի սպառնալիքներին ու մարտահրավերներին: Ըստ նրա, Հայաստանի ազգային անվտանգության համար առաջնային նշանակություն ունեցող հիմնական խնդիրներն են ռազմական, տնտեսական եւ սոցիալական ու դեմոգրաֆիական անվտանգության ապահովումը. «Պետությունը պետք է իր ռազմական եւ քաղաքական ինստիտուտներով պատրաստ լինի դիմակայել ցանկացած ոտնձգության կամ ռազմական ագրեսիայի: Մենք պետք է կարողանանք ապահովել էներգետիկ, պարենային, տրանսպորտային, տեղեկատվական անվտանգությունը»,- ասել է նա՝ անդրադառնալով նաեւ այս ուղղությամբ կատարված եւ կատարվելիք խնդիրներին, ինչպես նաեւ ներքին անվտանգության հարցերին, այդ թվում՝ բարեփոխումների ռազմավարական քաղաքականությանը, որոնք իրականացվում են Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակներում:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, հայ-թուրքական հարաբերությունները, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, սիրիահայերի անվտանգության խնդիրները, տարածաշրջանային այլ հիմնախնդիրներ: Համաժողովին ելույթներ են ունեցել նաեւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը եւ այլոք:

Հատկապես սիրիական եւ իրանական խնդիրներն առնչվում են ոչ միայն Հայաստանի, այլեւ արտերկրի հայությանը, քանի որ այդ երկրներում գործում են կուռ հայկական համայնքներ, որոնք պատմա-քաղաքական առաքելություն ունեն՝ լինելով ժառանգներն Արեւմտյան Հայաստանից գաղթածների եւ ցեղասպանվածների: Այս ամենը գիտակցում են նաեւ մեր հակառակորդները:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Լիբանան եւս կարեւորվում է տարածաշրջանային խնդիրների հայկական շահերի պաշտպանության առումով: Նախագահը հանդիպումներ է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի, Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիի, ընդլայնված հանդիպում՝ երկրի խորհրդարանականների, վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ: Նա հանդիպել է նաեւ լիբանանահայ համայնքի հոգեւոր ու աշխարհիկ ներկայացուցիչներին, այցելել Անթիլիաս եւ զրուցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ: Լիբանանահայ համայնքը եւս մտահոգ է սիրիահայերի ճակատագրով եւ կարող է օգտակար լինել՝ աջակցելով պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքականությանը:

Սիրիահայ համայնքը, ցավոք, շարունակում է զոհեր ունենալ, քանի որ հակամարտությունը դեռ ծավալվում է, ինչը փորձում են ի չարս գործածել թուրքերը՝ սիրիահայությանը արտագաղթի մղելու համար: Վերջերս Հալեպում գործող հայկական եկեղեցիներից մեկն է այրվել, բայց հայերը պնդում են, որ «միտումնավոր, դիտավորյալ չեն վնաս հասցնում քրիստոնեական համայնքին», եւ դա ընդհանուր ռմբահարումների հետեւանք է: Սիրիայի հայկական համայնքը, որը դարերի պատմություն ունի, իր համախմբվածության, աշխատանքի, ինչպես նաեւ արաբական բնակչության բարյացակամ վերաբերմունքի հետեւանքով կարողացել է հաստատուն դիրք ունենալ այդ երկրում, ինչը հնարավորինս փորձում են չանտեսել եւ իշխանական եւ ընդդիմադիր զինվորականները: Արդեն ավելի քան 3 տասնյակ հայ է սպանվել, ինչը արդեն իսկ մտահոգիչ է: Նշենք, որ Սիրիայում բնակվում է ավելի քան 85 հազար հայ: Գրեթե 2 տարի շարունակվող հակամարտության ընթացքում ավելի քան 6 հազար սիրիահայ է եկել Հայաստան:

Բայց Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ կարողանա ապահովել սիրիահայերի չեզոքությունն ու անդորրը, որպեսզի այս կարեւոր հայկական համայնքը չկորցնենք տարածաշրջանում: Սիրիահայերին աջակցում են հայեր՝ աշխարհի տարբեր անկյուններից, անգամ Ստամբուլի հայերը օգնության ձեռք են մեկնել նրանց: Հայկական «Ակոս» թերթի տեղեկացմամբ՝ Սիրիայում բախումների հետեւանքով ծանր կացության մեջ հայտնված սիրահայերի խնդիրները անտարբեր չեն թողել նաեւ ստամբուլահայերին, ովքեր հանդես են եկել Սիրիայից Հայաստան գաղթած հայերին օգնելու նախաձեռնությամբ: Հատկապես տաք հագուստ է հավաքվում, քանի որ ձմեռը սկսվել է, իսկ հակամարտությունից մազապուրծ հայերը չեն հասցրել իրենց հետ տաք հագուստ վերցնել:

Սիրիական իշխանական զինուժը կարծես հաղթահարել էր ընդդիմադիրներին, ինչը կմոտեցներ խաղաղությունը այդ երկրում, սակայն հատկապես ԱՄՆ-ի ջանքերով ընդդիմադիրների զինուժը նորից վերհառնեց:

Անգամ սիրիական միավորված ընդդիմությունը սկսեց ճանաչվել որպես օրինական իշխանություն, ինչը արտաքին միջամտության եւս մեկ կոպիտ փաստ է: Ազգային կոալիցիան դիվանագիտական ներկայացուցչություն ու սեփական դեսպան ունի արդեն Ֆրանսիայում: Նախագահ Ֆրանսուա Օլանդը կոալիցիայի առաջնորդ Ահմեդ ալ-Խաթիբի հետ բանակցություններ է վարել եւ «անցանկալի անձ» է հայտարարել Փարիզում Բաշար ալ-Ասադի վարչակազմի դեսպանին ու փակել ֆրանսիական դեսպանատունը Դամասկոսում: Ֆրանսիան առաջին եվրոպական երկիրն էր, որը ճանաչեց նոյեմբերի 11-ին ձեւավորված սիրիական ազգային կոալիցիան որպես սիրիական ժողովրդի միակ լեգիտիմ ներկայացուցիչ, որին հետեւեց Իտալիան: Սիրիական ընդդիմության առաջնորդի հետ մամուլի ասուլիսի ժամանակ նախագահ Օլանդը հայտարարել է, թե սիրիական կոալիցիան կմիավորի բոլոր էթնիկ եւ կրոնական խմբերի ներկայացուցիչներին, այդ թվում՝ քրիստոնյաներին ու ալավիներին, որոնց պատկանում է նաեւ Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ-Ասադը:

Եվրամիությունը եւս ճանաչել է սիրիական ազգային կոալիցիան եւ օգնություն խոստացել: «ԵՄ-ն հույս ունի, որ նոր կոալիցիան կշարունակի աշխատել լիակատար թափանցիկության, մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական ազատությունների սկզբունքների համաձայն, ինչպես նաեւ կհամագործակցի ընդդիմադիր բոլոր խմբերի եւ սիրիական քաղաքացիական հասարակության բոլոր շերտերի հետ: ԵՄ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել կոալիցիային իր այդ ձգտումներում եւ օգնել միջազգային հանրության հետ կապեր հաստատելու գործում»,- ասված է պաշտոնական փաստաթղթում:

Զուգահեռ սրան, Թեհրանում եւս նիստ գումարվեց՝ Սիրիայում ազգային երկխոսության հասնելու նպատակով: Իրանի ԱԳ նախարարության արաբա-աֆրիկյան հարցերի գծով տեղակալ՝ Էմիր Աբդոլլահյանը, Թեհրանում կայացած Սիրիայի ազգային երկխոսության նիստի ավարտին ասել է. «Երկօրյա այս նիստում որոշվել է կյանքի կոչել Սիրիայում ազգային երկխոսության հետապնդման հանձնաժողով, որի գլխավոր պարտականությունն է կազմակերպել Սիրիայի ազգային երկխոսության հաջորդ նիստը, որը կայանալու է Դամասկոսում»: Ըստ որոշ դիվանագետների՝ վերոհիշյալ հանձնաժողովը ունենալու է 16 անդամներ եւ որոշված է, որ Թեհրանի նիստին մասնակից կուսակցություններն ու խմբերը ներկայացնեն իրենց ներկայացուցիչներին, որպեսզի վերջնական տեսք ստանա հանձնաժողովի անդամների կազմը: Նիստին մասնակցել են Սիրիայի 40 ակտիվ կուսակցությունների ներկայացուցիչներ եւ Սիրիայի 130 հեղինակավոր դեմքեր, որոնց գլխավոր նշանաբանն էր՝ «Բիրտություն՝ ոչ, ժողովրդականություն՝ այո» կարգախոսը:

Թեհրանի նիստին մասնակցած Սիրիայի վարչապետի տեղակալ Ղադրի Ջեմիլը ասել է. «Թեհրանում կայացած Սիրիայի ազգային երկխոսության ժողովը կարեւոր դերակատարություն ունեցավ ի նպաստ Սիրիայի հարցի մասին շփման խմբի անդամների՝ Իրանի, Թուրքիայի, Եգիպտոսի ու Արաբիայի տեսակետների մոտեցման, ուստի հաջորդ ժողովները առավել արդյունավետ են լինելու»:

Այսպես սիրիական խնդրի շուրջ գործող երկու բեւեռներն էլ իրենց հերթական քայլերն արեցին, ինչը դեռ կերկարաձգի այս խնդիրը, որը կարող է զուգահեռ ծավալումներ ստանալ նաեւ թուրքական, քրդական կամ իրանական հարցերի հետ: Իսկ այդ հարցերը միանշանակ կշոշափեն հայ-ադրբեջանական հարաբերությունները, ինչին էլ հենց պետք է պատրաստ լինենք:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 39 (260), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.